Ազգային ժողովը «երկու տող» պատասխանն ուղարկել է մեկուկես ամիս ուշացումով

«Ինֆորմացիայի ազատությունը ՀՀ-ում 2011» մոնիտորինգի տվյալներով ամենադրական արդյունքը ցույց է տվել Օշականի գյուղապետարանը. իրեն ուղղված 5 հարցումներին տվել է լիարժեք պատասխան օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

2011թ. մայիս-հունիս ամիսներին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» 10 դիմողների կողմից 250 հարցում է ուղղել տեղեկատվություն տնօրինող 50 մարմնի։ Հարցումներից 173-ը առաքվել է փոստի միջոցով, 37-ը՝ ուղարկվել է էլեկտրոնային տարբերակով՝ պաշտոնական էլփոստի հասցեին, իսկ 40 հարցում՝ բանավոր՝ հեռախոսազանգերի միջոցով։

Մոնիտորինգի արդյունքներով՝ ժամանակին և լիարժեք պատասխան է տրվել հարցումների 56 տոկոսին, ուշացած պատասխան է տրվել 19 տոկոսին: Մոտ 30 տոկոսը մնացել է անարձագանք (լուռ մերժում): Մոնիտորինգի համակարգող Գևորգ Հայրապետյանը կարծում է, որ սա մեծ թիվ է: «Շատ պետական մարմիններ, երբ չեն ուզում պատասխանել հարցմանը կամ ուզում են մերժել, նախընտրում են անպատասխան թողել հարցումը»,- ասում է նա:

Գ.Հայրապետյանը շեշտում է, որ մոնիտորինգն իրականացնելու ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և գործընկերները, ում ջանքերով ուղարկվել են հարցումները, երբևէ չեն փորձել տեղեկատվություն տնօրինող մարմիններին դնել վատ կամ անհարմար վիճակի մեջ.գյուղապետարաններին էլեկտրոնային հարցում չի ուղարկվել, փոստային առաքման դեպքում երկարացվել են ժամկետները։

Մոնիտորինգի համակարգողի կարծիքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումից հետո տարեցտարի դրական փոփոխություններ են արձանագրվում: «Ստեփանավանի քաղաքապետարանը նախկինում ուներ բացասական արդյունք, այս տարի լավագույն արդյունք ցույց տվողների շարքում է՝ 4 ժամանակին լիարժեք պատասխան, մեկ ուշացած լիարժեք պատասխան: Ելփինի գյուղապետարանին ժամանակին դատի էինք տվել, հիմա դրական արդյունք ունի՝ 4 լիարժեք պատասխան, 1 անհիմն պատասխան»,- օրինակներ է բերում նա: 2004 թ. համեմատ 5 տոկոսով ավելացել է լիաժեք պատասխանների թիվը, գրեթե նույնքան կրճատվել է լուռ մերժումների և չընդունված հարցումների թիվը:

Այս տարի բացասական արդյունք ունեն Այգեձորի և Ծավի գյուղապետարանները, ինչպես նաև հանրային նշանակության մարմիններ համարվող «Կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ և «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն, որոնք իրենց ուղղված բոլոր հարցումները թողել են անպատասխան:

Պետական կառավարման մարմիններից  բացասական արդյունք է ցույց տվել ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ ոստիկանության և Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը։ Իրենց ուղղված 5-ական հարցումներից ոչ մեկին լիարժեք պատասխան չեն տվել օրենքով սահմանված ժամկետներում: Ազգային Ժողովին ուղղված հարցումներից մեկին պատասխան է տրվել 1 ամիս 16 օր ուշացումով՝ այն էլ ոչ լիարժեք: Իսկ Պետական եկամուտների կոմիտեն հարցումներից մեկին գրավոր մերժում է ուղարկել՝ պատճառաբանելով, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված չէ տեղեկություն տրամադրելու կարգը այն դեպքում, երբ դա սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով, որը գործում է 2003 թ.-ից:

Պետական կառավարման մարմինների թվում լավագույն արդյունք են ցույց տվել ՀՀ առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարությունները:

Իսկ քաղաքապետարաններից դրական արդյունք են գրանցել Ստեփանավանի և Եղեգնաձորի քաղաքապետարանները: «Ամենաբացասական արդյունքը Աշտարակի քաղաքապետարանինն է, ով ունի 3 լուռ մերժում և Գյումրիի ու Իջևանի քաղաքապետարաններինը, որոնք իրենց պատասխանի մեջ նշել էին, որ տեղեկատվությունը կտրամադրեն, եթե հարցում ուղարկողն անձամբ ներկայանա քաղաքապետարան՝ Երևանում ապրող մարդուն»,- ասում է Գևորգ Հայրապետյանը:

10 մարզպետարաններից լավագույն արդյունք են ցույց տվել Սյունիքի և Շիրակի մարզպետարանները, բացասական արդյունք ունի Վայոց Ձորի մարզպետարանը:

Բոլոր հարցումները և ստացված պատասխանները տեղադրված են ԻԱԿ-ի www.GiveMeInfo.am կայքում: «Մենք արդեն ունենք արձագանքներ: Շատերը զանգում են, ուշացած պատասխաններ են ուղարկում, որոնք նույնպես կտեղադրվեն կայքում»,- հավաստիացնում է մոնիտորինգի համակարգողը:

Այս տարվա ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական մարմինները տեղեկատվություն տրամադրելիս խտրական մոտեցում են դրսևորում. լրագրողներին և կազմակերպություններին ավելի պատրաստակամորեն են պատասխանում, քան ասենք՝ ուսանողներին, ինչը տեղեկություն ստանալու իրավունքի ոտնահարում է:

Մերի Ալեքսանյան
Նկարը՝ inforrm.wordpress.com–ի
Աղբյուրը՝ www.hra.am