NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ընտրական իրավունք. այս տարի Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների ենթարկվեց

2011թ. ընտրական իրավունքի ոլորտում ամենալուրջ փոփոխությունն այն էր, որ մայիսի 26-ին ընդունվեցին և հունիսից ուժի մեջ մտան Ընտրական օրենսգրքի փոփոխությունները և լրացումները:
Հերթական խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ ընտրական օրենսդրության բարելավումը միջազգային կառույցների պահանջն էր: Օրենսգիրքը մշակելիս հաշվի են առնվել նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ու առաջարկները:
Օրենքի ընդունումից հետո ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայ հեղափոխական դաշնակցության» և «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց կողմից արված սկզբունքային առաջարկությունները հիմնականում մերժվել են տարբեր պատճառաբանություններով։
Առաջիկա ընտրություններն արդար և թափանցիկ կազմակերպելու հարցում բոլորը կարևորում են քաղաքական կամքը: «Ցավոք սրտի, ընդունվել է մի Ընտրական օրենսգիրք, որը շատ լուրջ ռիսկեր է պարունակում և դա մտահոգիչ է: Կարելի է ասել, որ ապագա խորհրդարանական ընտրությունները վտանգված են, որովհետև առաջին հավաստիացումը, որ իշխանությունն ազատ և արդար ընտրություններ չի կազմակերպելու, արդեն իսկ տրված է Ընտրական օրենսգրքի ընդունման տեսքով»,- www.hra.am –ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
Օրենքսգրքի փոփոխությունները
Նոր օրինագծով փոխվել է ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) յոթ անդամներից 3-ի թեկնածությունն առաջադրում է Մարդու իրավունքների պաշտպանը, 2-ական թեկնածու առաջադրում են Փաստաբանների պալատը և Վճռաբեկ դատարանը։ Թեկնածուներին հաստատում է հանրապետության նախագահը: Այս ընթացակարգով արդեն ձևավորվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրատարածքային հանձնաժողովները ձևավորում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ խորհրդարանական ուժերն իրավունք ունեն թեկնածուներ առաջարկելու միայն տեղամասային հանձնաժողովներում և, անկախ խմբակցության մեծությունից, ունենալու են հավասար ներկայացվածություն։ Խորհրդարանական ընդդիմությունը բողոքում է, որ միևնույն է հարաբերակցությունը լինելու է հօգուտ իշխանամետ ուժերի, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն, ի դեմս՝ Հայ ազգային կոնգրեսի, անարդար է համարում, որ զրկված է որևէ հանձնաժողովում ներգրաված լինելու հնարավորությունից:
Փոփոխվել են առաջադրվող թեկնածուներին վերաբերող պայմանները: Պատգամավորի ու նախագահի թեկնածուներն առաջադրման պահին պետք է լինեն միայն ՀՀ քաղաքացիներ: Այս դրույթը ավելացվել է՝ հաշվի առնելով, որ երկքաղաքացիություն ունեցող մարդիկ ենթակվում են նաև այլ երկրի օրենքներին:
Օրենսգրքի նոր փոփոխություններով՝ ընտրությանը մասնակցած անձանց անձնագրում կդրվի ժամանակավոր կնիք, որը 12 ժամվա ընթացքում կօքսիդանա: Իսկ նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված կնիքները կիրառելը Վենետիկի հանձնաժողովը համարել է մարդու իրավունքների կոպիտ խախտում:
Մեկ այլ փոփոխությամբ՝ ամրագրվել է, որ ընտրություններին մասնակցող տեղական դիտորդները պետք է անցնեն մասնագիտական դասընթացներ և ստանան որակավորման վկայականներ: 2011թ. հոկտեմբերից մեկնարկել է ընտրությունների անցկացման մաuնագիտական դաuընթացները:
Օրենքով նախատեսվում է քվեարկության օրվանից 30, 20, 10 օր առաջ և քվեարկության նախորդ օրը հրապարակել ընտրողների ցուցակները և ընդհանուր թիվը:
«Դաշնակցությունն» առաջարկել էր նաև ընտրությունների հաջորդ օրը ընտրատեղամասերում փակցնել ընտրությանը մասնակցած անձանց գրանցամատյանների պատճեները՝ ստորագրություններով: Այս առաջարկը մերժվեց այն հիմնավորմամբ, որ դա խախտում է ընտրությունների գաղտնիության սկզբունքը: Փոխարենն ամրագրվեց, որ վստահված անձը կարող է պահանջել իրեն տրամադրել գրանցամատյանից քաղվածք՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ:
Խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ բոլոր ընտրատարածքներում պետական մակարդակով տեսաձայնագրում իրականացնել, մերժվել է:«Այստեղ պետությունը շատ խոցելի կլիներ, որովհետև կարող էին բազմաթիվ տեխնիկական խնդիրներ առաջանալ, որը ընդդիմության կողմից միտումնավորություն ձևակերպվեր և իշխանությանը մեղադրեին»,- մերժման որոշումն այսպես է մեկնաբանում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Ընտրական օրենսգրքի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը:
Օրենսգրքում ամրագրված է, որ քվեարկության ողջ գործընթացը կարող է տեսանկարահանվել վստահված անձանց, դիտորդներիև լրագրողների կողմից՝ բացառությամբ քվեարկության գաղտնիության սկզբունքը խախտող տեսարանների: Ձայների հաշվարկման գործընթացը կարող է տեսանկարահանվել միայն գործընթացի բուն մասնակիցների կողմից:
«Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով՝ դա տեխնիկապես դժվար է կազմակերպել: «Բացի այդ, նկարահանողը կկտրվի իր բուն պարտականություններից՝ հաշվարկի պրոցեսըվերահսկելուց»,- ասում է նա:
Հաշմանդամ ընտրողների իրավունքը ոչ ոք հաշվի չառավ

Այս անգամ ևս օրենքի նախագիծը մշակողները մոռացել են խոցելի խմբերի մասին: Նախորդ ընտրությունների ժամանակ կիրառված շրջիկ քվեատուփերն առաջիկա ընտրություններին չեն լինի: Օրենքը մշակող պատգամավորները գտան, որ դա կեղծիքների աղբյուր է:
Ստացիոնար բուժում ստացող հիվանդները, ինչպես նաև՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ,չեն կարողանա իրացնել ընտրելու իրենց իրավունքը:
Ընտրատեղամասերում, որոնք հիմնականում տեղակայված են դպրոցներում և մանկապարտեզներում, չկան թեքահարթակներ: Ավելին, որոշ ընտրատեղամասեր շենքիերկրորդհարկումենլինում:
«Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանի դիտարկումներով՝ նախորդ ընտրությունների ժամանակ հանրապետության ընտրատեղամասերից միայն 15 տոկոսն է ապահովված եղել թեքահարթակներով: «Շուտով ընտրություններ են, և սայլակով հաշմանդամները երևի նորից չեն կարողանա ինքնուրույն մտնել ընտրատեղամասեր»,- կանխատեսում է «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:
«Իսկ խուլ ընտրողները պետք է գուշակեն, թե հեռուստացույցով ինչ են քարոզում տարբեր քաղաքական ուժեր»,- հավելում է նա: Հիշեցնենք, որ տարեսկզբին եթերից զրկվեց ժեստերի լեզվով լրատվական հաղորդում ունեցող միակ հեռուստաալիքը՝ «ԱԼՄ»-ն: Այսինքն՝ խուլ մարդիկ հեռուստատեսությամբ չեն կարողանա հետևել նախընտրական քարոզարշավին:
ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ ընտրական օրենսդրության բարելավումը տեսականորեն մեծացնում է իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ու մեխանիզմները.«Սակայն իշխանություններն անում են ամեն հնարավոր բան, որ թույլ չտան օրենքի այնպիսի փոփոխություններ, որոնք կբերեն արմատական բարեփոխումների»,- ասում է Լ.Ալավերդյանը:
Մերի Ալեքսանյան
ԿԸՀ նկարը` www.photolure.am
Աղբյուրը՝ www.hra.am
