NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Որքանո՞վ են իրոք ո'չ կառավարական եւ հասարակական մեր
հասարակական /ոչկառավարական/ կազմակերպությունները: Այս տեսանկյունից քննարկենք
Հայաստանի 3 հազարից ավելի ՀԿ-ների գործունեությունը:
Մենք, բոլորս` աշխատանքի ընդունվելուց ստիպված պետք է լրացնենք Անձնական թերթիկը,
որը պարունակում է հասարակական աշխատանքի մասին խորհրդային ժամանակներից
ժառանգված մի գողտրիկ բաժին: Եթե խորհրդային տարիներին մենք ձգտում էինք այդ բաժինը
հագեցնել մեր հասարակական ակտիվության մասին սուտ կամ ճիշտ տպավորիչ
տեղեկություններով, ապա այսօր մենք մեր իրական հասարակական գործունեության մասին
անգամ չենք հիշատակում: Դա բնական է եւ առաջին հայացքից կարծես թե վկայում է
ժողովրդավարական պետությանը բնորոշ պետական եւ հասարակական սեկտորների անհրաժեշտ
տարանջատման առկայության մասին: Մեր հասարակական գործունեությունը մեր
անձնական ընտրությունն է եւ հետեւաբար գործատուին դա չպետք է վերաբերի: Մինչդեռ դա
խաբուսիկ տպավորություն է:
Ժողովրդավարական պետության կայացվածությունը ենթադրում է քաղաքացիական կամքի
լայնածավալ եւ բազմակողմանի դրսեւորումներ, որոնք գործողության մեջ են դրվում
սահմանադրությամբ նախատեսված մի հատուկ գործիքով, որը կոչվում է հասարակական
կազմակերպություն: Դա քաղաքացիական գիտակցության կայացման համար մի
կարեւոր միջոց է: Հզոր եւ կայացած ժամանակակից պետության կարեւորագույն բնորոշիչներից
մեկը հենց զարգացած քաղաքացիական հասարակության առկայությունն է: Այդ համակարգը
պետք է գործի պետություն-քաղաքացի հակադարձ կապի միջոցով: Պետությունը պետք է խթանի
քաղաքացիների ակտիվ հասարակական կենսակերպը, իսկ քաղաքացիների մոտ առաջանա
անձ-քաղաքացի ամբողջականության զգացողությունը: Սահայն իրողությունն այլ է:
Խորհրդային սինկրետիկ մտածողության մնացուկի եւ ներկայիս իշխանությունների
ժողովրդավարությանը լոկ նմանակման դրսեւորումների սիմբիոզի արդյունքում մենք
պատրաստ ենք պետությանն` ի դեմս տվյալ պահին իշխանության կրողների, վերապահել մեզ
ղեկավարելու սուվերեն իրավունքը, միաժամանակ նրանց թողնելով նաեւ դրա
արդյունքների ողջ պատասխանատվությունը: Իշխանությունը` հասարակության հետ
չհամաձայնեցված, քաղաքացիների կողմից չպահանջարկված սեփակական վարչարարության
կայունությունը եւ Ժողովրդավարության շղարշը ապահովելու համար օգտագործում է իր
գրպանային Հկ-ներին: Արդունքում խեղաթյուրվում է «հասարակական»
հասկացությունը: Արդյունքում հասարակություն-պետություն միասնությունը չի
ձեւավորվում: Հպատակը չի դառնում քաղաքացի:
Առերեւույթ ՀԿ-ները կոչված են վերացնելու հասարակության ինքնակազմակերպմանը
խոչընդոտող սուբյեկտ-օբյեկտ հակադրությունը. ՀԿ-ների միջոցով հասարակությունը
կիրառկում է թե' իր շահառու լինելու իրավունքը, թե' որոշակիորեն կարգավորված
ակտիվությունը: Սակայն այդ պարագայում եւս հետխորհրդային ժամանակաշրջանում տեղի է
ունեցել երեւույթի կտրուկ ձեւախեղում, երբ անշահախնդիր (թերեւս ոչ անմիջական
նյութական շահույթի տեսքով) ոգեւորությունը զգալի դրամական միջոցների շրջանառության
առջեւ տեղի տվեց` թե' պետական հատկացումների եւ թե' միազգային կառույցների
դրամաշնորհների տեսքով: Մի կողմ թողնենք այդ միջոցների ծագումնաբանության մասին
կպչուն հարցը, որն, ի դեպ, հետաքրքրական է առնվազն մեկ տեսանկյունից, թե ինչով է
պայմանավորված երկուստեկ կողմնապահությունը: Սակայն այդ հարցը համարելով, ըստ
էության, երկրորդական, մենք, որպես ՀԿ-ների գործունեության չափանիշ, առաջարկում ենք
հետեւյալը. համապապատասխանու՞մ է արդյոք նրանց ծավալած գործունեությունը
հասարակության պահանջարկին եւ որքանո՞վ է այն արդյունավետ հասարակության իրական
ինքնակազմակերպումը եւ առաջընթացը արմատավորելու եւ ամրագրելու համար:
Մենք` քաղաքացիներս, այս կամ այն հարցի լուծման համար իրավացիորեն պահանջներ ենք
առաջադրում պետական ատյանների առջեւ, բայց մեր ուշադրության դաշտից հիմնականում
դուրս են մնում զգալի գումարներ իրացնող, բայց առաջադրված խնդիրների մեջ
ակնհայտորեն թերացող ՀԿ-ները:
Հանրային քննարկումների ժամանակ երբեմն սուր քննադատության են արժանանում
միջազգային ամբիոններում մեր պետական այրերի արտահայտած տեսակետները: Մինչդեռ
հասարակական առաջնորդների որոշ հայտարարությունները, որոնց հասարակությունը
հիմնականումանտեղյակ է մնում, մեր երկրի միջազգային վարկանիշին ոչ պակաս հարված են
հասցնում:
ՀԿ-ները պետք է ներկայացնեն հասարակության առավել ինտելեկտուալ եւ գործունյա խավի
տեսակատները: Բայց այդ իրավունքը նրանց ի վերուստ չէ տրված ( եթե ՀԿ ես
ներկայացնում, ուրեմն իրավունք ունես հասարակության անունից խոսել): Հասարակության
կարծիքն ներկայացնելու հավակնություններ ունոցողները պետք է խորապես ընկալեն, զգան,
ուսումնասիրեն, անգամ կանխատեսեն հասարակության մեջ ծավալվող գործընթացները,
որպեսզի իրավունք ունենան խոսելու հասարակաթյան անունից: Իսկ եթե ինչ-որ ՀԿ
դրամաշնորհ է իրացնում, ապա նա պետք է հաշվետու լինի ոչ միայն իր դոնորին, այլեւ
հասարակությանը: Հակառակ դեպքում, մեր այսպես կոչված, ՀԿ սեկտորին սպառնում
է մեր կուսակցությունների ճակատագիրը: Ժողովրդավարացման 15-ամյա ճանապարհն
անցնելուց հետո կուսակցությունները` մեկուսանալով հասարակությունից, անմտորեն
փոշիացրեցին իրենց սատարող հասարակական ներուժը, արժեզրկելով անգամ
կուսակցություն հասկացությունը: Հասարակական եւ ոչկառավարական (այսինքն
իշխանություններից անկախ) կազմակերպությունների կայացումը կձեւավորի ոչ միայն
քաղաքացիական մշակույթ, այլեւ կխթանի կուսակցությունների եւ մյուս
պետական-հասարակական ինստիտուտների կայացմանը:
