NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատական իշխանության անկախության ընկալման գործում հասարակությունն անելիք ունի

ՀՀ արդարադատության նախարարի համար ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ հանրապետությունը հանցագործներ է արտադրում. 3-5 տարի քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը դուրս գալուց հետո կորցնում է իր մասնագիտական ունակությունները, հասարակությունը չի ընդունում նրան, նրա վրա դրվում է նախկինում բանտարկվածի դրոշմ, աշխատանք չի գտնում ու նորից հայտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Այս մասին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց հունիսի 7-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի «100 հարց, 100 պատասխան» հանրային քննարկման ժամանակ։
Ներկաներից մեկը նշեց, որ համաներումից հետո կալանավայրերից տարբեր բողոքներ են ստանում։ Նախարարը խնդրեց չուռճացնել փաստերը՝ նշելով որ համաներումից 10 օր հետո միայն մեկ բողոք է ստացել։
«Պետք չէ հիմա փորձել լավ աշխատանքները մրոտել, հետևեք մամուլին, որն ամենանուրբն է ու արագ կարձագանքի նման բանի։ Ցանկացած խախտում այդ ոլորտում ամենախստագույնս պատժվելու է»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով այն հարցին, թե ուր են գնում բանտարկյալների համար օրենքով նախատեսված օրական 3500 դրամը, այն դեպքում, եթե կոնկրետ ցմահ բանտարկյալների բոլոր ծախսերը հարազատներն են հոգում, նախարարը կոնկրետ պատասխան չտվեց, միայն հայտնեց, որ կարճաժամկետ ձևով չի ուզում պայքարել նման խնդիրների դեմ։
«Այս տարվա բյուջեով կար 1մլրդ դրամ, որը կարող էի ուղղել այսօր գործող քրեակատարողական հիմնարկների խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց մենք գերադասեցինք սկսել նոր՝ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կառուցումը»,- հայտնեց նախարարը։
2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի մեկի արյունալի դեպքերի ոչ բացահայտված լինելու վերաբերյալ Թովմասյանը ասաց, որ որպես քաղաքացի մտահոգված է, որ հասարակության անդամների մի մասի մոտ կա կարծիք, որ ամբողջությամբ չօգտագործվեցին բոլոր միջոցներն այդ իրադարձությունները բացահայտելու համար։
«Այդ ամբողջն այնքան հիմնավոր պետք է լինի, որ հասարակության մոտ կասկած չառաջանա ու նախագահի վերջին հանձնարարականը հենց դրա համար է տրվել։ Չմիջամտելով նախաքննությանը ասեմ, որ հուսամ հանձնարարականը թույլ կտա ասել, որ այստեղ սխալվել են, սա է եղել իրենց սխալը և ով է պատասխանատու»,- հայտնում է նախարարը։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իրավական լինել կամ չլինելուն՝ Թովմասյանը նշեց, որ 2005թ. սահմանադրական բարեփոխումներից հետո այժմ իրավական տեսանկյունից խորհրդարանի լուծարման բացարձակ իրավունք այլեւս գոյություն չունի։
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հարցրեց նախարարին, թե սահմանադրությունը բավարա՞ր է, որ դատարանները անկախ լինեն։ Նախարարը նշեց, որ բավարար է և վերաշարադրելու դեպքում նա միայն խմբագրական փոփոխություններ կաներ, քանի որ սահմանադրության մակարդակում դատական իշխանության անկախությունը օրենսդիր եւ գործադիր իշխանություններից, ըստ էության, երաշխավորված է:
«Դատական իշխանության անկախությունը կամ արդարադատության էության ընկալումը յուրաքանչյուր դատավորի մեջ դնելն արդեն սահմանադրության խնդիրը չէ, այստեղ ամբողջ հասարակությունն անելիք ունի»,- ասում է նախարար Հրայր Թովմասյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանը նշեց, որ վերջին 10 տարվա ընթացքում բնապահպանական հարցերով ոչ մի դրական որոշում չի կայացվել դատարանների կողմից ։
Նախարարը չհամաձայնեց նրա հետ՝ նշելով, որ բնապահպանների պայքարի արդյունքում է, որ քաղաքի կենտրոնում ամեն մի ծառ կտրելուց առաջ գիտեն, որ աղմուկ կբարձրանա։
Հրայր Թովմասյանը նշեց նաև համաներումից հետո 35 մարդկանց նկատմամբ հանրային աշխատանքի կիրառումը, ովքեր մարզերում ու քաղաքում ծառեր են տնկել։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
