NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Գենդերային հարցեր. նոր հանձնաժողով ու նոր ծրագրեր

ՀՀ կառավարությունն արդեն հավանության է արժանացրել ՀՀ գենդերային քաղաքականության 2011թ. միջոցառումների տարեկան ծրագիրը, իսկ մինչ այդ վարչապետի հրամանագրով ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը կոչված է պայքարել գենդերային բնույթի բռնությունների դեմ:
Միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է 2010թ.-ի մարտի 30-ին։ Դրանից 5 ամիս անց Մասիս քաղաքի 20 ամյա բնակչուհի Զարուհի Պետրոսյանի՝ ոչ պաշտոնական վարկածով, հարազատների պնդմամբ՝ ամուսնու ծեծի հետևանքով մահանալն ավելի աշխուժացրեց հանձնաժողովի աշխատանքները։
«Երևի Զարուհու դեպքը բոլորիս արթնացրեց, այդ դեպքը շատ ակնառու էր ու արդեն չէր լինի էլ թաքցնել ու ասել, որ Հայաստանում նման խնդիր չկա»,- ասում է Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության աշխատակից Անուշ Պողոսյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցերի բաժնի աշխատակից Արմենուհի Թանաշյանը www.hra.am -ին հայտնեց, որ իրենք վաղուց էին զբաղվում այդ հարցերով ու Զարուհի Պետրոսյանի դեպքը միայն ավելի ակտիվացրեց քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում։
«Հանձնաժողովի մեջ կան միջազգային կազմակերպություններից բացի, նաև հասարակական 5 կազմակերպություններ, որոնք հանձնաժողովի ընթացքում պարբերաբար քննարկել են Պետրոսյանի հարցը»,- ասում է Թանաշյանը։
Մոտ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը ստեղծել է 2011-2015թթ. ռազմավարական ծրագիր, որն էլ ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը։
Այստեղ մասնավորապես բարձրացվել են գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարությունը կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում, սոցիալ-տնտեսական, կրթության, առողջապահության, մշակույթի և հանրային տեղեկատվության, սեռի հատկանիշով բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման ոլորտներում։
«Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական և սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ գենդերային անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է և հասարակության մեջ պահպանվող և նույնիսկ ամրապնդվող գենդերային դերերի ավանդական ընկալումները»,- նշված է ծրագրի հիմնավորման մեջ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության մայիսի 20-ի նիստի ժամանակ հատուկ անդրադարձել է այս խնդրին, բայց ոչ թե ընտանիքներում կանանց նկատմամբ կիրառվող բռնություններին անդրադառնալով, այլ նշելով միայն, որ պետք է պարտադրվի, որպեսզի կուսակցությունները նախընտրական ցուցակներ կազմելիս անպայման որոշակի հարաբերակցություն ապահովեն, և կանանց թիվն ավելանա և՛ կուսակցական ցուցակներում, և՛ խորհրդարանում, և՛ կառավարությունում։
«Եթե ուզում ենք, որ այս ռազմավարությունը դառնա իրականություն, այն պետք է քննարկվի նաև Ազգային ժողովում, լսումներ լինեն։ Մեր նպատակն է, որ բոլոր հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները հավանության արժանացնեն այս ծրագիրը»,- ասել է վարչապետը։
Նշենք, որ պետությունը ֆինանասապես ոչ մի աջակցություն չի ցուցաբերում գենդերային խնդիրները լուծելու համար։ Միայն երկու տարի առաջ պետությունը բյուջեով ապաստարանների ստեղծման համար գումար էր նախատեսել, բայց այն կրճատվեց տնտեսական ճգնաժամի պատճառով՝ չներառվելով նաև 2011թ. բյուջեում:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը նշում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի երաշխավորության համաձայն, որին պարտավոր է ենթարկվել նաև Հայաստանը, Ազգային ժողովում կանայք պետք է զբաղեցնեն նվազագույնը 40 տոկոս, իսկ հրաժարվելու դեպքում նրանց տեղը կին պետք է զբաղեցնի։
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության շարքերում միայն 3 տոկոսն են կանայք, այն դեպքում, երբ «Ժառանգություն» խմբակցության 50 տոկոսը, մյուս երկու կուսակցություններում' 25 տոկոս:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» -ի աշխատակից Անուշ Պողոսյանն ասում է, որ իրենք մեծ ուրախությամբ են ընդունել հանձնաժողովի գաղափարը, բայց այդքան էլ համոզված չեն, որ այն ֆորմալ բնույթ չի կրի ու չի ծառայի որպես Եվրախորհրդին ազատություն ցույց տալու ձևական գործիք ։
«Այդպես ենք կարծում, քանի որ նախկինում եղել են դեպքեր, երբ մենք երթ ենք կազմակերպել ու դիմել ենք քաղաքապետարանին, որ թողնեն երթ կազմակերպել նոյեմբերի 25-ին կանանց բռնության դեմ միջազգային օրը, նրանք արձագանքել են, որ նման երևույթ չկա, բռնություն չկա կանանց նկատմամաբ ու մեզ մերժել են»,- անհանգստանում է Պողոսյանը։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
Լուսանկարը՝www.amnesty.org-ի
