NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱՅԱՍՏԱՆ- ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ
2001թ. հունվարին նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանի
Հանրապետության կյանքում՝ նորանկախ Հանրապետությունը ընդգրկվեց Եվրոպայի խորհրդի
կազմում որպես լիիրավ անդամ: Այդ կազմակերպությունում Հայաստանը 1996թ. հունվարից`
Հարավային Կովկասի պետություններից առաջինը, ուներ հրավիրյալի կարգավիճակ: ԵԽ-ն, որ
ստեղծվել է 2-րդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, անցել է մեծ ճանապարհ,
եւ որպես իր գործունեության գլխավոր ուղենիշներ, այդ բնագավառում մշտապես հարգել է
մարդու իրավունքները ու ազատությունները, համագործակցել պետական մարմինների եւ
հասարակության ներկայացուցիչների հետ:
Նկատի առնելով Հայաստանում ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական
հասարակության ինստիտուտների անկատարությունը եւ դրանց զարգացման մակարդակի
անհամապատասխանությունը ԵԽ-ի սկզբունքներին, Հանրապետությունը որոշակի
պարտավորություններ ստանձնեց ԵԽ-ի առջեւ՝ դրանց կատարման հստակ ժամանակացույցով
հանդերձ: Ստանձնած պարտավորությունները դասակարգվում են 4 խմբի, որոնք առնչվում են`
ա) մարդու իրավունքների բնագավառում եւրոպական մի շարք կոնվենցիաների վավերացմանը,
բ) ներպետական օրենսդրությանը, գ) իրավական համակարգի բարեփոխմանը, դ), Լեռնային
Ղարաբաղի հակամարտությանը: Այս պարտավորությունները, բնականաբար, հնարավոր է
կատարել նախեւառաջ պետական մարմինների եւ իշխող կուսակցությունների քաղաքական կամքի
առկայության դեպքում, ուստի դրանք ՀՀ-ի անունից իրենց անձնական ստորագրությամբ
հաստատել են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը եւ ԱԺ-ում ներկայացված
խմբակցությունների եւ խմբերի ղեկավարները:
Հայաստանի իշխանությունները փաստորեն պաշտոնապես պարտավորվեցին օրենսդրության,
պետական կառավարման, արտաքին քաղաքականության ոլորտներում հետեւողականորեն
իրականացնել այնպիսի ուղեգիծ, որի շնորհիվ Հայաստանը կդառնա ազատ եւ զարգացող երկիր,
որտեղ չեն հետապնդվում եւ բռնության չեն ենթարկվում ընդդիմադիր գործիչները, խաղաղ
հանրահավաքների մասնակիցները, որտեղ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել, որտեղ
բարձրագույն արժեք են մարդու կյանքը, ազատությունն ու իրավունքները, որտեղ վերացել
է գրաքննությունը, հարգվում է խոսքի ազատությունը, պաշտպանված են լրագրողները,
որտեղ մարդը հնարավորություն ունի արտահայտելու պաշտոնականից տարբերվող մտքեր եւ
չհետապնդվել դրա համար:
ԵԽ-ի Խորհրդարանական Վեհաժողովը հնարավորություն է ընձեռում գործնական շփումներ
հաստատել մեր խորհրդարանականների հետ, արծարծել տվյալ երկրի համար յուրահատուկ եւ
հրատապ հիմնախնդիրներ, ինչպիսիք են` տարածաշրջանային հակամարտությունների
կարգավորումը, նրա փոխհարաբերությունները հարեւան պետությունների հետ, նրա շահերը
տարածաշրջանային համագործակցության տարբեր բնագավառներում, տեղական ինքնակառավարման
գործուն համակարգի ստեղծումը, ազգային ինքնության, պատմության, մշակույթի նրա
առանձնահատուկ ընկալումները: Հայաստանի համար այդպիսի կենսական խնդիրներ են
Հարավային Կովկասում վստահության եւ համագործակցության մթնոլորտի ստեղծում, երկրի
շրջափակման վերացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ քաղաքական
կարգավորումը, հարեւան պետություններում բնակվող հայերի մարդկային իրավունքների
հարգումը, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացումը,
Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այլն:
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Չհավակնելով ԵԽ-ի առջեւ ՀՀ-ի ստանձնած բոլոր պարտավորությունների
վերլուծությանը, ստորեւ կկենտրոնանանք որոշ հիմնահարցերի վրա, որոնք, մեր կարծիքով,
բնութագրում են Հայաստանի ներկա դիմագիծը եւ նրա առջեւ կանգնած գլխավոր
մարտահրավերները:
ա) կոնվենցիաներ.
Կատարված է գլխավոր քայլը՝ ստորագրվել եւ վավերացվել են Մարդու իրավունքների եւ
հիմնական ազատությունների պաշտպանության եւրոպական կոնվենցիան եւ դրան կից թթ.
1,4,6 եւ 7 արձանագրությունները (թ.6-ը նախատեսում է մահապատժի վերացում): Ըստ
սահմանված պրոցեդուրաների, Հայաստանը միացել է Տեղական ինքնակառավարման եւրոպական
խարտիային, Եւրոպական սոցիալական խարտիային, Խոշտանգումների եւ անմարդկային այլ
նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժները կանխելու, Տարածաշրջանների կամ ազգային
փոքրամասնությունների լեզուների վերաբերյալ կոնվենսիաներին, Արտոնությունների եւ
անձեռնմխելիությունների մասին Գլխավոր համաձայնագրին եւ պարտավորություններում
նշված գրեթե մյուս բոլոր միջազգային փաստաթղթերին:
բ) ներպետական օրենսդրություն.
Փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքում (հաստատվել է մահապատժի
վերացումը եւ ապաքրեականացվել չափահաս մարդկանց միջեւ փոխադարձ համաձայնությամբ
արվամոլական կապը), ընդունվել են Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի),
Կուսակցությունների, Հասարակական կազմակերպությունների, Պետական ծառայության,
ԶԼՄ-ների մասին եւ այլ օրենքներ:
գ) իրավական համակարգ.
Դատավորների լրիվ անկախությունը երաշխավորելու նպատակով ընդունվել են
Դատավորների կարգավիճակի եւ Արդարադատության խորհրդի մասին օրենքները, կիրառության
մեջ է մտել այլընտրանքային զինվորական ծառայությունը, ազատազրկման վայրերի
համակարգը ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություններից փոխանցվել
է արդարադատության նախարարությանը, «ազգայինը» փոխարինվել է «հանրային»
հեռուստաալիքով:
դ) Լեռնային Ղարաբաղի հակամարտություն.
Շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբում նախագահող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի
ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան եւ նրանց միջնորդական ջանքերը,
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների պարբերական հանդիպումներով ձեւավորվել է
«պրագյան» կոչվող մի գործընթաց:
Այդուհանդերձ, առաջընթացը աննշան է, եւ Հայաստանը մնում է որպես սոցիալական ու
քաղաքական ռիսկի գոտի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունները ըստ
էության մտել են փակուղի, ու թեեւ հակամարտության գոտում պահպանվում է 1994թ.
մայիսից հաստատված զինադադարը, սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները չեն
բացառում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ սաստկացրել են
փոխադարձ մեղադրանքները:
Հայաստանում քսենոֆոբիայի, անհանդուրժողականության եւ քաղաքական մեկուսացման
մթնոլորտի ուղղակի հետեւանքն է մարդկային ազատությունների եւ իրավունքների
բնագավառում տիրող անմխիթար վիճակը: Դա արձանագրված է 2003թ. նախագահական եւ
խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի միացյալ դիտորդական
առաքելության զեկույցում, որտեղ ընտրությունները որակվել են որպես
«ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանող»: Մեր կարծիքով, այս ամենի
պատճառը նախեւառաջ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին
հետեւելու իշխանությունների կամքի բացակայությունն է: Հենց դրանով են բացատրվում
ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների թերի, անհետեւողական կատարումը, դրանց
կամայական մեկնաբանումը եւ բովանդակության աղավաղումը:
Պարտավորությունների թերակատարում.
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքից չի վերացվել մինչեւ 15 օր ժամկետով
վարչական կալանք սահմանելու նորմը, որը շարունակում է զանգվածաբար օգտագործվել
ընդդիմադիր գործիչների, մասնավորապես՝ հանրահավաքների ու երթերի մասնակիցների,
դրանք լուսաբանող լրագրողների քրեական հետապնդման նպատակով: Օրենքով չեն
երաշխավորված ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները, չի ստեղծված
բոլոր կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված անկախ մարմին:
Թեեւ արդարադատության նախարարությունը գրանցել է «Եհովայի վկաներ»
կազմակերպությունը, սակայն Եհովայի վկաներ հանդիսացող մի քանի երիտասարդներ
կալանքի տակ են գտնվում: Մարդու իրավունքների պաշտպանի օրենքը չի համապատասխանում
ԵԽ-ի պահանջներին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է ՀՀ նախագահը:
Այլընտրանքային քաղաքացիական ծառայության փոխարեն սահմանվել է այլընտրանքային
աշխատանքային ծառայություն զինված ուժերում, իսկ ծառայության ժամկետը առավելագույն
36 ամսի փոխարեն սահմանվել է 42 ամիս: Հեռահաղորդակցության մասին օրենքով ստեղծված
հանձնաժողովը անկախ եւ անկողմնակալ չի կարող լինել, քանի որ այն կազմվում է ՀՀ
նախագահի կողմից: ԵԽ-ի պահանջների շարքում առանցքային նշանակություն է տրվում
Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, սակայն քաղաքացիների ընտրական իրավունքի
երաշխավորման, այդ իրավունքի խախտման համար մեղավորների պատասխանատվության,
ընտրական հանձնաժողովների ձեւավորման մեջ ՀՀ նախագահի էական միջամտության
սահմանափակման հարցերը նենգափոխվել են: Ժողովների, երթերի, հանրահավաքների եւ
ցույցերի մասին օրենքն, ըստ էության, անհնար է դարձրել ժողովրդավարական այդ
նորմերից օգտվելու մարդկանց իրավունքը, քանի որ, ի հակադրություն արեւմտյան
ավանդույթների, սահմանված է հանրահավաքների անցկացման «թույլտվական» պրոցեդուրա,
ինչպես նաեւ չափազանց ընդլայնված է այն տարածքների ցանկը, որոնց մոտակայքում
արգելվում է դրանց անցկացումը: Կուսակցությունների մասին օրենքով նախ սահմանում էր
առնվազն 200 անդամ եւ 10 մարզերից առնվազն 4-ում տեղական ստորաբաժանում ունենալու
պահանջ, իսկ արդեն 2004թ. դեկտեմբերին ընդունված փոփոխությամբ կուսակցության
անդամների թվի նշաձողը բարձրացվել է 2000-ի, ընդ որում, բոլոր մարզերում առնվազն
100-ական անդամ ունեցող ստորաբաժանումների պահանջ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց իշխանություններից ակնկալում են
ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած պարտավորությունների եւ մոնիտորինգային խմբի զեկույցի
պահանջների կատարում՝ լրիվ ծավալով եւ առանց խորամանկությունների, քանի որ միայն
այդ ճանապարհով է հնարավոր երաշխավորել Եւրոպայի Խորհրդի կողմից հռչակված
արժեքների՝ ժողովրդավարական պլյուրալիզմի, իրավական պետության, մարդու իրավունքների
հաստատումը:
