NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Համ տնեցիքին օգնում եմ, համ էլ ես իմ համար ծախում մի քանի կիլո միրգ, որ իրանցից փող չուզեմ իմ սայթ մտնելու համար»,–ասում է 10–ամյա Կարենը

«1000 դրամ տուր ու էս 4 կիլո ծիրանը տար»,-պոտենցիալ գնորդին առաջարկում է 10-ամյա Կարենը՝ ուշադրություն չդարձնելով, թե ինպես է հարևան Լուսիկը սաստում նրան. «Այ տղա, առավոտից այգում չարչարվում ես, էտքան էժան մի տուր»։
Արարատյան դաշտավայր տանող մայրուղին ամռանը լի է մրգերի վաճառասեղաններով։ Մարզեր տանող մայրուղիներին բոլոր եղանակներին հնարավոր է տեսնել անչափահաս երեխաների՝ դաշտային ծաղիկներ, միրգ և այլ սեզոնային ապրանքներ վաճառելիս։ Երեխաների համար սա սեփական եկամտի աղբյու՞ր է, ընտանիքի կողմից սահմանված պարտադիր աշխատա՞նք, թե՝ նրանց օգնելու ցանկություն՝ դժվար է ասել։
10-ամյա Կարենը, պատրաստվում էր վաճառված մրգի գումարով «իրա սայթ» մտնել՝ խոսքը սոցիալական ցանցերից մեկում իր էջի մասին է. «Մերոնք ստեղ են այգի մշակում, բա ես էլ էնտեղ բոստան ունեմ, բերք եմ հավաքում, պետքա ջրեմ,- սոցիալական ցանցի առաջարկած հերթական խաղի մանրամասներն է պատմում Կարենը,- գալիս եմ համ տնեցիքին օգնում եմ, համ էլ ես իմ համար ծախում մի քանի կիլո միրգ, որ իրանցից փող չուզեմ իմ սայթ մտնելու համար»։
12-ամյա Արմենը ոչ էժան միրգ է վաճառում, ոչ էլ՝ վիրտուալ հողամաս խնամում. «Մենք այգի չունենք, եկել եմ քեռուս եմ օգնում, հավաքում եմ, կանգնում ապրանքի կողքը, որ հենց առնող գա ձեն տամ գան»։ Ընտանիքին օգնելու ժամանակն այլ կերպ ինչպե՞ս կուզեր անցկացնել հարցին Արմենը դժվարացավ պատասխանել. «Բան էլ չէի անի, ես զոռով չեմ գալիս, մնում եմ տունն ինչ անեմ, էնա գալիս եմ ստեղ»։
Սիրուշ տատի կողքը նստած 9-ամյա Կարոն անտրամադիր էր երևում. «Լավ էլ զոռով եմ գալիս, ես չեմ ուզում գամ, տատը զոռով բերում ա, ասում ա՝ աղջկաս հոգին պիտի ուտես սաղ ցերեկ, արի կօգնես ինձ»։ Սիրուշ տատը ծիծաղելով հակադարձեց թոռանը. «Ինչի՞ ես տենց ասում, ապրանքը ծախում ենք, քո համար էլ ենք չէ մի բան անելու, ասենք՝ դպրոցիդ շորերն ենք առնելու»։
«Էնքան է վազում սաղ օրը, որ էլ ասելու չի, օրական մի բոթաս ա մաշում, ես էլ բերում եմ հետս, համ խելոք ա պահում իրան, համ էլ ոնց էլ չլինի օգուտ ա տալիս»,- անհարմար զգալով թոռան բողոքից արդարացում է գտնում Սիրուշ տատը։
Տղաներից ոչ ոք չուզեց լուսանկարվել. «Չէ, սենց կեղտոտ շորերով, սենց փողոցին ու՞ր ես նկարում, այ որ սիրուն հագած լինեի, մի հատ սիրուն ջիպ կանգներ ծիրան առնելու, էտ ջպի մոտ կնկարեիր, ես էլ իմ սայթումս կդնեի նկարը՝ յանի իմ ջիպն ա»,- «իրա սայթ»-ի մասին մտահոգ ասաց Կարենը։
Տղաներն իրենց ամառային հանգիստն անցկացնում են տանը, ու դպրոցական արձակուրդները նշանավորվում է միայն դպրոց չհաճախելու հանգամանքով։
«Մի անգամ մամաս տարավ Երևան պոնչիկանոց, էն էլ ռեմոնտ էր մի տեղ, էն կողքն ենք նստել»,- ամառային արձակուրդների հիշարժան օրվա մասին պատմեց Կարոն։
Կարենի համար ամառային հանգիստն այս տարի նշանավորվել է ինքնուրույն հավ մորթելու հնարավորությամբ. «Տանը մարդ չկար, մի հատ հավ բռնեցի, վզքաշ արեցի. դե տեսել էի ոնց էին անում, ասի՝ փորձեմ։. Իրիկունը մի քիչ ջղայնացան տնեցիք, բայց դե բմբլահան արավ տատս, եփեցինք կերանք»,- հրճվանքով հիշեց Կարենը։
«Սաղ օրն էլ գյուղամեջն են, էլ ինչ պիտի անեն երեխեքը, սաղի տնեցիքն էլ էս բերքի հույսին են, չարչարվում ենք, որ տեսնենք ինչ ա գալիս գլխներիս. ո՞վ կարա մտածի երեխուն մի ճամբար, մի տեղ ուղարկելու մասին։ Հազիվ մտածենք դպրոցի շոր ու գրիչ առնելու հոգսը հոգանք»,- ասում է Սիրուշ տատը։
Երեխաների իրավունքները պաշտպանելուն ուղղված քննարկումներ մայրաքաղաք Երևանում հաճախ են լինում։ Քննարկումների ժամանակ ներկայացվում է աշխատանքային օրենսգրքով սահմանված այն հիմնական կարգավորումների առանձնահատկությունները, սահմանափակումները, երաշխիքները, որոնք ուղղված են երեխաների աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը, որոնք բխում են նաև միջազգային կոնվենցիաների համաձայնագրերի պահանջներից, որոնք ՀՀ-ն վավերացրել է միջազգային կազմակերպություններին անդամակցելու արդյունքում: Անպայման նշվում է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունն իր վերջին զեկույցներում 2016թ.-ը սահմանել է սահմանագիծ' վերանցելու երեխայի աշխատուժի կիրառումը։
Հանդիպում-քննարկումների ժամանակ ոլորտի պատասխանատուները խոսում են երևույթի տարածվածության, գործատուների կողմից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ստանձման և այլ քաղաքակիրթ երևույթների մասին։
«Երեխաների աշխատելուն վերաբերող թարմ վիճակագրություն չունենք։ Բայց չարաշահումներ հատկապես գյուղատնտեսական և ընտանեկան բիզնեսի ոլորտում են առավել հաճախ հանդիպում: Վերահսկողությունն այս ոլորտում այնքանով է բարդ, որքանով որ չկան աշխատանքային պայմանագրեր ընտանիքի անդամների միջև, և շատ դժվար է պարզել աշխատանքային ժամերը, հանգստի ռեժիմը և այլն»,- հերթական քննարկման ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության ղեկավար Թադևոս Ավետիսյանը։
Այն երևույթները, որոնց մասին մայրաքաղաքում խոսում են պատասխանատուները՝ վիճակագրություն, ընտանիքի անդամների միջև աշխատանքային պայմանագրերի բացակայություն և այլն, ոչ մի առնչություն չունեն այն իրականության հետ, որտեղ անցնում է Կարենի, Արմենի, Կարոյի ամառային արձակուրդները։
Սոֆյա Մանուկյան
Աղավնի Եղիազարյան
Աղբյուրը՝ www.hra.am
Նկարի աբյուրը՝ www.qwikstep.eu
