Քաջարան գյուղը` երկու հանքավայրերի միջև

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները արդեն 8 ամիս է պայքարում են ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 627-Ն որոշման դեմ: Այդ որոշմամբ` Սյունիքի մարզում գյուղատնտեսական նշանակության 181,7 հա հողատարածք ճանաչվել է բացառիկ՝ հանրային գերակա շահ, փոխվել է հողերի նպատակային նշանակությունը՝ դառնալով արդյունաբերական, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության:

Պետության կարիքների համար օտարված տարածքից 27 հա պատկանում է Քաջարան գյուղին: Տարածքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ին` հանքանյութ արդյունահանելու համար: Քաջարանի գյուղապետը պետք է իր գրավոր համաձայնությունը տա, սակայն  նա հրաժարվում է ստորագրել փաստաթղթի տակ, ինչի պատճառով արդեն հրաժարական է ներկայացրել:

«Ինձ կանչել էին մարզպետարան, բոլոր կողմերից իշխանությունները շատ խիստ ձևով ճնշումներ էին գործադրում, որպեսզի ես ստորագրեմ պայմանագիրը: Ասում էին` պայմանագիրը պիտի պարտադիր ստորագրվի: Ես էլ պայմանագիրը չեմ ստորագրել, ոչ էլ կյանքում կստորագրեի”,- ասում է գյուղապետ Ռաֆիկ Աթայանը:

Նա ևս մեկ անգամ հայտարարում է, որ չի հրաժարվելու Քաջարանի համար պայքարից: «Ես, որպես գյուղացի, իմ դիրքորոշումն ունեմ` բոլորի հետ միասին պաշտպան կանգնել գյուղին, իմ գերեզմաններին, իմ հայրենիքին, իմ հողին: Պատրաստ եմ մինչև վերջ արյուն թափել»,- www.hra.am –ին ասաց Քաջարանի գյուղապետը:

Ըստ Կառավարության որոշման՝ հանրային շահը գերակա է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը «ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն»:

«Ծրագրի իրականացումը կապահովի ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ, մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը և լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար»,- նշված է որոշման մեջ:

Այս հիմնավորմամբ Կառավարությունը որոշել է գյուղին պատկանող սեփականությունը օտարել, սակայն գյուղացիներն ասում են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել:

Քաջարանի բնակիչ Էդգար Պողոսյանն նշում է, որ իրենք երկու անգամ ստորագրահավաք են կազմակերպել և դիմել համապատասխան պետական մարմիններին: Սակայն միակ պատասխանը, որ ստացել են Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, իրենց կարծիքով` լուրջ հիմնավորումներ չի տալիս:

«Միակ հիմնավորումը 100 աշխատատեղ ստեղծելն ու հարկային մուտքերը պետբյուջե մի քանի տասնյակ միլիոնով ավելացնելն է: Իսկ որոշման մասին ո՛չ տեղյակ են պահել, ո՛չ քննարկում է եղել համայնքի բնակչության հետ. ոչ մի բան: Իրենք գերակա հանրային շահի չարաբաստիկ որոշումն են կայացրել: Հիմա մեր պայքարը դրանում է, որ մեր կարծիքը հաշվի առնեն, գան տեղում մանրակրկիտ ձևով, հստակ լեզվով խոսեն, լսեն մեր կարծիքը, պահանջները»,- www.hra.am –ին ասաց Պողոսյանը:

Էդգար Պողոսյանի խոսքերով` Քաջարանի գյուղացիների մտավախությունն այն է, որ գյուղը կհայտնվի երկու հանքավայրերի արանքում. «Գյուղի աջակողմյան հատվածում շահագործվող հանք կա, հիմա էլ որ անցնեն ձախ կողմը, այդ գյուղում մնալն արդեն անիմաստ է: Ես չեմ կարողանում պատկերացնել, թե ճանապարհի հարցն ինչպես պետք է լուծվի»:

Մյուս վտանգը քաջարանցիները տեսնում են ոչ հեռավոր ապագայում: «Այն հատվածում, որ իրենք վերցրել են, այդքան մեծ քանակությամբ պաշարներ չկան: Հիմնական պաշարը գյուղի տարածքում է հենց: Մեր մտավախությունն այն է, որ սա պարզապես պատրվակ է հետևից մտնելու և աստիճանաբար ձգվելու դեպի գյուղը: Թիկունքից հարվածելու այս մոտեցումը մեր կառավարությանը բնորոշ վարքագիծ է»,- կարծում է Պողոսյանը:

Դեկտեմբերի 1-ին Քաջարան գյուղի բնակիչները բաց նամակ-դիմում են ուղղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ գլխավոր բաժնետեր «Քրոնիմետ» ընկերությանը՝ պահանջելով չեղյալ համարել Կառավարության որոշումը, մասնակից չդառնալ հնամենի գյուղի տեղահանման ծրագրին:

«Համայնքի բնակչությունը պատրաստ է արյան գնով պաշտպանելու իր սրբությունները»,- ասված է դիմումի մեջ, որի տակ ստորագրել են 23 քաջարանցիներ: Նրանց խոսքերով՝ իրենք չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը, և փոխհատուցման մասին որևիցե խոսակցություն չի կարող ստիպել փոխել իրենց մտադրությունը:

Դիմումի մեջ քաջարանցիները հորդորում են նաև խնամքով վերաբերվել բնական ռեսուրսների շահագործմանը, «քանզի նրանք անսպառ չեն, իսկ հետագա սերունդներին այդ ռեսուրսներից զրկելն առնվազն հանցագործություն է»:

Ըստ դիմումի՝ ԶՊՄԿ-ում աշխատող քաջարանցիներին սպառնում են աշխատանքից ազատել՝ հայրենի գյուղի պաշտպանության խնդրում ակտիվություն դրսևորելու համար:

«Համայնքի բնակչությունը պահանջում է սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսելու փոխարեն ապահովել ձեռնարկության աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև հարգել սեփականության մեր իրավունքը»,- «Քրոնիմետին» են դիմում Քաջարանի բնակիչները:

Քաջարանն ունի մոտ 300 բնակիչ, որոնք ապրում են սոցիալական վատ պայմաններում: Արդյունաբերական խոշոր ձեռնարկության հարևանությամբ գտնվող բնակավայրը, ի տարբերություն մյուս գյուղերի (Արծվանիկ, Սևաքար, Աճանան և Չափնի, որոնց մի մասը նույնպես հանրային գերակա շահի համար օտարվել է), իր բարձր դիրքի շնորհիվ կարողացել է համեմատաբար ավելի զերծ մնալ արդյունաբերության վնասակար հետևանքներից:

«Արծվանիկ գյուղում էլ հողեր չկան, միայն պոչամբարներն են: Մեր երկրի ընդերքից ինչ–որ իրենց պետք է եղել, հանել են, վերցրել են, մեզ էլ որպես «նվեր» թողել են թունավորված հողը»,- ասում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքերով՝ լաբորատոր ուսումնասիրությունն արծվանիկցի երեխաների մազերի մեջ մկնդեղի, սնդիկի և այլ ծանր մետաղների պարունակություն է հայտնաբերել:

Քաջարանի բնակիչների համառ պայքարի շնորհիվ և Սյունիքի մարզպետարանի միջամտությամբ` որոշվեց հանքի սահմանը Քաջարանի գերեզմանոցից 150-200 մետր հեռացնել, սակայն դա չի գոհացնում քաջարանցիներին:

Մեկանգամյա պայթեցման համար, ըստ Ինգա Զառաֆյանի, օգտագործվելու է 10 տոննա պայթուցիկ նյութ: Պայթեցման հետևանքով օդ բարձրացած փոշին իր մեջ պարունակող վտանգավոր նյութերով աղտոտելու է շրջակա միջավայրը՝ օդը, ջուրը, հողը, հետևաբար նաև գյուղատնտեսական բերքը, որը քաջարանցիների եկամտի գլխավոր աղբյուրն է:

«Եթե հանքը բացվի, ամեն ինչ կծածկվի փոշով: Մենք` բոլորս, ստիպված կլինենք հեռանալ։ Մենք դառնում ենք հարկադրաբար տեղահանվողներ: Բայց մեր հողը չենք տա, և պատրաստ ենք արյամբ պաշտպանել այն»,- քաջարանցիներն այսպիսի հայտարարություններ են հնչեցրել դեկտեմբերի 1-ին Կապանի Օրհուս կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ:

«Իմ կարծիքով` պետությունը կայացրել է անժամանակ որոշում: Միգուցե դրա ժամանակը գա, բայց այսօր, իմ խորին համոզմամբ, մեր կառավարությունը հնարավորություն չունի մի ամբողջ համայք տեղափոխել մեկ ուրիշ բնակավայր` մեր հուշակոթողով, եկեղեցիով»,-կարծիում է Քաջարան գյուղի բնակիչ Էդգար Պողոսյանը:

Նրա խոսքերով` առայժմ կառավարությունը փոխհատուցման մասին լռում է, իսկ «ոմբինատի ադմինիստրացիան ասեկոսեներ է տարածում, որ «այդտեղ գյուղ չկա», «իրենք վաղուց փոխհատուցել են», «կառավարությունը մեկ է, վերցնելու է»:

Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am

Հ.Գ. Կարող եք դիտել Քաջարանի մասին «Էկոլուրի» պատրաստած տեսանյութերը.

Մաս 1

Մաս 2