NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արդարադատության խորհրդի որոշման դրդապատճառն այլ է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացրել. www.hra.am -ին տեղեկացրին Նախագահի աշխատակազմից։
Արդարադատության խորհուրդը (ԱԽ) հունիսի 24-ի դռնփակ նիստում քննարկել է դատավոր Սամվել Մնացականյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը և որոշել դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդություն ներկայացնել ՀՀ նախագահին։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արամ Մկրտումյանի հունիսի 1-ի գրության հիման վրա։ Դատավորը 30.04.2011թ. որոշմամբ բավարարել է հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ալբերտ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ Մեկ ամիս անց նույն դատավորը բավարարել է Ա.Խաչատրյանի պաշտպանի միջնորդությունը և կալանավորումը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով։
Արդարադատության խորհուրդը գտել է, որ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու որոշումը դատավոր Սամվել Մնացականյանը պատշաճ չի հիմնավորել՝ դրսևորելով կամայական մոտեցում, որի արդյունքում ազատ է արձակվել ծանր հանցագործության՝ ավազակության մեջ մեղադրվող անձը։ Ըստ ԱԽ-ի՝ դատավորն ակնհայտ և կոպտորեն խախտել է մի շարք օրենքներ («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերը), ինչպես նաև՝ գործը քննելիս և լուծելիս չի ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն։
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը կարծում է, որ պատժի տեսակը դատավորին վերագրված արարքի համեմատությամբ չափազանց խիստ է։
«Ես չեմ ուզում խորանալ՝ խախտում կա՞, թե՝ չկա։ Եթե դատավորը թույլ է տվել խախտում, ապա թող լինի պատիժ, բայց ոչ այս աստիճանի խիստ։ Եթե մենք վերանայենք Հայաստանի բոլոր ատյանի դատարանների դատավորների կողմից որոշումների պատճառաբանությունների հետ կապված խնդիրներ, ապա բոլոր դատավորներին պետք է ուղարկենք Սիբիր, աքսոր պիտի ուղարկենք՝ սկսած Մկրտումյան Արմանից՝ Վճռաբեկ դատարանի նախագահից։ Բազմաթիվ որոշումներ, որոնք կայացվում են իր կողմից կամ Դատարանների նախագահների խորհրդի կողմից, չունեն պատճառաբանություն կամ երկու բառով են պատճառաբանում»,- ասում է Ռուբեն Սահակյանը։
Կալանքը գրավով փոխարինելու իր որոշումը դատավոր Սամվել Մնացականյանն այսպես էր պատճառաբանել. «Ա.Խաչատրյանին ազատ արձակելու համար իրական երաշխիքներ են հանդիսանում այն, որ նա նախկինում չի արատավորվել, չի դատապարտվել, ազատության մեջ մնալով չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, չի խոչընդոտի մինչդատաական վարույթում գործի քննությանը, նախաքննության մասնակից անձանց վրա անօրինական ազդեցություն չի գործադրի, բացի այդ՝ ունի բնակության մշտական վայր, երիտասարդ է, պատրաստվում էր ամուսանանալ, սակայն ձերբակալման հետևանքով հետաձգվում է վերջինիս ամուսնությունը, որը կարող է բացասական հետևանքներ ունենալ, նախ նրա խնամքին է գտնվում վատառողջ մայրը»։
ԱԽ որոշման մեջ ներառված է նաև դատավոր Սամվել Մնացականյանի բացատրությունները կարգապահական վարույթի վերաբերյալ։ Հղում անելով ՀՀ Քրեական դատավորության օրենսգրքի 143-րդ հոդվածի 2-րդ մասին՝ դատավորը ընդգծում է, որ դատարանն իրավունք ունի մեղադրյալին կալանքից գրավով ազատելը ճանաչել անթույլատրելի երեք դեպքերում, մասնավորապես, եթե հայտնի չէ մեղադրյալի անձը, նա չունի մշտական բնակության վայր կամ փորձել է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից։ «Այս պարագայում դրանցից ոչ մեկը կիրառելի չէին, քանի որ Ա. Խաչատրյանի անձը պարզ էր, ուներ մշտական բնակության վայր և փորձ չէր արել թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ուստի դատարանի համար որևէ արգելք չկար նրա նկատմամբ գրավ չկիրառելու, հետևաբար այս առումով ՀՀ դատավարական օրենսդրության խախտում տեղի չի ունեցել։ Հավելեմ, որ Ա.Խաչատրյանը, ներկայումս գտնվելով ազատության մեջ, չի խուսափել վարույթ իրականացնող մարմնից և դրսևորել է պատշաճ վարքագիծ»,- իր բացատրության մեջ նշում է դատավորը։
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը կալանքը գրավով փոխարինելու մասին որոշման մեջ առկա պատճառաբանությունները համարում է բավարար և ենթադրում է, որ ԱԽ որոշման ենթատեքստում այլ պատճառներ կան։ «Կա ինչ-որ մի պատճառ, որի մասին չեն գրում որոշման մեջ, որովհետև դա չի ընդունվի հասարակության կողմից... Այդ պատճառների ականջները երևում են որոշման մեջ, պրոֆեսիոնալը միանգամից կնկատի դա»,- նշում է փաստաբանը՝ ավելացնելով, որ ինքը որոշման դրդապատճառների մասին կխոսի ավելի ուշ։
Ըստ Ռ.Սահակյանի՝ որոշ դատավորներ խափանման միջոցի վերաբերյալ որոշումները մեխանիկորեն են կայացնում՝ համատարած կիրառելով կալանքը։ «Բացի դա, հանրապետությունում գոյություն ունի «դաբրո»-ի ինստիտուտ։ Մինչև Վճռաբեկ դատարանի պալատը համաձայնություն չտա, որոշ դատավորներ չեն կարողանում գործել։ Խայտառակ վիճակ է։ Դա նշանակում է՝ թող չունենանք առաջին և երկրորդ ատյանի դատարաններ, միանգամից Վճռաբեկ դատարանի պալատները որոշումները կայացնեն»,- ասում է Սահակյանը՝ ավելացնելով, որ նման պարագայում դատական համակարգի անկախության մասին խոսք լինել չի կարող։
Արդարադատության խորհրդի գործելակերպը քննադատող հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ փաստաբաններ։ Նրանք գտնում են, որ տվյալ որոշումն, ըստ էության, ոտնձգություն է դատավորների անկախության նկատմամբ և արդարացնում է խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանավորումը համատարած կիրառելու արատավոր պրակտիկան։ Ընդ որում, փաստաբաններն ուշագրավ են համարում, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինը՝ քննիչն ու դատախազը չեն առարկել գրավի կիրառման դեմ, և վիճահարույց դատական ակտը չի բողոքարկվել և բեկանվել, ինչը «բարձրացնում է դատական ակտերի վերջնական լինելու (res judicata) հիմնարար սկզբունքը»՝ կասկածի տակդնելով Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը։ Հետևաբար փաստաբանները կոչ են անում հանրապետության նախագահին մերժել ԱԽ միջնորդությունը։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանը և դատավոր Սամվել Մնացականյանն առայժմ հրաժարվում են մեկնաբանել Արդարադատության խորհրդի որոշումը։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
