Իրավաբանական հայացք Հյուսիսային պողոտայի կառուցապատմանը

2001թ. ՀՀ Կառավարությունը ծրագրել է Երեւան քաղաքի
կենտրոնում կառուցել Հյուսիսային պողոտա: Հյուսիսային պողոտայի կառուցապատման
ծրագրի իրականացման համար ՀՀ Կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որտեղ
հաստատվել է Երեւանի Հյուսիսային պողոտայի հատվածում գտնվող` պետության կարիքների
համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքներ եւ շինություններ) օտարման գոտին,
ստեղծվել է «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ»
պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որին վերապահվել են Հյուսիսային պողոտայի
եւ կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացմանն ուղղված գործառույթները : Ինչպես
նաեւ կառավարության 05.10.2001թ. N 950 եւ 14.08.2002թ. N 1169-Ն որոշումներով
սահմանվել են Երեւանի Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող հողամասերը եւ
անշարժ գույքը գնելու, վերցնելու գնային առաջարկի ձեւավորման եւ իրացման կարգը:



Այստեղ հարկ է նշել, որ անձի սեփականությունը պետության կարիքների համար վերցնելուց
առաջ պետությունը պարտավոր է բավարարարել ՀՀ Սահմանադրությամբ, գործող օրենքներով
եւ վավերացրած միջազգային պայմանագրերուվ սահմանված մի շարք նախապայմաններ, որոնց
բացակայության դեպքում սեփականության օտարումը կդադարի օրինական լինելուց:



Ուստի, ՀՀ Սահմանադրության 28 հոդվածը, որը կարգավորում է անձանց պատկանող
սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար, սահմանում է
հետեւյալը.



«...Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է
կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա՝ նախնական համարժեք
փոխհատուցմամբ»:




Այսինքն, որպեսզի անձանց սեփականության օտարումը` հասարակութայն եւ պետության
կարիքների համար, համապատասխանի ՀՀ Հիմնական օրենքին, ՀՀ իշխանությունները, մինչեւ
անձի սեփականության օտարումը, պետք է նախօրոք ապահովեն հետեւյալ նախապայմաները.



1. սեփականության օտարումը պետք է ուղղվի հասարակության եւ պետության կարիքների
բավարարմանը
,

2. սեփականության օտարում` հասարակության եւ պետության կարիքների համար, կարելի է
կատարել միայն բացառիկ դեպքերում,

3. սեփականության օտարումը պետք է կատարվի միայն օրենքի հիման վրա,

4. իշխանությունները պարտավոր են սեփականատիրոջը տրամադրել նախնական համարժեք
փոխհատուցում
:



Արդյո՞ք ՀՀ իշխանությունները, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագիրն
իրականացնելիս, բավարարել են վերոնշյալ` սահմանադրական եւ վավերացված միջազգային
պայմանագրերում ամրագրված պահանջները: Այս հարցին պատասխանելու համար նախ հարկ է
հասկանալ, թե ՀՀ իշխանություններն ինչպե՞ս պետք է ապահովեին այդ երաշխիքները:



Այս հարցի պատասխանը հստակորեն տվել է ՀՀ Սահմանադրական դատարանը, որն իր (ՍԴ) 1998
թ.-ի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշման մեջ, պարզաբանելով վերը մեջբերված ՀՀ
Սահմանադրության 28 հոդվածի դրույթները` հայտնել է այնպիսի իրավական դիրքորոշում,
համաձայն որի անձի սեփականությունը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28
հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա
համաձայնության բացակայության դեպքում՝ պետության կողմից սեփականության իրավունքը
դադարեցվել միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով,
որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարեւորությունն ու նշանակությունը եւ կնշվի, թե
օտարվող անշարժ գույքը հասարակության եւ պետության որ կարիքների բավարարմանն է
ուղղվելու
: Այնուհետեւ, Սահմանադրական Դատարանը նշել է, որ Հայաստանի
Հանրապետության կառավարությունը չի կարող հասարակության եւ պետության
կարիքների համար անշարժ գույքի օտարման այնպիսի ընթացակարգ սահմանել, որը նրան
կլիազորի նման անշարժ գույքի օտարման իրավունք:



Հյուսիսային պողոտայի տարածքում օտարված գույքի նկատմամբ ՀՀ ԱԺ-ը երբեւէ օրենք չի
ընդունել, ինչպես նշված է Սահմանադրական Դատարանի որոշման մեջ: Իսկ ՀՀ
կառավարության վերոնշյալ որոշումները, որոնք միակ իրավական հիմքն են հանդիսացել այդ
տարածքում անշարժ գույքի օտարման համար, հանդիսանում են ենթաօրենսդրական ակտեր եւ
չեն կարող դիտվել «օրենքներ»: Իսկ եթե չկա այդ օրենքը, բնականաբար չեն պահպանվել
նաեւ մյուս սահմանադրական պահանջները, քանի որ միայն Հյուսիսային պողոտայի
տարածքում օտարման ենթակա անշարժ գույքի օտարման մասին օրենքում ՀՀ
իշխանությունները կարող էին հիմնավորել նման օտարման բացառիկ կարեւորությունն ու
նշանակությունը եւ նշել, թե օտարվող անշարժ գույքը հասարակության եւ պետության
որ կարիքների բավարարմանն է ուղղվելու
:



Հետեւաբար, քանի որ Սահմանադրության նորմերը գործում են անմիջականորեն, իսկ ՀՀ
միջազգային պայմանագրերը գերակա են իրենց հակասող օրենքների նկատմամբ, բնականաբար
պետք է կիրառվեին նրանց դրույթները: Նման պայմաններում ՀՀ գործադիրի կողմից
ընդունված որոշումները չէին կարող բավարար իրավական հիմք հանդիսանալ անձանց
սեփականության օտարման համար:



Ավելին, «Մարդու Իրավունքների եւ Հիմնարար Ազատությունների Պաշտպանության մասին»
Եվրոպական կոնվենցիայի թիվ 1. Արձանագրության 1 հոդվածը սահմանում է հետեւյալը.

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել
օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ
հանրության
եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով եւ
միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»:




Ինչպես տեսնում ենք, Եվրոպական Կոնվենցիան նույնպես սեփական գույքից օգտվելու
սահմանափակումներ է նախատեսում, սակայն, ինչպես ՀՀ ահմանադրությունը, թույլատրում է
օտարում իրականացնել «բացառությամբ ի շահ հանրության» եւ «օրենքով նախատեսված
պայմաններով», այլ ոչ թե ենթաօրենսդրական ակտի
:



Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանն իր Զվոլսկին եւ Զվոլսկան ընդդեմ Չեխիայի
Հանրապետության գործով վճռում նշում է հետեւյալը.

«...Կոնվենցիայի 1 Արձանագրության 1 հոդվածը պահանջում է, որպեսզի սեփականության
իրավունքի իրականացման նկատմամբ պետական իշխանությունների ցանկացած միջամտություն
լինի օրինական: Ավելին, իրավունքի գերակայությունը, որը հանդիսանում է
ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկը, կիրառելի է
Կոնվենցիայի բոլոր հոդվածների նկատմամբ:

Այն օրենքը, որի հիման վրա կատարվում է միջամտությունը, պետք է համապատասխանի Բարձր
Պայմանավորվող Կողմի ներպետական օրենսդրության, ներառյալ Սահմանադրության
համապատասխան դրույթներին» (տես ՄԻԵԴ-ի Զվոլսկին եւ Զվոլսկան ընդդեմ Չեխիայի
Հանրապետության` 12.11.2002թ. վճիռը, կետ 65):




Այդ նախապայմանները` գույքն օտարելու համար, ներառված են առաջին հերթին օրենսդիր
մարմնի կողմից անձի սեփականության հիմնարար իրավունքի սահմանափակման նկատմամբ
վերահսկողություն սահմանելու եւ գործադիրի կողմից հնարավոր չարաշահումները եւ
վերահսկողությունից դուրս կամայականությունները կանխարգելելու համար:



Ուստի, այստեղից կարելի է հետեւություն անել, որ ՀՀ-ում Հյուսիսային պողոտայի
կառուցապատման ծրագրի իրականացման նպատակներով իրականացված սեփականության օտարումը
չի կատարվել «օրենքի հիման վրա», քանի որ նման օրենք ՀՀ ԱԺ կողմից երբեւէ չի
ընդունվել` ի խախտումն ՀՀ Սահմանադրության եւ այլ օրենքների, ինչպես նաեւ Մարդու
Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի թիվ 1. Արձանագրության 1. հոդվածի:



չ

ԱՐՄԱՆ ԶՐՎԱՆԴՅԱՆ, 2004թ.