NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԻՆՉՊԵ՞Ս ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գրեթե ամեն օր մենք հանդիպում ենք Սահմանադրության եւ մյուս օրենքների նկատմամբ
անհարգալից վերաբերմունքի: Ամենացավալին այն է, որ խախտողների առաջին շարքում են
հենց իշխանության ներկայացուցիչները, որոնց լիազորությունները եւ
պարտականությունները հենց Սահմանադրության եւ օրենքների պաշտպանությունն է: Օրինակ,
2004-ին նախագահական նստավայրում կազմակերպվեց հանդիպում խոշոր բիզնեսի
ներկայացուցիչների հետ, որոնց զգալի մասը Ազգային ժողովի պատգամավորներն էին:
Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը սահմանում է. «Պատգամավորը չի կարող...
կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական
աշխատանքից»: Կամ՝ էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը Ազգային ժողովի շենքում
տալիս է մամուլի ասուլիս եւ ի լուր բոլորի հայտարարում, որ ինքը բիզնեսմեն է եւ
բիզնես ունի նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Յուրաքանչյուր իրավական երկրում
սա կհարուցեր քաղաքական սկանդալ, եւ պետական համապատասխան մարմինը կհետաքններ
այդպիսի փաստերը: Եթե այս կարգի որեւէ դեպք դառնար պետական մարմինների՝
Սահմանադրական դատարանի, Արդարադատության նախարարության կամ դատախազության
քննարկման առարկա, ապա հասարակությունն ավելի վստահ ու հարգանքով կվերաբերվեր երկրի
գլխավոր եւ մյուս օրենքներին: Դա նաեւ դաս կլիներ պետական բոլոր պաշտոնյաների
համար:
Այժմ` Հայաստանի օրենսդրական դաշտի կայունության մասին : Հատկանշական է, որ
Հայաստանի օրենսդրական դաշտում անընդհատ փորձեր են արվում փոփոխություններ կատարել
օրենքներում, որով անկայուն վիճակ է ստեղծվում երկրի կենսագործունեության բոլոր
ասպարեզներում: Օրինակ՝ 2002 թ. Ազգային Ժողովն ընդունեց «Կուսակցությունների
մասին» նոր օրենքը: Ընդունելուց առաջ այդ օրենքի շուրջ բավականին լուրջ
քննարկումներ էին գնում հասարակության մեջ եւ, ի վերջո, ընդունված օրենքը
որոշակիորեն համապատասխանեցվեց ժողովրդավարական սկզբունքներին եւ Եվրոխորհրդի
պահանջներին: Բայց ահա, նույնիսկ երկու տարի չանցած, 2004 թվին, անսպասելիորեն
ականատես դարձանք նրան, որ Ազգային ժողովում նորից փորձ է արվում փոփոխություններ
կատարել այդ օրենքում եւ այն էլ հակաժողովրդավարական հիմքերի վրա: Ըստ այդ փոփոխությունների
նոր կուսակցությունների գրանցումը եւ հների վերագրանցումը կապակցվում են
կուսակցության անդամների ընդհանուր թվի արհեստական ուռճացման եւ բոլոր մարզերում
կուսակցության բջիջների ստեղծման հետ: Սա հանգնեցնելու է քաղաքացիների՝ ազատ
քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքի ոտնահարմանը: Ի վերջո, քաղաքական
դաշտի ձեւավորումը եւ կուսակցությունների կայացումը պետք է իրականանան ո՛չ թե
հրահանգներով, չինովնիկների կոշտ միջամտություններով կամ արհեստական
սահմանափակումներով, այլ ընտրությունների միջոցով: Միայն ընտրությունների շնորհիվ
են կայանում կուսակցություններ, որոնք ունեն գաղափարախոսություն եւ իրենց
ընտրազանգվածը: Եթե իշխանությունների նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները
հանգեցնում են կուսակցությունների կայացման առջեւ խոչընդոտներ հարուցելուն, ապա դա
նշանակում է փորձել սահմանափակել քաղաքացիների քաղաքական գործունեությամբ զբաղվելու
հնարավորությունները: Կամ, նույն 2002թ. ընդունվեց «Հասարակական
կազմակերպությունների մասին» նոր օրենքը: Սա նույնպես դարձավ հասարակության եւ
կազմակերպությունների լայն քննարկման առարկա, որի շնորհիվ էլ այն հիմնականում
համապատասխանում է ժողովրդավարական հիմնարար սկզբունքներին: Այս օրենքին
համապատասխան յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ կարող են հասարակական
կազմակերպություն ստեղծել եւ այն գրանցել որպես այդպիսին: Բայց ահա այդ օրենքի
կիրարկման ընթացքում բացահայտվեցին այն վտանգներն ու խոչընդոտները, որոնք
սահմանափակում են քաղաքացիների հասարակական գործունեությամբ ազատ զբաղվելու
իրավունքը: Օրինակ, մի շարք պետական գերատեսչություններ (հարկային, սոցիալական,
արդարադատության) տեղական մարմիններում շարունակաբար փոփոխություններ են կատարում
այդ օրենքի կիրաչկման հետ կապված իրենց հրահանգների մեջ: Այսպես, նույնիսկ այն
հասարակական կազմակերպությունները, որոնք բանկային հաշիվ չունեն եւ ֆինանսական գործունեություն
չեն ծավալում, պարտավոր են եռամսյակը մեկ անգամ ֆինանսական հաշվետվություն
ներկայացնել, ընդ որում, ներկայացվող փաստաթղթերի քանակը վերջին տարիներին կրկնակի
ավելացել է:
Օրենսդրական դաշտում այլ վտանգավոր երեւույթներ էլ են նկատվում: Ընդունվել են
օրենքներ, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին: Օրինակ, անցած տարի
ընդունված «Ժողովների, երթերի, հանրահավաքների եւ ցույցերի մասին» օրենքում
ամրագրված է, որ քաղաքացիները պետք է հանրահավաք կամ երթ անցկացնելու համար
թույլտվություն ստանան պետական մարմիններից: Սա հակասում է Մարդու իրավունքների
եվրոպական կոնվենցիայի գլխավոր դրույթներին եւ փաստորեն սահմանափակում է
քաղաքացիների ազատորեն Ժողովներ, երթեր, հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպելու եւ
դրանց մասնակցելու իրավունքը: Դա խոչընդոտում է նաեւ երկրում մարդու ազատ
տեղաշարժվելու իրավունքին:
