NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ցմահ դատապարտվածներ. գործերը վերանայելու հնարավորություն և պահանջ

Մի շարք հասարակական կազմակերպություններ ՀՀ իշխանություններին կոչ են անում ստեղծել ցմահ դատապարտյալների գործերը վերանայելու նախադեպեր։
2004թ. նոր Քրեական օրենսգրքով մահապատիժը Հայաստանում որպես պատժի միջոց վերացվեց։ Բոլոր մահապատժի դատապարտվածներին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներում շնորհվելով՝ նրանց պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։
Ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը 20 տարի է կրում է իր պատիժը։ 20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքն իրացնել, եթե նա պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։
Սեմերջյանի գործի վերանայումն այն հույսն է, որին հետևում են բոլոր ցմահ դատապարտվածները։ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ գործի վերանայում չիրականացնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն այդ դատապարտյալների, այլև աշխատակազմի համար, քանի որ ազատազրկվածներն էլ կորցնելու բան չեն ունենա։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը կոչ է անում կոտրել այն կարծրատիպը, որ եթե ցմահ դատապարտյալ է, ուրեմն այդ հարցով չպետք է զբաղվել։
«Սկսում են հիշեցնել, որ այնտեղ կա Նաիրի Հունանյան, բայց այնտեղ նստած են Դրոյի գործով, Վահան Հովաննիսյան+30, Վանո Սիրադեղյան, Արմեն Տեր-Սահակյան գործով, այսինքն մի քանի շերտերով քաղաքական հարցեր կան, ուրեմն որ դրանք կան,այդ հարցին չպե՞տք է անդրադառնանք»,- զարմանում է Իշխանյանը։
Նա նշում է, որ տարբեր դեպքերում շատ հակասական փաստեր կան, կարևորելով, օրինակ՝ զինվորական Արթուր Մկրտչյանի գործի վերանայումը. «Ես չեմ ասում, որ նա անմեղ է, բայց շատ կասկածելի դրվագներով զինվորական դատախազությունը Արթուր Մկրտչյանին տվել էր մահապատիժ՝ 5 հոգու սպանության մեղադրանքով։ Սկզբնական շրջանում ոչ մի ապացույց չէր եղել, ուրիշի վրա են կասկածել , հետագայում բանակում ծառայող եղբորը բերել էին ձերբակալել ու իր աչքի առաջ ծեծել էին, հորը բռնել էին կաշառք տալու մեղադրանքով, որ ինքը խոստովանություն տա ու այդ խոստովանության հիման վրա էլ տվել էին մահապատիժ»։
Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց ցմահ դատապարտվածների սեփական տեսակետն իրենց խնդիրների վերաբերյալ։Ավելի քան 25 էջից կազմված զեկույցում ներկայացված են առաջարկներ։
Ցմահ ազատազրկվածները բողոքում են նախ, որ ամեն օր 1 ժամ զբոսանք ունենալու փոխարեն շաբաթական զբոսանքի ժամերը կազմում են 2.5 ժամ, բողոքում են նամակագրության ու հեռախոսազրույցների պարագայում գրաքննությունից։
Ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ համակարգչի օգտագործումն արգելելուց հետո, այդ որոշումը տարածվել է նաև ցմահ բանտարկյալների վրա, որոնց ձեռքից վերցրել են համակարգիչները։ Նրանց մեջ, Իշխանյանի հավաստմամբ, կար նույնիսկ մեկը, ում համակարգիչը բարեկամները վարկով էին վերցրել։
Փաստաբաններ Վահագն Մանուկյանն և Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեցին 15 տարի արդեն ցմահ ազատազրկման մեջ գտնվող Մհեր Ենոքյանի գործը ՝ նշելով ևս մեկ անգամ այն հակասական փաստերը, որոնք անտեսվել են նախաքննության ու դատարանի կողմից։
«Նախաքննական մարմինը հիմնավորված է համարել, որ դիակի փոխադրման միջոցը եղել է պայուսակը, որը գնվել է «Մանկական աշխարհ» խանութից։ Ո՛չ նախաքննական մարմնին, ո՛չ էլ դատարանին չի հետաքրքրել՝ ու՞ր է այդ պայուսակը, ինչու՞ ժամանակին չեն հարցաքննել այդ խանութի աշխատակիցներին, չեն առգրավել նմանատիպ պայուսակները»,- ասում է Մանուկյանը։ Գործի մեջ նշվում է, որ դիակը գլորվել է ձորը և թաղվել է քարերով, այն դեպքում, երբ հետագայում փորձագետները հետմահու հասցված վնասվածքներ չեն հայտնաբերել։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանը նշեց, որ շատ հարգում է Ենոքյանին, բայց դատարանը որոշել է, իրենք էլ ի կատար են ածում։
«Դուք բոլորդ հերոսացնում եք Մհերին, բայց չեք նշում այլ բանտարկյալների, օրինակ կա Կարեն Հովհանիսյան, մեկդ մի օր այդ անձնավորության մասին չեք ասել, որ Ամերիկայում ցմահ դատպարտված է եղել 2 մեքսիկացի գանգստեր եղբայրների սպանելու համար, ովքեր իր աչքի առաջ սպանել են իր ընկերոջը, 10 տարի դիմակայել է ԱՄՆ-ում, հիմա էլ Հայաստանում է։ Նա պատմում է, որ Ամերիկայում անտանելի պայմաններ են ու ամբողջ օրը ոտքի վրա են մնում, քանի որ առավոտ շուտ անկողինը հավաքվում է, միայն մեկ ժամ զբոսանք ունեն օրական ու վերջ, գումարած դրան այնտեղ էլ գործում են մեքսիկացիների չգրված օրենքները»,- պատմում է Մուրադյանը։
Նա նշեց, որ իրենց մոտ ծանր վիճակ չի՝ օրինակ բերելով ռուսական քրեկատարողական որոշ հիմնարկներ, որտեղ 6 ամսից ավելի ցմահ դատապարտյալները չեն դիմանում։ Իսկ մնացյալ խնդիրները, որոնք առնչվում են ցմահ ազատազրկվածների առողջ ապրելակերպի, զբոսանքի և այլ իրավունքների հետ,ըստ նրա՝ կապված են համապատասխան պայմանների բացակայությամբ։
«Մենք ունենք դատապարտյալներ, օրինակ Կարեն Բոյաջյանը, Մանուկ Սեմերջյանը , որոնց 20 տարին կամ լրացել կամ մոտենում է ավարտին, եթե պայմանները լավ չլինեին, ինձ թվում է՝ նրանք այդքան երկար տարիներ չէին կարող դիմանալ ու ապրել»,- շարունակում է Մուրադյանը։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում ՀՀ իշխանությանը ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերանայման նախադեպի ինստիտուտ. «Հայաստանում կա 99 ցմահ ազատազրկման դատապարտված անձ, որոնցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտված անձինք են: Բնականաբար, այս գործերը քննվել են 1991- 2003 թթ.-ը' նորանկախ Հայաստանի գոյության առաջին տասնամյակում: Ինչպես հիմա, այնպես էլ այն ժամանակ դատաիրավական համակարգն անկատար էր, և այդ շրջանում խուսափել դատական բացերից ու սխալներից՝ գործնականում խիստ անհավանական»։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
