NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Շիրակի մարզի 116 համայնքներից 100-ից ավելին չունի մանկապարտեզ

Շիրակի մարզի Հովունի համայնքի նախադպրոցական տարիքի երեխաները զրկված են մանկապարտեզ հաճախելու' նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքից:
23 տարի է, ինչ համայնքը չի հաջողում մանկապարտեզ ունենալ, որի պատճառով 860 բնակիչ ունեցող գյուղի 30 նախադպրոցական տարիքի երեխաներն իրենց օրն անցկացնում են գյուղի փողոցները չափչփելով, տանը ծնողներին օգնելով կամ ձանձրույթից խանգարելով մեծահասակների առօրյա գործերին:
«Ինչ մանկապարտեզը կտա, բնական է տանը չի լինի տալ, գյուղի հոգսն էլ ծանր է ու երեխու հետ շատ չենք հասցնում զբաղվել»,- իր մտահոգությունն է հայտնում նույն համայնքի բնակչուհի 30-ամյա Սաթենիկ Հանդիլյանը:
Հանդիլյանն ունի երեք երեխա, նրանցից 2-ը դպրոցական տարիքի են, իսկ փոքրիկ Հենրիկն արդեն 3 տարեկան է։
«Մի քանի տարի առաջ, երբ մյուս երկու երեխաներս էին մանկապարտեզի տարիքի, գյուղապետարանը տրանսպորտ էր ապահովում, ու երեխաներին ուղարկում էինք քաղաքի մանկապարտեզ' առավոտները կուգային երեխեքին կտանեին, իրիկվա ժամ կբերեին, ու շատ գոհ էին երեխեքս: Հետո գումարը շատացավ, ծնողները չկարողացան գումարները փակել ու դրանից էլ զրկվեցինք»,- պատմում է Հանդիլյանը:
Հովունի համայնքի ղեկավար Թելման Միրիտոնյանը, ով համայնքը ղեկավարում է 1996թ-ից, www.hra.am -ին հայտնեց, որ 1988-89 թվականներին կիսով չափ կառուցվել է մի շենք , որը պետք է դառնար մանկապարտեզ, սակայն համայնքի նախկին ղեկավարները թույլ են տվել, որ այդ տարածքը սեփականաշնորհվի:
Հետագայում Միրիտոնյանին հաջողվել է այդ շենքը վերադարձնել համայնքին, բայց տարեկան 4մլն դրամ բյուջեով հնարավոր չէ փակել համայնքի ընդհանուր ծախսերը ու կառուցել մանկապարտեզ:
«Մենք դիմել ենք բոլոր միջազգային կառույցներին ու հիմնադրամներին, բայց բոլորն ուզում են ներդրում անել պատրաստի շենքում, որն ըստ էության մենք չունենք»,- մանկապարտեզ չունենալու պատճառների մասին բարձրաձայնում է համայնքապետը:
Նույն խնդիրն առկա է նաև Մարմարաշեն համայնքում, որտեղ կա մանկապարտեզի շենք ու պոտենցիալ ներդրողներ, սակայն շենքը Ռուսաստանում բնակվող մարմարաշենցի մի մեծահարուստի է պատկանում'Հենրիկ Սերոբյանին։ Նա ժամանակին սեփականաշնորհել է տարածքն այն մանկապարտեզի վերածելու խոստում տալով, բայց մինչև այսօր չի իրականացրել իր խոստումը:
«Մենք այժմ բանակցություններ ենք վարում, որ նա շենքը մեզ վերադարձնի ու դեռ պատասխանի ենք սպասում»,- www.hra.am -ին հաղորդեց Մարմարաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը։ Մարմարաշենում ապրում է 2400 մարդ, նրանցից 120-ը նախադպրոցական տարիքի երեխաներ են:
Մինչ Սերոբյանի որոշում կայացնելը, համայնքի ղեկավարը բանակցություններ է վարում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ դպրոցի շենքի մի մասը մանկապարտեզի վերածելու թույլտվություն ստանալու հույսով։ Քանի որ մանկապարտեզները համայնքային կառույցներ են և Կրթության նախարարությունը փաստացի չի առնչվում այդ ոլորտին, հետևաբար դպրոցի շենքի մի մասը տրամադրելը ձգձգվում է ու հնարավոր է, որ իրականություն չդառնա:
«Մենք մի մեքենայով 25 երեխայի ուղարկում ենք Գյումրիի մանկապարտեզ։ Բայց այս վատ ճանապարհներին, հատկապես ձմռանը, ես ամեն անգամ սթրես եմ ապրում, որ աստված ոչ անի փորձանք լինի՝ 25 երեխա մեքենայի մեջ...»,- ասում է Եղոյանը:
1996թ. ՀՀ վարչատարածքային կառավարման նոր համակարգի ձևավորման արդյունքում «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ նախադպրոցական հաստատություններն անցան համայնքների ենթակայության տակ: Այս պարագայում միայն համայնքային բյուջեի հաշվին են մանկապարտեզներ կառուցվում ու վերանորոգվում:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակից Ջեմմա Ավետիսյանի խոսքերով՝ ընդհանուր Շիրակի մարզում կա 116 համայնք, որոնցից 100-ից ավելին զրկված են մանկապարտեզներից: 14 համայնքներում դպրոցներին զուգահեռ նախադպրոցական կրթության ծրագրեր են իրականացվում: Այս ծրագրերին մասնակցող երեխաների թիվը կազմում է 4110 երեխա, բայց այս ծրագրերին չմասնակցող երեխաների պաշտոնական թվային տվյալներ չկան:
Հանրապետության երկրորդ քաղաքում'Գյումրիում, գործում է 24 մանկապարտեզ, սակայն բոլորը վճարովի են, ի տարբերություն՝ Երևանի, որտեղ մանկապարտեզները 2011թ. ապրիլից անվճար են:
Գյումրիում, որտեղ 50 հազար դրամ աշխատավարձով աշխատանք ունենալը մեծ հաջողություն է, մանկապարտեզի վարձն ամսական կազմում է 3000-12000 դրամ:
Հիշեցնենք, որ 1999թ. ՀՀ կրթության մասին օրենքի 17-րդ հոդվածի համաձայն' ընտանիքին աջակցելու համար պետությունը ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ' տարբերակված ծրագրերով մսուր-մանկապարտեզներ և մանկապարտեզներ: Իսկ 1995թ.-ից ընդունված ՀՀ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, հակումների, կարողությունների, ընդունակությունների, ձիրքերի դրսևորման համար պայմանների հավասարություն պետք է ապահովվի:
Կարինե Իոնեսյան
Գյումրի
Լուսանկարում՝ Սաթենիկ Հանդիլյանը որդու հետ
Աղբյուրը' www.hra.am
