NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տեղեկատվության ազատությունը եւ պաշտոնական ինտերնետային էջերը
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդունվել է 2003-ի սեպտեմբերի 23-ին:
Ըստ այդ օրենքի, պետական մարմինները ինտերնետային էջի առկայության դեպքում պարտավոր
են այդտեղ տեղադրել համապատասխան տեղեկատվություն: Կայքում պետք է լինեն այդ մարմնի
բյուջեն, գրավոր հարցումների ձեւերը եւ դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական
ցուցումները, հաստիքացուցակները, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց անունները,
ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի
հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները, աշխատանքի ընդունման կարգը
եւ թափուր աշխատատեղերի ցուցակը, տեղեկատվություն շրջակա միջավայրի վրա իրենց
ներգործության մասին, հասարակական միջոցառումների ծրագրերը, քաղաքացիների
ընդունելության կարգը, աշխատանքների եւ ծառայությունների բնագավառում գնագոյացման
կարգը, գները (սակագները), տնօրինվող տեղեկությունների ցանկը եւ դրանց տնօրինման
կարգը, ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական եւ ամփոփ տվյալները, այդ թվում՝
մերժման հիմքերը, տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի
տվյալները:
Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ զարգացում է ապրել կառավարությանը
վերաբերվող ինտերնետային հատվածը: Ներկա դրությամբ միայն երկու նախարարություն
չունի ինտերնետային էջ: Բացի դրանից, նորացվել են Նախագահի, Կառավարության եւ
Ազգային Ժողովի պաշտոնական կայքերը: Սակայն, պետք է նշել, որ ընդհանուր առմամբ
տեղեկատվության ազատության տեսանկյունից ինտերնետային հատվածը բավականին թույլ է
զարգացած: Ոչ մի տեղ նշված չեն տեղեկատվություն տրամադրելու կարգը, պայմաններն ու ձեւերը,
ինչպես նաեւ տեղեկատվության ազատության համար պատասխանատու անձի տվյալները:
Պաշտոնական կայքերում հնարավոր չէ գտնել գրավոր հարցումների, քաղաքացիների
ընդունելության կարգի, ծառայությունների սակագների մասին տեղեկատվություն
(բացառությամբ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքի): Շրջակա
միջավայրի վրա ներգործության մասին խոսք չի գնում նույնիսկ Բնապահպանության
նախարարության (http://www.mnpiac.am)
ինտերնետային էջում: Արտակարգ իրավիճակների վարչությունը (www.ema.am)
մանրամասն տեղեկացնում է բոլոր պատահարների մասին: Սակայն «Վտանգներ» բաժնում
ներկայացված է միայն տեսական տեղեկատվություն:
Չնայած առկա թերություններին, պետք է նշել, որ այսօրվա դրությամբ լավագույն
ինտերնետային էջերն են Նախագահի (http://www.president.am),
Կառավարության (http://www.gov.am) եւ Ազգային
Ժողովի (http://www.parliament.am)
կայքերը:
Այժմ նախագահի կայքը թույլ է տալիս ծանոթանալ ոչ միայն նորություններին, այլեւ ՀՀ
նախագահի որոշումներին:
Կառավարության կայքը բավականին մեծ առաջընթաց է ապրել վերջին տարվա ընթացքում: Այժմ
այստեղ տեղադրվում են ոչ միայն մամլո ծառայության լուրերը, այլեւ կառավարության եւ
վարչապետի որոշումները: Առկա է տեղեկատվություն բոլոր նախարարությունների եւ
առընթեր մարմինների մասին:
Ինչ վերաբերում է Ազգային Ժողովի կայքին, ապա այստեղ մեկ տարվա ընթացքում թարմացվել
է օրենսդրական բազան: Օպերատիվ կարգով տեղադրվում են նախագծերը:
Կառավարության եւ ԱԺ-ի կայքերը քաղաքացիներին հնարավորություն են տալիս
էլեկտրոնային նամակների միջոցով դիմել տվյալ մարմիններում աշխատող պաշտոնյաներին:
Այսպես, ԱԺ-ի կայքից կարելի է էլեկտրոնային նամակով դիմել ԱԺ նախագահին,
խմբակցությունների եւ հանձնաժողովների նախագահներին: Սակայն այստեղ նշված չէ
նամակներին պատասխանելու կարգը: Կառավարության կայքում ձեւը նշված է, սակայն այն չի
համապատասխանում օրենսդրությանը: Այստեղ տեղադրված են հին տվյալներ, ըստ որոնց
քաղաքացիները պատասխան պետք է ստանան 15 օրվա ընթացքում, եթե հարցը չի պահանջում
լրացուցիչ ուսումնասիրություն, հակառակ դեպքում՝ 1 ամսվա ընթացքում: Հիշեցնենք, որ
ըստ նոր օրենքի, ստուգումներ չպահանջող դիմումներին պատասխանը պետք է տրվի հնգօրյա
ժամկետում:
Լավագույնների շարքում նշենք նաեւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի (http://www.mss.am)
եւ Առեւտրի ու տնտեսական զարգացման (http://www.minted.am/am)
նախարարությունների կայքերը: Առեւտրի ու տնտեսական զարգացման նախարարության կայքը
միակն է, որտեղից կարելի է տեղեկություն ստանալ թափուր աշխատատեղերի մասին:
Նվաճումներից է նաեւ այն, որ Արտաքին գործերի նախարարության կայքը (http://www.armeniaforeignministry.am/index_arm.html)
արդեն հասանելի է ոչ միայն անգլերեն, այլեւ հայերեն լեզուներով:
Անդրադառնալով մյուս պաշտոնական ինտերնետային էջերին, կարելի է նշել ամենահաճախ
հանդիպող թերությունները: Սահմանադրական Դատարանի որոշումները օպերատիվ կերպով
տեղադրվում են կայքում (http://www.concourt.am)
, սակայն այլ կարգի տեղեկատվություն կայքը չի պարունակում: Առողջապահության
նախարարության կայքում (http://www.arminhealth.am)
՝ տեղադրված են ծրագրերի միայն անվանումները, իսկ լրատվական բաժինը չի թարմացվում:
Ազգային անվտանգության ծառայությունը ունի երկու ինտերնետային հասցե՝
http://www.sns.am եւ
http://www.snb.am, սակայն կայքերի
բովանդակությունը նույնն է: Չնայած կայքերը տեղադրվել են 2003 թվականին, սակայն
մինչ այսօր առկա են միայն բաժինների վերնագրերը եւ տվյալ մարմնի կանոնադրությունը:
Համեմատաբար նոր է Հայաստանի տարածքային կառավարման համակարգի կայքը (http://www.region.am),
որտեղ հրամանագրերի եւ որոշումների բաժինը երկար ժամանակ չի թարմացվում: Սակայն
նշենք, որ տեղադրված են օրենքների նախագծերը:
Արդարադատության նախարարության կայքը (http://www.justice.am)
ամիսներ շարունակ կառուցման փուլում է:
Բավականին հզոր ինտերնետային էջեր դառնալու հայտ են ներկայացրել Հարկային պետական
ծառայության (http://www.taxservice.am )
եւ Մաքսային կոմիտեի կայքերը, որոնք նախագծման փուլում են:
Կարելի է փաստել, որ վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնական ինտերնետային էջերը
բավականին լուրջ զարգացում են ապրում, սակայն այդ զարգացումը միշտ չէ, որ
համապատասխանում է տեղեկատվության ազատության սկզբունքներին:
