ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է 

   
 ՀՀ արդարադատության
նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետի տեղակալ Վարուժան
Մելքոնյանը այս տարվա հունվարի 23-ից 30-ը գտնվում էր Լոնդոնում: Այցելության
նպատակը Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության քրեակատարողական հիմնարկների
կառավարման, ցմահ բանտարվածների պահման պայմանների, բանտարկյալների հետ տարվող
սոցիալական աշխատանքների եւ այլ խնդիրների հետ ծանոթանալն էր: Hra.am-ի թղթակիցը
հանդիպեց պարոն Մելքոնյանի հետ, որը մանրամասնեց լոնդոնյան այցելության նպատակը: 

Անգլիան մեկուսարաններ
չունի


Անգլիայում, մեկուսարան, որպես նախնական կալանքի վայր, չունեն: Այնտեղ
քրեակատարողական հիմնարկներում պահվում են եւ կալանավորված անձինք, եւ ցմահ
դատապարտվածներ: Մենք այլ ժառանգության կրողն ենք` Սովետական Միությունից ստացած
մեկուսարաններն առանձնացված են: Անգլիա այցելելու նպատակն անշուշտ այն է, որ մենք
էլ միավորենք մեկուսարանները եւ բանտերը: Համենայնդեպս, գոնե երկու հիմնարկ մտադիր
ենք միացնել՝ «Վարդաշենը» եւ «Երեւան» քրեակատարողական հիմնարկները: Մեր մոտ
քրեակատարողական հիմնարկի մի յուրահատուկ օրինակ կա՝ դա իրավապահ մարմիններում
նախկինում աշխատած անձանց համար նախատեսված քրեակատարողական հիմնարկն է: Մեկը՝
«Վարդաշենը» մեկուսարան էր, իսկ «Երեւան» քրեակատարողականը համապատասխան ռեժիմով
ուղղիչ հիմնարկ էր: Հիմա դրանք ուզում ենք միացնել իրար, բայց թե ինչպիսի
կառավարում կիրականացնեք, դա դեռ կորոշենք:

Զուգարաններ կան նաեւ
անգլիական խցերում



Հիմնական թերությունը, որ
մենք ունեցել ենք խցային պայմանների մասով, այն էր, որ մի խուցը շատ մարդու համար
էր նախատեսված՝ մոտ 12 հոգու համար: Եղել են դեպքեր, երբ 12-ն էլ է անցել:
Արտասահմանյան էքսպերտները, որ մտնում են մեր խցերը, հենց դրա վրա են ուշադրություն
դարձնում: Ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ խցերը լուսավորություն
չունեն, որ վերանորոգումը 100 տարվա է, որ խոնավության հետքեր կան, որ աթոռները
կոտրված են, որ մահճակալների ներկը թափված է: Զուտ կենցաղային թերություններ են
տեսնում: Այսինքն այն, ինչ աչք է ծակում: Անգլիայի բանտերում առաջին անգամ տեսա, որ
սանհանգույցն առանձնացված չէ: Նույն խցում մարդիկ տուալետ են գնում, հաց են ուտում,
քնում են: Ես, անկեղծ ասեմ, սարսռել եմ: Ու իմ մոտ հարց է բարձրացել՝ անպայման
առանձնացնել զուգարանները: Բայց ես շատ զարմացա, որ Անգլիայի գերժամանակակից
գաղութներից մեկում, որ կառուցվել էր երեք տարի առաջ ու կառուցողն էլ մասնավոր
ֆիրմա էր, ես տեսա, որ տուալետը առանձնացված չէ: Թե մեզ մոտ մի կեսմետրանոց պատեր
են տուալետը բաժանում խցի մնացած հատվածից, նրանց մոտ ընդամենը վարագույր է: Դա ինձ
անհասկանալի էր՝ ինչու Եվրոպայի ամենահարուստ պետություններից մեկում,
ամենադեմոկրատական պետություններից մեկում սանհանգույցը խցից առանձնացված չէ:



Ինչ վերաբերվում է տարբերությանը: Մենք տալիս ենք մահճակալ, անկողնային պարագաներ,
կենցաղային պարագաներ: Նույնն իրենք են տալիս: Բայց մահճակալները ժամանակակից են,
մեր մետաղե մահճակալի վրա չոր մատրաս է դրած, նրանցը փափուկ է: Գետինը նույն բետոնն
է, բայց արհեստական գորգեր է դրած, աչք ծակող տարբերություն չէ: Սնունդի դեպքում`
նրանց մոտ հատկացումն է շատ: Բյուջեն մեծ գումարներ է հատկացնում սննդին: Բացի
դրանից, նրանք սննդի ընտրության հնարավորություն ունեն՝ առաջին, երկրորդ, երրորդ:
Մեզ մոտ օրական մենյուն հաստատվում է, եւ կալանավորը, բանտարկյալն ընտրություն
չունի, պիտի ուտի այն, ինչ տալիս են: Սա հոգեբանական պահ է: Երբ որ անձը ինքն է
ընտրություն կատարում, դա արդեն լավ է: Առայժմ մենք դրա հնարավորությունը չունենք,
ֆինանսավորումն է քիչ: Ծայրը ծայրին հասցնելով էսօր սա ենք պլանավորում, վաղը՝ նա:
Բայց մենք տարբեր օրեր տարբեր բան ենք առաջարկում, մենք էլ ենք փոխում մենյուն, էնպես
չի, որ միշտ նույն բանն ենք տալիս: Բայց մենք ինքներս ենք առաջարկում: Մենք ասում ենք՝
երկուշաբթի ուտում ես բրնձով փլավ, երեքշաբթի ուտում ես գրեչկայով փլավ: Իսկ նրա
մոտ դրված է միաժամանակ եւ բրնձով փլավը եւ գրեչկայով փլավը:  

Ամուսնական
պարտականությունը անգլիացի բանտարկյալի համար չէ

Անգլիայի բանտերում շատ լավ էր
կազմակերպված տեսակցությունների մեխանիզմը: Դատապարտյալներին բաժանում էին երեք
խմբի՝ անվստահելիներ, վստահելիներ եւ առավել վստահելիներ: Անվստահելիները նրանք են,
որոնց հարազատները տեսակցության ժամանակ կարող են նարկոտիկ փոխանցել: Նրանց ապակու
մի կողմում են թողնում տեսակցության ժամանակ: Ոնց որ մենք անում ենք նախնական
կալանքի ժամանակ քննչական մեկուսարանում կազմակերպելիք տեսակցությունները՝ ապակու
մի կողմում նստում են դատապարտյալները, մյուս կողմում հարազատները, իրար տեսնում
են, խոսում են, բայց իրենց մոտ տեսակցության ծակերի փոխարեն տեխնիկա է ապահոված:
Երկրորդ խումբը կոչվում է վստահություն ձեռք բերածների խումբ: Սեղանի մի կողմում
նստում է դատապարտյալը, մյուս կողմում երեք հարազատները: Աթոռները չեն շարժվում:
Դիտորդը հեռվում հետեւում է նրանց, բայց չի լսում: Ի դեպ մեր մոտ էլ չեն լսում:
Երրորդ խումբն առավել վստահելիներն են: Նույն տարածքն է, բայց աթոռները շարժական
են, դատապարտյալը եւ հարազատները կարող են իրար կողք նստել: Եվ դա մեծ
առավելություն է: Դա օգտակար փորձ է, որ ես կուզեի մեզ մոտ կիրառել: Նրանց
տեսակցությունների սենյակն, իհարկե, շատ մեծ մակերես է, որը նաեւ ջեռուցվում է, եւ
կահույք ու կահավորում ունի, երեխաների համար առանձին անկյուն է հատկացված, որ
վազվզեն, խաղան: Աթոռները նարնջի հետ կանաչ են ներկած, որը ազատ զգալու պահն է
ապահովում: Մեզ մոտ լրիվ մի գույնի է: Բայց Անգլիայի բանտերում կա մի խիստ
բացասական բան, որը զարմացնող է: Այնտեղ երկարատեւ տեսակցությունների ինստիտուտ
չկա: Ամուսինը կնոջ հետ չի կարող ընտանեական կյանքով ապրել: Որքան հիշում եմ,
առավելագույն տեսակցությունը 3 ժամ է: Նրանց մոտ դրա փոխարեն կա արձակուրդների
ինստիտուտ, տուն են թողնում: Բայց տուն թողնում են, երբ որ մարդը նվաճում է էդ
իրավունքը: Սկզբից խիստ ռեժիմ, հետո` առավել մեղմացված: Տարիներ հետո են առնվազն էդ
իրավունքը ձեռք բերում, իսկ էդ տարիների ընթացքում մարդու ֆիզիոլոգիան, պահանջները
մնում են նույնը: Հոգեբանության վրա այդ երկարատեւ տեսակցության ինստիտուտի
բացակայությունը վատ է անդրադառնում: Մենք էլ ենք հաճախակի քննարկում արձակուրդների
ինստիտուտ ներդնելու հնարավորությունը եւ հնարավոր է, որ կունենանք այդպիսի
ինստիտուտ: Օրինակ, Աբովյան քրեակատարողական գաղութում (կանանց եւ անչափահասների
գաղութ) արդեն պատրաստ են նման ինստիտուտի կիրառմանը



Հայ հանցագործներն
ավելի գրագետ են



Բայց մի հետաքրքիր բան էլ
կա՝ հանցագործների ինտելեկտուալ մակարդակը: Նրանց մոտ հասարակության բարձր շերտերը
հանցագործության չեն գնում: Ինձ զարմացրեց բանտերում ուսումնական կենտրոնների
առկայությունը: Պատերի վրա բազմապատկման աղյուսակ կա: Էնտեղի գաղութներում մտավոր
մակարդակը շատ ցածր է, բարձր շերտերն էնտեղ հանցագործության չեն գնում: Նրանք
կենցաղային պրոբլեմ չունեն, չկա կենցաղային հողի վրա հանցագործության պատճառ: Ցածր
խավն է նման հանցանքի գնում: Նրանց մոտ սպանությունները շատ են: Իսկ
սպանությունների համար, մասնավորապես դիտավորյալ սպանությունների համար, Մեծ
Բրիտանիայի Միացյալ Թագավորության դատարանը պարտադիր դատապարտում է ցմահ: Իսկ ոչ
դիտավորյալի համար՝ ոչ:



Անգլիացիները Նաիրի
Հունանյան չունե՞ն



Իսկ ցմահ բանտարկությունը
նրանց մոտ ուրիշ հասկացություն է: Ցմահ չի նշանակում ցմահ մնալ բանտում: Դա
նշանակում է ցմահ լինել հսկողության տակ: Նա կարող է որոշ ժամանակից հետո դուրս
գալ, բայց մնալ հսկողության տակ: Եթե պահվածքն էն չի, նորից վերադարձնում են բանտ:
Եվ էդ պրոցեդուրան նա նորից պետք է անցնի՝ հոգեբանի հետ աշխատանք, սոցիալական
աշխատող, ռիսկի գնահատում հասարակական կազմակերպություններ: Քայլ առ քայլ նա նորից
պետք է նվաճի դրսում գտնվելու իրավունքը:



Մեր մոտ քննարկման փուլում է՝ ցմահ դատապարտվածներին մյուս բանտարկյալների հետ
համատե՞ղ պահել, թե առանձին: Քանի որ մեր մոտ հիմնականում մահվան դատապարտվածներն
են դարձել ցմահ դատապարտված, սարսափում ենք խոսել այդ մասին: Սկզբնական շրջանում
մտքներովս չէր անցնում այդ մասին խոսել: Անգլիայում 8 տարվա դատապարտվածը նստած է
ցմահ դատապարտվածի հետ, գողության համար դատապարտվածը՝ մարդասպանության համար
դատապարտվածի հետ: Իրար հետ բիլիարդ են խաղում, թենիս, շախմատ: Մեր մոտ այդ
զբաղմունքի հարցը շատ վատ է: Նրանց մոտ տեսանք սպորտդահլիճ: Կա մկանների կոփման
համար առանձին մարզադահլիճ: Թենիս են խաղում, բասկետբոլ, ֆուտբոլ: Ուսումնական
կենտրոն ունեն, որը կահավորված է համակարգիչներով, ինտերնետ ունեն, դասախոսը կարող
է հանձնարարություն տալ, պատասխանը ստանալ: Արտադրական արհեստանոցներ կան
ժամանակակից տեխնիկայով: Եթե իրենց արտադրանքը մեզ մոտ բերեն, մենք իբրեւ անգլիական
արտադրանք կարող ենք գլուխ ջարդել:



Ցմահները
կվերադառնան հասարակություն



Խորհրդային Միության
ժամանակ դատապարտյալն աշխատողին դիմում էր «քաղաքացի Մելքոնյան»-ով: Դրանով նա
շեշտում էր, որ ինքը քաղաքացի չէ: Մելքոնյանն է քաղաքացին: Նա ինձ չէր կարող դիմել
«ընկեր Մելքոնյան»-ով: Քանի որ նա իմ ընկերը չէր: Այդպես էլ ձեւավորվել է
փոխհարաբերությունների հոգեբանությունը: Բայց կա հսկայական նվաճում: Էնքան զգալի
առաջընթաց կա, որ շատ տեղերում այդ հարաբերությունները դարձել են անկառավարելի:
Դատապարտյալն արդեն բանտի աշխատողին ասում է. «Դու մարդ չես»: Առաջընթացն ակնհայտ
է, պատճառներից մեկը լրատվամիջոցների մուտքն է կալանավայրեր, նաեւ` հասարակական
կազմակերպությունների մուտքը, նաեւ` հասարակության հետ շփման հնարավորությունը:
Դատապարտյալը զանգում է Վիկտոր Դալլաքյանին ու ասում է. «Ես ուզում եմ, որ դու գաս
կալանավայր, ուզում եմ քեզ տեսնել»: Այսինքն, քրեակատարողական հիմնարկների
բարեփոխման հիմնական իմաստը դրանց ապառազմականացումն էր: Աշխատողը ոստիկանը չի,
քաղաքացիական հատուկ ծառայություն է կալանավորի հետ աշխատանքը: Բայց մենք մտցրել ենք
սոցիալ-հոգեբանական ծառայություն, որը ՆԳ համակարգում անհնար է: Մենք այդ
համակարգում երկար աշխատեցինք նման ծառայություն մտցնել քրեակատարողական
հիմնարկմներում: 96-ից մինչեւ 2001 թվականները ինձ ոչ մի կերպ չհաջողվեց հոգեբանին
մտցնել գաղութ: Հիմա դա ինձ հաջողվել է: Ուրիշ բան, որ հոգեբանի խիստ կարիք ունենք:
Իսկ ինչ վերաբերվում է ցմահ դատապարտյալների համար սոցիալ հոգեբանական աշխատանքների
ներդրմանը: Մենք դատապարտյալին կարող ենք ասել, որ վաղ թե ուշ դու գնալու ես
հասարակություն: Նա գիտի, որ որոշ ժամանակ հետո դուրս է գալու: Ցմահ դատապարտվածի
դեպքում 20 տարին նշանակում է հույս եւ մենք իրավունք չունենք, բարոյական չէ, որ
որեւէ մեկին հեռացնենք այդ հույսից: Այսինքն, նրա հետ էլ մենք տանելու ենք
հասարակություն վերադարձողին ուղղված աշխատանքներ: Անգլիայում մենք չէինք
պատկերացնում, որ ցմահը կարող է նստել գաղութային պայմաններում եւ մնացած
բանտարկյալների հետ զբոսնի բանտի տարածքում: Մենք ենթադրում էինք պահման ռեժիմի այլ
պայմաններ, անվտանգության ռեժիմի այլ պայմաններ: Ես ենթադրում էի, որ ցմահների
համար գերխստացված, գերանվտանգության պայմաններ են գործում: Նրանք էլ
հասարակություն դուրս գալու շանսեր ունեն: Իրենց ավելի դրական դրսեւորած ցմահների
հանդեպ խրախուսման ինստիտուտ է գործում, ընդհուպ մինչեւ ազատում: Մեզ մոտ «ցմահներ»
հասկացությունը ներդրվել է 2003-ի օգոստոսի 1-ից: Մինչեւ այդ էդ մարդիկ մահվան էին
դատապարտված: Ուղղակի մահվան դատապարտումը չէր իրականացվում: Ապահովում էինք նրանց
ուտելիքը, կենցաղային պայմանները, բաղնիքը: 6 ամիսը մեկ տեսակցության
հնարավորություն ունեին: Հիմա նրանք 4 ամիսը մեկ ունեն տեսակցության
հնարավորություն, հեռախոսային զանգի հնարավորությունն է ավելացել, նաեւ զբոսանքի:




ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ