NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ո՞Վ Է ԱՌԱՋՆՈՐԴԵԼՈՒ ՄԵԶ
Ճշմարիտ մտաւորականութիւնը, որի գործը
անընդհատելի է ազգի կեանքում- այն հոգեւոր ոյժն է, առանց որի ժողովուրդ անվան տակ
ամբոխներ կապրեն, առանց որի ազգութիւն չի ստեղծւի:
Նժդեհ
Հասարակական կյանքում տեղի ունեցող արմատական, առաջընթաց ապահովող գործընթացներին
պարտադիր կերպով նախորդում է գաղափարը:
Ժողովրդավարության տեսանկյունից այսօր օրինակելի համարվող եվրոպական երկրները մի
քանի տարում չէ, որ կայացել են որպես այդպիսին, ավելին, անհրաժեշտ քաղաքական
իրադարձությունները ժողովուրդների կյանքում արձանագրվել են գաղափարի ծննդից հարյուր
եւ ավելի տարիներ հետո:
Մենք ահա արդեն մեկուկես տասնամյակ տվայտանքների մեջ ենք եւ շատ քիչ բան է
հաջողվում մեզ երկրում ժողովրդավարություն հաստատելու գործում: Պատճառները բազմաթիվ
են, քննենք դրանցից երեւիթե ամենակարեւորը. արդյո՞ք Երրորդ Հանրապետության
հռչակումից առաջ ժողովրդավարության գաղափարը հայ իրականության մեջ թեւածել էր
անհրաժեշտ ժամանակ, դարձել հասարակության մի հատվածի համար կյանքի նպատակ կամ գոնե
յուրացվել նրա կողմից որպես գերիշխող գաղափար:
Արդարությունը պահանջում է խոստովանել, որ ութսունականների վերջին սկսված շարժումը
բնույթով ազգայնական էր, գերխնդիրը պատմական արդարության վերականգնումն էր,
պատմական հայրենիքի մի հատվածի ազատագրումը, եւ քաղաքացիական հասարակություն
ստեղծելու ձգտումը չորրորդական էր իրադարձությունների մեջ: Կային, իհարկե, ժողովրդի
ներսում որոշակի դժգոհություններ գոյություն ունեցող հասարակական
հարաբերություններից, սակայն դրանց կարգավորման մասին պատկերացումները գերազանցապես
ուտոպիայի ժանրից էին եւ սահմանափակվում էին «մի լավ ղեկավար» ունենալու
«փիլիսոփայությամբ»` անգամ խորհրդային համակարգի պահպանմամբ:
Հասարակական նոր հարաբերությունները, ապրելու նոր կերպը, սոցիալական կյանքի
կարգավորման նոր մեխանիզմները որոշակիացված չէին ժողովրդի գիտակցության մեջ:
Մինչդեռ մեր ժամանակների եվրոպական մի հայտնի քաղաքական գործչի կարծիքով որեւէ երկրում
ժողովրդավարություն հաստատելու համար ոչ միայն անհրաժեշտ է այդ որոշակիացումը,
այլեւ հարկավոր է, որպեսզի հասարակության մեջ լինի նոր հասարակարգն իր մեջ կրող
բավարար թվով մարդկանց առկայություն: Իսկ մենք չունենք եւ ոչ մեկը, ոչ մյուսը:
Սսկվածությունը` մտավորականության էությու՞ն
«Առագաստ» սրճարանում տեղի ունեցած սպանությունից մի քանի օր անց
հեռուստաընկերություններից մեկը կլոր սեղան էր կազմակերպել ու հրավիրել
մտավորականների, քաղաքական գործիչների: Զրույցի մասնակից, հանրապետությունում
հայտնի մի տիկին անկեղծորեն խոստովանեց, թե ինքը դեպքին ականատես մի խումբ
մտավորականների խորհուրդ է տվել լռել, ոչ մի տեղ ոչինչ չասել կատարվածի մասին, քանի
որ խոսելը կարող է վտանգել նրանց կյանքը:
Մտավորական եւ... լռություն: Ականատես ավելի քան հարյուր մտավորական եւ...
լռություն: Այս անհամադրելի հասկացությունների անբնական համադաշնությունը մեզանում
դարձել է սովորական երեւույթ, մինչդեռ «Ճշմարիտ մտաւորականը նա է, որ իր մտաւոր
կարողութեանը, ամեն բանից առաջ, միացնում է խորապես բարոյական նկարագիր, բարձր
գաղափարականութիւն, ստեղծագործելու նոր իտեալներ, արժէքներ, կեանքի ձեւեր ստեղծելու
ընդունակութիւն, սրբազանի զգացում, տեսական խղճմտանք, հոգեւոր արիութիւն,
ժողովուրդն իր ամբողջութեան մէջ սիրելու, նրա համար տառապելու անսահման
կարողութիւն...»/ Նժդեհ/:
Նայենք մեր շուրջը եւ փորձենք գտնել այնպիսի անհատականությունների, ովքեր վերջին
տասնհինգ տարում, երբ չկա այլեւս խորհրդային բռնապետությունը, եւ սեփական մտքերի
համար ոչնչացում կամ աքսոր չի սպառնում, ինքնահոժար չեն ծռմռվել իշխանությունների
առջեւ, ժողովրդից գաղտնի թոշակ չեն ստացել նրանցից, շքանշանի չեն արժանացել իրենց
սսկվածության համար կամ էլ չեն սիրաշահել բազմությանը՝ անիմաստ նզովք թափելով
իշխանությունների հասցեին, այլ մնացել են իրենց կոչմանը հավատարիմ եւ իրենց
բարձրության վրա, եւ ամենօրյա գործունեությամբ փորձել են հասկանալ եւ այլոց էլ
բացատրել, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ եւ ի՞նչ է հարկավոր անել՝ երկիրն այս
վիճակից դուրս բերելու համար:
Քանիսի՞ն կգտնեք: Մի քանի միլիոն բնակչության մեջ՝ ընդամենը այդքա՞ն: Բայց մի՞թե
աղետ չէ դա:
Փշոտ ճանապարհ
Հիշում եք, անշուշտ, Խորենացու բնութագիրը մեր ժողովրդին, նաեւ այդ բնութագրումի`
մտավորականությանն ուղղված հատվածը: Առանց սխալվելու մեծ ռիսկի կարելի է պնդել, որ
1500 տարի առաջ գրեթե բոլոր ժողովուրդներն էին այդպիսին, բայց եթե այլոք անցան
ժամանակի, պատմության եւ պետության դաստիարակության դպրոցը, մեր ճամփան եղավ խոտոր,
ու ետ ընկանք պատմական զարգացման ընթացքից: Մեր խնդիրը չէ հիմա քննել խոր անցյալի
իրադարձությունները, փաստենք միայն, որ երբ 18-րդ դարի Եվրոպայում ի հայտ եկան
առաջին լուսավորիչները եւ նոր կյանքի մասին մտածողության հիմքը դրեցին, Հայաստանը
հասցրել էր արդեն չորս հարյուր տարի պատմություն չունենալ, թեեւ պատմական
հայրենիքում ապրում էին մի քանի միլիոն հայեր. պատճառը նախորդ դարերում
մտավորականությունից իսպառ զրկվելն էր: Ու երբ հայրենիքի ազատագրման տենչով բռնված
Հովսեփ Էմինը եկավ հայրենիք, ինչպես ինքն է տխրությամբ արձանագրել` միտք կրող
մարդիկ չպատահեցին իրեն, իսկ հայկական զորաջոկատները, որ փողով կռվում էին ում
համար ասես, վարձ պահանջեցին նրանից ապստամբությանը մասնակցելու համար...
Եվրոպան մտավ քաղաքական պայքարի փուլ, իսկ անգաղափար եւ անղեկ դարավոր մեր
թափառումը շարունակեց իր ընթացքը: Լուսավոր էջ բացվեց 19-րդ դարում, երբ
արեւմուտքում կրթված հայ փոքրաթիվ մտավորականությունը կյանքի նպատակ դարձրեց
հայությանն ինքնամոռացության թմբիրից հանելը:
Պայքարելով անողոք երկու հակառակորդների` ազգային հետադիմության եւ օտար նվաճողների
դեմ, նրանք ստեղծեցին ազգային զարթոնքի նախադրյալներ: Սակայն յաթաղանն առաջինը եւ
նպատակային կերպով ոչնչացրեց իրեն վերագտնող մտավորականությանը:
Այդ գործը շարունակեց խորհրդային ռեժիմը` ժողովրդին զրկելով ճշմարիտ
մտավորականության նշույլներից ու մնացյալ ուսյալներին դարձնելով ձեռնասուն:
Տխուր է, բայց սա է հայ քաղաքական մտքի անցած ճանապարհը, եւ պարզ է, թե ինչու
սոցիալիզմի փլուզումից հետո ռուս մտավորականները դարակներից հանեցին արգելված գրքերի
բազում ձեռագրեր, իսկ մենք՝ ընդամենը մեկ:
Էլի՞ անգաղափար երթ
Հանրապետությունում ստեղծված այս իրավիճակից փրկությունը քաղաքական ուժերը չէ, որ
պիտի գտնեն. նրանց հաշվարկների ժամանակ երբեք կշեռքի նժարներից որեւէ մեկին չի
դրվում իրական հայրենիքի իրական շահը: Փրկությունը ճշմարիտ մտավորականությունն է գտնելու,
որ առաջ անցնելով ժողովրդից եւ վեր կանգնելով անձնական շահերից, ստեղծելու է նորմալ
երկրին անհրաժեշտ արժեքային համակարգ եւ ժողովրդին վարժեցնելու է այդ համակարգին՝
սեփական կյանքը օրինակ դարձնելով մյուսներին:
Ճշմարիտ մտավորականությունն այսօր մենք չունենք, եւ դա նշանակում է, որ փրկությունը
յոթ սարից էլ այն կողմ է: Բայց եւ ակնհայտ է, որ փրկությունն այդ մտավորականության
ստեղծման մեջ է:
Բնությունը ինքնակարգավորվող մեխանիզմ է, եւ ցանկացած ժողովուրդ օժտված է
ինքնապահպանման բնազդով եւ փոքրիշատե բարենպաստ պայմաններում ինքնըստինքյան
լրացնում է իր բացերը, դառնում առավել կենսունակ: Նմանապես նաեւ ներքին կարգավորում
եւ զարգացում երաշխավորող ճշմարիտ մտավորականությունը կարող է վերականգնվել: Եվ
թվում է, թե ոչինչ այնպես չէր կարող նպաստել մատավորականության կայացմանը, քան
սեփական պետության առկայությունը: Բայց ահա, ինչպես hra.am-ի հոդվածագիրն էր
նկատել, մտածելու ընդունակ մարդիկ հանրապետությունում նվազում են, քանզի ոչ միայն
չկա իշխանությունների /թե՛ նախկին, թե՛ ներկա/ հոգածությունն այս խնդրում, այլեւ
տեղի է ունենում հակառակը` սեփական անվտանգությամբ մտահոգված` իշխանություններն է'լ
ավելի են ձեռնասունացնում միտք կրողներին` օգտվելով նրանց սոցիալական վիճակի
թշվառությունից, իսկ փոքրաթիվ անհնազանդներին նեղում են, չհասկանալով, որ այդ կերպ
անհնարին են դարձնում հայրենիքի փրկությունը ճահճային այս վիճակից:
Ստրկություն չտեսած աճող սերնդից ճշմարիտ մտավորականության սերումն ավելի հավանական
է դառնում, սակայն ազգայինից զգալիորեն հեռու գտնվող մեր իշխանությունները,
վերոբերյալ նույն մտահոգությամբ առաջնորդվելով, ջանում են կառավարելի դարձնել նաեւ
երիտասարդության շրջանում հասունացող քաղաքական խմորումները, նրանց եւս վարժեցնել
սսկվածության: Նոր սերնդի վրա խիստ բացասաբար են անդրադառնում նաեւ ավագների
սսկվածության օրինակները, մինչդեռ հայրենիքի շահը պահանջում է նրանց դաստիարակել բոլորովին
այլ օրինակներով:
Եվ ստացվում է կախարդական մի շրջան...
