NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունը, տարածել է հետեւյալ հայտարարությունը.
Փետրվարի 12-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված եւ ներկայացված մի օրինագծի: Այդ օրինագիծը հիմնովին փոփոխում է բոլորովին վերջերս ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը:
Առաջարկվող Օրինագիծը քաղաքացիներին զրկում է տեղեկություններ ստանալու իրական հնարավորությունից: Այս օրինագիծը վտանգում է ներկայիս բոլոր հակակոռուպցիոն նախաձեռնությունները եւ պետական մարմիններին հնարավորություն չի տալիս գործել թափանցիկ եւ ժողովրդի համար բաց ու մատչելի:
Ավելին, Կառավարության, Ազգային Ժողովի եւ Հանրապետության Նախագահի կողմից ընդամենը երեք ամիս առաջ հավանության արժանացած օրենքից հրաժարումը վարկաբեկիչ է բոլոր այդ մարմինների եւ հատկապես` պետության համար:
Արդարադատության նախարարությունն իր օրենսդրական նախաձեռնությամբ կարող է վնաս հասցնել գործող իշխանությունների վարկին երկրի ներսում եւ պետության հեղինակությանը` երկրի սահմաններից դուրս:
Այդ պատճառով, կոչ ենք անում շրջանառությունից հանել Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւ կիրառվելու հնարավորություն տալ դրական մեծ պոտենցիալ ունեցող գործող օրենքին։
Գործող օրենքի կիրառումը կդառնա երկրի իշխանությունների արդեն իսկ դրսեւորած քաղաքական կամքի ժողովրդավարական եւ առաջադիմական ձեռքբերումը:
