Ոչ ոք չի վնասել խողովակաշարը

77-ամյա Արսեն պապին երկրորդ կարգի հաշմանդամ է: Ամբողջ թոշակը ծախսում է տաքսիների վրա, որոնցով գնում է այս պետական ատյանից այն պետական ատյան՝ արդարություն գտնելու հույսով:

Երեք տարի է Արսեն Բաղումյանը չի կարողանում ջրել սեփական հողամասը՝ ծառերը չորանում են ու բերք չեն տալիս: Հանքավան գյուղի 77-ամյա բնակիչը պնդում է, որ երեք տարի առաջ Հանքավան գյուղի ճանապարհաշինարարները շինարարական աշխատանքի ժամանակ ջարդել են Հանքավանում գտնվող իր հողամասի ոռոգման համակարգը և չեն վերականգնել այն:

Երեք երեխայի տեր մարդուն երեխաները չեն օգնում այս գործում՝ համարելով, որ պետք չէ աղմկել՝ «ամոթ» է, իսկ Բաղումյանը չի ուզում հրաժարվել այն մի բուռ հողակտորից, որին սեփական ուժերով է կյանք տվել երիտասարդ տարիքում:

«Էկան, քանդեցին, ասեցին հետո կսարքենք ու մինչև հիմա սարքում են, սրիկաները»,- ասում է Արսեն պապին:

Բաղումյանը բազմիցս դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։ Նախարարության աշխատակազմի ղեկավար Ջիլավյանը 2011թ. հունիսի 13-ին նամակով Արսեն Բաղումյանին տեղեկացրել է, որ տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նրա հողամասի ոռոգման խողովակաշարը վնասվել է բեռնատարի վթարի և տրակտորի մեխանիզատորի անզգուշության հետևանքով` մինչև «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից Հ-28 Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների սկսելը, հետևաբար ճանապարհաշինարարները չէին կարող վնասել ոռոգման խողովակաշարը:

ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնից www.hra.am –ին տեղեկացրել են, որ վերոնշյալ հողամասի հողատարածքում և հարող տարածքում 2008թ.-ից մինչ օրս ոստիկանության Հրազդանի բաժնում ոչ մի վթարի դեպք չի արձանագրվել:

Այն հարցին, թե ինչպես են իմացել վթարի մասին նախարարությունում, երբ այդ փաստը չի արձանագրվել ոստիկանության կողմից, նախարարությունից տեղեկացրել են, որ այդ մասին տեղեկացրել են համագյուղացիները, որոնք սակայն հրաժարվել են գրավոր վկայություն տալ, իսկ «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից էլ ջրագիծը չէր կարող վնասվել, քանի որ վնասման վայրը դուրս է գտնվում նախագծով նախատեսված շինարարական աշխատանքների կատարման սահմանագծին: Հետևաբար, որևէ փոխհատուցման գործընթաց չի եղել:

Չնայած Տրանսպորտի և կապի նախարարությունը պնդում է, որ ճանապարհաշինության ընթացքում չի վնասվել հողամասի խողովակաշարը, «Ճանապարհ» ՍՊԸ-ն վերջերս Բաղումյանին պոմպ է տվել, գետից ջուրը հողամաս հասցնելու համար: Բայց հաշվի չեն առել մի փաստ՝ Բաղումյանը երկրորդ կարգի հաշմանդամ է ու դժվարությամբ է տեղաշարժվում, իսկ պոմպը աշխատեցնելու համար ֆիզիկական ջանքեր են պահանջվում:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը՝ www.hra.am