NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հանքարդյունաբերություն. բնապահպանական վնասների և կոռուպցիոն ռիսկերի հանրագումար

Հայաստանի ընդերքի օգտագործման և հատկապես Հրազդանի երկաթի հանքավայրի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցությունը հարցապնդում է ուղղելու ՀՀ բնապահպանության նախարարությանը։
Հրազդանի երկաթի հանքավայրը գտնվում է Հրազդան քաղաքից 1.5կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք: Շահույթ ստանալու նպատակով այն շահագործելու ցանկություն ունի չինական «Ֆորտունե Ոիլ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը, իսկ բնապահպաններն ահազանգում են շահագործման բնապահպանական վնասների մասին:
Պետական մարմինները հակասական կարծիքներ են հայտնում՝ Հրազդանի քաղաքապետի 2011թ. ապրիլի 12-ի գրավոր նամակում ասված է, որ նախագիծը գտնվում է նախնական փուլում, իսկ Բնապահպանության նախարարությունից բնապահպաններին պատասխանում են, որ նախագիծը 2008թ. բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն է ստացել, և դա հիմք է ծառայում հանքի շահագործման համար:
www.hra.am -ին Բնապահպանության նախարարությունից հասարակայնության հետ կապերի բաժնից Արևիկ Զատիկյանը հաղորդում է, որ իրականում դրական եզրակացության ժամկետն անցել է ու այժմ ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ է կատարում, որի լիցենզիան տվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
«Դրանից հետո, եթե կարողացան նորից փորձաքննություն անցնելու համար ապահովել բոլոր փաստաթղթերը, մենք նոր կթույլատրենք նրանց գործել»,- ասում է Զատիկյանը:
ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հայտարարում է, որ միայն երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում, որն իրականացնում է «Ֆորտունե Ոիլ» ընկերությունը, շրջակա միջավայրին արդեն իսկ զգալի վնաս է հասցվել, որը նրանց իրավունք է տալիս արդեն դատարանի միջոցով հարցը լուծել:
Սանասարյանը նշում է, որ 2008թ. տված դրական փորձաքննությունն ի սկզբանե անօրինական է, քանի որ նշված չէ, որ այդ տարածքում կա բնակելի 12 գյուղ, որոնք սնուցվում են տեղի ջրային պաշարներով, որ սա Հայաստանի ամենամեծ ջրի պաշարների վայրն է համարվում, քանի որ սնուցում է Չարենցավան, Հրազդան, ու Աբովյան քաղաքներն ու Երևանի Արաբկիր համայքը:
«Երկաթի ձուլման արտադրության ժամանակ այդ ամբողջ փոշին կարող է լցվել անտառների, այգիների, վարելահողերի վրա, քանի որ փոշու մեջ կան ծանր մետաղներ, որոնք վտանգավոր են կյանքի համար, էլ չեմ ասում, որ ջրերի հետ այդ նյութերը կարող են հասնել նաև Արարատյան դաշտավայր»,- ահազանգում է Սանասարյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. «Նագին» ՍՊԸ-ի (հետագայում այս ընկերության իրավահաջորդ է դարձել «Ֆորչն Ռիզորսիսը») «Հրազդանի երկաթի հանքաքարի հանքավայրի» աշխատանքային նախագծի վերաբերյալ տրված դրական եզրակացության աշխատանքային նախագծում գրված էր, որ բացահանքի շահագործումն անխուսափելիորեն կբերի շրջակա լանդշաֆտի որոշակի փոփոխության՝ ներքին այրման շարժիչներից, կաթսայատնից մթնոլորտ կարտանետվեն ածխածնի օքսիդ, ածխաջրածին, ազոտի օքսիդ, մուր, ծծմբային գազ և այլն, ինչպես նաև փոշի' բացահանքից, ավտոճանապարհներից, լցակույտից, արտհրապարակից, ապարների նախնական փխրեցումից, բեռնման և բեռնաթափման աշխատանքներից: Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի տարեկան ընդհանուր քանակը կկազմի 1448.5տոննա, որից փոշու արտանետումները կազմում է 27.0%-ը, իսկ մեքենաների և մեխանիզմներինը' 65.0%:
Բայց ըստ «Ռադուգա» համակարգչային ծրագրով կատարված մթնոլորտում վնասակար նյութերի ցրման հաշվարկների՝ մթնոլորտ արտանետվող վնասակար արտանետումների առավելագույն կոնցենտրացիաները կգտնվեն նորմաների սահմաններում:
Այժմ այս ամենը չեղյալ է հայտարարվել, բայց չի բացառվում, որ նույն բանը հետագայում նորից հաստատվի. չնայած «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը պնդում է, որ ոչ մի վնաս չի հասցվի բնությանը, իսկ բնապահպանները շարունակում են նշել առնվազն ջրային ռեսուրսների աղտոտման մասին, կառավարությունը ջրային պաշարները աղտոտումից զերծ պահելուն ուղղված քայլեր է ձեռնարկում։
Ինչպես հաղորդում է Էկոլուրը, նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնք թելադրված են ստորերկրյա ջրային պաշարներն աղտոտումից ու սպառումից զերծ պահելու, ջրաերկրաբանական ռեժիմային մշտադիտարկումների արդյունքները ջրային պաշարների կառավարման մեջ առավել արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ։ Այս աշխատանքն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
«Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունը բնապահպանների բարձրացրած աղմուկից հետո տարածել է նաեւ մամուլի հաղորդագրություն, որում նշված է.
«Ընկերությունը Հրազդանի ու Աբովյանի երկաթի հանքավայրերը շահագործելու մտադրություն ունի, սակայն առայժմ կատարում է միայն նախագծային ու հանքային պաշարների ճշգրտման աշխատանքներ: Այս երկրաբանահետախուզական բնույթի ուսումնասիրությունները իրականացնող բոլոր երեք միջազգային ընկերությունները նախկինում արդյունավետ գործունեություն են ծավալել Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի տասնյակ երկրներում և ձեռք են բերել միջազգային բարձր հեղինակություն»:
Հաղորդագրության համաձայն նախատեսվում է ներդնել ավելի քան 110 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Աբովյան քաղաքի մերձակա տարածքի պաշարները հետախուզելու և արդյունահանելու նպատակով նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 400 միլիոն դոլարը:
«Հավաստիացնում ենք, որ ընկերության առայսօր կատարած աշխատանքները վտանգավոր չեն և հետագայում ևս որևէ վտանգ չեն առաջացնելու հանքերին մերձակա տեղանքի, հարակից բնակավայրերի ու բնակչության առողջության համար: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրության մտահոգությունները՝ կապված ստորերկրյա ջրերի ծանր մետաղներով աղտոտման հետ, որևէ կերպ հիմնավորված չեն»,- ասված է հայտարարության մեջ:
Հանքերը շահագործման արդյունքում նրանք խոստանում են ստեղծել նոր արտադրական ձեռնարկություններ և առնվազն 5 հարյուր նոր աշխատատեղեր, իսկ ծրագրված ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում ընկերության գործունեությանը կմասնակցի մինչև 3 հազար մարդ:
Այս փաստարկներին հաջորդել է Հրազդանի երկաթահանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունը, որտեղ նշվում է Հրազդանի հանքի և ձուլարանի շահագործման հենց առաջին տարում միայն Ծաղկաձորի և Հանքավանի զբոսաշրջային սպասարկման ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճատման մասին:
Այս հարցը բարձրացվել է նաև Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի կողմից « Ընդերքի մասին» նոր օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ:
Սաֆարյանը հայտարարել է, որ օրենսգիրքը կազմելիս հաշվի չեն առել բնապահպանների կարծիքը՝ ընդունելով մի օրենսգիրք, որը շրջանցումների առիթ կտա ապագայում:
«Պարզ չէ, թե մենք ինչպես ենք ապահովելու ընդերքի անվտանգ շահագործում, եթե օրենսգրքում նշված չէ անգամ թափոն բառը, այն դեպքում երբ տվյալ ընկերությունը 1000-ամյակների համար պետք է բնապահպանական վճար վճարի, քանի որ անգամ հարյուրավոր տարիների ընթացքում դրանք վերացնել չի լինի»,- ասում է պատգամավորը:
Նա անհասկանալի է համարում նաև երկրաբանական ուսումնասիրությունների փակ լինելը, որոնց բնապահպանները կարող են ծանոթանալ միայն դատարանի որոշումից հետո:
«ԱԺ-ում իմ կողմից առարկություն հնչեցվեց պաշտոնական այն դիրքորոշմանը, թե երկրաբանական ուսումնասիրության դեպքում հանրային փորձաքնություն պետք չէ: Երկրաբանական ուսումնասիրությունները կարող են անվերջ շարունակվել, ու մենք չենք կարողանա ապացուցել, որ հանքը շահագործվում է ուսումնասիրության անվան տակ»,- մտահոգվում է Սաֆարյանը:
Նա կարծում է, որ նոր օրենսգիրքը դաշտ է ստեղծում լիազոր մարմնի ու հանքը շահագործողի միջև հանցավոր գործարքներ կնքելու համար և կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի:
«Ժառանգության»՝ Հայաստանի ընդերքի օգտագործմանը վերաբերող հարցապնդումը մինչև տարեվերջ պետք է քննարկվի ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ և տարվա վերջին տպագրվի Հայաստանի Հանրապետություն թերթում:
Կարինե Իոնեսյան
Նկարը` www.ecolur.org
Աղբյուրը՝ www.hra.am
