NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նախագահը չի կարող արդարադատություն իրականացնել

ՀՀ նախագահը չի կարող կատարել դատական մարմնի գործառույթ ու պատիժ սահմանել այս կամ այն մարդու համար: Նախագահը միայն կարող է օգտվել իր բացառիկ իրավունքից ու ներում շնորհել:
Հունվարի 26-ին Հելսինկյան կոմիտեի նախաձեռնած «Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003թ.-ի հրամանագրից մինչև 2011թ.-ի Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունները» թեմայով կլոր սեղանի ժամանակ իրավապաշտպանները մեղադրեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
«2003թ. ՀՀ նախագահը մահապատժի դատապարտավածներին ներում է շնորհել՝ հավելելով, որ նրանց բոլորի պատիժը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, այն դեպքում, երբ Հայաստանում Սահմանադրությամբ կամ որևէ օրենսդրական ակտով նախագահին նման լիազորություն չի տրվում»,- ասաց Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Փաստաբան Վահե Գրիգորյանը հավելեց, որ նախագահի սահմանադրական իրավասությունն է ներում շնորհելը և նրա հրամանագիրն այս պարագայում «շնորհել» բառից հետո պետք է պարունակեր միայն վերջակետ:
«Իսկ թե ինչ ձևով ներում կլինի, դա արդեն դատարանը պետք է որոշի, պատիժը միայն դատարանն է սահմանում»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև նշեց, որ ցմահ ազատազրկվածների համար հանցագործության պահին գործել է 1961թ. օրենսդրությունը, որը ընդհանրապես չի նախատեսել ցմահ ազատազրկում:
Նախագահի հրամանագիրը հետագայում փաստորեն փաստական հիմք է դարձել դատարանների համար, որոնք հենց այդ հրամանագրի հիման վրա են ցմահ ազատազրկում սահմանել մահապատժի դատապարտվածների համար:
Վահե Գրիգորյանը պարզապես ընթերցեց 2006 թ.-ի օգոստոսի 8-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Գաբրիելյանի կայացրած դատական ակտից մի հատված, որտեղ նշած էր՝«անփոփոխ թողնել 2003թ. նախագահի օգոստոսի 1-ի ՆՀ 103ա հրամանագրով ցմահ ազատազրկման ձևով սահմանված պատիժը»:
Քննարկմանը մասնակցում էր քրեական իրավունքի մասնագետ Սերգեյ Մարաբյանը, ով այդպես էլ չհայտնեց, թե ինչ պետական կառույց է ներկայացնում: Նա չհակառակվեց այն տեսակետին, որ նախագահը չի կարող պատիժ սահմանել, բայց նաև հակասեց ինքն իրեն՝ նշելով, որ նախագահը ճիշտ է վարվել ու ոչ մի հակաօրինական քայլ չի տեսնում նրա արարքի մեջ: Նա նշեց, որ նախագահը չէր կարող հաշվի առնել 1961թ. օրենսդրությունը, քանի որ 2003թ.-ի ՀՀ քրեական օրենսգրքով է առաջնորդվել:
Որպես կասկածելի դատական քննություն անցած գործ, նշվեց ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի գործը, որում չկան համոզիչ փաստեր այն մասին, որ Մկրտչյանն է սպանել իր 5 համածառայողներին։ Գործի հիմքում ընկած է Մկրտչյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, նրա պնդմամբ, տվել է հորը և եղբորը վնասելու սպառնալիքների տակ, ինչպես նաեւ մեկ վկայի ցուցմունք, ով մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը, ինչն արդեն կասկած է առաջացնում:
Իրավապաշտպանները բարձրաձայնում են ևս մեկ հարց՝ 2011թ. մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունվել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առավելագույն՝ 15 տարվա պատժաչափը, փոխարինվել է 20-ով:
Այդ փոփոխությունից հետո 104 ցմահ դատապարտվածներից 97-ը դիմել են դատարաններ իրենց պատժաչափը վերանայելու խնդրանքով, բայց ոչ մեկի դեպքում պատժաչափը չի փոխվել: Իրավապաշտպանները հարցնում են, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ նրանք մեր օրերում էլ նույն հանցագործությունը կատարելու դեպքում նորից կդատապարտվեին ցմահ ազատազրկման:
Քննարկման ավարտին իրավապաշտպաններն կոչ արեցին միանալ այս խնդիրների վերաբերյալ պատրաստած դիմումին՝ առաջարկելով.
- Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը՝ փակից անցում կիսաբացի:
- Վաղաժամկետ ազատազրկման պայմանները մեղմացնել՝ 20 տարին դարձնել 15:
- Մարդուն ցմահ ազատազրկման չդատապարտել, եթե նա չի բոլորել 21 տարին:
- Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ կատարել, որ գործով իրեղեն ապացույցները չոչնչացնեն, հատկապես երբ խոսքը ցմահ ազատազրկման մասին է, քանի որ ԴՆԹ թեստը ու գիտության զարգացումը հնարավորություն է տալիս բացահայտել, որ միգուցե հանցագործը իրականում անմեղ է:
- Սկսել վերանայել ցմահ դատապարտվածների գործերը, հաշվի առնելով դատական սխալների հավանականությունը:
Իրավապաշտպանները իրենց դիմումով ցանկացան նաև հիշեցնել ՀՀ նախագահի և հանրային խորհրդի նախագահին, որ մինչև այսօր պատասխան չեն ստացել 2009թ.-ից իրենց կողմից ցմահ դատապարտվածների վերաբերյալ ուղարկված առաջարկություններին:
Այս դիմումը ուղարկվելու է ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին ու հանրային խորհրդի նախագահին:
Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am
