23-29 հունիսի, 2004թ

1. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐ, ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՈՏՆԱՀԱՐՈՒՄ

    - Հասարակական կազմակերպությունները տագնապ են հնչեցնում
ընդդեմ դատաիրավական համակարգի գործելաոճի

[24.06.2004]

Մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ եւ հայտնի հասարակական գործիչներ
հինգշաբթի օրը տարածել են հայտարարություն, որով կոչ են անում արդարադատության
համակարգի աշխատակիցներին վերջ տալ «կեղծ մեղադրանքների ու վկայությունների հիման
վրա տեղի ունեցող ձերբակալություններին եւ դատավարություներին»:


«Մենք վստահ ենք, որ դուք գիտեք իսկական արդարադատության արժեքը, մենք վստահ ենք ,
որ դուք գիտեք, թե ինչ ասել է արդար դատավարություն, մենք հավատում ենք, որ դուք
կլսեք մեր ձայնը», - համակարգի աշխատակիցներին են դիմում հայտարարության
հեղինակները՝ նշելով, որ արդարադատության համակարգը վերածվում է «մեր
հայրենակիցների ճակատագիրը կործանող մեքենայի»:


Բերելով թմրանյութեր պահելու մեղադրանով 1,5 տարվա ազատազրկման ենթարկված Լավրենտի
Կիրակոսյանի եւ ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար նույնպես 1,5 տարվա
ազատազրկման դատապարտված Էդգար Առաքելյանի օրինակները՝ հայտարարության հեղինակները
նշում են, որ արդարադատության համակարգի աշխատողները ի զորու են կանխել, որ նման
դատավարությունների ցանկը չշարունակի մեծանալ:


Հայտարարությունը ստորագրել է նաեւ Կառավարությանն առընթեր Ազգային
փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ, ազգագրագետ Հրանուշ
Խառատյանը:

«Ես համաձայն եմ, որ երբեմն մարդիկ ձերբակալվում են եւ նրանց նկատմամբ մեղադրանք է
հարուցվում ոչ միայն կեղծ, այլեւ ոչ այնքան հիմնավորված պատճառներով: Բայց նաեւ
կեղծ պատճառներով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խառատյանը:


Նա, մասնավորապես, անհասկանալի եւ անիմաստ է համարում Էդգար Առաքելյանի նկատմամբ
դատավարությունը: Նա հակված է կարծելու, որ կեղծիքներն են թույլ տրվել նաեւ
Լավրենտի Կիրակոսյանի դատավարության ժամանակ:


Հրանուշ Խառատյանի խոսքերով, այսօր շատ հաճախ դատարանը ոչ թե իրական տուժողին է
պաշտպանում, այլ՝ տուժողին հետապնդողներին, քանի որ «դատավորները կամ պատվեր են
կատարաում, կամ մասնավոր շահ են հետապնդում»:


«Մենք մի քանի դատավարության ենք ներկա եղել վերջերս», - «Ազատություն ռադիոկայանին
ասաց «Հույս» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հակոբյանը: - «Այդ ձեւով
ֆարս դարձնել դատական համակարգը եւ միաժամանակ խոսել պետականություն կառուցելուց՝
նշանակում է այդ պետականությունը երբեւիցե չունենալ»:


Հայտարարության հեղինակները արդարադատության համակարգի աշխատողներին կոչ են անում
չկատարել վերեւից իջեցված հրահանգները:

«[Դատավորները] պետք է դեմ գնան այդ պետական մեքենային եւ մարդկային ու համարժեք
որոշումներ ընդունեն: Կա հրահանգը, բայց իրենք դեմ գնան այդ հրահանգին», - ասաց
«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպություն ղեկավար
Իզաբելա Սարգսյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ Նատալյա Մարտիրոսյանի
համոզմամբ, բացի այն, որ դատավորները շատ հաճախ հրահանգ են կատարում, նաեւ ոչ
օբյեկտիվ որոշումներ են կայացնում՝ իշխանություններին դուր գալու համար:


«Ընդհանուր մթնոլորտը այնպիսին է, որ պաշտոնյան ուզում է կատարել մի որեւէ քայլ,
որը դուր կգա ավելի բարձ դիրքում գտնվող անձանց, ղեկավարներին», - ասաց նա: - «Սա
շատ ավելի վտանգավոր է, քան ուղիղ պատվերը, քանի որ ուղիղ պատվերը կարելի է մերժել
եւ չկատարել»:

Ռուզաննա Ստեփանյան


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=865

    - Կասեցվել է Աշոտ Մանուչարյանին ծեծի ենթարկելու փաստով
հարուցված քրեական գործը

[25.06.2004]

Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուն պես Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ
համայնքների ոստիկանության քննչական խմբի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անցած
ապրիլին Աշոտ Մանուչարյանի դեմ կատարված բռնության փաստով հարուցված քրեական գործի
վարույթը:


Տեղեկությունը տարածած Հայաստանի ոստիկանության լրատվական բաժնի պետ Սայաթ
Շիրինյանը, ինչպես նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ոստիկանության քննչական
բաժնի պետ Արտավազդ Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ այս գործով
վարույթը կասեցվել է քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով, որով
նախատեսվում է վարույթի կասեցում՝ եթե չեն հայտնաբերվել հանցագործությունը կատարած
անձը կամ անձինք: Գործի քննությունը, այդուհանդերձ, կարող է շարունակվել՝ եթե ի
հայտ գան նոր օպերատիվ տվյալներ:


Հայ մտավորականների ֆորումի նախաձեռնողներից քաղաքական գործիչ, նախկին «Ղարաբաղ»
կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դաժան ծեծի էր ենթարկվել ապրիլի 22-ին, տեղափոխվել
էր հիվանդանոց, որտեղ ենթարկվել էր վիրահատության:


Աշոտ Մանուչարյանը ցայսօր չի հանդիպել լրատվամիջոցերի ներկայացուցիչների հետ:
Սկզբում պատճառաբանվում էր, թե Մանուչարյանը վատառողջ է, հետո՝ թե նախաքննությունը
դեռեւս չի ավարտվել: Նրա հետ զրուցել չհաջողվեց նաեւ այսօր:

Մանուչարյանի լիազոր ներկայացուցիչ, խորհրդային տարիներին Հայաստանի պետական
անվտանգության կոմիտեի ղեկավար Էդուարդ Սիմոնյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ
զրույցում թերահավատորեն արտահայտվեց գործի վարույթը կասեցնելու հիմքերի
կապակցությամբ:


Սիմոնյանցի մեկնաբանությամբ, հանցագործներին չհայտնաբերելու հանգամանքը գործը
կասեցնելու հիմք չի կարող լինել: Ընդունելով, որ նախադեպեր եղել են, Էդուարդ
Սիմոնյանցը ասաց, թե Հայաստանում առաջին դեպքն է, երբ երկու ամիս առաջ կատարված
հանցագործության փաստով հարուցված քրեական գործը կասեցվել է»:


«Այստեղ երեւի ուրիշ պատճառներ գոյություն ունեն», - ավելացրեց Սիմոնյանցը: - «Ես
համոզված եմ, որ նախօրոք իշխանությունները շահագրգռված չեն, որ այդ
հանցագործությունը բացահայտվի»:

Կարինե Քալանթարյան


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=867

    - Լրագրողական կազմակերպությունները մասնագիտական
համերաշխության կոչ են անում


[29.06.2004]

Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ երեքշաբթի օրը հանդես են եկել
հայտարարությամբ, որով` բողոքելով ապրիլի 5-ին լրագրողներին բռնություն ենթարկած
անձանց նկատմամբ «ֆարսի վերածված» դատավարության եւ դատարանի կայացրած մեղմ վճռի
դեմ, իշխանություններից պահանջում են «հարգել լրագրողների իրավունքները», իսկ
լրագրողներին համերաշխության եւ միասնության կոչ են անում:


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հունիսի 10-ի
դատավճռով «Ազգային միաբանություն» կուսակցության ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ
լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած «Արտաշատի Հրո» մականունով Հրայր
Հարությունյանի եւ «Բանգլադեշի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանի նկատմամբ պատժաչափ
է սահմանել ընդամենը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանքը:


«Ոչ նախաքննության մարմինը, ոչ դատարանը ցանկության անգամ չդրսեւորեցին պաշտպանելու
տեղեկություններ հավաքելու եւ տարածելու լրագրողների իրավունքը, էլ չենք ասում, որ
նշանակված պատիժը համարժեք չէր արարքին», - ասված է Երեւանի մամուլի ակումբի,
Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական
կազմակերպության եւ Խոսքի ազատություն պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: -
«Առայսօր միջոցներ չեն կիրառվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր ապրիլի 5-ին
քայլեր չձեռնարկեցին լրագրողներին քաշքշող ու տեխնիկան ջարդող անձանց դեմ»:

Հայտարարության հեղինակները արձանագրում են, որ չեն բացահայտվել ու պատժվել
Բաղրամյան պողոտայում ապրիլի լույս 13-ի գիշերը լրագրողներին ծեծի ենթարկած
ոստիկանները:

«Մենք կրկին պահանջում ենք հարգել տեղեկություններ ստանալու հասարակության եւ
տեղեկություններ տարածելու լրագրողների իրավունքները ու կանխել դրանց նկատմամբ
ոտնձգության ցանկացած փորձ», - ասված է հայտարարությունում: - «Մենք կոչ ենք անում
բոլոր լրատվամիջոցներին եւ լրագրողներին՝ ավելի հետեւողական ու համախմբված լինել,
երբ խոսքը վերաբերում է մասնագիտական համերաշխությանը, երբ ոտնահարվում է ազատորեն
տեղեկություններ հավաքելու եւ տարածելու իրավունքը»:

Ռուզան Խաչատրյան



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=869

2. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով

    - Նախագահ Քոչարյանը ԵԽԽՎ-ի ամբիոնից պաշտպանում է
ընդդիմության դեմ կիրառված կոշտ միջոցները

[23.06.2004]

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում չորեքշաբթի օրը
ունեցած իր ելույթում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանեց իր
պաշտոնանկությանը հետամուտ ընդդիմության բողոքի գործողություններին հայաստանյան
իշխանությունների կոշտ արձագանքը՝ ընդդիմադիրների ցույցերը որակելով «քաղաքական
ծայրահեղականություն»:


Հայաստնի նախագահը նաեւ իր դժգոհությունը արտահայտեց ԵԽԽՎ-ի կողմից անցած ապրիլին
ներհայաստանյան իրավիճակը քննարկելու կապակցությամբ:


«Ես ցավում եմ, որ մեր որոշ պատգամավորներ ԵԽԽՎ-ն ներքաշել են այդ դիսկուսիայի մեջ։
Համոզված եմ, որ Եվրոպայի խորհրդի ամբիոնն ամենահարմար տեղը չէ իշխանությունների եւ
ընդդիմության հարաբերությունները պարզելու համար։ Այդ ամենը պետք է արվի սեփական
խորհրդարանի ամբիոնից, այսինքն՝ Հայաստանի քաղաքական գլխավոր խոհանոցում», - ասաց
նա։


Հայաստանի նախագահը ընդդիմության պայքարը կրկին բնութագրեց որպես վրացական «վարդերի
հեղափոխությունը» հայաստանյան իրականությունում պատճենելու փորձ՝ ավելացնելով. -
«Ընդդիմությունը հաշվի չէր առել այն փաստը, որ Հայաստանի տնտեսությունը, ի
տարբերություն վրացականի, դինամիկ զարգանում է, կառավարությունը բավականին
արդյունավետ է, եւ ժողովրդավարական ձեռքբերումներն ամրապնդված են ինստիտուցիոնալ
կառուցվածքներով, ներառյալ ոստիկանությունը, որն ի վիճակի է պահպանել հասարակական
կարգը»։


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 28-ի բանաձեւում ասված է, որ
Հայաստանի իշխանությունների արձագանքը ընդդիմության բողոքի ցույցերին «հակադրվում
է» վեհաժողովի նախկին հանձնարարականների «տառին եւ ոգուն»: Վեհաժողովը սպառնացել էր
պատժամիջոցներ կիրառել, եթե իշխանությունները չապահովեն քաղաքացիների հավաքներ ու
ժողովներ անցկացնելու իրավունքը, չազատեն ընդդիմության ցույցերին մասնակցելու համար
բոլոր կալանվածներին:


Իր ելույթում նախագահ Քոչարյանը այսօր կալանքների մասին չխոսեց: Նա, սակայն,
անդրադարձավ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ իրավապահների
պահվածքին՝ ասելով. - «Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին
անհնազանդության կոչ էին անում։ Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը
վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս
պատճառելու»։

Հայաստանի նախագահը նշեց, որ ընդդիմությունը մերժում է իշխանամետ քաղաքական ուժերի
հետ երկխոսելու առաջարկները:


«Մենք ընդդիմությանն առաջարկել ենք համագործակցել ամենակարեւոր հարցերի շուրջ՝
սահմանադրական բարեփոխումներ եւ Ընտրական օրենսգիրք։ Այդ առաջարկություններն մնում
են ուժի մեջ, բայց դրանք պետք է քննարկել խորհրդարանում, այլ ոչ թե՝ փողոցում», -
ասաց Քոչարյանը։


«Հայաստանն արդեն կատարել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելու կապակցությամբ ստանձնած
պարտավորությունների ճնշող մեծամասնությունը։ Մնացած մասի վերաբերյալ կազմված է գործողությունների
համաձայնեցված պլան, որի իրականացումը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա վերջը», -
անդրադառնալով Եվրախորհրդին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած
պարտավորությունների կատարմանը, ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Ամրապնդվում է
նվիրվածությունը ազատության եւ ժողովրդավարության արժեքներին, տեղի է ունենում
քաղաքացիական հասարակության ձեւավորման ակտիվ գործընթաց»:


Մոտ 20 րոպե տեւած ելույթից հետո Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց վեհաժողովի
պատգամավորների հարցերին: Ընդդիմադիր հայ պատգամավորներ Արտաշես Գեղամյանը եւ
Շավարշ Քոչարյանը ներկա չէին ո'չ ելույթի, ո'չ էլ հարցուպատասխանի ժամանակ:
Փոխարենը շատ ակտիվ էին Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները:

Ադրբեջանցիներից մեկը, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին ուղղակիորեն հարցրեց, թե արդյո՞ք
նա անձամբ մասնակցել է պատերազմական գործողությունների ընդդեմ Ադրբեջանի:


«Այո, ես մասնակցել եմ պատերազմական գործողություններին: Իմ զավակները ապրել են
նկուղներում: Նրանք չեն ունեցել մանկություն», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝
ավելացնելով. - «Ես հպարտ եմ, որ մասնակցել եմ պատերազմական գործողություններին:
Հպարտ եմ նաեւ այն արդյունքով, որ մենք ունեցել ենք այդ պատերազմական գործողությունների
հետեւանքով»:


Ի պատասխան արդբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հարցին, թե արդյո՞ք ճիշտ
չէր լինի, եթե Հայաստանը վերադարձներ գրավյալ 7 շրջանները, Ռոբերտ Քոչարյանը
պատասխանեց, որ այդ տարածքների մի մասի խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե
Ադրբեջանը հարգեր 2001 թվականի քիուեսթյան պայմանավորվածությունները կամ 1998-ին
չմերժեր «ընդհանուր պետության» գաղափարը:

Արմեն Զաքարյան, Ստրասբուրգ


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=864

3. ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Ա1+»-Ի ՈՒ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՐՑԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ՉՊԵՏՔ Է
ԽԱՌՆԵԼ

[28.06.2004]

Ռոբերտ Քոչարյանը ԵԽԽՎ-ում առաջարկեց մոիտորինգ անցկացնել`համոզվելու համար, որ
Հայաստանում խոսքի ազատության ոլորտում վիճակն այնքան վատ չէ, հեռուստաեթերը
ընդդիմության համար հասանելի է, եւ մեկ հեռուստաընկերության, այսինքն «Ա1+»-ի
եթերազրկումը դեռեւս խոսքի ազատության սահմանափակում չէ, եւ այդ հարցը պետք է հանել
ԵԽԽՎ բանաձեւերից:

Մեկնաբանում է Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը.«Եթե լուրջ
հիմքեր կան ասելու, որ 2002թ. եւ 2003թ. հեռուստակապուղիների մրցույթներն անցկացվել
են օրենքի եւ ընթացակարգի լուրջ խախտումներով, եւ եթե նույնիսկ մեզ մոտ այսօր եթերում
լիներ իդեալական վիճակ, ապա միեւնույն է` դա չի նշանակում, որ «Ա1+»-ի հարցը պիտի
հանվի ԵԽԽՎ բանաձեւերից: Այս երկու հարցերը խառնել միմյանց հետ ուղղակի չի կարելի:


Մոնիտորինգ անցկացնելու առաջարկը հիմնականում ընդունելի է. ինչքան շատ իմանանք, թե
ինչ են ներկայացնում մեր լրատվամիջոցները, հատկապես հեռարձակվող, այդքան ավելի լավ:
Բայց առավել արդյունավետը այն մոնիտորինգներ են, որոնք անց են կացվում քաղաքական
սրված իրավիճակներում, երբ առավել անհրաժեշտ է, որ եթերը բազմակարծիք լինի,
հասանելի լինի ընդդիմության համար:

Այդ առումով տարբեր կազմակերպությունների` 2003թ թե նախագահի, թե խորհրդարանական
ընտրությունների մոնիտորինգները ցույց են տվել, որ լրատվամիջոցները, գոնե
հեռարձակվող առաջատար հեռուստալիքները կողմնակալ են լուսաբանել ընտրությունների
ընթացքը:

Դա արդեն հիմքեր է տալիս ասելու, որ Հայաստանում խնդիրներ կան եւ խոսքի ազատության
եւ բազմակարծության հետ: Եթերը ընդդիմության համար մատչելի լինելը խոսքի ազատության
ցուցանիշներից մեկն է:

Բայց կան նաեւ այլ չափանիշներ, օրինակ` ինչքանով են տվյալ լրատվամիջոցները ակտիվ,
արդար եւ անաչառ լուսաբանում հասարակական, քաղաքական ամենակարեւոր զարգացումները:


Մոնիտորինգ իրականացնելիս միայն հեռուսատաժամանակը կամ թերթային տարածքները չափելը,
թե որ քաղաքական գործչին որքան տեղ է հատկացվում, կարող է մոնիտորինգի ընդամենը մեկ
նպատակ լինել:

Քաղաքական առավել հանգիստ վիճակում անցկացված մոնիտորինգի մեթոդոլոգիան միանգամայն
այլ պետք է լինի, այնպիսին, որը ցույց կտա տվյալ ժամանակահատվածում լրատվամիջոցների
գործունեության ամբողջական պատկերը»:


http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=868

4. ԹՐԱՖԻԿԻՆԳ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՐԱՖԻԿԻՆԳԻ ԹԵ ԾԱԳՄԱՆ, ԹԵ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿԻՐ Է»


[28.06.2004]

ԵԱՀԿ եր§անյան գրասենյակի պատվերով Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան /ՀԱԱ/ § Հայ
Օգնության Միության /ՀՕՄ/ կողմից իրականցվում է թրաֆիկինգի /մարդկանց ապօրինի
փոխադրում ու առքուվաճառք/ հարցերով ուսումնասիրություն:

Հաշվի առնելով տվյալ թեմայի հետ կապված նրբությունները` ԵԱՀԿ եր§անյան գրասենյակը
հրավիրել է միջազգային փորձագետ, որն աշխատելով վերոհիշյալ երկու
կազմակերպությունների հետ, նրանց կփոխանցի իր գիտելիքները թրաֆինգի թեմայով
ուսումնասիրություններ անցկացնելու համաշխարհային լավագույն փորձի § մեթոդոլոգիայի
վերաբերյալ: Ուսումնասիրությունը ֆինանսավորում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

ԵԱՀԿ եր§անյան գրասենյակը այս նախաձեռնությանն իր աջակցությունն է ցուցաբերում
տեխնիկական փորձագիտության տեսքով:


«Սոցիոլոգիական այս ուսումնասիրությունը Հայաստանում թրաֆիկինգի թեմայով մինչ§ օրս
անցկացրած ամենաընդգրկուն ուսումնասիրությունն է: Ոչ պաշտոնական աղբյուրներից
ստացված մտահոգիչ տեղեկատվության համաձայն Հայաստանը հանդիսանում է թրաֆիկինգի թե՛
ծագման § թե՛ տարանցիկ երկիր: Այնուամենայնիվ, մարդկանց վաճառքի ծավալների մասին
փաստացի տվյալներ չկան: Ծրագրի նպատակը այս բացը լրացնելն է: Ուսումնասիրության
արդյունքները կտրամադրվեն իշխանություններին, ինչպես նա§ քաղաքացիական
հասարակության ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին § հիմք
կծառայեն այս բնագավառում իրականացվող հետագա քայլերի համար»,- ասում է Բլանկա
Հանչիլովան` ԵԱՀԿ եր§անյան գրասենյակի ժողովրդավարության հարցերով պատասխանատուն:


Սեպտեմբերին մեր փորձագետներին մի քանի շաբաթով կմիանա Իտալիայի դատախազությունից
միջազգային փորձագետ § կներկայացնի այս հարցում համաշխարհային լավագույն փորձը:



http://www.hra.am/arm/index1.php?goto=news&id=866