NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ուզում են Հայաստանն իր ընդերքի համասեփականատերը լինի

Հայաստանը թույլ է տալիս մասնավոր ընկերություններին շահագործել Հայաստանի հանքային ռեսուրսներն առանց դրա դիմաց որպես բաժնետեր շահույթ ստանալու։
ՀՅԴ խմբակցության փորձագետ Աշոտ Եղիազարյանը սա բացթողում է համարում ու համոզված է, որ մասնավոր ընկերությունները գերշահույթ են ստանում, իսկ Հայաստանին մնում են միայն դատարկ լեռները, հանքերի շահագործումից առաջացած անխնամ պոչամբարները և շրջակա տարածքի բնակչության առողջական խնդիրները։
Մոտ 600 շահագործվող ու ոչ շահագործվող հանքեր ունեցող Հայաստանը, ըստ Եղիազարյանի, կարող է մեծ գումարներ բերել սեփական երկրի բյուջեին, եթե հանքերը շահագործվեն նաև Հայաստանի կողմից, այսինքն՝ ստեղծվի մասնավոր-պետական գործընկերություն։
«Այս տարվա մարտ ամսին Հարավաֆրիկյան հանրապետության նախագահը նկատեց, որ իրենք կորցնում են վերահսկողությունը հանքարդյունաբերության նկատմամբ, և իրենք որոշում ընդունեցին ստեղծել պետական ձեռնարկություն, նույնը կատարվեց նաև Զիմբաբվեում »,- որպես օրինակ է ներկայացնում Եղիազարյանը։
Նա հավատացած է, որ եթե պետությունը մտադրված եղավ, հանքերի շահագործումն ազգայնացնել, օրենք էլ կգրվի, հանքերից ստացած շահույթի գոնե 50 տոկոսը, եթե ոչ 80-ն էլ կդառնա Հայաստանի սեփականությունը։
Այժմ հանքեր շահագործողները վճարում են միայն պետության կողմից սահմանված հարկերը, իսկ բնապահպանական օրենսդրության ստանդարտներն ու պահանջները շատ ցածր են։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Էկոլոգիական իրավունք» գիտահետազոտական կենտրոնի իրավաբան Գոռ Մովսիսյանի համոզմամբ՝ հենց այս հանգամանքն էլ այլ երկրների համար Հայաստանում աշխատելը շահավետ է դարձնում։
Այժմ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը մշակել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, որը հունիսի 22-ին քննարկվել է ԱԺ արտահերթ նստաշրջանում։
Աշոտ Եղիազարյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը պնդում են, որ նման օրենսգիրք մշակելիս անհրաժեշտ էր նշել նաև հանքերի շահագործումն ազգային դարձնելու ու եկամուտ ունենալու մասին, որը չի արվել։
Օրինագծի փաթեթի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել, որի նախագահ Վարդան Այվազյանը, խոսելով ոլորտում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին, նշել է, որ առաջիկա տարիներին հանքարդյունաբերության ոլորտում նախատեսվում են 3-4 մլրդ դոլարի ներդրումներ, ինչը բարերար ազդեցություն կունենա հանրապետության տնտեսության զարգացման վրա:
Նշենք, որ «Էկոլոգիական իրավունք» գիտահետազոտական կենտրոնի իրավաբան Գոռ Մովսիսյանը հայտնում է, որ նոր օրենսգրքի իմաստը դեռ չի հասկանում, հատկապես երբ չեն տեսնում խոստացված էական փոփոխությունները պարզեցված ընթացակարգ ներկայացնելու և այլնի մասով, ու պատրաստվում են հատուկ առաջարկություններով և դիտողություններով հանդես գալ։
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
ՀԳ. Առաջիկայում կներկայացնենք նաև նույն օրինագծի վերաբերյալ Հանրային խորհրդի տեսակետը
