NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայեկի ընկալմամբ` «ազատականությունը ժողովրդի բնազդն է, սոցիալիզմը` փիլիսոփաների հնարանքը »
Սեփական պատմության քննադատական
վերլուծության եւ պետական կյանքի փորձի բացակայությունը, անհաջողությունների
պատճառները օտարների վրա բարդելու արատավոր սովորությունը, թույլ չեն տալիս
անաչառորեն վերլուծել ներկա ճգնաժամի խորքային պատճառները: Հայաստանում ստեղծված
իրավիճակը, այնուամենայնի, կարելի եւ անհրաժեշտ է գնահատել:
Շատ թե քիչ, նման խնդիրների բախվել են բազմաթիվ երկրներ, որտեղ փորձում էին
հասկանալ ճգնաժամի պառճառները, համակարգել դրանք, ստեղծել տեսություններ եւ գիտական մտքի փնտրտուքի շնորհիվ «փոսից դուրս
գալու» ելքեր որոնել: Հայաստանյան ճգնաժամի
ամենասարսափելի բնորոշիչը ոչ թե ծանր սոցիալական վիճակն է, կոռուպցիան եւ այլն, այլ
այն, որ չկա դրանց պատճառների վերլուծությունը, բացակայում է կանոնակարգված
հասարակական կարծիք: Չկա հստակ արժեքային համակարգ, որը դրված է մշակույթի,
կրթության ու պետական քաղաքականության հիմքում:
Այս պարագայում մենք պարբերաբար «կդիմենք» արտասահմանյան քաղաքական ու հասարակական
մտքի դասականներին, որոնք ձեւավորել են տեսություններ: Դրանք հետագայում համարվել են
«ձախ», «աջ», «կենտրոնամետ» եւ այլն: Ինչպես կբնութագրեին նրանք հայաստանյան
ճգնաժամի պատճառները: Այս անգամ «կդիմենք» Ֆոն Հայեկին, որը համարվում է
ժամանակակից լիբերալիզմի հոգեւոր հայրը: Լիբերալ մտքի դասական, ավստրիացի Ֆոն Հայեկը
2-րդ աշխարհամարտից առաջ տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ ապրել է մինչեւ կյանքի վերջը: Ֆոն
Հայեկը համարվում է 20-րդ դարի լիբերալ մտքի ամենաազդեցիկ դեմքերից մեկը:
Ըստ Հայեկի` ազատական են համարվում նրանք, ովքեր համոզված են, թե աշխարհը
ղեկավարվում է մեզ համար սկզբունքորեն անբացատրելի օրենքներով: Այդ մոտեցումը հանգեցնում
է այն տեսակետին, թե մարդկանց անհատական նախաձեռնությունների հանրագումարն ավելի ճիշտ
է եւ արդյունավետ, քան իշխանությունների ուժային եւ ծրագրավորված լուծումները:
Հայեկը հանգում է հաջորդ տրամաբանական տեսակետին. ազատ զարգանալու դեպքում, սկզբնական
անկարգ վիճակը ինքնակարգավորվում է եւ զարգանալով ստանում ամենաարդյունավետ տեսքը:
Հայեկի ընկալմամբ` ազատականությունը «ժողովրդի բնազդն է», սոցիալիզմը`
«փիլիսոփաների հնարանքը»:
2-րդ աշխարհամարտի ժամանակ նա արեւմտյան տերություններին մեղադրում էր
հակաժողովրդավարական կարգեր հաստատելու մեջ: Ըստ նրա, այդ երկրները` օգտվելով
պատերազմական իրադրությունից, պետության ձեռքերում կենտրոնացրեցին բազմաթիվ
լիազորություններ, իսկ պատերազմի ավարտից հետո չէին ցանկանում դրանցից բաժանվել:
Ինչպե՞ս կքննադատեր Ֆոն Հայեկը Հայաստանի իշխանություններին, եթե ապրեր այժմեան
Հայաստանում: Քանի որ Հայաստանում դեռեւս վարջնականապես պարզված չէ, թե որ ուժերն են
սոցիալիստ, որոնք լիբերալ, ու նրանք էլ իրենց հերթին մեզ չեն բացատրում, թե ինչպիսի
քաղաքականություն են վարում, ստիպված ենք դատել ըստ գործերի: Հայեկը ներկայիս
իշխանություններին կմեղադրեր սեցիալիստ լինելու մեջ: Հայտնի է, որ չինովնիկները
պայքարում են իրենց լիազորություններն ընդլայնելու համար, իսկ լիբերալ եւ
պահպանողական ուժերը` հակառակը` հանուն պետության դերի նվազման ու մարդու
իրավունքների գերակայության: Ներկային Հայաստանի իշխանություններն իրենց կողմից
իրականացվող քաղաքականության մասին մեզ ոչինչ չեն բացատրում, սակայն պետական
չինովնիկների լուծն օրեցօր ավերում է տնտեսությունը, ոչնչացնելով «խաղի» գրված ու չգրված
կանոնները: Նրանք լայնացնում են իրենց լիազորությունները, սերտաճելով իրավական,
օրենսդիր ու դատական մարմինների հետ, դառնալով,ըստ էության, անձեռնմխելի եւ «անկախ»
հասարակական կարծիքից: Հայեկը «հայկական չգրված սոցիալիզմի» պատճառները թերեւս
որոներ նաեւ անցյալի` 1991-1994թթ. ղարաբաղյան պատերազմի մեջ, ինչպես դա անում էր
1939-1945թթ պատերազմից հետո.«Երկրորդ աշխարհամարտի ընթացքում պետական
բյուրոկրատներն իրենց ձեռքերում կերտրոնացրեցին ժողովուրդների ճակատագրերն, որպեսզի
դրանք այլեւս ետ չվերադարձնեն: Նման լիազորություններով իշխանության կենտրոնացումը
նրանց ձեռքերում (անգամ պատերազմական պայմաններում) ոչ մի կերպ չէր արդարացվում»:
Հայաստանի պետական կարգը, պետական չինովնիկներին տրված աննախադեպ իրավունքները նա
կհամարեր ժողովրդի իրավունքների ուզուրպացիա եւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ
ստանձնած լիազորությունները ետ վերադարձնելուց հրաժարում: Ճիշտ է` Հայաստանում ոչ
ոք նման պահանջներով դեռեւս հանդես չի եկել, գուցե ժողովրդավարական կարգերի
պայմաններում ապրելու փորձի բացակայության պատճառով: Պետական բյուրոկրատների մեջ
հատկապես աչքի է զարնում մի հատուկ կաստա` ռազմական բյուրոկրատիան` հատուկ շահերով,
տնտեսական լծակներով եւ բացարձակ անձեռնմխելիության իրավունքներով: Հայեկը համարում
էր, որ տնտեսության ռազմականացումը, մենաշնորհների առկայությունը, որպես կանոն,
օգտագործվում է պետական չինովնիկների գերակայությունը մեծացնելու համար: «Հայկական չգրված սոցիալիզմը» նա կորակեր որպես հակաժողովրդական կարգեր:
Եթե Հայեկը ապրեր Հայաստանում, ապա կհայտարարվեր ապազգային, բանակի թշնամի, իսկ
տնտեսական աճի մասին նրա տեսությունը` ցեղասպանության ճանաչման ու մյուս հրատապ
ազգային խնդիրների հետ չառնչվող, հետեւաբար` երկրորդական գործոն: Նա համարում էր, որ
ետպատերազմյան Եվրոպայում ձեւավորվել էր մի դասակարգ, որը բաղկացած էր քաղաքական գործիչներից
եւ պետական չինովնիկներից, որոնք ցանկանում էին մեծացնել եկամուտները, լայնացնել
իրենց լծակներն ու մասնաբաժինը շուկայից ու նրանք միշտ կարողանում են գտնել
բազմաթիվ «ազգային» ու «օբյեկտիվ» պատճառներ այդ գործընթացը հիմնավորելու համար:
