NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր փաստեր Նալբանդյան 106/1 հասցեում ապօրինի շինարարության մասին

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի խոսքերով՝ բացի այն, որ «Ավագշին» ՍՊԸ-ն առանց շինթույլտվության Նալբանդյան 106/1 հասցեում շինարարական աշխատանքներ է սկսել, նաև թերություններով լի է քաղաքապետարանի տրամադրած քանդման աշխատանքներ կատարելու թույլտվության մասին փաստաթուղթը։
Դատախազությունը լռում է
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անունից ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում ուղարկելուց անցել է 12 օր, սակայն որևէ արձագանք այդ պետական մարմինների կողմից չկա։ Մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 7-րդ հոդվածի համաձայն' պատգամավորի կողմից պետական մարմիններին ուղարկված ցանկացած դիմում-նամակին պետք է պատասխան տրվի 10 աշխատանքային օրվա ընթացքում։
«Ժառանգությունը» պահանջում է Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում իրականացված ապօրինությունների առնչությամբ քրեական գործ հարուցել։
Մենք փորձեցինք ՀՀ գլխավոր դատախազությունից ճշտել, թե ինչ ընթացքի մեջ է «Ժառանգության» ուղարկած հանցագործության մասին հաղորդումը։ Դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչություն պետ Շահեն Տոնոյանը www.hra.am -ին խորհուրդ տվեց ճշտել դիմումատուից. «Եթե պատասխան չունի, ուրեմն կպատասխանեն, ուրեմն ընթացքի մեջ է»։ Նա պարզաբանեց նաև, որ մինչև գործը դատախազություն հասնելը, կան պետական մարմիններ, որոնք վերահսկում են ապօրինի շինարարությունը։ «Երբ որ չի կատարվում այդ մարմինների պահանջները, նոր առաջ է գալիս քրեական պատասխանատվության հարց»,- նշեց Տոնոյանը։
Տարածքը վաճառվել է, հետո՝ ճանաչվել գերակա շահ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը կարծում է, որ ապօրինությունները սկսվել են դեռևս տարածքի սեփականաշնորհման գործընթացից: Նրա խոքերով' «Ավագշին» ՍՊԸ-ն տվյալ տարածքի նկատմամբ սեփականության իրավունք է ստացել 2010թ. մայիսի 24-ին։ Սակայն տարածքը պետական կարիքների համար իրացվել է դրանից մոտ 4 ամիս հետո՝ ՀՀ կառավարության 2010թ.-ի սեպտեմբերի 9-ի՝ «Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ' գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման համաձայն։
«Փաստ է, որ նախքան տվյալ տարածքը բացառիկ' հանրային գերակա շահ ճանաչելը, ոստիկանությունը վաճառել է պետական սեփականություն հանդիսացող այդ շենքը։ Ի՞նչ իրավունքով։ Ուրեմն ես կարո՞ղ եմ ենթադրել, որ այդ շենքը կառուցապատողի ետևում կանգնած է ոստիկանապես Ալիկ Սարգսյանը»,- ասում է պատգամավորը:
Մայիսի 26-ին Անահիտ Բախշյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաների հետ հիշյալ տարածքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Նրանց հաջողվել է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետից ձեռք բերել քանդման աշխատանքներ կատարելու վերաբերյալ «Ավագշին» ՍՊԸ-ին տրամադրված 18 թույլտվության պատճեները, որոնք վերաբերում են վերոնշյալ տարածքին:
«Մանկապարտեզի նախկին շենքի քանդման թույլտվությունը եղել է 2010թ-ի դեկտեմբերի 24-ին, որի ձևի մեջ բացակայում են մի շարք կարևոր տվյալներ, ինչպիսիք են՝ «նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը», «կապալառուի լիցենզիայի համարը», «իրավասու մարմնի և այլ շահագրգիռ մարմինների հետ սահմանված կարգով համաձայնեցնելու ժամկետները և այդ մարմինների անվանումները», «ՀՀ օրենսդրությամբ սահմանված փորձաքննության եզրակացությունները և թե դրանք ում կողմից են տրված»: Փաստորեն, քանդման թույլտվություն է տրված առանց այդ գործողությունները կատարելու»,- ասում է Անահիտ Բախշյանը։
Մանկապարտեզի հարակից տարածքում քանդման աշխատանքներ կատարելու մյուս 17 որոշումները եղել են 2011թ.-ի մարտ-մայիս ամիսներին՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ստորագրությամբ: Վերջին թույտվությունը տրվել է մայիսի 18-ին՝ այն ժամանակ, երբ արդեն «Ժառանգությունը» բարձրաձայնում էր տվյալ տարածքում «Ավագշին» ընկերության ապօրինի գործողությունների մասին։
Միջգերատեսչական խումբը կփորձի՞ խնդիրը լուծել
ՀՀ Վարչապետի՝ մայիսի 18-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Սևադա Հայրապետյանը։
«Սա բոլորովին հարցի քննարկման հրապարակայնությունը չի ապահովելու, որովհետև այդ աշխատանքային խմբի կազմում ո՛չ պատգամավորներ կան, ո՛չ հասարակական կազմակերպություններ կան, ո՛չ բնակիչների ներկայացուցիչներ։ Այսինքն՝ սա հերթական աշխատանքային խումբն է, որն ընդամենը ժամանակ շահելու համար է, որպեսզի այդ ապօրինությունները կոծկեն»,- ասում է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Պատգամավորիներին և բնակիչներին խմբում չներառելը տեսչության պետը բացատրում է նրանով, որ խմբի 7-հոգանոց կազմը որոշել է վարչապետը, և ինքը չի կարող վարչապետի կազմած ցանկի մեջ մարդ ավելացնել:
«Ինձ թվում է այս տեսակ խմբերն այդ պետերը չպիտի ղեկավարեն, այլ ավելի լոյալ մարդ, որը պետին էլ կանչի, ասի՝ էս ինչ ես արել»,- կարծում է Բախշյանը։
Քանդման թույլտվություն ունի, իսկ շինթույլտվությո՞ւն...
Մայիսի 12-ին պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը և Անահիտ Բախշյանը, բնապահպանության և քաղաքաշինության նախարարների հետ այցելել են նշված տարածք։
Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը բնակիչներին ասել է, որ քաղաքաշինական պետական տեսչության կողմից մեկ անգամ արդեն դադարեցվել են «Ավագշին»-ի ինքնակամ գործողությունները:
Իսկ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հավաստիացրել է, որ տվյալ տարածքում ծառեր հատելու թույլտվություն առկա չէ, թեև կառուցապատողը հաստաբուն ծառեր է կտրել:
Նախարարների ու պատգամավորների ստուգայցի օրը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց՝ պարզաբանելով, որ քանդման աշխատանքների թույլտվության համար հիմք են հանդիսացել «21.10.2010թ. Երևանի քաղաքապետի և «Ավագշին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի բաղադրիչ մաս հանդիսացող բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու չափորոշիչները հաստատող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախնական առաջարկը, ՍՊԸ-ի տնօրենի հայտը և հայտին կից ներկայացված քանդման աշխատանքների նախագիծը»։
Շինարարություն իրականացնելու համար «Ավագշինը» թույտվություն ունի, թե՝ ոչ, քաղաքապետարանից մեզ այդպես էլ հստակ պատասխան չտվեցին։ «Դժվարանում եմ պատասխանել, գուցե այս պահին արդեն քննարկվել է, և ինչ-որ փոփոխություն եղել է»,- www.hra.am -ին պարզաբանեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ Արթուր Սարուխանյանը: Նա նաև նշեց, որ շինարարության և կառուցապատման թույլտվություն տրվում է ներկայացված ճարտարապետահատակագծային նախնական առաջարկը քննարկելուց հետո։ «Եթե ինչ-ինչ բաներ են ի հայտ գալիս, օրինակ՝ սեյսմակայունության հարցը, առաջարկվում է փոփոխություններ կատարել նախնական առաջարկի մեջ, այնուհետև ներկայացնել հաստատման։ Դրանից հետո, երբ առաջարկը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, այդ դեպքում տրվում է շինթույլտվություն»,- ասաց Սարուխանյանը:
«Իսկ ծառեր հատելու թույլտվությունը քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում չէ: Եթե եղել են խախտումներ, դրա համար բնապահպանության նախարարության տեսչությունն է զբաղվում, և եթե դա իրոք խախտումով է արվել, համապատասխան վարչական պատժամիջոցների կիրառում է նախատեսված»,- ավելացրեց նա։
Շենքերը զրկվելու են կանաչապատ տարածքներից
«Փաստացի, Կառավարությունը «հանրային բացառիկ գերակա շահով» իրացման գոտի է ճանաչել մի տարածք, որը ուղղակի պռունկով սկսվում է շենքերից, շենքերին կից որևէ տարածք չի թողում,- ասում է պատգամավոր Ստեփան Սաֆարյանը և հավելում,- ինչո՞ւ պետք է էլիտար շենքերն ունենան կանաչապատ գոտի, իսկ հին շենքերը չպետք է ունենան, էլիտար շենքում ապրողներին անհրաժեշտ է կանաչ պարտեզ, ծաղիկներ, իսկ այդ շենքերում ապրողներին պետք չէ՞»:
Սաֆարյանի խոսքերով' մայիսի 24-ի երեկոյան կառուցապատողների անունից ինչ-որ մարդիկ են մոտեցել քանդակագործ Չուբարյանի ընտանիքի անդամներին (նրանց տունը գտնվում է հիշյալ հասցեում) և զգուշացրել, որ նրանց տան դիմացի այգին ևս քանդվելու է: «Սա այն դեպքում, երբ քաղաքապետարանի և բնակիչների միջև օտարման մասին պայմանագրեր չկան կնքված՝ ինչպես նախատեսում է օրենքը»,- ասում է պատգամավորը: Նրան մտահոգում է այն փաստը, որ կառուցապատողը սկսել է քանդել ամեն ինչ' քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագիծ չունենալով. «Դրան, իմ կարծիքով, մեծապես նպաստում է դատախազության և հատուկ քննչական ծառայության լռությունը, ովքեր դեռ չեն արձագանքել մեր ուղարկած հանցագործության մասին հաղորդմանը»:
Վարչապետի որոշմամբ ստեղծված խումբը մեկամսյա ժամկետում պետք է խնդիրները բազմակողմանի ուսումնասիրի և ներկայացնի համապատասխան առաջարկներ: Գուցե այդ ժամկետում պատգամավորներն էլ կստանան դատախազության պատասխանը: Իսկ մինչ այդ, հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանությանը օրը, տարածքի բնակիչները, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի հետ համատեղ ակցիա կկազմակերպեն:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը' www.hra.am
