NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ժամկետից շուտ զորացրվածներ. զինվորների հիվանդությունները և դրանց պատճառները

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է ժամկետից շուտ զորացրված զինվորների առողջական խնդիրները: Պատահականության սկզբունքով ընտրված 300 զորացրված զինվորների մեծ մասն ունեցել է նյարդային խանգարումներ, սրտամկանի արատներ, շնչառական ուղիների հիվանդություններ և տեսողական խնդիրներ: Տարածված են նաև ողնաշարի և ոսկրային հիվանդությունները: Վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդությունները շատ ավելի քիչ են եղել:
Ուսումնասիրությունը կատարվել է 2011թ. հունվար-հունիս ամիսներին, հարցմանը մասնակցած 300 զորացրված զինվորները եղել են Երևանից, Ճամբարակից և Ստեփանավանից:
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանը հրաժարվեց թվային տվյալներ ներկայացնել՝ պատճառաբանելով, որ սա աշխատանքային ուսումնասիրություն է, և ընտրանքը շատ փոքր է եղել վերջնական եզրակացություններ անելու համար:
Ուսումնասիրության նպատակն էր պարզել, թե ի՞նչ պատճառներով են հիվանդացել ժամկետային զինծառայություն անցնող զինվորները, ինչպե՞ս է եղել հիվանդության ընթացքը, ի՞նչ բուժօգնություն են ստացել, ինչպե՞ս են զորացրվել և արդյո՞ք զորացրման գործընթացում խախտումներ եղել են:
«Մեր հարցումների արդյունքում պարզվեց, որ բոլոր հարցվածներն, իրոք, ծանր հիվանդություններ են ունեցել, և զորացրումը կատարվել է օրենքի շրջանանկներում, որովհետև, գիտեք, տարբեր խոսակցություններ կան..., բայց մեր ուսումնասիրության ընթացքում մենք չհանդիպեցինք որևէ խախտման»,- www.hra.am -ի հետ զրույցում նշեց Անահիտ Հովնանյանը:
Ուսումնասիրության արդյունքներն անակնկալ չեն եղել Անահիտ Հովնանյանի համար: «Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը 1997թ. ընդգրկված է զորակոչային հանձնաժողովներում և ծանոթ է զորակոչիկների մոտ առավել հաճախ հանդիպող հիվանդություններին:
«Մանավանդ այսօր զորացրվում է 1992-93 թվականներին ծնված սերունդը, որը բազմաթիվ հիվանդություններ ունի, ցավոք սրտի: Կան տղաներ, որոնք երկու և ավելի ծանր հիվանդություններ ունեն: Ողնաշարի խնդիրներ համարյա բոլորն ունեն՝ քիչ կամ շատ արտահայտված: Տեսողական խնդիրներ ունեն գրեթե բոլորը, բայց կան այնպիսիները, որ ունեն շատ լուրջ խնդիրներ: Երևի պատճառը թերսնուցում է եղել, անլույս տարիների սթրեսներն ու երեխաների ֆիզիկական գերլարվածությունը»,- ասում է Հովնանյանը՝ ավելացնելով, որ բժիշկներն ավելի լավ կմեկնաբանեն այդ հիվանդությունների պատճառները:
Հիվանդության պատճառները՝ մրսածություն, զենքից վիրավորումներ, ծեծ
Հիվանդության պատճառով զորացրվել են և ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք են բերած երիտասարդներ, և արդեն իսկ հիվանդ վիճակում զորակոչվածներ: «Զինվորի մայր» ՀԿ նախագահը ընդգծում է, որ դրանք եղել են այնպիսի հիվանդություններ, որոնց դեպքում օրենքը թույլ է տալիս զորակոչել բանակ ոչ շարային կամ սահմանափակումով ծառայության:
«Կան ռիսկային հիվանդություներ, որոնք զորակոչի պահին թվում է, թե հանգիստ վիճակում են: Այսինքն՝ իրենք գնում են ոչ շարային կամ սահմանափակումով ծառայության, բայց լինում են իրավիճակներ, երբ զինվորի հիվանդության ախտաբանական պրոցեսը զարգանում է, և հիվանդությունը կարող է խստանա կամ անցնի առավել ծանր փուլ: Այդ ժամանակ իրեն հոսպիտալացնում են, զննում են, և համապատասխան որոշում կայացնում»,- պարզաբանում է Անահիտ Հովնանյանը:
Նրա խոսքերով՝ հիվանդություններով (որոնք հետո բարդացել են) զորակոչվածների թիվն անհամամեմատ ավելի քիչ է, քան ծառայության ընթացքում հիվանդացած զինվորներինը:
Իսկ պատճառներից հարցվողները նշել են. «Մրսածությունը, 2008-2009 թթ ավելի շատ զենքի անզգույշ օգտագործումը, վիրավորումները և այլն: Հարցվողները որպես հիվանդության պատճառ նշել են նաև ծառայակիցների կողմից ֆիզիկական բռնության դեպքերը: Բոլորս գիտենք, որ բանակը հասարակության փոքր մոդելն է և կրում է բոլոր այն ազդեցություները, որոնք բնորոշ են տվյալ հասարակությանը»,- մեկնաբանում է Հովնանյանը:
Իսկ այն հարցին, թե ուսումնասիրության ընթացքում հայտնաբերե՞լ եք այնպիսի զինվորներ, որոնք զորակոչվել են շարային, ոչ շարային կամ սահմանափակումով ծառայության այնպիսի հիվանդությունով, որի դեպքում պիտանի չեն ծառայությանը, նա պատասխանեց.
«Բոլոր հարցվածները, զորակոչի պահին եղած ցուցանիշների համաձայն, ենթակա են եղել զորակոչման' ոչ շարային ծառայության կամ սահմանափակումով: Նրանցից շատերը ծառայության ընթացքում ստացել են ստացիոնար բուժում, անցել են հետազոտություններ և արդյունքում' ճանաչվել են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Հարցվողների մի մասն էլ նախքան զորակոչվելը ստացել են տարկետման իրավունք' բուժում ստանալու համար»:
Տեղյակ չեն իրենց իրավունքներին
Ուսումնասիրության ընթացքում «Զինվորի մայր» ՀԿ պարզել է, որ հիվանդության պատճառով զորացրված 300 զինվորներից շատերը չունեն հաշմանդամության կարգ:
Հարցմանը մասնակցել են 2008թ., 2009թ. և 2010 թ. զորացրված զինվորները, և նրանց մեծ մասը, Անահիտ Հովնանյանի խոսքերով, առաջին անգամ հարցման ժամանակ է իմացել, որ եթե չունի հաշմանդամության կարգ, չի կարող հավակնել հաշմանդամության զինվորական նպաստի:
«Մանավանդ գյուղական վայրերում դժվարանում են փաստաթղթեր հավաքել, ծնողները հետամուտ չեն լինում, դրանով չեն զբաղվում: Կան ընտանիքներ, որոնք սոցիալական խնդիրների պատճառով ի վիճակի չեն երեխայի բուժումը կազմակերպել, և այդպես էլ մնում է, չեն դիմում և հաշմանդամության կարգ չեն ստանում»,- նշում է Ա. Հովնանյանը։
ՀԿ առաջարկությունները քննարկվել են ԱԺ-ում
Ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ «Զինվորի մայր» ՀԿ-ն իր առաջարկություններն է ներկայացրել: Անահիտ Հովնանյանը առանձնացնում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում փոփոխություններ անելու առաջարկը: Այդ հոդվածով սահմանվում է. «Տեղական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց գանգատը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը»: Ավելի պարզ ասած՝ զորակոչման մասին որոշումը բողոքարկող զորակոչիկը հայտնվում է բանակում՝ դեռ իր բողոքարկման պատասխանը չստացած:
Ա.Հովնանյանն առաջարկում է կիրառել մի շարք երկրների փորձը, որի դեպքում զորակոչային հանձնաժողովի որոշումը կասեցվում է և զորակոչիկին չեն զորակոչում այնքան ժամանակ, մինչև բողոքարկման գործընթացն ավարտվի: Եթե պարզվում է, որ նա պիտանի է ծառայության, նա զորակոչվում է հաջորդ զորակոչի ժամանակ:
Կազմակերպության մյուս կարևոր առաջարկն այն է, որ ծառայության ժամանակ ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով զորացրվածը զորացրումից հետո առնվազն մեկ տարի պետպատվերի շրջանակում բժշկական օժանդակություն ստանալու հնարավորություն ունենա:
Ուսումնասիրության արդյունքները և օրենսդրական փոփոխություններ ենթադրող առաջարկություններն անցյալ տարվա նոյեմբերին կազմակերպությունը փակ քննարկման ժամանակ ներկայացրել է Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովին:
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
