NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանի ՀԿ-ները դեմ են Հայաստանից Իրաք զորք ուղարկելուն
Այսօր Կանանց Հանրապետական խորհրդի
նախաձեռնությամբ տեղի ունեցավ կանանց եւ բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների
կլոր սեղանը` նվիրված Հայաստանից Իրաք հատուկ ջոկատ ուղարկելու հարցին:
Կլոր սեղանին մասնակցող մոտ 15 ՀԿ-ների ներկայացուցիչները իրենց խորը
մտահոգությունը հայտնեցին այդ փաստի վերաբերյալ:
Միջոցառման մասնակիցները դիմում ուղղեցին Ազգային ժողովին, որի նախնական տարբերակը
հրապարակում ենք:
նախագիծ
ԴԻՄՈՒՄ
ՀՀ-ում գործող կանանց եւ բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների
մասնակցությամբ հրավիրված կլոր սեղանը արձանագրում է, որ նրանք անհանգստացած են
մամուլում հնչած տեղեկատվությունից առ այն, որ հանրապետության ղեկավարությունը
պատրաստվում է Իրաք գործուղել ՀՀ պաշտպանության ուժերի հատուկ ջոկատ: Չցանկանալով
քաղաքականացնել այս հարցը՝ մենք որոշեցինք զերծ մնալ իրաքյան պատերազմին նախորդող
եւ ներկա փուլում իրականացվող քայլերի մեկնաբանությունից:
Մեր կարծիքով, անշուշտ, անհրաժեշտ է միավորել բոլոր երկրների ուժերը ահաբեկչության
դեմ պայքարում: Սակայն, կարծում ենք, որ պետությունների, հատկապես նրանց
իշխանությունների առաջնահերթ խնդիրը ազգաբնակչության անվտանգության ապահովումն է:
Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, որ բուն Իրաքում եւ արաբական այլ երկրներում
ապրում են տասնյակ հազարավոր հայեր, ուստի նման քայլ իրագործելուց առաջ պետք է
մտածել նրանց անվտանգության ապահովման մասին: Այս վերջին ամիսներին առիթ ենք
ունեցել հանդիպել այդ համայնքներում ապրող շատ ներկայացուցիչների հետ, որոնք
ահազանգում են, որ իրենց համար այդպիսի քայլը խիստ վտանգավոր է:
Մեր աչքի առաջ տեղի են ունենում սահմռկեցուցիչ դեպքեր, երբ ահաբեկիչները պատանդ են
վերցնում տարբեր երկրների քաղաքացիների, եւ այնպիսի հզոր պետություններ, ինչպիսիք
են ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Եգիպտոսը, ի զորու չեն ապահովել իրենց
քաղաքացիների անվտանգությունը Իրաքում: Հայաստանի պարագայում, կրկնենք եւս մեկ
անգամ, փոքրաթիվ, որոշիչ նշանակություն չունեցող այս ջոկատի գործուղմամբ եւ այդ
փաստի թմբկահարմամբ մենք, որպես պատանդ, ահաբեկիչների քմահաճույքի ներքո ենք
թողնում մեր հազարավոր հայրենակիցներին, մարդկանց, որոնց սերնդեսերունդ փոխանցվել
են արյունալի եղեռնի ահավոր հիշողությունները:
Իրաքում տեղի ունեցած դեպքերի վերլուծությունն ապացուցում է, որ հաշվի չեն առնվում
նույնիսկ գործուղված խմբերի մասնագիտական, հումանիտար, բարեգործական նպատակները:
Մենք դիմում ենք ՀՀ Աժ պատգամավորներին, խմբակցություններին, հանձնաժողովներին
հարցի քննարկման ժամանակ հաշվի առնել նաեւ վերը նշված նկատառումները եւ չվավերացնել
որոշումը:
Կլոր սեղանի մասնակիցներ
