NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բանակային սպանության հակասություններով լի հերթական գործը

Նոյեմբերի 22-ին տեղի կունենա հերթական դատական նիստը զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան գործով։
Բանակային հերթական սպանությունից հետո զենքը հայտնաբերելու գործում բարձրաստիճան զինվորականների միջամտությունը, փաստաբան Ստեփան Ոսկանյանի կարծիքով, էապես ազդել է գործի քննության վրա. դժվարություններ են առաջացել որոշելիս, թե որ զենքի վրա ինչ մատնահետքեր կան:
Հրացանից պակասած պարկուճն էլ փաստաբանը չի կարծում, որ նույն պարկուճն է, որ հայտանաբերվել է մահացած զինվորի մարմնում, քանի որ, եթե հրացանը կրակեր, ժապավենի հաջորդ փամփուշտը պետք է մտներ ինքնաձիգի մեջ, որը դատարկ են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ 2011թ. մարտի 17-ին ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը հաղորդագրություն տարածեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը:

Դեպքից 15 օր անց Արտաշատի բնակիչ Մելքոն Կոսգանդելյանը տեղեկանում է, որ իր զինծառայող որդուն ձերբակալել են ու մեղադրում են Ահարոն Հայրապետյանին անզգուշությամբ սպանելու մեջ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով ՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտում, ինչն անզգուշությամբ առաջացրել է մահ։
«Երբ գնացի, քննչականի պետը՝ Դավթյան Մարտինը, ինձ ասաց, որ 100 տոկոսով համոզված է, որ իմ որդին չի սպանել, բայց որ ինքնախոստովանել է, իրենք ոչինչ չեն կարող անել»,- www.hra.am-ին հաղորդում է մեղադրվողի հայրը՝ Մելքոն Կոսգանդելյանը:
Հետո, երբ հանդիպում է որդուն, նա պատմում է, որ իրեն Շուշիի մեկուսարանում ենթարկել են հոգեբանական ճնշումների և ինքնասիրությունը վիրավորող խոսքեր են ասել:
«Որդիս ասաց, որ եթե այդպես չասեր, իրեն կսպանեին: Նրանք այդ տղայի հետ ընկերական հարաբերությունների մեջ են եղել, նույնիսկ, երբ վերջին անգամ որդիս եկավ մյուս տղայիս հարսանիքին, հարսանիքը թողեց, որ Ահարոնի ընկերուհուն Ահարոնի կողմից ծաղկեփունջ տանի»,- պատմում է հայրը:
Հետագայում զինծառայակցին սպանելու մեջ մեղադրվող զինվոր Կոսգանդելյանն իր ցուցմունքը փոխել է և 5 ամիս հետո, երբ կրկին զենքի փորձաքննություն է արվել, հոր խոսքերով, նրան համոզել են, թե կարող է ազատվել համաներմամբ, եթե մեղքը ընդունի, նա էլ նորից փոխել է ցուցմունքը: Հետագայում Կոսգանդելյանը ևս մեկ անգամ հրաժարվել է իր ցուցմունքից՝ պնդելով, որ անմեղ է:
«Եթե իմանայի, որ ինքն է հաստատ մեղավոր, կթողնեի, որ պատիժը կրեր, բայց, որ ասում է ես չեմ արել, ինչպե՞ս կարող եմ իրեն թողնել»,- ասում է Մելքոն Կոսգանդելյանը։
Կոնգանդելյանի շահերը պաշտպանող փաստաբան Ստեփան Ոսկանյանը պատմում է, որ Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում ոչ միայն Կոսգանդելյանի, այլ մի քանի այլ զինծառայողների նկատմամբ էլ բռնություններ են կիրառվել:
Փաստաբանը համոզված է, որ հրացանից պարկուճը պակասել է դեպքից հետո, իսկ կրակոցն իրականում եղել է դիրքերից, քանի որ զինվորականները միայն երկրորդ փորձաքննությունից հետո են ցուցմունք տվել՝ ասելով, թե կրակոցը մոտիկից են լսել:
«Միակ բանը, որով Կոսգանդելյանին կապում են այս գործին այն է, որ նա կրակոցի ժամանակ գտնվել է Ահարոնի մոտ, մեկ էլ մահացածի մարմնում հայտնաբերած պարկուճը համընկնում է հրացանի պարկուճի հետ, բայց բոլորն էլ իրենց ցուցմունքներում ասում են, որ այդ հրացանը գտնվել է իրենց կանգնած տեղից հեռու»,- www.hra.am -ին փոխանցեց Ս. Ոսկանյանը:
Կոսգանդելյանը հիշում է միայն կրակոցի ձայնը ու ընկած ընեկրոջը, ոչ մի այլ բան չի հիշում:
Ահարոն Հայրապետյանի ծնողներն արդեն ոչ մեկին չեն հավատում: Մայրը՝ Մարիետա Գևորգյանը, նախընտրում է հավատալ Կոսգանդելյանի մեղավորությանը, չնայած ոչ տեսել են նրան, ոչ էլ լսել հակառակ կողմի փաստարկները, քանի որ դատերը անցկացվում են Գորիսում, որտեղ գնալու հնարավորություն չունեն:
«Դեպքի օրը՝ երեկոյան, ինչ-որ մեկի ծնունդն է եղել, խմել են, վիճել են, նկար ունենք, որտեղ երևում է, որ բոլորը կերած խմած են, իսկ իմ տղեն, ով շատ աշխույժ տղա է, լրիվ առանձին կողքի վրա նստած է: Չեն ասում, չեն պատմում, կարող է այդ տղային են ստիպել, որ խփի, կարող է այլ հարցեր են եղել, մենք չգիտենք, բայց ամեն ինչ դուրս կգա ջրի երես»,- համոզված է մայրը:
ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի երկրորդ կուրսից բանակ գնացած Ահարոնը, մոր խոսքով, ուզում էր վերադառնալ, ուսումը շարունակել, հաստատվել կյանքում։
«Հիմա ցմահ էլ տան, սպանեն էլ, իմ սիրտը չի հովանալու, ո՞վ է իմ տղային վերադարձնելու»,- ասում է Ահարոնի մայրը:
Վաղը դատական նիստը կանցկացվի նույն զորամասում, քանի որ կրելու է ուսուցողական ու դաստիարակչական բնույթ, բայց թե նման հակասական փաստերով գործը որքանով կարող է դաստիարակչական բնույթ կրել, դժվար է ասել:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
