NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Անչափահաս դատապարտյալներն ուզում են ունենալ մասնագիտության ընտրության լայն հնարավորություն

Օրենսդրությամբ սահմանված է անչափահաս ազատազրկվածների կրթության և մասնագիտական ուսուցման իրավունքը, սակայն գործնականում այն լիարժեքորեն չի ապահովվում. այս եզրակացությանն է հանգել «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն «Անչափահաս ազատազրկվածների կրթությունը և մասնագիտական ուսուցումը» հետազոտության արդյունքում:
Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել միջազգային փորձն ու իրադրությունը Հայաստանում և բարեփոխման համապատասխան առաջարկներ անել։ Ուսումնասիրությունը կատարվել է 2011թ. ապրիլից հուլիսն ընկած ժամանակահատվածում՝ պետական պաշտոնյաների, փորձագետների և անչափահաս դատապարտյալների հետ անցկացրած հարցազրույցների հիման վրա։ Հետազոտություն արդյունքները ներկայացվեցին այսօր՝ հունվարի 24-ին։
«Կրթությունը և մասնագիտական ուսուցումը, հայտնի փաստ է, որ հանցավորության կանխարգելման և զբաղվածության ապահովման լավ միջոց են: Եթե երեխան ստանում է պատշաճ կրթություն և դաստիարակություն ուսումնական հաստատությունում, նա ճիշտ արժեքների կրող է դառնում և հավանականությունը փոքր է, որ նա հանցագործ ուղով կընթանա և կդառնա անչափահաս դատապարտյալ»,- կարծում է ծրագրի փորձագետ, Երևանի շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի տնօրեն Մարատ Ատովմյանը:
Նրա կարծիքով՝ անչափահասներին տրվող մասնագիտական ուսուցումը պետք է համահունչ դարձնել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Իսկ ինչ վերաբերում է օրենսդրությանը, ըստ Ատովմյանի, օրենսդրական ձևակերպումները որոշ դեպքերում շատ ընդհանուր են, դրանք հստակեցնելու կարիք կա, բացի այդ պետք է այնպես անել, որ օրենդրության և իրավակիրառ պրակտիկայի միջև խզում չլինի:
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկն անչափահասների համար նախատեսված միակ հաստատությունն է Հայաստանում: Այնտեղ գործում է թիվ 2 հատուկ արհեստագործական ուսումնարանը, որը մինչև 2004թ. գործել է Արդարադատության նախարարության, իսկ այժմ՝ Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ:
Ուսումնարանը միաժամանակ տրամադրում է և՛ հանրակրթություն, և՛ նախնական մասնագիտական կրթություն: Հաստատությունում գործում են, այսպես կոչված, կոմպլեկտավորված երկու դասարաններ՝ 7-9-րդ և 10-12-րդ:
Իսկ մասնագիտական ուսուցումն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝ փայտամշակում, գյուղտեխնիկա և էլեկտրասարքավորումներ:
«Մեր փորձագիտական հարցումների վերլուծությունը վկայում է, որ այդ մասնագիտությունները ընտրվել են ոչ թե որ Հայաստանում ամենակարևոր կամ պահանջարկված մասնագիտություններն են, այլ ուղղակի սովետական միությունից մնացած բազայի հիման վրա»,- նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
Նրա խոսքերով՝ բանտի ներսում կազմակերպվող կրթությունը շատ հաճախ չի համապատասխանում քրեակատարողական հիմնարկից դուրս տրամադրվող կրթությանը՝ և՛ որակական, և՛ ժամաքանակի առումով:
Հարցման արդյունքները ցույց են տալիս նաև, որ անչափահաս դատապարտյալները ցանկանում են ունենալ մասնագիտության ընտրության ավելի լայն հնարավորություն:
«Մենք եկանք այն եզրակացության, որ կարելի է ներդնել համակարգչային ուսուցման, լեզուների ուսուցման և այգեգործության դասընթացներ, և դա նաև անչափահաս դատապարտյալների ցանկությունն էր: Թեև այգեգործության դասընթացի կազմակերպման առումով ինչ-որ գործիքներ քրեակատարողական հիմնարկ մտցնելու խնդիրներ կան, և պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություններ արվեն, բայց մյուս բոլոր հնարավորությունները կան»,- նշեց Արշակ Գասպարյանը:
«Աբովյան» ՔԿՀ ուսումնական մասի փոխտնօրեն Հովակիմյանը, ով ներկա էր հետազոտության ներկայացմանը, կարծում է, որ «հետազոտությունը կատարվել է կողմնակալ մոտեցմամբ և դրանում միայն ցեխ է շպրտված՝ անտեղյակությունից ելնելով»:
«Ի~նչ հետազոտության մասին կարող է խոսք լինել, եթե այդքան ժամանակ ուսումնական հաստատության որևէ աշխատակցի հետ անգամ չեն զրուցել։ Վիրավորականն այն է, որ կատարված լավ աշխատանքի մասին որևէ արծարծում չկա այս հետազոտության մեջ, ընդհակառակը՝ ես այն կարծիքին եմ, որ հետազոտություն կատարողներն ունեցել են կողմնակալ դիրքորոշում: Քամահրանքով են մոտեցել, թե գյուղմեքենաների մասնագիտությունը պետք չէ...»,- լրագրողներին ասաց Հովակիմյանը:
Նրա խոսքերով՝ ԿԳՆ և Արդարադատության նախարարության համատեղ որոշմամբ այժմ կրթություն և մասնագիտական ուսուցում է իրականացվում ոչ միայն դատապարտված, այլև՝ նախնական կալանքի տակ գտնվող անչափահասների հետ:
«Առանց կրթաթոշակի, առանց այլևայլ շահագրգռումների մեր դատապարտյալները շատ սիրով մասնակցում են մասնագիտական ուսուցումներին: Չեմ ասում, թե գրկաբաց գալիս են, բայց համապատասխան անհատական աշխատանքների արդյունքում մենք այդ ամենի հաջողությունը տեսնում ենք»,- ասում է «Աբովյան» ՔԿՀ ուսումնական մասի փոխտնօրենը:
Նրա խոսքերով՝ ուսուցանվող մասնագիտություններն ընտրվել են ԿԳՆ և իրենց հաստատության համատեղ որոշման արդյունքում և «միտում կա հետագայում ավելի ընդլայնել մասնագիտությունները»:
Հովակիմյանի ներկայացրած տվյալներով՝ այս պահին իրենց հաստատությունում սովորող անչափահասների թիվը 14 է, իսկ վարպետամանկավարժական կազմինը՝ 12:
«Սա մոնիտորինգ չէ, այլ՝ հետազոտություն: Մեր թիրախ խումբը եղել են արդարադատության նախարարությունը և ԿԳՆ-ն: Մենք արել ենք առաջարկություններ՝ բնավ չպնդելով, որ սրանք լավագույն առաջարկություններն են: Սրանք ընդամենը կարծիքներ են, որոնք կարող են ընդունվել և չընդունվել գերատեսչությունների կողմից: Մեր խնդիրն այն չէ, թե մենք ինչ ունենք, այլ այն՝ թե ինչ կարող ենք ունենալ, և արել ենք բարեփոխման առաջարկներ՝ հենվելով միջազգային փորձի վրա»,- արձագանքելով փոխտնօրենին՝ ասում է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:
Հետազոտության մեջ ներառված անչափահաս դատապարտյալների կրթության և մասնագիտական ուսուցման միջազգային փորձը ներկայացրեց «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը:
«Կրթություն ստանալու համահավասար իրավունքները սահմանված են «Երեխաների իրավունքների կոնվենցիայի 28-րդ հոդվածով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արձանագրության 2-րդ հոդվածով և այլ միջազգային իրավական փաստաթղթերով»,- նշեց նա: Ներկայացնելով առանձին երկրների փորձը՝ նա նկատեց, որ, օրինակ, Դանիայում և Շվեդիայում ազատազրկվածին առաջարկվող կրթությունը որակի և հնարավորությունների առումով ոչնչով չի զիջում բանտից դուրս գտնվող քաղաքացիներին առաջարկվող կրթությունից:
«Այս հետազոտությամբ մենք տեսնում ենք, որ լուրջ անելիքներ կան անչափահասների կրթության իրավունքի ապահովման հարցում»,- իր խոսքում նշեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը:
Ուսումնասիրության իրականացմանն աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը։ Վլադիմիր Չունտուլովը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատուն, կարևորեց անհատական կարիքները հաշվի առնող ուսուցման կազմակերպումը: Նա հույս հայտնեց, որ հետազոտությունն օգտակար կլինի անչափահաս ազատազրկվածների կրթության որակը բարելավելու տեսանկյունից:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
