NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ա1+-Ի ՀԱՐՑԸ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԿՐԿԻՆ ԿԲԱՐՁՐԱՑՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻՆ»
«Եվրախորհուրդը շարունակում է մտահոգվել Ա1+ի ճակատագրով»,- «Այբ-Ֆե»-ին
հայտնեց Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Փոլ Թորալսոնը: Պարոն
Թորալսոնն, ինչպես ինքն ասաց, մանրամասն տիրապետում է Ա1+ի խնդրին եւ համոզված է,
որ այն ուշ թե շուտ կլուծվի:
- Պարոն Թորալսոն, Դուք գտնում եք, որ Ա1+ի խնդիրն ուշ թե շուտ կլուծվի,
կարելի՞ է ենթադրել, որ դուք նկատի ունեք՝ Եվրոպական դատարանը կբավարարի Ա1+ի
հայցը:
- Ես իսկապես բավականին լավ եմ ծանոթ Ա1+ի խնդրին, սակայն ներողություն եմ
խնդում, որ չեմ կարող պատասխանել ձեր հարցին: Որպես Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ
չեմ կարող խոսել մի գործի մասին, որը դեռ պետք է քննարկվի:
- Մինչ Ա1+ի հայցը Եվրոպական դատարանը նմանատիպ քանի՞ հայց է լսել:
- Արտոնագիր չստանալու կապակցությամբ եվրոդատարանը հայց է ստացել Շվեցարիայից:
Հեռուստաընկերությունը ցանկանում էր եթերն ամբողջությամբ նվիրել մեքենաներին,
սակայն պետությունը նրանից բազմաբնույթ ծրագիր էր պահանջում: Այս հայցը
Եվրոդատարանում մերժվել է:
- Օրինակ մեր երկրում շատ են սիրում մեքնաների առք ու վաճառքի մասին
հայտարարություններ եւ այդ իսկ պատճառով մի ամբողջ հեռուստաընկերություն այդ գործին
են նվիրել: Դուք տեղյակ ե՞ք այդ մասին:
- Ոչ:
- Իսկ Ա1+ի հայցի լսումը Եվրոդատարանում որքա՞ն կարող է ձգվել:
- Երկուս ու կես տարի, սակայն հնարավոր է շատ ավելի շուտ:
- Եվրախորհրդում մեր պատվիրակությանը մանդատ տալու հարցը կասկածի տակ էր
դրվել՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների խախտումներն ու
կեղծիքները եւ մասնավորապես Ա1+ի հարցը, սակայն սեպտեմբերին մեր պատվիրակությանը
մանդատ տրվեց: Մենք իհարկե ուրախ ենք, որ մեր պատվիրակությունը Եվրախորհրդում ձայն
ունի, սակայն հետաքրիր է Եվրախորհրդի կողմից բարձրացված հարցերում ի՞նչ դրական փոփոխություններ
էին տեղի ունեցել:
- Եվրախորհրդում վերահսկողության տարբեր մեխանիզմներ են գործում: Առաջին
պատժամիջոցը՝ Եվրախորհրդի վեհաժողովում ձայնի իրավունքից զրկելն է, որն
անդամակցության վրա չի ազդում: Երկրորդ պատժամիջոցը՝ անդամակցությունից զրկելն է:
Ա1+-ի հարցը Եվրախորհրդում նորից կլսվի 2004թ.ի հունվարին:
- Պարոն Թորալսոն, Ձեր նախորդ այցի ժամանակ Դուք Ա1+ին խորհուրդ էիք տալիս
մասնակցել նոր մրցույթին: Ինչպե՞ս եք վերաբերում, այն փաստին, որ 6 մրցույթների
արդյունքում Ա1+ը եթեր չստացավ:
- Եվրախորհուրդը հետեւում է իրադարձություններին եւ բազմից նշել է, որ
Հայաստանում բազմակարծությունը վտանգված է: Այդ կապակցությամբ Հայաստանի
իշխանությունների հետ տարբեր մակարդակներով բանակացություններ են տարվել:
Եվրախորհուրդն Ա1+ի հարցում ամենայն լրջությամբ է տրամադրված եւ եթե այդ հարցն
օրենքի շրջանակներում չլուծվի, ապա ԵԽ-ն հարցապնդումներով կփորձի պարզել, թե ինչ է
տեղի ունեցել, եթե բավարար համոզիչ պատասխաններ չստանա, ապա համապատասխան որոշում
կկայացնի:
- Քանի որ ՀՀ իշխանություններից հնարավոր չէ «պարզել», թե որն է Ա1+ի
նկատմամաբ անհանդուժողականության պատճառը, հետաքրքիր է ի՞նչ են ասում Ձեզ մեր
իշխանություններն այդ կապակցությամբ:
- Դրանք գաղտնի խոսակցություններն են եւ ես բնականաբար չեմ կարող այդ մասին
խոսել:
- Հետեւելով գործընթացներին, ի՞նչ եք կարծում Ա1+ին դեկտեմբերին սպասվող
վերջին մրցույթում արտոնագիր կտան, թե՝ ոչ:
- Ոչ ոք չի կարող ասել: Մեզ միայն ասում են, որ ՀՌԱՀ-ն անկախ մարմին է եւ անկախ
որոշում է կայացնում:
- Իսկ Դուք հավատում ե՞ք:
- Եվրոպայի Խորհուրդը գտնում է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքը»
պետք է փոփոխության ենթարկվի: Այդ օրենքում ՀՌԱՀ-ի անկախությունն ապահովող բավարար
երաշխիքներ չկան: Ինձ ասել են, որ թեեւ հանձնաժողովի անդամներին նշանակում է
հանրապետության նախագահը, սակայն նրանց ընտրությունը նախաահի կողմից չի կատարվում:
Այնպես պետք է անել, որ օրենքում ամրագրված լինի հանձնաժողովի անդամների ընտրության
թափանցիկությունը:
- Ինչպե՞ս եք վերաբերում այն տեսակետին, որ Ա1+ին եթերից զրկելը զուտ
քաղաքական որոշում է:
- Ես չեմ պատասխանի այդ հարցին, սակայն վերջին մրցույթում արտոնագիր չստանալու
դեպքում ԵԽ-ն ավելի լրջորեն կհետեւի Ա1+ի հարցին: Բոլոր մրցույթներում Ա1+ի
պարտվելը ՀՀ իշանությունների վիճակն ավելի է բարդացնում:
