NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Զարուհի Պետրոսյանի երեխայի խնամակալությունը տրվել է տատիկին

Նորք-Մարաշ վարչական շրջանի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովն ամուսնու ծեծի հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի 2 տարեկան երեխայի խնամակալությունը հանձնել է Զարուհու սկեսրոջը՝ Լիլիա Սարկիսովային։ Ըստ ներկայացված փաստաթղթերի՝ Սարկիսովան երեխայի հետ պետք է ապրեր Աջափնյակում գտնվող և նորմալ կենսապայմաններով ապահովված բնակարանում։ Սակայն ուրբաթ օրվանից երեխան տատիկի հետ գտնվել է Մասիսի հանրակացարանում՝ Սարկիսովայի նախկին բնակավայրում։ Այդ մասին Զարուհու քրոջն ասել են հանրակացարանի հարևանները։
2010 թ հոկտեմբերի 1-ին մահացավ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, որից հետո նրա դստեր խնամակալությունը ստանձնելու համար Մասիսի քաղաքապետարան դիմեցին Զարուհու քույրը՝ Հայաստան (Հասմիկ) Պետրոսյանը և տատիկը՝ Լիլիա Սարկիսովան։ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, ուսումնասիրելով դիմողների կենսապայմանները, մերժել էր երկու կողմին էլ, քանի որ ո՛չ մորաքույրը, և ո՛չ էլ տատիկը ապահովված չէին բնակարանային նորմալ պայմաններով և կայուն եկամտով, իսկ Լիլիա Սարկիսովան ուներ նաև առողջական լուրջ խնդիրներ։
Այդ ժամանակ երեխան անցավ մանկատան խնամքի՝ 2010թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հուլիս ամիսը գտնվելով Նորք-Մարաշի մանկատանը։
Մինչ այդ, քրեական հետապնդման մեջ գտնվող Յանիս Սարկիսովը դիմել է և 2011թ. հունվարի 27-ին ճանաչել երեխայի հայրությունը։ Բայց քանի որ նա կալանքի տակ է և չի կարող կատարել իր ծնողական պարտականությունները, լիազորել է իր մորը ստանձնել երեխայի խնամակալությունը։
Լիլիա Սարկիսովան երկրորս անգամ է դիմել Նորք-Մարաշի վարչական շրջանի հոգաբարձության և խնամակալության մարմին՝ ներկայացնելով փաստաթղթեր, համաձայն որոնց իր ամուսինն Աջափնյակում ունի բնակարան և ապահովված է կայուն եկամտով։ Նշենք, որ մինչ այդ Յանիս Սարկիսովի հոր անունն առհասարակ չի շոշափվել և նա իր ընտանիքի հետ չի բնակվել Մասիսի հանրակացարանում։
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կանանց աջակցման ծրագրի իրավաբան Մարի Մանուկյանը ձեռք է բերել և ուսումնասիրել խնամակալության մարմնին ներկայացված փաստաթղթերը։ Նա հավաստում է, որ դրանք պարունակում են շատ բացեր և թերություններ։ Այլ կերպ ասած՝ Լիլիա Սարկիսովան խնամակալության հանձնաժողովին ներկայացրել է միայն այն փաստաթղթերը, որոնք ձեռնտու են իրեն։ Մարի Մանուկյանը www.hra.am -ին հաղորդեց, որ փաստաթղթերում անգամ նշված չէ, թե ինչ հանցանքի մեջ է Յանիս Սարկիսովը մեղադրվում։
Դիմողի պայմանները Նորք-Մարաշ վարչական շրջանի միջնորդությամբ ուսումնասիրել է Աջափնյակի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը և տվել է իր դրական եզրակացությունը։
Իրավաբան Մ. Մանուկյանն էական հակասություններ է նկատել նաև Մասիսի քաղաքապետարանի և Աջափնյակի խնամակալության հանձնաժողովի եզրակացությունների միջև և գտնում է, որ ուսումնասիրությունը լիարժեք չի եղել։
«Փաստացի երեխան պետք է բնակվեր Աջափնյակում. որպես բնակարան ուսումնասիրվել է Աջափնյակի բնակարանը, որտեղ բոլոր կենսապայմանները ապահովված են։ Բայց երեխան փաստացի բնակվում է Մասիս քաղաքի հանրակացարանում, որը Մասիս քաղաքի խնամակալության հանձնաժողովի ուսումնասիրությունների համաձայն բոլոր անհրաժեշտ կենսապայմանները չի ապահովում երեխայի համար»,- ասում է Մարի Մանուկյանը։
«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիան արդեն դիմել է Նորք-Մարաշ վարչական շրջանի խնամակալության մարմնին և հայտնել, որ հանրակացարանի հարևանները երեխային տատիկի հետ տեսել են Մասիսում։ Իրավաբանի խոսքերով՝ «նրանք անհանգստացել են և ասել, որ նորից կհավաքեն անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան և ևս մեկ անգամ կքննարկեն խնամակալության հարցը»։
«Խնամակալության մասին որոշումը կարող է չեղյալ հայտարարվել, երբ որ էական խախտումներ են նկատվում խնամատարի կողմից։ Կամ կարելի է դատական կարգով վիճարկել այդ որոշումը»,- ասում է Մարի Մանուկյանը՝ ավելացնելով, որ մինչև այդ որոշումը չեղյալ չհայտարարվի, Զարուհու քույրը չի կարող դիմել երեխայի խնամակալությունը ստանձնելու համար։
Իսկ www.hra.am -ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ամենն արվում է Յանիս Սարկիսովին սպասվող պատիժը մեղմելու համար, իրավաբանը պատասխանեց. «Չեմ կարծում, ամեն դեպքում նա լիազորագիր է տվել, ըստ որի խնամակալության իրավունքները փոխանցում է իր մորը և դա մեղմացուցիչ հանգամանք չի կարող դառնալ նրա համար»։
Հիշեցնենք, որ Յանիս Սարկիսովը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ), որը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
