Ազգային մտածողության բեկման անհրաժեշտությունը

Ֆրանսիացի ականավոր փիլիսոփա Ռենանի համոզմամբ` ազգ ձեւավորելու կարեւոր
նախապայմաններից է սեփական պատմության նկատմամբ ունեցած առասպելականացված
պատկերացումը, ինչը ոգեւորում է մարդկանց ու վարակում հայրենասիրությամբ:

Սակայն, երբ սխալ պատկերացումը, առասպելներն իրականության տեղ լրջորեն ընդունած
մարդիկ քաղաքական դերակատարումներ են ստանձնում, դառնում պետության շինարարներ
, տուժում է ողջ հասարակությունը` պետությունն ընդհանրապես: Իսկ երբ մտավոր
վերնախավն է սկսում կուլ գնալ առասպելականացված պատմության ավանդույթներին, այդժամ
սկսվում է մշակութային գահավիժումը: 19-րդ եւ 20-րդ դարերի իրադարձությունները
իրենց անժխտելի ազդեցությունն են թողել մեր ժողովրդի աշխարհայացքի ձեւավորման վրա:
Վերջին երկեւ հարյուր տարիների ընթացքում մեր քաղաքական եւ ազգային
պատկերացումները դաստիարակվում են Րա‎ֆ‎Ֆու պատմավապերով, այնինչ այդ ընթացքում
քաղաքակրթությունը շարունակել է զարգանալ, որի ընթացքում փոխվել է անգամ ազգ
հասկացության սահմանումը: Ժամանակակից արեւմտյան քաղաքակրթության համար ազգը
գերազանցապես քաղաքացիական հասկացություն է:



Ինքներս մեզ հասկանալու համար հույժ անհրաժեշտ է ճիշտ գնահատել ու հասկանալ այդ
ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերի տրամաբանությունը եւ քաղաքական
կատեգորիաների բովանդակությունը: Երբեմն լսելով մերօրյա հայ քաղաքական գործիչների,
մտավորականների տարբեր առիթներով արտահայտած մտքերը, այն տպավորությունն ես
ունենում, թե ժամանակի սլաքը երկու հարյուր տարով ետ է գնացել:

Մենք շարունակում ենք www.hra.am կայքում
ծանոթացնել արեւմտյան քաղաքական մտքին: Այս անգամ մեր մեկնաբանություններով
կներկայացնենք հատվածներ Է.Հոբսբաումի «Ազգը եւ ազգայնականությունը 1780 թվականից
հետո» աշխատությունից, որը, ըստ էության, արտահայտում է Արեւմուտքում տարածված
տեսակետներն ազգերի եւ պետությունների առաջացման ու նրանց դերի վերաբերյալ:



«Տարածված այն տեսակետը, թե ազգերը ձեւավորվել են վերջին երկու հարյուրամյակների
ընթացքում, արդեն ընդունված փաստ է, սակայն փոքրաթիվ չեն նաեւ նրանք, ովքեր
համարում են, թե ազգը վերպատմական, վերժամանակային, ի սկզբանե գոյություն
ունեցած եւ անփափոխ երեւույթ է: Այդ պատճառով ավելորդ չէ նկատել, որ անգամ դրան
վերաբերող տերմինաբանություն է ձեւավորվել պատմության վերջին ժամանակահատվածում»:

Շատ հայերի համար այս պնդումը վիրավորական է եւ անընդունելի այն պարզ պատճառով, որ
դա համարում են ապազգայինների հյուսած որոգայթ` ուղղված ընդհանրապես ազգային
զգացմունքների, ի մասնավորի` հայ ազգի դեմ, այն դեպքում սակայն, երբ իրականում
խոսքն ազգ` քաղաքական ու քաղաքացիական կատոգորիաների / այլ ոչ թե էթնոսի/
մասին է, որոնք սկսեցին դրսեւորվել 19-րդ դարից սկսած:

19-րդ դարի վերջին, երբ Իտալիան վերամիավորվեց, նոր երկրի հայրերից մեկը`
Դ'Արդզոլիոն, ասաց. «Մենք ստեղծեցինք Իտալիան, այժմ` պետք է ստեղծենք
իտալացիներին»: Իսկ Լեհաստանի ապագա ազատարար գնդապետ Պիլսիդսկին, ասես
շարունակելով այդ միտքը, ասում էր. «Ոչ թե ազգն է ստեղծում պետություն, այլ
հակառակը` պետությունը` ազգ»:



Գրականության մեջ հանդիպող ազգ բառը հիմնականում օգտագործվում է որպես
քաղաքական հասկացություն: Ամերիկյան եւ Ֆրանսիական հեղափոխությունների ազդեցության
տակ` ազգի եւ պետության միջեւ հավասարության նշան է դրվում:

Ազգային պետություն հասկացությունը շրջանառության մեջ դրվեց 19-րդ դարում,
որն առաջին հերթին նշանակում է ոչ թե «մեկ ազգ, մեկ պետություն», այլ այն, որ ազգը`
հասարակության անդամները` քաղաքացիները, հպատակից վերածվում են քաղաքացու,
մասնակցում պետության կառավարմանը, միավորվում` ընդհանուր շահերի ու մշակույթի
շուրջը: Արեւմուտքում դա են հասկանում ազգ հասկացության տակ, եւ ոչ երբեք`
էթնիկական պատկանելությունը, ինչի պատճառով էլ միջին հայի եւ արեւմուտքի քաղաքացու
միջեւ տեղի ունեցող «ազգային» խոսակցություններն ուղեկցվում են թյուրըմբռնումներով:

Ժամանակակից աշխարհում ազգը քաղաքական հասկացություն է, որը զուգորդվում է
պետության, քաղաքացիական իրավունքների եւ պարտականությունների հետ:

«Ժամանակից աշխարհում ազգ է համարվում քաղաքացիների այն հանրույթը, որի
իրավունքները թույլ են տալիս նրան մասնակցել երկրի կյանքին` դրանով իսկ պետությունը
դարձնելով հայտնի չափով իրենցը: Դեմոկրատիան թույլ տվեց պետությանը եւ
իշխանություններին լուծել իրենց համար կենսական նշանակության մի խնդիր. սեփական
քաղաքացիների մոտ ձեռք բերել լեգիտիմ կարգավիճակ անգամ այն դեպքերում, երբ
քաղաքացիները դժգոհ են»: Մենք` հայաստանցիներս, լավ գիտենք, թե ինչ է լինում, երբ
իշխանությունները կորցնում են այդ կարգավիճակը: Շարունակվող արտագաղթը թերեւս այն
բանի վկայությունն է, որ մենք` որպես ազգ վերոհիշյալ իմաստով դեռեւս չենք
ձեւավորվել եւ ինքներս մեր երկրի տեր տակավին չենք զգում: Մենք կա՛մ խնդրողի, կա՛մ
դժգոհողի կարգավիճակում ենք:

Այսպիսով, մեզ մոտ դեռեւս բացակայում է ազգի ընկալումը ժամանակակից իմաստով.
ակնառու են նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման անտեսումը, միայն էթնիկական
զգացմունքների վրա խարսխված, ոչ մի կոնկրետ պարտավորություն չենթադրող, եթերային,
չկարգավորված պատկերացումների գերակայությունը: Մի՞թե զավեշտ չէ այն, որ նախկին
«ապազգային» իշխանության օրոք այդքան քարոզվող անկախությունը «ազգայինների» օրոք ոչ
միայն մոռացության է մատնվում, այլեւ երբեմն մատուցվում է քամահրանքով:

«Էթնիկական կապերը ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակակից ազգի, այսինքն` ազգային
պետության, կամ եթե կուզեք` ընդհանրապես պետության ձեւավորման հետ: Կարելի է պնդել
անգամ, որ այն ժողովուրդները, որոնք ցեղային բնորոշ հատկությունների
կրողներն են, ոչ միայն դիմադրել են դրսից իրենց պարտադրված ժամանակից պետություն
ստեղծելու փորձերին, այլեւ` հրաժարվել են ընդունել որեւէ տիպի պետության
անհրաժեշտությունը»:

Հարկ է նկատել նաեւ, որ որքան էթնիկական զգացմունքները եւ նպատակներն ավելի լայն
են, ավելի եթերային ու իռացիոնալ, այնքան, ցանկության դեպքում, արտաքին

որոշ ուժերի կողմից ավելի հեշտությամբ են օգտագործվում` խոչընդոտելով պետության
կերտման եւ բարգավաճման գործին:

Այսօր Հայաստանի արտաքին ուժերի համար մի անպաշտման դաշտ է, որտեղ կարելի է
ազատորեն ներթափանցել տարբեր նպատակների համար: Նույնիսկ քաղաքական ուժերն իրենց
ռազմավարությունները կառուցում են, ելնելով արտաքին ազդեցությունների
տրամաբանությունից: Մենք անպաշտպան ենք, որովհետեւ մեր քաղաքական միտքը իռացիոնալ է
եւ բացակայում են քաղաքացիական արժեքները:



«Այնուամենայնիվ, ինչ կապ էլ գոյություն ունենա 19-րդ դարում մոդեռնիզացված
պետության եւ ազգայնականության միջեւ, պետություններն ազգայնականության մեջ տեսնում
էին պետական հայրենասիրությունից տարբերվող հատուկ մի ուժ, որի հետ հարկ էր հաշվի
նստել եւ ընդհանուր եզրեր որոնել: Եթե հաջողվում էր դա համակցել պետական
հայրենասիրությանը, ապա կառավարության ձեռքին հայտնվում էր հիրավի հզոր մի ուժ:
Քաղաքացիների շրջանում ազգայնական զգացմունքների տարածումը կառավարություններին
ձեռնտու էր` ներքին խնդիրները լուծելու առումով: Եվ հակառակը, ոչինչ այդքան չէր
խթանում ազգայնականությանը, որքան միջազգային հակամարտությունները»: Որոշակի
դեպքերում ազգային զգացմունքները կարող են խթանել պետությանը` իր առջեւ դրված
խնդիրները լուծելիս, որոշ դեպքերում, սակայն, վնասել նրա կենսական շահերին: Վերջին
ժամանակաշրջանի պատմությունը լի է նման դեպքերով: Պետական հայրենասիրության եւ ոչ
պետական ազգայնականության սերտաճումը քաղաքականապես շատ վտանգավոր նախաձեռնություն
կարող է դառնալ... Պարադոքսային է, սակայն փաստ, որ, ըստ էության, 19-րդ դարում
ծագած ազգայնականության նոր տիպը իր հավատարմությունն էր հայտնում ոչ թե կոնկրետ
պետությանը, այլ պետության իր տարբերակին: Այլ կերպ ասած, ստեղծում էր
որոշակի գաղափարական կոնստրուկցիա»:



Դաշնակցական տեսլականները, որոնք ութսունականներին սփյուռքից ներթափանցեցին
Հայաստան, 19-րդ դարից պահածոյացված ազգային-հեղափոխական շարժումներից մնացուկներն
են, որոնց հակասությունները պետության հետ արտահայտվել ու դեռեւս արտահայտվելու են:
Այդ հակասությունները արտահայտվում են Դաշնակցության սփյուռքյան ու հայաստանյան
թեւերի միջեւ, ինչից դեռ հաջողվում է խուսանավել ներկուսակցական ճնշումների եւ
կենտրոնացված կառուցվածքի շնորհիվ, սակայն դա երկար չի կարող տեւել:

Նման հնացած ազգային կոնստրուկցիաներ է առաջարկում նաեւ Հայ Առաքելական եկեղեցին,
որոնք կարող են ինչպես նպաստել պետության կայացմանը, այնպես էլ լրջորեն վնասել:
Ցավոք, այսօր այդ դիսկրետ, չհամակարգված, քաղաքացիական հասարակության կայացումը
խաթարող առաջարկները խոչընդոտում են պետության կայացմանը: Ըստ էության փորձ
է արվում վերականգնել ցողակրոնական պատկերացումների վրա հիմնված համայնքի
կոնցեպցիան, որն կարող է գոյատեւել միայն իզոլացիայի պայմաններում, այն էլ որեւէ
երրորդ` շահագրգիռ կողմի ռեսուրսների առկայությամբ:

Այսօր մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ քաղաքացիական-պետական արժեքները
կարող է առաջացնել ազգային մտածողության բեկում, որը կարող է կանգնեցնել մեր
գահավիժումը: