NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր օրենքի նախաշեմին
Նոր օրենքի նախաշեմին
2004թ. դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետին առընթեր կրոնի հարցերով
խորհրդի նիստ, որի ժամանակ
խորհրդի անդամներին ներկայացվեց 6-7 փաստաթուղթ (հավելված), այն է` «Խղճի
ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի հայեցակարգի
սկզբունքները» (հավելված 1), «Կրոնական կազմակերպությունների առկայության
հայտարարագրումը եւ գրանցումը» (հավելված 2), «Կրոնական կազմակերպության
փորձաքննությունը ի՞նչու եւ ի՞նչն է ենթարկվում փորձաքննության» (հավելված 2.1),
«Կրոնական կազմակերպության գործունեության վերահսկողությունը» (հավելված 3), «ՀՀ
քաղաքացիական, վարչական, քրեական օրենսգրքում եւ մշակույթին, առողջապահությանն ու
կրթությանը վերաբերող օրենքներում կրոնի վերաբերող օրենքին առնչվող հնարավոր փոփոխությունների
հարցը» (հավելված 4), «Կրոնական գործունեությանն առնչվող օրենքում տերմինների,
բառակապակցությունների հարցը եւ տերմինների ցանկը» (հավելված 5), «Կրոնին վերաբերող
առարկայի ուսուցումը Հայաստանի հանրակրթական դպրոցներում» (հավելված 6):
Վերնագրերի թվարկումն անգամ վկայում է, թե ինչ բազմակողմանի եւ լուրջ խնդիրներ են
իրենց առջեւ դրել նշված Հավելվածները պատրաստողները: Խորհրդի անդամներից պահանջվում
էր մինչեւ 2005թ. փետրվարի 15-ը ուսումնասիրել 1-4 Հավելվածները եւ ներկայացնել
առաջարկություններ: Մեկուկես ամիսը նման լրջագույն փաստաթղթերին մանրակրկիտ
ծանոթանալու համար եւ՛ շատ է, եւ՛ քիչ: Քիչ է, որովհետեւ այդ փաստաթղթերը պետք է
տող առ տող քննարկվեն, քանի որ, հետագայում, նրանք դառնալով օրենքի տող` վճռելու են
կրոնական կազմակերպություններին ու նրանց անդամներին առնչվող բազմաթիվ հարցեր:
Եթե այդպես է, ուրեմն առաջինը բացենք Հավելված 1-ը եւ կարդանք առաջին
նախադասությունը. «Հայաստանի կրոնական առկա իրավիճակը ձեւավորվել է «Խղճի
ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունման պահից ի վեր
եւ, հաշվի առնելով ի հայտ եկած բոլոր իրողությունները ...» առաջարկվում է օրենքը
վերանայել: Իսկապե՞ս օրենքի ընդունումից, ավելի ճիշտ` «ընդունման պահից» ի վեր է
ձեւավորվել կրոնական առկա իրավիճակը, թե՞ այն հարյուրամյակներով ընթացող
գործընթացների արդյունք է: Գուցե այստեղ խոսքը Հայ Առաքելական Եկեղեցուն չի
վերաբերում, այլ` մյուսներին, բայց մյուսներից շատերը եւս 1991-ից հետո չէ, որ
սկսել են իրենց գործունեությունը: Օրինակ եզդիները, որոնք հարյուրամյակներ ի վեր
ապրում են հայոց հողում: Կաթողիկե Եկեղեցու պատմությունը եւս Հայաստանում մի քանի
հարյուրամյակներով է հաշվվում, Ռուս Ուղղափառ Եկեղեցին Արեւելյան Հայաստան է մուտք
գործել ռուս զինվորների հետ դեռեւս 19-րդ դարի սկզբին, Ռուս Մոլոկանները եւս այդ
դարում են հաստատվել Հայաստանում, Հայ Ավետարանական Եկեղեցին էլ այդ ժամանակներից
Հայաստանում եւ Արցախում համայնքներ ուներ: Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանական (նաեւ
Մկրտական) եւ յոթերորդ օրվա ադվենտիստների Եկեղեցիները պաշտոնապես գրանցվել են
դեռեւս 1920-ական թվականներին: Եհովայի վկաները, անթրոպոսոֆիստները, բահայները,
կրիշնայականները, հիսունականները Հայաստան են մուտք գործել դեռեւս խորհրդային
տարիներին: Պետք է նշենք, որ մինչեւ անկախացումը Հայաստանում գործած 14 կրոնների ու
հարանվանությունների պատկանող կազմակերպություններից 9 գրանցված էր: Դրանք էին`
1. Հայաստանյայց Առաքելական եկեղեցին
2. Հայ Կաթողիկե եկեղեցին
3. Ռուս Ուղղափառ եկեղեցին
4. 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցին (շաբաթապահ գալստականներ)
5. Մոլոկանները
6. Հիսունականները (Ավետարանի հավատքի քրիստոնյաները)
7. Ավետարանական - քրիստոնյա բապտիստների եկեղեցին
(մկրտականները եւ ավետարանականները մեկ գրանցումով)
8. Մահմեդականները
9. Կրիշնայականները
Այնպես որ, Հայաստանի կրոնական առկա իրավիճակը ձեւավորվել է ոչ թե «Խղճի ազատության
եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունման պահից ի վեր, այլ,
ինչպես նշվեց երկարատեւ գործընթացի արդյունք է:
Սա ընդամենը առաջին նախադասության թռուցիկ վերլուծությունն էր: Մենք պարբերաբար
կվերլուծենք եւ կայքի հաճախորդներին կներկայացնենք այդ նախագծի վերաբերյալ մեր
տեսակետները, իսկ այժմ ձեզ ենք ներկայացնում հիշյալ փաստաթղթի մի քանի զավեշտական
հատվածներ:
Այսպես, նոր օրենքի նախագծի «սահմանափակումների» բաժնում առաջարկվում են որպես
կազմակերպությունների չգրանցման համար կամ գործունեության սահմանափակում համարել .
- «հասարակության առանձին անդամների, կամ` նրա առանձին շերտերի,
մասերի խմբերի կողմից հասարակության համար պետության կողմից առաջարկված
համընդհանուր մշակութային արարողություններին մասնակցության մերժում եւ
հասարակության մշակութային ամբողջության խաթարում»,
- «հասարակության կամ նրա առանձին խմբերի, անհատների անհատական
եւ հասարակական պասիվության քարոզչությունը»,
- հասարակության տրոհում միմյանց հակադիր, կամ նույնիսկ թշնամի
մասերի եւ այլն»:
Նախագծի հիմնադրույթներում առաջարկվում է գրանցման համար անհրաժեշտ փորձաքննություն
անցնելու ժամկետը հասցնել 1 տարի ժամանակի, իսկ եթե «նորամուտ է»` 6 տարի եւ «այդ
տարիների ընթացքում պետք է ապացուցեն իրենց մարդասիրական բնույթը»: Գրանցման համար
պետք է ներկայացնել 200 անդամների անձնագրային տվյալներն ու բնակության հասցեները:
«Գրանցման համար դիմած կրոնական կազմակերպության ծեսերին, արարողություննեին,
հավաքույթներին, ժողովներին մեկ տարի պետք է մասնակցեն հոգեբանն ու հոգեբույժը, եւ
հետո տեղեկանք տան այն մասին, որ այն վտանգ չի ներկայացնում անձի հեգու եւ խմբի
կայուն վարքի համար / տեղեկանքի ձեւը մշակել/»: «Սոցիալական փորձաքննության մեկ
տարվա ընթացքում սոցիալական ծառայողները/ կրոնագետի հետ միասին/ պետք է պարբերաբար
այցելեն կրոնական ուղղության հետեւորդների ընտանիքները եւ համոզվեն, որ կրոնական
կազմակերպության հետեւորդների ընտանիքներում կրոնական տվյալ ուղղությանը հետեւելու
պատճառով ծանր, քայքայիչ հետեւանքներ չեն առաջացել եւ այլն»: Ըստ էության
առաջարկվում է ստեղծել կրոնական ոստիկանության ծառայություն:
Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել «18 տարի լրացած անդամների անձը հաստատող
տվյալներ» եւ «տեղեկանք» այն մասին, որ «ղեկավար կազմը չի տառապում որեւէ փսիխոտիկ
եւ ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներով, թմրամոլությաբ, ալկոհոլիզմով` անձի
դեգրադացիայի երեւույթներով եւ տեղեկանք դատախազուությունից այն մասին, որ իրենց
հետեւորդների մեջ չկան անդամներ, որոնք ենթարկվել են կրոնական պրակտիկայի
հետեւանքով հանցագործությամբ դատական հարկադրանքի»:
Այս եւ նման այլ դրույթները կորող են մարդու իրավունքներ կոպիտ խախտումների պատճառ
հանդիսանալ:
Կարդացեք ՀՀ վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի նիստի նյութերը (pdf,
145 kb)
