NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
25 մայիս 2003թ.
8.00 - 20.00
20.00 - Հանրապետության տարածքում փակվել են ընտրատեղամասերը եւ դադարել է քվեարկությունը: Հանձնաժողովները սկսել են քվեների հաշվման գործընթացը:
19.45 - Կարապետ Ռուբինյանի շտաբից հայտնեցին, որ այդ շրջանի մաքսային ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները փող են բաժանում Հանրապետական կուսակցության օգտին։
19.30 - Գեղարքունիքի մարզի թիվ 33/22 ընտրատեղամասի (Ծովագյուղ) ընտրողներից ահազանգ է ստացվել, որ 18.30-ի դրությամբ վերջացել են քվեաթերթիկները։ Տեղամաս ներկայացածները չեն կարողացել ընտրել։
19.20 - Մեր թղթակից Կարինե Սիմոնյանը Ալավերդուց հաղորդում է. Թիվ 40 ընտրատարածքում թեկնածու Համլետ Թամազյանի վստահված անձիք արձանագրել են, որ Հովհաննես Քոչինյանն ու Ալավերդու քաղաքապետը շրջել են ընտրատարածքի գրեթե բոլոր ընտրատեղամասերում։
Թիվ 44 ընտրատարածքի 11/70 ընտրատեղամասում ընտրողները քվեարկել են չկնքված քվեաթերթիկների վրա։ Հանձնաժողովի անդամները չեն ապահովել ընտրողների կրկնակի քվեարկությունը։
19.00 - Կոտայքի մարզի թիվ 45 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ժամը 14.00-ին, իր բոլոր վստահված անձանց ետ է կանչել ընտրատեղամասերից եւ հայտարարել հետագա պայքարին մասնակցելուց հրաժարվելու իր որոշման մասին:
«Հայկական ժամանակ»
18.25 - ՀՅԴ նախընտրական շտաբից տեղեկացնում են. Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ծեծի է ենթարկվել թիվ 12 ընտրատարածքում դիտորդական առաքելություն իրականացնող Սամվել Ներսիսյանը։ Ինչպես տեղեկացրեց այս ընտրատարածքից ԱԺ պատգամավորության թեկնածու Վերսանդ Հակոբյանի վստահված անձ Արգիշտի Կիվիրյանը, դիտորդի նկատմամբ բռնությունն իրականացվել է այս տարածքից մյուս թեկնածուի՝ Հարություն Ղարագյոզյանի եղբոր կողմից։ Ա. Կիվիրյանը մեզ տեղեկացրեց, որ Ս. Ներսիսյանը միջադեպի առիթով ահազանգել է ՆԳ Շենգավիթի բաժանմունք՝ համապատասխան դիմում-բողոքով։ Հետագայում նա ուղարկվել է Երեւանի թիվ 6 հիվանդանոց՝ վնասվածքաբանական հետազոտության ենթարկվելու նպատակով։ Վ. Հակոբյանի վստահված անձը նաեւ տեղեկացրեց, որ թիվ 12 ընտրատարածքում մի շարք տեղամասերում, մասնավորապես՝ թիվ 02/57-ում, 02/67-ում, 02/72-ում, Հարություն Ղարագյոզյանի վստահված անձինք հերթապահում են զինված՝ անգամ հանձնաժողովից եւ ոստիկանությունից չթաքցնելով դա։ «Կան մի շարք բռնության դեպքեր, որոնց պատճառով ընտրատեղամասերում ընտրություններն ընթանում են խիստ լարված մթնոլորտում։ Հարկ է նշել նաեւ, որ հանձնաժողովների ղեկավարներն ամեն կերպ խոչընդոտում են ընտրախախտումների վերաբերյալ վստահված անձանց կողմից ներկայացվող արձանագրությունների գրանցումը»,- նշեց Ա. Կիվիրյանը։
18.00 - Մեր թղթակից Թագուհի Հակոբյանը «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբից հաղորդում է.
Թիվ 19 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը քարոզչություն է անում Խաչատուր Սուքիասյանի օգտին։
Թիվ 18 ընտրատարածքի թեկնածու Գեւորգ Հակոբյանի(Կոմբիկորմի Վլադ) շտաբում փող են բաժանում։ Շտաբում մեծ հերթ է գոյացել։
10 ընտրատարածքի 28/35 ընտրատեղամասի մոտ տեղակայված թեկնածու Վլադիմիր Բադալյանի շտաբում ընտրակաշառք են բաժանում։
Էրեբունի համայնքի թիվ 17 ընտրատարածքում ՀՀԿ-ի ներկայացուցիչները «Գազել» մակնիշի N 81 երթուղային տաքսիով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամասեր։
Սպիտակ քաղաքի 09 ընտրատարածքի 95/35 ընտրատեղամասում գրանցվել է քվեաթերթիկների լցոնման դեպք։
02 ընտրատարածքի 57/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալն ու քարտուղարը կնիքը տարել են տուն եւ վերադարձել 40 րոպեից։
Թիվ 3 ընտրատարածքում թեկնածուներ Աշոտ Օսիպյանի ու Ռաֆիկ Պետրոսյանի կողմնակիցների միջեւ ընդհարում է եղել։
Մայիսյան գյուղի 14/59 ընտրատեղամասից դուրս են հանել վստահված անձանց՝ թեկնածու Աշոտ Աղաբաբյանի օգտին բաց քվեարկություն անցկացնելու համար։
02 ընտրատարածքի 19/10 եւ 20/10 ընտրատեղամասերի բակերում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ։ Հրմշտում են վստահված անձանց։
Ամբողջությամբ տես` www.hetq.am/am/election.html
