NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բանակն իրականում. զինվորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն (վիդեո)

Մինչ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հավատացնում էր, որ կունենանք առյուծածին մայրեր, ում որդիների արիությամբ կպաշտպանվի Հայաստանը, խաղաղ պայմաններում սպանված զինվորների սևազգեստ ծնողները քննարկում էին իրավիճակը հայկական բանակում և արդարություն պահանջում։
Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Իրավիճակը հայկական բանակում» քննարկում, որը կազմակերպել էր «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը: Հանդիպմանը ներկա էին զոհված զինվորների ծնողներ, դատախազության, պաշտպանության նախարարության, ինչպես նաև տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ:
«Բանակն իրականում» նախաձեռնող խմբի անդամ Արսեն Խառատյանը նշեց, որ հանդիպման նպատակն է բանակի շուրջ վերջին շրջանում բարձրացված քննարկումները փողոցից տեղափոխելով քննարկման սեղան՝ առաջարկել լուծումներ, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ ստեղծված իրավիճակից:
«Այսօր հայոց բանակին անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ՝ առկա իրավիճակը բարելավելու, զինված ուժերում ծառայող անձի իրավունքները պաշտպանելու համար»,-ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը ։
Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանի զինված ուժերում մեկ խնդիր է դրված' բանակը համալրել մարդաքանակով, ինչի հետևանքով բանակում ծառայում են հիվանդ զինվորներ: Սաքունցը նշեց, որ զինվորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն զորակոչի ժամանակ, նրա ծառայության ողջ ընթացքում, ինչպես նաև ծառայությունից հետո, մասնավորապես' ժամկետային կամ հիմնական զինծառայողների դեպքում:Նա առաջարկում է Հայաստանում ներդնել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ, որը լուրջ վերահսկողություն կիրականացնի բանակում:
Փաստաբաններ Սեդա Սաֆարյանը և Մուշեղ Շուշանյանը ներկայացրեցին զոհված զինվորների գործերի քննության ընթացքում առկա խոչընդոտները. փաստաբաններին հաճախ չի հաջողվում գնալ դեպքի վայր և տեղում ուսումնասիրություն կատարել, մերժում են տրամադրել անհրաժեշտ նյութերը' առանց որևէ պատճառաբանության:
Փաստաբանները նշեցին, որ գործը քննում են ոչ օբյեկտիվ քննիչներ, ինչի արդյունքում գործն աղավաղվում է: Մ. Շուշանյանը հավելեց, որ իրենք տեսնում են հստակ միտում՝ գործը տանել «իրենց ցանկալի ուղիով», որ այն չբացահայտվի և, ինչպես միշտ, որակավորվի որպես ինքնասպանություն: Բացի այդ' հիմնականում այդ գործերը հարուցվում են ոչ թե սպանության մեղադրանքի հոդվածով, այլ, օրինակ, ինքնասպանության դրդել, զենքը ոչ ճիշտ օգտագործել և այլն:
Քննարկմանը ներկա խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները ամենագլխավոր խնդիր են համարում իրենց զավակների մահվան համար պատասխանատու անձանց չբացահայտված լինելն ու անպատժելիությունը, ինչին հետևում են նոր հանցագործություններ:
Զինդազախազության բաժնի պետ Արտակ Հարությունյանի խոսքով՝ դատախազությունն արդար և թափանցիկ քննություն է իրականացնում բոլոր գործերով. «Եթե ինչ-որ գործերով դեռևս չկան հստակ որոշումներ, դա չի նշանակում գործ չի արվում, այլ հակառակը՝ մանրակրկիտ քննություն է կատարվում, որովհետև շատ հաճախ բարդ, խճճված գործեր են և պահանջում են մանրակրկիտ քննություն»։
ՊՆ ներկայացուցիչը, ով հավաստիացրեց, որ բանակում բարեփոխումներ կատարելու ուղղությամբ վերջին շրջանում մի շարք քայլեր են իրականացվել, խոսեց սպայական կազմի որակական փոփոխությունների, զինվորների ու սպաների համար ուսումնադաստիարակչական գրականության ստեղծման, ռազմական կրթության նոր հայեցակարգի, վարքի կանոնակարգի մշակման և այլ ծրագրերի մասին:
«Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ-ի զինված ուժերում պետք է պաշտպանված լինի յուրաքանչյուր զինծառայող, և այս հարցն ունի ոչ թե քաղաքական երանգ, այլ դա ազգային նշանակության խնդիր է:
Փաստաբան Վահե Գրիգորյանն ընդգծեց կամավորապես ձևավորվող պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անհրաժեշտությունը' առաջ քաշելով կանանց զինվորական ծառայության հարցը. «Դա կբարձրացնի կանանց դերը հասարակությունում,-նշեց նա,-բացի դա, միայն սեռի պատճառով պարտադիր զինվորական ծառայության գնալը Սահմանադրության 14.1 հոդվածի խախտում է»:
Վ . Գրիգորյանի կարծիքով' բանակում պետք է լինի քաղաքական չեզոքություն, ինչն այժմ բացակայում է: Նախ' ՀՀ զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը' ՀՀ նախագահը, միաժամանակ հանդիսանում է իշխող կուսակցության ղեկավար: Իսկ ընտրությունների ժամանակ զինծառայողներին միշտ օգտագործում են քաղաքական շահերի համար: Ըստ նրա' «զիվորը դիտվում է որպես ռեսուրս, ոչ թե արժեք»:
Քննարկման մասնակիցները լսում էին միմյանց և առաջարկներ անում, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչների և դիվանագետների առջև շարունակում էր իր տոնական ելույթը. «Ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ: Ամեն օր, քայլ առ քայլ ամրացնելու ենք այն լարերը, որոնք բանակը կապում են քաղաքացիական հասարակության հետ: Զինվորին դարձնում քաղաքացի ու քաղաքացուն' զինվոր»:
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը նախատեսում է շարունակել նման քննարկումները և ստեղծել փորձագիտական խումբ, որը կհետազոտի բանակում առկա խնդիրները և լուծումներ ու առաջարկներ կներկայացնի։
Կարինե Իոնեսյան
Աղավնի Եղիազարյան
Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի
Աղբյուրը՝ www.hra.am
