NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՄԻՊ–ն ակնկալում է հասարակության աջակցությունը և չի վախենում պիտակներից

Մարդու իրավունքների պաշտպան(ՄԻՊ) Կարեն Անդրեասյանը համամիտ չէ այն կարծիքին, որ Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտն արհամարհվում է, թեև չի ժխտում, որ որոշ պաշտոնյաներ «որոշակի վերաբերմունք» ունեն այդ կառույցի նկատմամբ:
«Եթե հանկարծ մենք սկսենք շահարկել, որ ՄԻՊ ինստիտուտն արհամարհվում է, մենք կզրկենք այդ ինստիտուտին այդ դիմումատուներից, որոնք այսօր դիմում են իրենց խախտված իրավունքը վերականգնելու հույսով»,- մայիսի 24-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Հարյուր հարց, հարյուր պատասխան» քննարկման ժամանակ նշեց Անդրեասյանը:
Նրա կարծիքով' պաշտպանի լիազորությունների շրջանակը բավականին մեծ է, և հասարակության աջակցության դեպքում գրասենյակը կարող է շատ ավելի արդյունավետ աշխատել:
Արագ արձագանքման խմբի լուծարմանը վերաբերող հարցի կապակցությամբ Կարեն Անդրեասյանը նախ պարզաբանեց, որ նման խումբ դե յուրե գոյություն չի ունեցել: Եղել է ընդամենը մեկ մարդ' արագ արձագանքման պատասխանատու, ով, պաշտպանի խոսքերով, «չէր կարողանում տալ շուրջօրյա որակյալ ծառայություն և պրոֆեսիոնալ աշխատանք չէր կարողանում անել»: Հիմա ՄԻՊ գրասենյակը մտածում է նման խումբ ստեղծելու շուրջ:
ՄԻՊ գրասենյակին ուղղված ամենաշատ բողոք-դիմումները լինում են դատարանների գործունեությանն ուղղված բողոքները, երկրորդ և երրորդ տեղերում են Երևանի քաղաքապետարանը և Ոստիկանությունը:
Անդրեասյանը կրկին անգամ նշեց, որ ՄԻ պաշտպանը որևէ լիազորություն չունի դատարանների նկատմամբ, բացի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում ներկայացնելուց: Իսկ Փաստաբանների պալատի նախագահի նշած կարգազանց դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացը սկսելու համար, Անդրեասյանի խոսքերով, հարկավոր են կոնկրետ դիմում-բողոքներ կոնկրետ գործերով:
«Ցանկացած մարդասիրական քայլ, որը թեթևացնումն է կամ բարելավում է մարդկանց վիճակը, անկախ քաղաքական և հասարակական ենթատեքստից, դրական է»,- նշեց պաշտպանը' պատասխանելով ՀՀ նախագահի' համաներում հայտարարելու առաջարկին վերաբերող հարցին: Նա հույս հայտնեց, որ համաներումը կտարածվի նաև 2008-ի մարտի 1-ից հետո ազատազրկված բոլոր անձանց վրա:
Իսկ հարցին, թե չե՞ք վախենում արդյոք, որ մարտմեկյան իրադարձությունների մասին խոսելիս կարժանանաք ձեր նախորդի ճակատագրին և կորակվեք «ամենաանհաջող կադր» պիտակով, ՄԻ պաշտպանը պատասխանեց. «Ես գնահատական-պիտակներից չեմ վախենում, եթե վախենայի, կհրաժարվեի այս պաշտոնից»։ Նա հույս հայտնեց նաև, որ մարտի 1-ի դեպքերը երբեք չեն կրկնվի:
Հայաստանում մարդու իրավունքները պաշտպանելու համար Կարեն Անդրեասյանը, իր խոսքերով, պատրաստ է գնալ այնքան հեռու, որքան օրենքը հնարավորություն կտա և որքանով գիտակից հասարակությունը պատրաստ կլինի աջակցել իրեն:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
