Հնարավոր չէ միաժամանակ պահպանել Սևանը և ափերին ցեմենտ կամ ոսկի արտադրել

«Այսօր խմելու ջուրը մեր աչքի առջև դառնում է... չեմ ասի կոյուղի՝ մի քիչ չափազանցված կլինի, բայց՝ ոչ խմելի ջուր»,- ասում է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրեն, ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը, ով Հայաստանի համար առաջնահերթ և ռազմավարական խնդիր է համարում Սևանը փրկելը:

Ըստ Սուխուդյանի՝ ջրի աղտոտվածության առաջին պատճառը տարիներ առաջ ջրի մակարդակն իջեցնելն էր. «Այդ նախագիծն արդեն հաստատվել էր, մենք ոչինչ չէինք կարող անել»,- արդարանում է «Սևան» ազգային պարկի նախկին տնօրենը:

Երկրորդ խնդիրը նա համարում է ջրի մակարդակն արհեստականորեն բարձրացնելը՝ առանց ափերը դրան նախապատրաստելու. «Ջրի ափերին բիոլոգական և այլ մնացորդներ կան, զանազան թունաքիմիկատներ կան, դրանք բոլորը հարկավոր է մշակել, մաքրել, վերացնել, ծառերը, թփերը արմատներով հանել, մաքրել, նոր ջրի մակարադակը բարձրացնել: Թե չէ բարձրացրեցինք, բայց կեղտոտ ջուրը ո՞ւմ է պետք: Դրա համար սկսեց ճահճացում»։

Սևանա լիճն աղտոտում են նաև հարևան 3-4 գյուղերի բնակիչները. «Սևան թափվող բոլոր 28 գետերը դարձել են աղբատար, գյուղի բնակիչները ամեն տեսակի աղբ թափում են գետը՝ ներկից սկսած մինչև օրգանական նյութեր, կենցաղային աղբ: Այդ ամբողջը գետով գալիս, լցվում է Սևանը: Ինչքա՞ն կդիմանա խեղճ լիճը»,- հռետորական հարց է տալիս Սուխուդյանը:

2001 թ. ընդունված «Սևանա լճի մասին» օրենքի 10-րդ հոդվածն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում։ Սակայն այսօր Սևանի ավազանում օրենքով արգելված գործունեություն են ծավալում «Գեոպրոմայնինգ», «Գեգամետ պլյուս», «Միկա ցեմենտ» հանքարդյունաբերական ընկերությունները:

«Հնարավոր չէ միաժամանակ և՛ պահպանել Սևանի ջուրը, և՛ ափերին ցեմենտ կամ ոսկի արտադրել»,- կարծում է բնապահպանը: Ոսկու արտադրությունը սկզբում իրականացվում էր փակ եղանակով՝ հողի տակ հորիզոնական խորշեր էին բացվում, իսկ վերևում բուսականությունը, ծառերը չէին վնասվում: «Դա, իհարկե, ավելի թանկ եղանակ է ձեռնարկատերերի համար: Հենց որ անկախություն ձեռք բերեցինք, սկսեցինք բաց եղանակով հանել ոսկին»,- նշում է նա:

Բնապահպաններն ահազանգ են հնչեցնում նաև Սոթքում ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման ծրագրի վերաբերյալ: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը գտել է, որ ոսկու հանքաքարը Սոթքից երկաթուղով Արարատ տեղափոխելը և վերամշակելն ավելի ծախսատար է, և որոշվել է ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել հենց Սևանի ավազանում, ինչն արգելված է օրենքով։ 

Պետական մակարդակով Սևանի փրկության հարցը պետք է օրակարգային դառնա՝ համոզված է Գագիկ Սուխուդյանը. «Պիտի քաղաքական կամք լինի, որ երկրի առաջին դեմքից սկսած՝ բոլորը մի պահ կանգ առնեն ու մտածեն՝ լավ, ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում: Մեր կառավարման մարմինների մտածելակերպն է հարկավոր փոխել, որ ամեն օր ծորակը բացելիս հասկանան, որ մի օր կարող է այդ ջրի փոխարեն ինչ-որ սև հեղուկ հոսել, էդ օրվա՞ն են սպասում»:

Սևանի փրկության համար նա առաջարկում է բնապահպաններից, կենսաբաններից, աշխարհագրագետներից կազմված փորձագիտական խումբ ստեղծել, որը «կլինի Սևանի «շտապ օգնությունը», և ձեռքը միշտ կպահի Սևանի զարկերակի վրա»:

Սեպտեմբերի վերջին Սևանի խնդրով մտահոգ մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, Գագիկ Սուխուդյանի նախաձեռնությամբ ահազանգ հնչեցրեցին Սևանի «ծայրահեղ վատ վիճակի» մասին և ստեղծեցին «SOS Սևան» նախաձեռնությունը:

«Չկա Սևան, չկա Հայաստան: Միավորվենք և թույլ չտանք, որ մարդկանց մի խումբ թալանի և 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի փոխարեն մեր սերունդներին թողնի թունավոր ճահիճ»,- գրված է «SOS Սևան»-ի տարածած հայտարարության մեջ:

Ըստ նախաձեռնող խմբի՝  Սևանի աղտոտումը ոչ պատշաճ վերահսկողության և պաշտոնական կառույցների իմիտացիոն գործունեության արդյունք է: Իսկ Սևանա լճի էկոհամակարգի պահպանման համար  հատկացված բյուջետային, դրամաշնորհային և վարկային միջոցները, նրանց կարծիքով,  ոչ նպատակային են ծախսվում:

Գագիկ Սուխուդյանը լիովին պատկերացնում է «SOS Սևան» պայքարը, թեև չի մանրամասնում, թե ինչ քայլեր են նախատեսում անել. «Ես գիտեմ ինչ կարելի է անել, կա այդ ճանապարհը, իհարկե: Եթե ինձ վստահեն, ես կարող եմ ղեկավարել այդ ամենը, ես ազգային պարկի հեղինակներից մեկն եմ և գիտեմ տարածքի հետ ինչպես կարելի է վերաբերվել, եթե չվստահեն, ես կարող եմ կողքից լինել խորհրդատու»:

«SOS Սևան» ահազանգ արդեն հնչել է և Սուխուդյանը խոստանում է, որ սա շարունակական գործընթաց է լինելու. «Մենք պետք է ազգովի վեր կենանք, ասենք՝ եկեք վերջ տանք այս վերաբերմունքին Սևանի նկատմամբ, մենք մեր երկիրը վերածում ենք անապատի»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am