NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Պատրա՞ստ ենք արդյոք ժողովրդավարությանը
Ընդունված է ասել, որ երկրում ժողովրդավարության
հաստատման առումով Հայաստանը նշանակալի ետընթաց է ապրում 1991 թվականից ի վեր:
Վերլուծաբանները առ այսօր տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել,
պայմանավորելով այն մի շարք պատճառներով` անցումային փուլի գործոն, պատերազմական
իրավիճակի ազդեցություն եւ այլն: Բայց չգիտես ինչու լուրջ ուշադրություն չի
դարձվում կարեւոր մի գործոնի, որն է հանրության պատրաստվածության աստիճանը:
Փորձենք քննել այն եւ պարզել, թե ժողովրդավարացմանը նպաստող ի՞նչ ավանդույթներ է
մշակել մեր հանրությունն իր պատմության վերջին դարում եւ ինչպե՞ս է այն իրեն
դրսեւորել երեք հանրապետություններից յուրաքանչյուրում:
Առաջին հանրապետություն. ընտրություններ եւ ընտրակեղծիքներ
Արդի հայ քաղաքական միտքը ընտրությունների իրական արդյունքների «ուղղման» նախասկզիբ
է համարում 1995 թվականը, իսկ լայնամասշտաբ մեկնարկ` 1996 թվականի նախագահական
ընտրությունները: Մինչդեռ անհասկանալի կերպով մեզանում փորձ չի արվում քննել, թե
ժողովրդավարության որպիսի մակարդակ էր տիրում 20-րդ դարասկզբն հանրապետություն
հռչակված Հայաստանում:
Ետ տանենք պատմության ավելի քան ութսուն տարի անձեռնմխելի մնացած վարագույրը եւ
տեսնենք, թե ժողովրդավարական ի՞նչ ավանդույթներ են մշակել եւ մեզ ժառանգել մեր
նախնիները:
Եվ այսպես, 1919 թվականի մայիսի 4-ին տեղի ունեցան Ալեքսանդրապոլի Քաղաքային
Դումայի ընտրությունները: Մայիսի 6-ին Երեւանի օկրուգային դատարան ներկայացված
դիմումում Հայաստանի Ժողովրդական Կուսակցության Ալեքսանդրապոլի Կոմիտեն գրում էր.
«Չնայած, որ Ընտրական օրենքում եւ Նակազում խիստ որոշակի ասված է` ծրարները եւ
անձնական վկայականը ընտրողը ինքը պետք է ստանա ընտրական տեղամասում այն ժամանակ,
երբ կգան դրանք ստանալու, այնուամենայնիվ, Դաշնակցություն կուսակցության անդամները
եւ այն կողմնակիցները, որոնք ընտրական հանձնաժողովների կազմում էին, կատարել են
անթույլատրելի օրենքի խախտում եւ, տեղամասերը իրենց մեջ բաժանելով, շատերին
հանձնեցին ծրարները եւ անձնական վկայականները, դրա հետ մեկտեղ վարելով նախընտրական
ագիտացիա, որը պաշտոնյա անձանց համար բոլորովին անթույլատրելի է: Ընտրողների տները
շրջելով` հիշյալ պարոնները բռնի կերպով վերցնում էին նրանց ստացված այն կուսակցական
քվեաթերթիկները, ում օգտին ընտրողները ցանկանում էին քվեարկել, եւ նրանց էին
հանձնում իրենց քվեաթերթիկները, ջանալով խաբել միամիտ քաղաքացիներին, ներշնչելով
այն միտքը, որ այլ կուսակցությունները ցուցակում ներկայացված են ձեւի համար, որ չեն
անցնի»:
Վերը նշվածը հիմնականում ընտրողներին մոլորեցնելու ոլորտից է: Իսկ թե ո՞ր չափով էին
ժողովրդավարական հռչակված Հանրապետության իշխանությունները նախանձախնդիր մարդու
անմիջական իրավունքների պահպանման իրենց պարտականությունների կատարման գործում`
վկայում է հիշյալ դիմումի մեկ այլ հատված. «Քաղաքով մեկ բոլոր ծայրերն են ուղարկվել
զենքով ու մտրակներով ձիավորներ, որոնք բռնությամբ ստիպում էին ընտրողներին,
հիմնականում ծերերին ու հիվանդ կանանց, որպեսզի նրանք քվեարկեն հօգուտ հ. 2
ցուցակի: Դաշնակցություն կուսակցության անդամները` մեծից փոքր, այդ թվում նաեւ
Հայաստանի Խորհրդարանի անդամները, որոնք հատուկ ժամանել էին ընտրությունների
կապակցությամբ, Նակազին հակառակ, ընտրական տեղամասերում ու դռների մոտ տանում էին
ուժեղ ագիտացիա, խլելով ընտրողների ձեռքերից քվեաթերթիկները եւ խցկելով
Դաշնակցություն կուսակցության քվեաթերթիկները: Հակառակ դեպքում` սպառնում էին
հաշվեհարդարով: Առանց ամոթի, նույնանման գործողություններ նրանք կատարում էին նաեւ
մտավորականության թվին պատկանող անձանց նկատմամբ»:
Նախընտրական այսպիսի քարոզչությունը պատճառ դարձավ ընտրություններին մասնակցելուց
մասսայաբար հրաժարվելու /83 տոկոս/: Իսկ ինչպիսի՞ն էր բուն ընտրությունների
գործընթացը: Խոսքը տանք պատմագրությանը. «Նկատի ունենալով, որ ընտրողների
աբսենտիզմը /ընտրողների խուսափելը ընտրություններին մասնակցելուց-Ա.Պ./ հասել է
վիթխարի չափերի, ինչպես նաեւ այն, որ ցուցակներում նշված շատ ընտրողներ քաղաքից
բացակայել են, Դաշնակցություն կուսակցության անդամները նշված անձանց անձնական
վկայականները բաժանել են այն փախստականներին, որոնք ժամանակավորապես գտնվում են
Ալեքսանդրապոլ քաղաքի տարածքում: Որոշակի վարձատրության եւ Դաշնակցություն
կուսակցության կողմից վարձու բռնացողների հարկադրմամբ, վերջիններս խմբերով գալիս էին
քվեարկելու հ. 2 ցուցակի օգտին: Որոշ ընտրական տեղամասերից հափշտակվել էին ընտրական
ծրարներ, եւ դրանց մեջ դնելով հ.2 քվեաթերթիկները, պրոլետարական տոնի` մայիսի 1-ի
օրը զուռնայի հնչյունների տակ, բաժանել էին հավաքված հսկայական ամբոխին: Քաղաքային
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա է դաշնակների կողմից կատարված անձանց դեմ
բռնությունների, կեղծիքների մասին վավերացված արձանագրությունների մի զանգված»:
Իրենց քաղաքացիական իրավունքները ոտնահարելու կապակցությամբ Երեւանի Օկրուգային
դատարան էին դիմել նաեւ Ալեքսանդրապոլ քաղաքի ընտրողները. «...ընտրական
հանձնաժողովի նախագահները հսկողություն չէին իրականացնում, որպեսզի ընտրողների վրա
չլինեն ճնշումներ եւ չտարվի նախընտրական ագիտացիա: Հ.1 ընտրական տեղամասում ...
ընտրող Լեւոն Գյոդակյանը, իր շուրջը հավաքելով Ալեքսանդրապոլի գյուղացիներին, բռնի
կերպով նրանց խցկում էր Դաշնակցական կուսակցության ընտրական հ.2 թերթիկները,
անցնելով նույնիսկ սպառնալիքների: ... Հ. 7 տեղամասում ագիտատորները ընտրական
թերթիկները փոխում էին հ.2ով: Հ.8 տեղամասում բազմաթիվ ընտրողներ, չիմանալով օրենքը,
միաժամանակ մի քանի թերթիկ էին գցում քվեատուփի մեջ: Ընտրողների ցուցակում մտցված էին
անչափահասներ»:
Պարզվում է` ընտրակաշառքը որպես երեւույթ շատ ավելի վաղեմի պատմություն ունի մեր
հասարակության կյանքում, քան կարծում են ներկայիս քաղաքական գործիչները.
«Դաշնակցության անդամ Ավագ Հարությունյանը հաց էր բաժանում քաղաքացիներին,
ընտրողներին` ասելով, որ նրանք, ովքեր որ հ.2 թերթիկի օգտին ձայն չեն տա, այլեւս
հաց չեն ստանա: ... Դաշնակցական ագիտատորները... հավաստիացնում էին, որ թուրքերի
կողմից պատճառած վնասի հատուցումը կստանան միայն նրանք, ովքեր իրենց ձայնը կտան հ.2
ցուցակի օգտին: ... Քաղաքացի Մոսո Աբոեւի սպասուհին բարձրաձայն իր վրդովմունքն էր
հայտնում, ասելով, թե ճղճղանի միջոցով խոստացել էին, որ նրանց, ովքեր կքվեարկեն
հ.2-ի օգտին, կտան մեկ ֆունտ հաց, բայց այսօր նորից կես ֆունտ տվեցին»:
Ներկայացնելով պատմական սույն փաստերը, ամենեւին հակված չենք զեղծարարության եւ
ժողովրդավարությունից շեղումների մեջ մեղադրել այն ժամանակվա իշխող կուսակցությանը,
մեր խնդիրը, ինչպես վերը նշվեց, պարզելն է, թե հայ հանրությունը ո՞ր չափով է
իրականում պատրաստ ժողովրդավարական չափանիշներով ապրելու ընդունակ հասարակություն
դառնալու համար: Իսկ դա իմանալ նախեւառաջ անհրաժեշտ է մեր քաղաքական գործիչներին,
որպեսզի նրանց քայլերն ու նախընրական ծրագրերը դադարեն լինել ուտոպիայի ժանրից եւ
չհանգեցնեն հերթական հուսալքության:
Այստեղ հարկ է նկատել, որ ինչպես այժմ, նույնպես էլ դարասկզբի քաղաքական միտքը
իրավիճակի լուրջ վերլուծություններ անելու, ժողովրդի պատրաստվածության աստիճանը
գնահատելու, տխուր պատմությամբ պայմանավորված մի շարք բացասական հատկանիշների
ազդեցությունը հաշվի առնելու, դրանց խորությունը պարզելու եւ դրանցից ձերբազատվելու
հիմնավորված ուղիներ առաջարկելու փոխարեն բոլոր դժվարությունները պայմանավորում էր
իշխող կուսակցության գործունեությամբ:
Խորհրդային շրջան
Խորհրդային ռեժիմն իր անվտանգ գոյությամբ մտահոգված՝ յոթանասուն տարում հասցրեց
վերջնականորեն ձեւավորել մարդու ձեւախեղված մի տեսակ, որը գիտությանը հայտնի է հոմո
սովետիկուս անվամբ: Դա իրավիճակին հարմարվելուն վարժեցված, անըմբոստ, զգուշավոր,
սեփական պատյանի մեջ պարփակված, իշխանական հզոր համակարգի առջեւ ստրկացված մարդն
էր, որի գիտակցության մեջ դաջված էր «ինձանից ոչինչ կախված չէ, ես ոչինչ փոխել չեմ
կարող»՝ հասարակական կյանքի կարգավորման գործում իրեն ոչ մի դեր չվերապահող թեզը:
Արդյունքում` հանրապետություն հռչակված Հայաստանում պարբերաբար անցկացվող
ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրատեղամաս չէին այցելում, բայց փաստաթղթերն
արձանագրում էին 99.99 տոկոս մասնակցություն:
Ընթերցողն ինքն ապրել է այդ միջավայրում, իր մաշկի վրա զգացել խորհրդային համակարգի
ազդեցությունը, այնպես որ այս հարցին հանգամանորեն չենք անդրադառնա: Փաստենք միայն,
որ մարդու այս տեսակը վատ «շինանյութ» է քաղաքացիական հասարակարգի կառուցման համար:
Մեր որոշ վերլուծաբաններ /մասնավորապես` իրավապաշտպան Վարդան Հարությունյան/ այս
վերջին բնորոշումը համարում են մեղմ եւ կարծիք հայտնում, թե քանի դեռ հասարակության
մեջ գերակշիռ եւ գերիշխող դեր է կատարում խորհրդային համակարգի ներսում հասունացման
հասած սերունդը, ապա անհնար է ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության
կայացումը Հայաստանում:
Երրորդ հանրապետություն
Այսպիսով, 1991 թվականին Հայաստանը ինքնիշխան հանրապետություն հռչակելով, մենք,
որպես հանրություն, չունեինք նորմալ ընտրություններ անցկացնելու ավանդույթ: Այդ
դեպքում հարց է առաջանում, թե ինչպե՞ս մեզ հաջողվեց առաջին նախագահական
ընտրություններն անցկացնել, ինչպես հիմա է ընդունված ասել, միջազգային չափանիշներին
համապատասխան:
Եթե ընդունում ենք, որ 1991 թվականին տեղի ունեցածը ընտրություններ էին դասական
չափանիշներով, ապա, հաշվանքի սկզբնակետ ընդունելով այդ տարեթիվը, պիտի արձանագրենք,
որ այդուհետ տեղի է ունեցել էական նահանջ ժողովրդավարությունից, ինչպես եւ մտածում
են գրեթե բոլորը: Բայց եւ մյուս կողմից վերը համառոտ ներկայացված մեր ժողովրդի
անցյալից հետեւում է, որ նա պիտի անցկացներ ճիշտ եւ ճիշտ այնպիսի ընտրություններ,
որպիսիք եղան սկսած 1995 թվականից:
Խնդրի մեջ պարզություն է մտնում, եթե վերհիշում ենք տասնչորս տարվա վաղեմության
իրադարձությունները` երկրում ընթանում էր ազգային-ազատագրական պայքար Արցախի համար
եւ լիբերալ-դեմոկրատական տարրը երկրորդական, անգամ չորրորդական դերակատարություն
ուներ համահասարակական շարժման մեջ: Եվ առանց սխալվելու կարելի է պնդել, որ առաջին
նախագահական ընտրությունների օրը քվեախցերին մոտեցող մարդիկ ընտրություն էին
կատարում ոչ թե իրենց ներկայացված ծրագրերի միջեւ /հետագայում ընտրված թեկնածուն
անգամ ծրագիր չուներ/, այլ այդ կերպ պարզապես, ազգային-ազատագրական պայքարի
էյֆորիայի մեջ, մերժում էին իշխանական հին համակարգը` պատկերացում չունենալով, թե
իրենից ինչ է ներկայացնելու նոր եկողը: Բայց ոչ միայն հասարակությունն ինքն էր
գաղափարապես անպատրաստ ընտրություններին, այլեւ ձեւավորված չէին այն ինստիտուտները,
որոնք երաշխավորելու էին ընտրությունների օրինականությունը եւ ապահովելու էին
արդարության հաղթանակը ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր վեճերի
դեպքում: Այսինքն, եթե չլիներ էյֆորիան, չէին կարող լինել նաեւ ժողովրդավարականին
նման ընտրություններ: Ինչը եւ փաստվեց չորս տարի անց:
Այսպիսով, եթե 1991 թվականին տեղի ունեցածը հասարակության պատրաստվածության առումով
որպես դասական ժողովրդավարական ընտրություններ համարենք վիճարկելի, ապա մեզ համար
պարզ եւ կանխատեսելի են դառնում հետագա տարիներին տեղի ունեցած քաղաքական խոշոր
իրադարձությունները: Եվ ստացվում է, որ ոչ թե սկսած 1991 թվականից մեզանում տեղի է
ունենում շեղում ժողովրդավարությունից, այլ մենք էյֆորիայի տակ կատարած
ընտրություններից հետո հետզհետե «վերագտնում ենք մեզ» եւ անցկացնում այնպիսի
ընտրություններ, որոնք բխում են քաղաքակրթության մեր աստիճանից: Այնպես որ հիմա
առանձնակի չենք անդրադառնա 1995-2003թթ. տեղի ունեցած ընտրությունների արդարությանն
ու անարդարությանը:
Էլեկտորատ
Հետաքրքրականն այն է, որ մեր հանրությունն այդպես էլ չսովորեց /չսովորեցրին/ հեռու
մնալ էյֆորիաներից եւ ընտրություն կատարել, այսպես ասած, սթափ ուղեղով, որի դեպքում
նվազագույնի է հասնում հաղթանակի դեպքում հույսերի հետագա փլուզման
հավանականությունը:
1995 եւ 1996 թվականների ընտրություններին մեր հանրությունն առաջնորդվում էր ոչ թե
սթափ դատողությամբ, այլ գլխավորապես տուրք էր տալիս ատելությանն ու մերժման տենչին,
իսկ դրանք վատ խորհրդատուներ են: Մյուս կողմից, այդ տարիներին մենք չունեինք /հիմա
էլ չունենք/ արդյունավետ ընտրություն կատարելու ընդունակ էլեկտորատ, որն իր
գերակշիռ մասով հասու լիներ հասկանալու, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում երկրում,
զանազաներ դժվարությունների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, կարողանար
վերլուծել, թե երկրորդ անգամ քվե հայցող, գործող նախագահը իրականում ո՞ր չափով է
պատասխանատու ստեղծված կացության համար, հաշվարկեր, թե առաջարկվող ծրագրերից ո՞րն
է, հաշվի առնելով իրական դժվարությունները, իրագործելի լուծումներ առաջարկում եւ
այլն:
Գլխավորապես դա էր պատճառը, որ թե 1998-ի, թե 2003-ի ընտրություններին հանրությունն
իր գերակշիռ մասով տրվեց կարոտաբաղձությանը /երկրորդ դեպքում` շատ ավելի
անհասկանալի կերպով/, երեւույթ, որը եւս առնչություն չունի ընտրության
արդյունավետության հետ:
Երբ 1995 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրերին ԱԺ իշխանամետ մի
պատգամավոր կասկածի տակ առավ մեր էլեկտորատի քաղաքական հասունության մակարդակը, այն
ժամանակվա ընդդիմությունը մամուլային հզոր մի համազարկ ուղղեց սույն պատգամավորի
դեմ, համարելով, թե նա նպատակ ունի նախապես հող ապահովել հետագա հնարավոր
ընտրախախտումների համար: Դա դաս եղավ իշխանություններին, եւ դրանից հետո ոչ ոք
այլեւս էլեկտորատի քաղաքական պատրաստվածության հարց չբարձրացրեց: Իսկ
ընդդիմությանը, պարզվում է, ձեռնտու էլ չէ այդ մասին խոսել, քանի որ այդ դեպքում
ընտրազանգվածը կդառնա դժվար մոլորեցվող: Եվ արդյունքը լինում է այն, որ հերթական
ընտրություններից հետո հասարակության զգալի /ինտելեկտուալ/ մի հատված հարց է
ուղղում ինքն իրեն. «Իսկ եթե պատահեր այնպես, որ տեղի ունեցած ընտրությունները
լինեին կատարյալ, արդար եւ իշխանության գար նա, ով իրականում ավելի շատ քվե է
ստացել, ի՞նչ կլիներ հապա մեր երկրի վիճակը
»:
Այս գործոնի առկայությունը նպաստում է ետընտրական պասիվության խորացմանը:
Էլեկտորատի քաղաքական հասունության ուղղությամբ այսօր էլ անհրաժեշտ աշխատանքներ չեն
տարվում, ու եթե մոտ ապագայում տեղի ունենան նախագահական ընտրություններ, ապա
փոքրաթիվ չեն լինի նրանք, ովքեր երկրի շահերից ելնելով` չեն ցանկանա, որ
ընտրությունները լինեն արդար:
Մարդկությունը ավելի արդյունավետ համակարգ, քան Ժողովրդավարությունն է, չի ստեղծել:
Բայց ժամ առաջ բաղձալի այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ հայ քաղաքական
միտքը գիտակցի էլեկտորատի քաղաքական պատրաստվածության մակարդակի բարձրացման
անհրաժեշտությանը: Ոչ միայն. այլընտրանքն այս դեպքում թյուրիմացությունների
հայտնվելն է իշխանական բուրգի գագաթին. ժողովրդավարությանը կիսապատրաստ հանրության
կյանքում դա հաճախ հանդիպող երեւույթ է:
