Խոսում են պարի լեզվով

Հայկ Հոբոսյանը թեև ամբողջությամբ չի լսում երաժշտական հնչյունները, բայց կարողանում է շարժվել ռիթմով ու գեղեցիկ։

Հինգ ամսականում Հայկը կորցրել է լսողությունը ինֆեկցիոն հիվանդության պատճառով: Այժմ լսողական օժանդակ սարքի օգնությամբ լսում է միայն 4 տոկոսով, բայց պարի հոգեբանությունն ու մատուցման ձևը նրա մոտ 100 տոկոսին հավասար արդյունք են տալիս:

Դրա ապացույցը տարբեր պարային մրցույթների ժամանակ ստացված առաջին տեղի մրցանակներն են, իսկ 2010թ. տասնյակ մրցակիցների մեջ հենց ինքն ընտրվեց, որպես լավագույն պարող հայկական «Շանթ» հեռուստաընկերության «Պարի՛ր, թե կարող ես» հեռուստատեսային նախագծի ժամանակ:

«Ես 11 տարեկան էի, երբ առաջին անգամ հեռուստատեսությամբ տեսա Մայքլ Ջեքսոնի պարը և որոշեցի, որ ուզում եմ նրա նման պարել ու իմ առաջին ուսուցիչն ու բոլոր գործընկերներս շատ օգնեցին, որ ես ավելի մասնագիտացված զբաղվեմ այս գործով»,- պատմում է Հայկը:

Նա այժմ «Արայի դանս շոու» պարախումբի առաջատար պարողներից է, մասնագիտացել է հիփ-հոփում, բրեյք դանսում և լատինաամերիկյան պարերում, ինչպես նաև՝ ղեկավարում 4 պարային խումբ, որտեղ պարել է սովորեցնում ինչպես լսողության խնդիրներ ունեցողներին, այնպես էլ այն երեխաներին ովքեր լսում են հարյուր տոկոսով:

Աշակերտներն ասում են, որ այժմ մեծ հաճույքով են հաճախում պարի խմբակ ու հպարտանում են,որ իրենց դասատուն ընկեր Հայկն է:

«Մենք իրար հետ խոսում ենք պարի լեզվով ու հասկանում ենք իրար մեկ խոսքից»,- ասում է 15-ամյա Դիանա Ստեփանյանը՝ երզելով կարողանալ պարել Հայկի նման։

Կարինե Իոնեսյան
Աղբյուրը՝ www.hra.am