16-22 մայիսի, 2004թ.

1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ

   
-ՋՐԻ ՇՇՈՎ ԶԱՎԹՈՒՄ ԷՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

[20.05.2004]

Սրա մեջ էր մեղադրվում ՀԺԿ անդամ Էդգար Առաքելյանը, մինչեւ դատախազությունը
կվերանայեր նրան առաջադրված մեղադրանքը:

24-ամյա լուսակերտցի Էդգար Առաքելյանը հայտնի դարձավ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը
Բաղրամյան պողոտայում ոստիկանության կատարած նկարահանումների շնորհիվ, որոնք
անընդհատ ցուցադրվում էին բոլոր ալիքներով, թե ինչպես է մի երիտասարդ պլաստիկե շշով
ետեւից հարվածում ոստիկանին: Պարզաբանենք, որ տուժողը ոստիկանության փոխգնդապետ
Սահակ Մարտիրոսյանն էր, որը, բնականաբար, չի ստացել որեւէ վնասվածք, եւ այս ամենն
էլ գործի նյութերում որակվել է իբրեւ «առողջության համար ոչ վտանգավոր բռնություն»:


Սակայն սկզբնապես ամեն ինչ այդքան անմեղ տեսք չուներ: Էդգար Առաքելյանին որպես
մեղադրյալ ներգրավելու մասին ապրիլի 17-ի որոշման մեջ, որ կայացրել է գլխավոր
դատախազին առընթեր հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Ա. Թարվերդյանը՝ նշվում է,
թե ապրիլի 12-ի «չարտոնված» հանրահավաքում նա արել էր «պետական իշխանությունն ու
սահմանադրական կարգը փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» (թեեւ այդ
հանրահավաքում նա ելույթ չէր ունեցել), իսկ հետո՝ Բաղրամյան պողոտայում կատարել
«Արտաշես Գեղամյանի, Վիկտոր Դալլաքյանի ու մյուսների կողմից պետական իշխանությունը
յուրացնելուն՝ ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ
զավթելուն ուղղված գործողություններ»: Ավելի ստույգ, ըստ որոշման՝ «հանրահավաքի
կազմակերպիչների հրահրմամբ, առանձին մասնակիցների հետ ոստիկանության աշխատակիցների
նկատմամբ դիմել է բռնությունների՝ ագրեսիվ տրամադրված խմբերին ոգեկոչելու (մեր
քննիչները զուրկ չեն ստեղծագործական ձիրքից.- Ա. Ի), իրադրությունն
ապակայունացնելու, խառնաշփոթ-իրարանցում եւ անկառավարելի վիճակ ստեղծելու համար»:


Ուշագրավն այն է, որ Էդգար Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել ե՛ւ երբ իրեն
մեղադրել են այս ամենի՝ իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ
տապալելու եւ իշխանությունը զավթելու մեջ, ե՛ւ հետո, երբ 10-15 տարվա ազատազրկում
ենթադրող մեղադրանքը մայիսի 5-ին վերանայվել է, եւ այժմ հանքային ջրի շշով խփելու
համար նրան սպառնում է 5 տարվա բանտարկություն: Թե ինչպես է նա «խոստովանել» չարած
բաները՝ թերեւս պարզ դառնա երեքշաբթի սկսվելիք դատավարության ընթացքում:

Փաստաբանների միջազգային միության անդամ Թադեւոս Ալեքսանյանն Էդգար Առաքելյանի
պաշտպանությունը ստանձնել է մայիսի սկզբից, ուստի չէր կարող պատասխանել մեր այն
հարցին, թե արդյոք նախաքննության մարմինը ջրի շշից բացի՝ որեւէ հիմք ունե՞ր
պնդելու, թե այդ երիտասարդը յուրացրել եւ բռնազավթել է իշխանությունը: «Իմ
պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչել միայն մի բանում, որ հարվածել է «Ջերմուկի»
շշով, բայց չի իմացել՝ արդյոք դա ոստիկա՞ն էր, թե՞ ոչ, քանի որ տեսել է միայն
կամուֆլյաժը:- ասաց պրն Առաքելյանը:- Իսկ իր արարքն էլ պատճառաբանում է այսպես, որ
երեսին գազ են փչել, վահանով հարվածել դեմքին. «Ատամներս որ թափվեցին բերանիս մեջ՝
ցավ զգացի, ու խփեցի»: Նշենք, որ Էդգար Առաքելյանին ԱԱԾ մեկուսարանում այցելել են
«Կարմիր խաչի» ներկայացուցիչները, եւ արձանագրել բռնության հետքերը: Էդգար
Առաքելյանի մորաքույրը՝ Լուսակերտի ՀԺԿ տարածքային կազմակերպության ղեկավար Գոհար
Ալեքսանյանը հարցրեց. «Եթե մեկին խփում են՝ իրավունք չունի՞ պաշտպանվելու»:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի գիշերը ոստիկանները չէին խնայում ո՛չ կանանց, ո՛չ
տարեցներին:

Եվս մի ուշագրավ մանրամաս պատմեց պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը. «Նախաքննության
ընթացքում փորձել են հաստատել, թե նա կատարել է որեւէ կուսակցության ղեկավարի
հանձնարարություն: Հարցեր են եղել, թե հնարավո՞ր է, որ «Արդարության» կամ «ԱՄ»
ղեկավարներն իրեն հանձնարարած կամ վճարած լինեն հանրահավաքին մասնակցելու համար: Մի
պահ այն վարկածն էր առաջադրվել, թե այդ հարվածով նա ցանկացել էր խմբերին մղել ավելի
ակտիվ գործողությունների: Սակայն նման ապացույցներ ձեռք չեն բերվել»:

Արդեն հայտնել ենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատավոր Ռուբիկ
Ներսիսյանը մայիսի 14-ին հրաժարվել էր գրավով կալանքից ազատել Էդգար Առաքելյանին,
թեեւ վերջինս բնութագրվում է դրականորեն, ծառայել է ԼՂՀ-ում, աշխատում է «Շողակն»
գործարանում եւ այլն: Քանի որ դատարանի որոշումն ավելի ուշ տրամադրվեց, միայն այժմ
պարզվեց, որ դատավորն ուղղակի համակարգչից հանել էր խափանման միջոցի վերաբերյալ
հին՝ ապրիլի 17-ի որոշումը եւ հավելել դրույթներ, որոնք չեն բխում Քրեական
դատավարության օրենսգրքից: Ասենք, մերժումը հիմնավորել է ՔԴՕ 137 հոդվածով, թե
«դատարանը խափանման միջոց կարող է ընտրել կամ փոխել միայն դատարանի վարույթում
գտնվող քրգործով», մինչդեռ այդ հոդվածում նշված է հակառակը, թե կալանավորման մասին
որոշում կայացնելուց հետո էլ «դատարանը կարող է պաշտպանական կողմի միջնորդությամբ
վերանայել գրավի» մասին որոշումը: Դատավորն անգամ չէր արձանագրել, որ Էդգար
Առաքելյանի մեղադրանքը վերաորակվել է, եւ էլի նշել էր իշխանության յուրացման
հոդվածը:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=797




    -ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՍԿՍԵՑ ՀԱՑԱԴՈՒԼԸ

[21.05.2004]

«Հանրապետություն» կուսակցության լրատվության պատասխանատու, ինտերնետային թերթի
խմբագիր Սուրեն Սուրենյանցը, որը մեղադրվում է իշխանության ներկայացուցչին
վիրավորելու (հոդված 318) եւ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու
հրապարակային կոչեր անելու մեջ (հոդված 318), երեկ առավոտյան հացադուլ է
հայտարարել:

Նա «Երեւան-Կենտրոն» մեկուսարանի պետ Խլղաթյանին համապատասխան դիմում է
ներկայացրել, որտեղ 2 պահանջ է նշել՝ «անհապաղ բաց թողնել քաղբանտարկյալներին եւ
կատարել ԵԽԽՎ հայտնի բանաձեւի պահանջները»: Երեկ առավոտվա դրությամբ Սուրենյանցին
դեռ պահում էին իր նախկին խցում, սակայն օրվա վերջում տեղեկացանք, որ նրան
տեղափոխել են մենախուց: ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ
Սուրենյանցն այնտեղ գտնվում է բժիշկների հսկողության տակ:


Սուրենյանցի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանն ասաց, որ իր պաշտպանյալը, անժամկետ հացադուլ
հայտարարելով, իր բողոքն է հայտնում «Հանրապետություն» կուսակցության
ներկայացուցիչների դեմ ծավալված քաղաքական հետապնդումների կապակցությամբ: Իսկ որ դա
քաղաքական հետապնդում է, Սուրենյանցը համոզվել է իր կալանքի վերաբերյալ վճռաբեկ
դատարանի որոշումից հետո, երբ դատարանը հրաժարվեց անգամ գրավ կիրառել իր նկատմամբ:
Նա հայտարարել է, որ այսուհետ ընդունելու է միայն ծխախոտ եւ հագուստ: Սուրենյանցի
հարազատները շատ անհանգստացած են նրա վիճակով, քանի որ նրա տեսողությունը բավական
վատ է, եւ հացադուլը կարող է ճակատագրական լինել նրա համար:


Մենք տեղեկացանք, որ նման կտրուկ քայլի գնալու մտադրություն ունի նաեւ Վաղարշակ
Հարությունյանը, որը սպասում է իր կալանքի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշմանը:
Վճռաբեկը քննության օրը դեռ չի նշանակել: Սակայն լուրեր են շրջում, որ,
այնուամենայնիվ, իշխանությունները չեն կարող բացահայտորեն արհամարհել ԵԽԽՎ բանաձեւը
եւ ստեղծված վիճակից ելքեր են փնտրում: Իսկ ելքն, ըստ ամենայնի, կլինի այն, որ
խափանման միջոցը կփոխեն ոչ թե դատարանի որոշմամբ, այլ՝ դատախազության: Թերեւս, նախ
կփոխեն Ժորա Սափեյանի եւ Արամազդ Զաքարյանի խափանման միջոցները. հնարավոր է՝
Սափեյանի մասով գործը կարճվի: Այսինքն, անգամ սրանով ընդգծում են, որ այս երկրում
արդարադատությունն իրականացնում են ոչ թե դատարանները, այլ դատախազությունը:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=802

    -ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԿԱ, ԿԱ ՔԱՂԱՔԱՂԱԿԱՆ ՄՈՏԻՎ

[18.05.2004]

Քաղբանտարյալ բառը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը խուսափում է
օգտագործել. «Ես միշտ ասում եմ, որ կան այնպիսի գործեր, որտեղ առկա է քաղաքական
կոմպոնենտ: Գիտեք, այսօր կալանավորվածներին հեշտ է մեկնաբանել որպես քաղբանտարկյալ,
բայց իրականում այդ գործերն ուղղակի պարունակում են քաղաքական բաղադրիչ»,- մեզ հետ
զրույցում ասաց ՀՀ օմբուցմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա գնահատմամբ, սակայն չկան հիմնավոր փաստարկներ, կամ այնպիսի ապացույցներ, որոնք
կարելի է բերել ու ասել, որ իրոք չի կարելի կալանավորված քաղաքական գործիչների
խափանման միջոցը փոխել. «Մենք գրավոր դիմել ենք դատախազին եւ մեր կարծիքն ենք
հայտնել այն մասին, որ կարելի էր փոխել խափանման միջոցը»:

Տիկին Ալավերդյանի կարծիքով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւն ըստ
էության չի արժեվորվել. «Այդ որոշումը պետք է դառնար երկխոսության հիմք: Ցավոք, դա
չեղավ: Իրար հետեւից իրարամերժ արտահայտություններ եղան: Ես դա գնահատում եմ իբրեւ
այդ երկխոսության եւ միջազգային փաստաթղթի վերաիմաստավորման պրակտիկայի
բացակայություն»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ երկրում չկա քաղաքական ճգնաժամ,
եւ բոլորովին համարժեք չէին ոստիկանության այն գործողությունները, որոնք արվեցին
ապրիլի 12-ին եւ 13-ին. «Այդ սյուժեն՝ կուսակցությունների գրասենյակներ մտնելը,
կոտրելը ինձ համար անընդունելի է, դա դատապարտելի է եւ ոչինչ չէր ստիպում նրանց
անել դա»:

Տիկին Ալավերդյանի գնահատմամբ, երբ ընդդիմությունն ասում է, որ երկրում առկա է
քաղաքական ճգնաժամ, որոշակիորեն արդարացնում է ոստիկանության գործողություններն:
«Իրականում ոչ մի ճգնաժամ էլ չկա»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=790

    -ԱՌԱՎՈՏՅԱՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ «ՀՐԱՎԻՐՎԵԼ»
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՈՒԹ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐ

[20.05.2004]

«Առաջին հերթին, ես այստեղ լրատվություն տալու ժամանակ չունեմ, որովհետեւ մենք
աշխատանքի մեջ ենք, եւ երկրորդ, ինչքան գիտեմ, ձերբակալություններ տեղի չեն
ունեցել, ունենք հրավիրվածներ»,- հայտարարեց Արտաշատի ոստիկանապետի տեղակալ մայոր
Կարապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք համապատասխանում է
իրականությանը այն տեղեկատվությունը, որ ներկայումս ոստիկանությունում գտնվում են
ընդդիմության 8 ներկայացուցիչներ:

Մինչ այդ լրագրողներին նման տեղեկություն էր հայտնել Հայաստանի Ժողովրդական
կուսակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը: Այն հարցին, թե որոնք են այդ
«հրավերի» պատճառները, մայոր Կարապետյանը (նա լրագրողներին չհայտնեց իր անունը.
«ՆՏ») պատասխանեց. «Մեր աշխատանքի բնույթով ես պարտավոր չեմ հանցագործությունների
հարցով հաշվետվություն տալ, որովհետեւ մենք բազում հանցագործություններ ունենք`
ընդհուպ մինչեւ սպանություն»:

Ինչ վերաբերում է «հրավիրվածներին» ներկայացված մեղադրանքներին, ապա ոստիկանապետի
տեղակալը հայտարարեց, որ «դա կապ չունի քաղաքականության հետ»: «Հրավիրվածների»`
ոստիկանության շենքի մոտ հավաքված ազգականները հայտնեցին, որ մայիսի 20-ի առավոտյան
ժամը 9:00-ին մոտ ոստիկանները ներխուժել են իրենց բնակարանները եւ բերման են
ենթարկել իրենց որդիներին եւ եղբայրներին: Վերջիններս, ի դեպ, ՀԺԿ անդամներ են: Ըստ
ձերբակալվածների ազգականների, մասնավորապես Վերգուշ Հովսեփյանի եւ Հայկուշ
Աբրահամյանի, իրենց հարազատներին (համապատասխանաբար որդուն եւ եղբորը) տարել են
ոստիկանություն, որովհետեւ նրանք մասնակցել են ցույցերի:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=801




    -ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[20.05.2004]

Մայիսի 20-ի առավոտյան արդեն հանրապետությունում կանխարգելիչ ձերբակալություններ են եղել.
մեր տեղեկություններով Արտաշատում, Չարենցավանում եւ մյուս քաղաքներում ձերբակալվել
են ընդդիմության ակտիվիստներ. նրանցից ոմանց տեղում «դատել են»՝ մեկուսացնելով 10
օրյա ժամկետով: Հիմնական ձերբակալվածները ՀԺԿ եւ «Հանրապետություն»
կուսակցություններից են:

Ձերբակալվածների թվերն ու անուններն անընդհատ փոխվում են. բայց այս պահի դրությամբ
նրանց թիվը 15-ն է: Շատերին ուղղակի հետապնդում են, մասնավորապես ՀԺԿ անդամ,
Արտաշատի տարածքային կազմակերպության ղեկավար Արամայիս Բարսեղյանին երկու օր
անընդհատ հետեւում են եւ տան առջեւ ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական
հագուստով սպասում են, որ տնից դուրս գա՝ առեւանգեն: Նրան սակայն հաջողվել է
ճողոպրել եւ հասնել Երեւան ՝ կուսակցության վրասենյակ:


Նույն վիճակում են ՀԺԿ անդամ Սմբատ Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության
քարտուղար Արտակ Հակոբյանը, որը զբաղվում է հանրահավաքների տեխնիկական մասն
ապահովելով, նույն կուսակցության անդամ, Էջմիածնի տարածքային կազմակերպության
ղեկավար Սայադ Թումանյանը, Շենգավիթի բնակիչ «Հանրապետություն» կուսակցության
քաղաքական խորհրդի անդամ Գեւորգ Անրիկյանը եւ էլի շատերը, որոնց անունները ճշտվում
են:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=796

2. Մամուլի եւ հեռարձակման ազատություն

ԼՌԵՑՎԵ՞Ց «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»-Ը


[21.05.2004]

Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ազատություն» ռադիոկայանի մեկժամյա հաղորդման
վերջին հինգ րոպեն լսելու հնարավորությունից ռադիոլսողներն այսօր զրկվեցին:

Ռադիոկայանի աշխատակիցները եթերում խոստացել էին ռադիոլսողներին հաղորդման վերջում`
հեռախոսով ուղիղ կապ հաստատել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ, որը եւ
միանգամից կներկայացներ, թե տվյալ պահին ինչ է տեղի ունենում ընդդիմության հրավիրած
հանրահավաքում:

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդման ավարտից 5 րոպե առաջ հաղորդումը անջատվեց եւ
իրենց հետաքրքրող նյութի փոխարեն ունկնդիրները ստիպված էին լսել ինչ-որ երգեր:

Երբ որ լրացավ «Ազատություն» ռադիոկայանին հատկացված ժամանակը, Հանրային ռադիոյի
հաղորդավարը տեղեկացրեց, որ «Ազատություն» ռադիոկայանի հաղորման վերջին 5 րոպեն
չհեռարձակվեց արբանյակային կապի խափանման պատճառով:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=803

3. Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններ

    -«Արդարություն» դաշինքի շտաբի տեղեկանքը


[21.05.2004]

Մայիսի 21-ին «Արդարություն» դաշինքի շտաբը տարածել է իշխանությունների ԵԽԽՎ 2004թ.
թիվ 1374 բանաձեւին հակասող ձեռնարկած միջոցառումների մասին հետեւյալ տեղեկանքը.


1. Անհապաղ չի դադարեցվել վարչական կալանքների պրակտիկան: Կատարվել են նոր
ձերբակալություններ (խախտվել է ԵԽԽՎ բանաձեւի 9դ կետը):

(Կից ներկայացվում է հավելված 1):

2. Անհապաղ ազատ չեն արձակվել հանրահավաքներին մասնակցելու համար կալանավորված
անձինք: Քաղաքական նկատառումներով քրեական գործեր են հարուցված 16 քաղաքացիների
նկատմամբ, որոնցից 13-ի համար որպես խափանման միջոց ընտրված է 2 ամսյա նախնական
կալանք, 2-ի նկատմամբ` ստորագրությամբ քաղաքից չբացակայելը: Իսկ Արթուր Վարդանյանի
նկատմամբ հարուցված գործը կառճվել է (hավելված
2
): Մարտին Ղազարյանի նկատմամբ կայացվել է դատավճիռ (մեկ տարի ազատազրկում),
Արարատ Պետրոսյանի նկատմամբ` 1 տարի պայմանական, Համլետ Մկրտչյանի նկատմամբ` 9
ամսյա կալանք: Սուրեն Սուրենյացը 19.05.04թ հայտարարել է հացադուլ:

3. Մարդու իրավունքների ոտնահարումների եւ իրականացված բռնությունների պատասխանատու
անձանց հանդեպ անհապաղ թափանցիկ եւ վստահելի ձեւով հետաքննություն չի իրականացվում
(խախտվել է ԵԽԽՎ բանաձեւի 9գ կետը):

4. Համապատասխանաբար չի փոփոխվել վարչական իրավախախտումների օրենսգիրքը (խախտվել է
ԵԽԽՎ բանաձեւի 9դ կետը):

5. Մայիսի 21-ին վաղ առավոտից խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը, Փակվել
են Երեւան մտնող գրեթե բոլոր մայրուղիները: Հանրապետությունում ուսանողների
տեղաշարժը խստիվ սահմանափակված է, թույլատրվում է միայն ուսանողական տոմսերով:
Մասնավորապես` Չարենցավան, Աբովյան, Լուսակերտ, Եղվարդ, Սպիտակ, Վանաձոր եւ այլն:
Բոլոր տրանսպորտի միջոցների վարորդներին արգելել են դուրս գալ աշխատանքի: (խախտվել
է ՀՀ Սահմանադրության հոդված 22-ը եւ ԵԽԽՎ բանաձեւի 9բ կետի պահանջները):

6. Քաղաքապետարանը ինչպես միշտ նպատակահարմար չի համարել խաղաղ միտինգի անցկացումը
Երեւան քաղաքի Մատենադարանի հարակից տարածքում:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=798



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=788

    -ՆԱՏԱԼԻԱ ՎՈՒՏՈՎԱ. ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄՆ Է

[20.05.2004]

Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ պարտականությունների կատարման մասին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 28-ին ընդունած թիվ 1374
բանաձեւին, դրանից բխող իրավական հետեւանքներին եւ դրանց վերաբերյալ Հայաստանի
քաղաքական ուժերի դիրքորոշմանն էր նվիրված «Կոնգրես» հյուրանոցում մայիսի 20-ին
կազմակերպված «կլոր սեղանը»:

Հայաստանյան 4 տասնյակից ավել հասարակական կազմակերպությունների համախմբող
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնած քննարկմանը չէին
մասնակցում իշխանության ներկայացուցիչները: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ
վերջիններիս բացակայության պատճառը ոչ թե հրավերն անտեսելն է, այլ «առայժմ ասելիք
չունենալը»: Ըստ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն
Բեքարյանի, հիշյալ բանաձեւի ընդհանրական մասը միանշանակ, առանց «սվաղելու» փորձերի
ամրագրում է Հայաստանի իրավիճակը, որի վերաբերյալ մտահոգությունները բազմիցս
արտացոլվել են նաեւ զանգվածային լրատվամիջոցներում:

Ըստ էության, ԵԽ ԽՎ-ն Հայաստանի իշխանություններից պահանջում է կատարել ստանձնած
պարտավորությունները, իսկ ընդդիմությանը հորդորում է գործել Սահմանադրության
շրջանակում: Բանախոսը, անդրադառնալով բանաձեւից բխող իրավական հետեւանքներին, նշեց,
որ դրանցից մեկը` ամենանուրբ սպառնալիքի տեսքով, դրված է բանաձեւի հիմքում: Խոսքը
մինչեւ սեպտեմբեր բանաձեւում նշված պահանջների կապակցությամբ առաջընթաց
չարձանագրվելու դեպքում Հայաստանի պատվիրակության լիազորությունների վերանայման
հնարավորության մասին է:

Ըստ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական
կազմակերպության նախագահ Աղասի Ենոքյանի, բանաձեւի ընդունմանը հաջորդեցին
տարաբնույթ գնահատականներ հաղթողների եւ պարտվողների վերաբերյալ, սակայն, միանշանակ
է, որ պարտվեց ժողովուրդը` ժողովրդավարական արժեքներից Հայաստանի հեռանալու
առումով: Բանախոսը լավատես չէ ընդդիմության եւ իշխանության երկխոսության կայացման,
ինչպես նաեւ իշխանությունների կողմից ԵԽ ԽՎ-ի պահանջները կատարելու հեռանկարների
հարցում: Ըստ նրա, իշխանությունները հերթական անգամ ճարպկամտություն
(«շուստրիություն») են դրսեւորում` բանաձեւի ընդունումից հետո անցած մեկ ամսվա
ընթացքում «երկխոսություն սկսելու իմիտացիայից» բացի որեւէ լուրջ քայլ չկատարելով:


«Ժողովրդավարություն - Քաղաքագիտական եւ իրավական ուսումնասիրությունների կենտրոն»
հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանի համոզմամբ, յուրաքանչյուրը`
անկախ քաղաքական հայացքներից, պետք է լրջորեն վերաբերվի ԵԽ ԽՎ-ի պահանջների
կատարմանը:

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ, ԱԺ «Արդարություն»
խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը համոզված է, որ ժողովրդավարության ուղիով
Հայաստանի հետագա զարգացման հեռանկարները մեծապես կախված են ոչ թե իշխանությունների
գործելաոճից կամ ցանկությունից, այլ հասարակական պահանջից: Ըստ նրա, արդեն իսկ
հուսադրող է այն, որ հասարակական կազմակերպությունները համախմբվել են այդ գաղափարի
շուրջ:

Քննարկումներին ներկա Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ
ներկայացուցիչ Նատալիա Վուտովային «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակիցը դիմեց հարցով, թե
արդյոք բանաձեւի կատարման հարցում կա որեւէ առաջընթաց թե' իշխանությունների, թե'
ընդդիմության կողմից: Տիկին Վուտովան նշեց, որ Եվրախորհրդի համար առաջնայինը
Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության քաղաքական երկխոսության կայացումն է:
«Մենք այսօր ուշի-ուշով հետեւում ենք հայաստանյան իրադարձություններին եւ անհամբեր
սպասում Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽ ԽՎ-ին հունիսին ներկայացվելիք
հաշվետվությանը իրականացված քայլերի վերաբերյալ»,- ասաց նա: Տիկին Վուտովան
չբացառեց, որ մինչ հունիսյան նստաշրջանը Հայաստան կայցելեն նաեւ ԵԽ ԽՎ-ում
Հայաստանի երկու զեկուցողները` առկա գործընթացներին տեղում ծանոթանալու համար:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=799

4. Աղքատության հաղթահարում

ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ԵՆ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ


[18.05.2004]

«Հայաստանի աղքատության կրճատման» ռազմավարական ծրագրում գյուղական աշխատուժի
վերաբերյալ քաղաքականություն չի մշակվում», հայտարարում է Հրանուշ Խառատյանը:

Կառավարությանն առնթեր ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության
պետին պատվիրվել է կատարել վերլուծություն՝ Հայաստանի աշխատանքային զբաղվածության
եւ հատկապես գյուղացու գործազրկության, նրա իրական ծավալների եւ պատճառների շուրջ:


«Հայաստանում աղքատության կրճատման նպատակով եկամուտների աճին եւ աշխատատեղերի
ավելացմանը նպաստող ծրագրերի իրականացում» խորագրով ՄԱԿ-ի՝ հարավային երկրների
նախաձեռնող խմբի այսօր հրավիրած թեմատիկ սեմինարի ժամանակ Հրանուշ Խառատյանը
ներկայացրեց իր վերլուծությունը:

Վերլուծաբանը նշել է, որ հայկական գյուղերում գործազուրկ է մոտ 200 հազար մարդ: Ըստ
նրա «ՀՀ աղքատության կրճատման ազգային ծրագրում» ընդհանրապես բավական պասիվ է
ներկայացված զբաղվածության խնդիրը:

«Առաջիկայում դժվար է տեսնել գործազրկության իրական ծավալների կրճատում, հակառակը՝
հնարավոր է նրանց թիվը նույնիսկ ավելանա»,- կանխատեսում է Հրանուշ Խառատյանը:
Անդրադառնալով գյուղացու զբաղվածությանը վերլուծաբանն ընդգծում է իշխանությունների
վերաբերմունքը այդ խնդրին:

«Թաշկինակային» հողակտորներ սեփականացրած գյուղաբնակին այսօր չեն համարում
գործազուրկ, սակայն բոլորին է հայտնի, թե մշակն այդ հողակտորից որքան եկամուտ է
ստանում»,- ասում է տիկին Խառատյանը: Գյուղերում քաղաքների համեմատությամբ ներքին
խոշոր բեւեռացումներ առայժմ չկան, սակայն արդեն նկատվում է այդ դասի ձեւավորումը:


Կառավարությանն, ըստ Հրանուշ Խառատյանի, առաջարկվել է «Աղքատության կրճատման
ծրագրում» գյուղական աշխատուժի վերաբերյալ լրացուցիչ քաղաքականություն մշակել:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=792

5. Կրոնական փոքրամասնություններ

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾՐԱԳԻՐԸ

[20.05.2004]

Մայիսի 15-ին եւ 16-ին երկու համազգային օրաթերթ «Ազգ» եւ «Առավոտ», իսկ մի քանի օր
հետո նաեւ տեղական թերթեր` «Լոռու մարզ», «Թալին աշխարհ» եւ «Կումայրի», լույս են
տեսել «Կրոնական փոքրամասնություններ» հավելվածով: Հատուկ թողարկումը պատրաստվել էր
Լոնդոնում տեղակայված ԶԼՄ-ների զանազանության ինստիտուտի կողմից `Եվրոպական
Հանձնաժողովի եւ Նիդերլանդների արտգործնախարարության աջակցությամբ`
«Փոքրամասնությունների հզորացում եւ ԶԼՄ-ների զարգացում» հարավկովկասյան MDI ծրագրի
շրջանակներում, որի գործընկերը՝ Հայաստանում Երեւանի մամուլի ակումբն է:

Հավելվածի ընդհանուր տպաքանակը կազմել է 12 000 օրինակ հայերենով եւ 1000 օրինակ
անգլերենով:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=800

6. Բանակ

ԲԱՆԱԿՈՒՄ «ԴԵԴՈՎՇԻՆԱ» ՉԿԱ՞

[20.05.2004]

Մայիսի 20-ին Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ
անցկացրեց սեմինար քննարկում «Բանակը եւ հասարակությունը» թեմայով:


Հրավիրվածների թվում էին իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը, նախկին
փոխնախարար Գեղամ Հարությունյանը, կուսակցությունների նախագահներ, ինչպես նաեւ
բանակի գործող սպաներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանության վարչության
պետ Սեդրակ Սեդրակյանը եւ ՀՀ ՊՆ դաստիարակչության վարչության պետ, գնդապետ Վարդան
Ավետիսյանը:

Վերջինս դաստիարակչական ոճով եւ կոմունիստական զեկուցումների ոգով ներկայացրեց
բանակին վերաբերող օրենսդրական դաշտը: Հայտարարեց, որ օրենքի առաջ հավասար են
բոլորը, որ բանակում չկա «դեդովշինա» երեւույթը, որ եթե նույնիսկ կա՝ իրենք փորձում
են թաքցնել ու վերացնել:

Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հարց ուղղեց. իսկ ինչպես բացատրել այն դեպքերը, երբ
սպան է ծեծելով սպանում զինվորին. «Դա «դեդովշինա» չի»,- ռեպլիկի կարգով նետեց
Վազգեն Մանուկյանը: Օրենքը մեջբերելով գնդապետն ասաց նաեւ, որ բանակում ծառայողն
իրավունք չունի ձեռնարկատիրական գործունեություն ծավալել:

Մասնակիցներից Հրանտ Խաչատրյանը հարցրեց, թե այդ դրույթը արդյո՞ք տարածվում է
բոլորի վրա, ինչին Վարդան Ավետիսյանը պատասխանեց. պարզ է, թե հարցը ինչին է
վերաբերում, բայց ձեռներեցությամբ զբաղվում են ոչ թե իրենք անձամբ, այլ ուրիշները՝
զբաղվողներ կան:


Երբ զեկույցով հանդես եկավ իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք
Իշխանյանը, պարզ դարձավ, որ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոսում
էին ոչ թե ՀՀ զինված ուժերի ու ձեւավորված ավանդույթների մասին, այլ բոլորովին այլ
՝ դասական ու դասագրքային ճշմարտությունների մասին:

Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ 2003 թվականին խաղաղ պայմաններում զոհվել է իր
տվյալներով 61 երիտասարդ, զինվորական դատախազության տվյալներով՝ 48, իսկ
պաշտպանության նախարարի ներկայացմամբ 40 զինծառայող: Սա էլ ցույց է տալիս, որ ՊՆ-ն
կամ չի տիրապետում իրավիճակին, կամ կեղծ տեղեկություններ է տրամադրում:

Ավետիք Իշխանյանը նաեւ նկատեց, որ սպանությունների 1/3-ը կատարվում են բանակում,
այսինքն, հասարակությունն ավելի զգոն է, քան բանակը: Իսկ բանակի պաշտոնյաները
հայտարարում են, բոլոր երկրների բանակներում էլ սպանություններ լինում են. «Այո,
բայց ԱՄՆ-ում խաղաղ պայմաններում վերջին սպանությունը կատարվել է 1996 թվականին՝
Նեւադայում զինավարժությունների ժամանակ»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=795