NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
"...խաղաղ հավաքների ազատության
իրավունքը
ազատ արտահայտվելու իրավունքի
հավաքական իրականացման միջոց է..."
Սույն հոդվածում փորձ է կատարվում
համեմատական վերլուծություն կատարել ՀՀ ԱԺ կողմից 28.04.2004թ. ընդունված "Ժողովներ,
հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին" ՀՀ օրենքի եւ 2002թ.
ապրիլի 26-ին ՀՀ ԱԺ վավերացրած "Մարդու Իրավունքների եւ Հիմնարար Ազատությունների
Պաշտպանության մասին" Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածի միջեւ
Նախ, ցավով պետք է նշել այն փաստը, որ
որոշ պետական պաշտոնյաներ ջանասիրաբար փորձում էին հանրության` իրավական գիտելիքներ
չունեցող ստված զանգվածին հավատացնել, որ "Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ
ցույցեր անցկացնելու կարգի մասին" ՀՀ օրենքը (այսուհետ` Oրենքը), համապատասխանում է
եվրոպական չափանիշներին: Հարց է առաջանում, որո՞նք են այդ եվրոպական
չափանիշները:
Սույն իրավական վերլուծությունը, իր
փոքրածավալ սահմաններում փորձ է կատարում նախ պարզել թե ի՞նչ ասել է եվրոպական
չափանիշ, եւ Օրենքի որոշ դրույթներ համեմատել այդ չափանիշների հետ:
Կարծիք կա, որ 1950թ. Եվրոպայի
Խորհրդի շրջանակներում ընդունված` Մարդու Իրավունքների եւ Հիմնարար Ազատությունների
Պաշտպանության մասին Եվրոպական Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանությանն
ուղղված աշխարհի ամենաարդյունավետ միջազգային փաստաթղթերից է, իսկ դրա հիման վրա
ստեղծված Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը` մարդու իրավունքների
պաշտպանության ամենաարդյունավետ միջազգային մեխանիզմը, ինչը հաստատվում է նրա
գործունեության մոտ 50 տարվա պրակտիկայով: Այս պահի դրությամբ, Դատարանի
իրավազորությունը տարածվում է 45 երկրների` ներառյալ ՀՀ վրա:
Եվրոպական Դատարանը, մեկնաբանելով եւ
կիրառելով Եվրոպական Կոնվենցիայի դրույթները` մոտ 50 տարի[ii]
կայացրել է իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճիռներ, որտեղ էլ մշակվել,
սահմանվել եւ արտահայտվել են եվրոպական չափանիշները:
Ուստի, եվրոպական չափանիշների մասին
նշելիս, առաջին հերթին պետք է իմանալ եւ հիշատակել Եվրոպական Կոնվենցիայի
դրույթների եւ դրանք մեկնաբանող ու կիրառող Եվրոպական Դատարանի պրակտիկայի մասին:
Կոնվենցիայի 11-րդ հոդվածը
յուրաքանչյուր անձի վերապահում է խաղաղ հավաքների ազատության իրավունք:
«ԻՐԱԶԵԿՈՒՄ»
Օրենքի համաձայն, խաղաղ հավաքների
(որտեղ այն անվանված է զանգվածային հրապարակային միջոցառում) իրավունքից կարելի է
օգտվել միայն լիազոր մարմնին (Երեւանում` քաղաքապետին) գրավոր իրազեկելուց հետո
(հոդված 10) :
Նախ, անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ
բովանդակությամբ է օգտագործված եւ ի՞նչ նպատակներ ունի "իրազեկումը"` Օրենքի
շրջանակներում, իսկ այնուհետեւ դիտել այն Կոնվենցիայի եւ Դատարանի պրակտիկայի
(այսինքն եվրոպական չափանիշների) լույսի ներքո:
Օրենքի 12 հոդվածի համաձայն,
իրազեկումը ներկայացվելուց հետո այն դրվում է քննարկման!!!
Կարծում ենք, որ իրազեկում ասելով
որեւէ կերպ հնարավոր չէ հասկանալ, օրինակ Երեւանում` Երեւանի քաղաքապետին ուղղված
խնդրանք կամ դիմում` զանգվածային հրապարակային միջոցառում թույլատրելու համար, որը
կարող է նաեւ մերժվել: Իրազեկում ասելով խելամտորեն հասկանում ես, որ մի սուբյեկտը,
մյուսին տեղեկացնում է, տեղյակ է պահում, այսինքն իրազեկում է որոշ
գործողություններ կատարելու իր մտադրության մասին` առանց նրանից դրա իրագործման
համար թույլտվություն խնդրելու. առանց դրական կամ բացասական պատասխան ակնկալելու,
հակառակ դեպքում այն հենց այդպես էլ կկոչվեր` դիմում կամ խնդրանք:
Վերոնշյալ պարզ վերլուծությունը ցույց
է տալիս, որ իրականում այդ «իրազեկումը» կրում է բոլորավին այլ բնույթ:
Իրականում, իրազեկման հիմնական եւ
միակ նպատակը պետք է լինի համապատասխան լիազոր մարմնին տեղեկացնել, տեղյակ պահել
ծրագրված զանգվածային հրապարակային միջոցառման վայրի եւ բնույթի մասին, որպեսզի այդ
մարմինը հնարավորություն ունենա իրականացնել իր վրա դրված պոզիտիվ
պարտականությունները, այսինքն ապահովել մասնակիցների անվտանգությունը,
բուժօգնության ներկայությունը եւ այլն:
Իրազեկումը լիազոր մարմնի վրա պետք է
պոզիտիվ պարտականություն դնի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն
խաղաղ հավաքների հիմնարար իրավունքի իրականացմանը, այլ ոչ թե հիմք կտա արգելել կամ
թույլատրել միջոցառման անցկացումը:
Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը
նշում է, որ 10-րդ հոդվածի խախտմամբ անցկացվող զանգվածային հանրային միջոցառումը
համարվում է արգելված եւ կարող է դադարեցվել... Այսինքն, եթե լիազոր մարմինը
իրազեկում (ավելի ճիշտ կլինի ասել թույտվություն ստանալու դիմում կամ խնդրանք)
չստանա միջոցառման մասին, անձը ոչ միայն չի կարողանա իրականացնել Կոնվենցիայով եւ
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր հիմնարար իրավունքը, այլեւ նման միջոցառումն
անցկացնելու համար նրա հանդեպ կկիրառվեն պետական հարկադրանքի միջոցներ:
Արդյո՞ք սա է եվրոպական չափանիշը:
Եվրոպական Հանձնաժողովն իր G v.
Germany գործով, դեռեւս 1989թ. պատասխանել է` Ո'Չ: Խաղաղ
հավաքների իրավունքը կիրառելի է նույնիսկ այն դեպքերում, երբ այն "անօրինական" է:
Վերոնշյալ գործով, դիմողը ենթարկվել
էր պատասխանատվության` նստացույցի մասնակցելու համար: Մարդու Իրավունքների
Եվրոպական Հանձնաժողովը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ միջոցառումը եղել է
ի խախտումն ներպետական օրենսդրության, սակայն այն կրել է խաղաղ բնույթ, ուստի
դիմողի իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հիմնավորվեր 11-րդ հոդվածի
2-րդ կետով:
Այսինքն, խաղաղ հավաքների իրավունքի
իրականացման միակ նախապայմանը դա միջոցառման կազմակերպիչների խաղաղ մտադրությունն
է:
Փաստորեն, ըստ Օրենքի, եթե նույնիսկ
զանգվածային հրապարակային միջոցառմումը կրում է բացառապես խաղաղ բնույթ, այսինքն
Կոնվենցիայի միակ պահանջը բավարարված է, սակայն դրա մասին չի իրազեկվել լիազոր
մարմնին` այն կդիտվի ապօրինի եւ ընդհուպ մինչեւ հարկադրանքի միջոցների գործադրումը`
կդադարեցվի:
Նման պայմաններում, զանգվածային
հրապարակային միջոցառման ժամանակ կազմակերպիչների եւ մասնակիցների կողմից դրա խաղաղ
մտադրություն ունենալու եւ խաղաղ բնույթի ապահովման պայմաններում պետության կողմից
հարկադրանքի որեւէ կիրառում կդիտվի Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում, ուստի եւ
նման պրակտիկան լուրջ հակասության մեջ կմտնի եվրոպական չափանիշների հետ:
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ «ԱՐԳԵԼՈՒՄԸ»
Օրենքի 12-րդ հոդվածի համաձայն
իրազեկման քննարկման արդյունքում ընդունվում է զանգվածային հրապարակային միջոցառման
անցկացումն արգելելու կամ իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին որոշում:
Օրենքի 13-րդ հոդվածում նշվում են
զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմքերը: Սույն
վերլուծության շրջանակներում հարկ է նշել միայն նրանցից մի քանիսի մասին, որոնք
իշխանություններին թույլ են տալու, «հարկ եղած դեպքում», «օրինական» կորգով կատարել
այնպիսի գործողություններ, որոնք ՀՀ-ում վերացական կդարձնեն խաղաղ հավաքների
իրավունքի բուն էությունը:
Զանգվածային հրապարակային միջոցառման
անցկացումն արգելվում է, եթե առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին եւ
նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց
կյանքին կամ առողջությանը:
Այստեղ առաջանում են մի շարք հիմնարար
հարցեր, որոնց Օրենքը չի պատասխանում: Օրինակ, երբ կազմակերպչին մերժվում է
զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը` վերոնշյալ հիմքով, պարտավո՞ր է
արդյոք մերժող լիազոր մարմինը ապացուցել կազմակերպչին իրենց մոտ «առկա հավաստի
տվյալների» գոյությունը: Միշտ էլ կարելի է «ասել», որ առկա են հավաստի տվյալներ
իրական վտանգի մասին եւ արգելել միջոցառման անցկացումը, իսկ ո՞վ է պարտավոր դա
ապացուցելու` Օրենքը չի սահմանում: Ուստի, լիազոր մարմինը Օրենքով սահմանված նման
պարտավորություն չունի, եւ այն կարող է բավարարվել միայն միջոցառման արգելման համար
հիմք հանդիսացող պատճառը նշելով, առանց դրա իրական գոյությունն ապացուցող տվյալները
(պատճենները եւ այլն) կազմակերպիչներին տրամադրելու:
Զանգվածային հրապարակային միջոցառումն
արգելվում է նաեւ, երբ նշված վայրի անմիջական մոտակայքում նույն օրը եւ նույն
ժամերին տեղի է ունենալու կազմակերպչի ընդդիմադիր անձանց կողմից անցկացվող
զանգվածային հրապարակային մեկ ուրիշ միջոցառում, եւ առկա են հավաստի տվյալներ`
ընդդիմադիր ուժերի ընդհարման իրական (ռեալ) վտանգի վերաբերյալ...
Հակացուցարարների հնարավոր
առկայությունը եւ նրանց միջեւ բախումը ՀՀ օրենսդիրի կողմից դիտվել են հիմնարար
իրավունքն իրականացնելու արգելման հիմք, մինչդեռ Եվրոպական դատարանը, քննելով
նմանատիպ գործեր` հանգել է բացառապես այլ եզրահանգումների, քան պարզապես միջոցառման
արգելումը, ինչը կարող է տեղի ունենալ միայն ծայրահեղ դեպքերում: Պետական
իշխանությունները պարտավոր են ոչ թե արգելել միջոցառման անցկացումը, այլ
իրականացնելով իրենց վրա դրված պոզիտիվ պարտականությունները` ապահովել անձանց
իրավունքները` հենց հակացուցարարներից, որի համար նրանք բավականաչափ ռեսուրսներ
ունեն:
Այստեղ առանց որեւէ
մեկնաբանությունների հարկ է հիշատակել Եվրոպական Հանձնաժողովի` Christians against
Racism and Fascism v UK գործի մասին, որտեղ դիմող կազմակերպությունը ծրագրել էր
անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառում` իր նպատակների իրականացման համար:
Կազմակերպությանն արգելել էին անցկացնել նման միջոցառում` հանրային կարգուկանոնի եւ
հասարակական անվտանգության ապահովման համար: Կազմակերպությունը դիմել է Եվրոպական
Հանձնաժողովին: Ըստ Հանձնաժողովի եզրահանգումների Կոնվենցիայի 11 հոդվածի 1. կետով
պաշտպանվում է յուրաքանչյուր անձ, ով խաղաղ հավաք կազմակերպելու մտադրություն ունի:
...Հավանական բռնություն պարունակող հակացույցի
հնարավորությունը, կամ բռնարարքների մտադրութնուն ունեցող ծայրահեղականների`
ցույցին միանալու հավանականությունը, որոնք կազմակերպիչ կազմակերպության հետ որեւէ
առնչություն չունեն, չի կարող, որպես այդպիսին մի կողմ դնել այս իրավունքը: Եթե
նույնիսկ առկա է իրական վտանգ, որ հանրային միջոցառումը հետագայում կհանգի
անկարգությունների` հավաքի կազմակերպիչներից անկախ զարգացումներից ելնելով, ապա
զուտ այս պատճառով նման միջոցառումը չի դադարում պաշտպանվել Կոնվենցիայի 11
հոդվածով...»[iii]
:
Մեկ այլ` Բժիշկեր Հանուն Կյանքի
կազմակերպությունն ընդդեմ Ավստրայի գործով Դատարանը հանգել է այն եզրակացությանը,
որ ցույցը կարող է առաջ բերել ցուցարարների գաղափարների կամ պահանջների դեմ հանդես
եկող անձանց դժգոհությունը կամ վիրավորական լինել նրանց համար: Սակայն,
ցուցարարները պետք է հնարավորություն ունենան իրացնելու հավաքների ազատությունը՝
առանց երկյուղելու, որ իրենք կարող են ենթարկվել ֆիզիկական բռնության իրենց
հակառակորդների կողմից. նման վտանգը կարող է ընդհանուր գաղափարներ կամ շահեր
հետապնդող միավորումներին կամ անձանց այլ խմբերին կաշկանդել հանրությանը վերաբերող
վիճելի հարցերի շուրջ իրենց կարծիքներն ու տեսակետները հրապարակավ արտահայտելու
գործում: Ժողովրդավարական հասարակությունում հակացույցի իրավունքը չի կարող
խոչընդոտել ցույցի իրավունքի իրականացմանը»[iv]
:
Կարծում ենք, որ ակհայտ է Օրենքի
կողմից տրվող լուծումների հակասությունը Եվրոպական չափանիշների հետ` ՀՀ-ում խաղաղ
հավաքների իրավունքի իրականացման անարգել, արդյունավետ եւ առանց պետական
չարդարացված միջամտության ապահովման առնչությամբ:
Ավելին, միշտ էլ` ամբողջ աշխարհում,
հնարավոր են դեպքեր, երբ ծրագրված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը,
չնայած ունենալով խաղաղ անցկացվելու իրական մտադրություն, ձեռնտու չլինի
իշխանություններին: Նման դեպքերում, Օրենքում առկա վերոնշյալ դրույթները
իշխանություններին թույլ կտան հեշտությամբ արգելել նման անցանկալի միջոցառման
անցկացումը: Չէ՞ որ միշտ էլ կարելի է հակացուցարարներ «սարքել», քաղաքական
ընդդիմության կազմակերպած ցույցի հակացուցարարները կարող են լինել հենց
իշխանությունները: Արդյո՞ք սա հիմք է ընդդիմադիրների ցույցի անցկացումն արգելելու
համար: Իսկ եթե (ինչը հնարավոր է) միշտ էլ լինեն հակացուցարարներ, ինչպե՞ս է
իրականացվելու խաղաղ հավաքների` Սահմանադրությամբ եւ միջազգային նորմերով ամրագրված
իրավունքը:
Օրենքն այս հարցերի շուրջ լռում է` ի
վնաս խաղաղ հավաքների իրավունքի:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ
մասի համաձայն, եթե միջազգային պայմանագրերում առկա են այլ նորմեր, քան նախատեսված
են ՀՀ օրենքներով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը: Ուստի, առաջին հերթին
բոլոր պետական մարմինները, ներառյալ Երեւանի քաղաքապետը, դատարանները` խաղաղ
հավաքների իրավունքի իրականացման եւ ապահովման հարցում պարտավոր են առաջնորդվել
Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածով, որտեղ, ինպես նշեցինք
սույն իրավական վերլուծության մեջ, նախատեսված են այլ նորմեր, քան վիճարկվող
Օրենքում` համաձայն ՀՀ Հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի: Նման պարագայում
Օրենքը մեծ մասամբ, միջազգային Կոնվենցիայի դրույթներին հակասելու հիմքով, կորցնում
է իր կիրառելիությունը:
Օրենքի որոշ դրույթների կիրառման
արդյունքում անձանց կողմից նույն Օրենքի` Եվրոպական Դատարանում վիճարկման դեպքում
առկա է մեծ հավանականություն, որ Եվրոպական Դատարանը կճանաչի Կոնվենցիայի 11-րդ
հոդվածի խախտում` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հեղինակի կողմից
[ii]
1998թ. ուժի մեջ մտավ Կոնվենցիային կից թիվ 11 Արձանագրությունը, որով վերացվեց
նախկինում գործող Մարդու Իրավունքների Եվրոպական Հանձնաժողովը եւ ստեղծվեց մեկ
միասնական Դատարան: Մինչեւ 1998թ. անձինք իրավունք ունեին սկզբից դիմել
Հանձնաժողովին, որից հետո միայն գործը հանձնվում էր Դատարանին:
[iii]
Christians against Racism and Fascism v UK, (1980) 21 DR 138
[iv]
Plattform "Ժrzte
fՖr das Leben"
v Austria, (1988) 13 EHRR 204
չ
Արման Զրվանդյան, 2003թ.
