NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ
Փետրվարի 24-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Բուշ-Պուտին հանդիպումը, որն ինչ-որ
առումով կարելի է պատմական համարել: Բանն այն է, որ թեեւ Ռուսաստանի նախագահը
մտադիր էր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել մոդայիկ դարձած ահաբեկչության դեմ
պայքարի խնդիրները, սակայն Բուշը հրապարակայնորեն ժողովրդավարության դասեր տվեց
Պուտինին` դասախոսություն կարդալով դրա հիմունքների մասին: Վերջինս ակնհայտորեն
դժգոհ էր դեպքերի այդ տեսակ ընթացքից, մանավանդ որ, արդեն ակնհայտ է, որ Բուշի
վարչակազմը լրջորեն է տրամադրված Ռուսաստանում /հիմա` նաեւ ԱՊՀ մյուս երկրներում/
ժողովրդավարություն տարածելու հարցում: «Ես գիտեմ, որ դեմոկրատական երկրները
տարբերվում են իրենց ավանդույթներով եւ մշակույթով, ասել է պրն Բուշը, սակայն նրանք
բոլորն ունեն ընդհանուր բաներ` օրինականությունը, փոքրամասնությունների
իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը եւ քաղաքական ուժեղ
ընդդիմությունը»: Եվ Պուտինը ստիպված էր բացատրություններ տալ ներքին
բարեփոխումների շուրջ եւ ապացուցել իր հավատարմությունը ժողովրդավարությանը:
Ակնհայտ է, որ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարն ընդամենը փուլ է նոր
աշխարհակարգի կառուցման ճանապարհին: Ռուսաստանի եւ ավտորիտար վարչակարգեր ունեցող երկրների
համար այն «շունչ քաշելու» ժամանակ էր, որն արագ ավարտվեց: Այդ երկրները, որոնց
թվում նաեւ Հայաստանը, կանգնել են իսկապես հիմնավոր ժողովրդավարական փոփոխությունների
պահանջի առջեւ: Չնայած հասարակական զարգացման տարբեր աստիճաններին, այդ երկրներում,
միեւնույն է, տեղի են ունենալու խոշոր փոփոխություններ` կապված նոր աշխարհակարգի
կառուցման հետ: Ամերիկյան տեսաբանները կարծում են, որ ամերիկյան նոր վարչակարգը
որդեգրելու է որակապես նոր, կոշտ քաղաքականություն ժողովրդավարական
գործընթացներում: Այդ է վկայում ամերիկյան աջակցությունը Վրաստանի եւ Ուկրաինայի
հեղափոխություններին: Ավելին, Բուշը հույս է հայտնել, որ առաջիկայում նմանատիպ փոփոխություններ
կլինեն Բելառուսում եւ Մոլդովայում:
Ամերիկյան տեսաբանները նշում են, սակայն, որ պետք չէ սպասել արագ փոփոխություններ
Ռուսաստանում կամ որեւէ այլ տեղ: Նրանք ասում են, թե մանրամասնորեն ուսումնասիրվում
է այն խնդիրը, թե որտեղ եւ երբ կարելի է փորձել Բուշի խոստումները վերածել
վստահություն ներշնչող արտաքին քաղաքականության: «Կան մարդիկ, որոնք մտածում են այդ
ուղղությամբ, սակայն այդ մտքերը դեռեւս չեն հանգել համակարգային մակարդակի», ասել է
ԱՄՆ պետդեպարտամենտի մի ներկայացուցիչ, ավելացնելով, որ ռազմավարական հետազոտողները
դեռ չեն մշակել աշխատանքների ծրագիրը: Իր հերթին, իրավապաշտպանները նախազգուշացնում
են, որ եթե Բուշը խոսքը գործի չվերածի /ի նկատի ունեն այն, որ Բուշը երդման
արարողության ժամանակ խոստացել է պայքարել ժողովրդավարության եւ ազատության համար
ամբողջ աշխարհում/, ԱՄՆ կկորցնի իր` որպես աշխարհում ազատության պաշտպանի հանդեպ
վստահությունը:
Ամերիկյան տեսաբանները նշում են, որ ամեն երկրի հանդեպ կցուցաբերվի առանձին
մոտեցում: Ժողովրդավարության առաջխաղացումը սկզբում կունենա «համոզելու» բնույթ.
նրանք դա անվանում են «մեղմ համոզում»: Այսինքն, այս փուլում ավտորիտար
վարչակարգերին բացատրելու են, որ ժողովրդավարությունը բխում է հենց իրենց` այդ
վարչակարգերի շահերից, եթե, իհարկե, նրանք չցանկանան, որ իրենց տապալեն սեփական
ժողովուրդները: Սակայն ամեն ինչ կարվի հետեւողական եւ նպատակասլաց: Միաժամանակ,
որքան մեծ է տվյալ երկրի ռազմավարական նշանակությունը, այնքան ավելի ուշադիր կլինի
վերաբերմունքը, նշում են տեսաբանները:
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Թվում է, այս ռազմավարությունը
արդեն գործի է դրված, չնայած տեսաբանների «համեստությանը»: Թերեւս դրանով կարելի է
բացատրել, որ, օրինակ Հայաստանում, գրեթե բոլոր քաղաքական ուժերը մի գիշերվա մեջ
ռուսամետից վերածվեցին ամերիկամետի եւ պատեհ-անպատեհ առիթներով սկսեցին
հավատարմության երդումներ տալ ԱՄՆ-ին եւ արեւմտյան բոլոր հնարավոր ինստանցիաներին:
Ներկայում հեղափոխություն, համակարգային փոփոխություններ եւ այլն անելու
խոստումների պակաս չի զգացվում: Իշխանությունն, իր հերթին, ցույց է տալիս, թե
պայքարում է կոռուպցիայի եւ ոչ ժողովրդավարական այլ դրսեւորումների դեմ: Բնական է,
այս ամենը որեւէ առնչություն չունի իրական գործընթացների հետ, եւ այս ուժերն էլ ի
վիճակի չեն Հայաստանում իրական բարեփոխումներ անցկացնել: Դրա պատճառներից մեկն էլ
այն է, որ մեր հասարակությունը բավական թույլ է թե գաղափարական-արժեքային
համակարգի, թե կազմակերպական տեսակետից: Հենց այս թուլությունն է պատճառը, որ
Հայաստանում տարեցտարի դեգրադացվում են քաղաքական ուժերը, մամուլը եւ հասարակական
մյուս ինստիտուտները: Այս իրավիճակում փոփոխությունները չեն կարող խորքային եւ
անշրջելի լինել, ավելին, կլինի ընդամենը փոփոխությունների իմիտացիա:
Հայաստանի վերջին շրջանի զարգացումները դա են ապացուցում: Բացի արեւմտամետության
շքահանդեսից եւ իշխանությունների հակակոռուպցիոն հայտարարություններից, ընդգծված
միտում է դարձել կրիմինալի աննախադեպ աշխուժացումը եւ լեգիտիմանալու փորձերը: Դա
բնական է, քանի որ կրիմինալը, որ լայնորեն սերտաճել է իշխանությանը եւ գրեթե գրավել
մամուլը եւ հասարակական տարբեր կազմակերպություններ, վտանգ է զգում իր գոյության եւ
սեփականության համար: Այս իրավիճակին նպաստում է նաեւ այն, որ իշխանությունը,
ստեղծելով ներկայիս քաղաքական-տնտեսական համակարգը, դարձել է նրա պատանդը: Երբ
իշխանությունը խոսում է կոռուպցիայի եւ այլ արատավոր երեւույթների եւ դրանց
հաղթահարման մասին, անհասկանալի է մնում` ինչ ռեսուրսների հաշվին է դա անելու: Այն,
որ իշխանությունն անկեղծ է ներկայիս իր ձգտումներում, կարելի է չկասկածել. այնտեղ
հասկանում են, որ դա միակ ճանապարհն է: Սակայն ինչպե՞ս եւ ո՞ւմ միջոցով է
իշխանությունը պատրաստվում երկխոսության մեջ մտնել հասարակության հետ, առանց որի
անհնար է լուծել համակարգային խնդիրները: Ովքե՞ր են իշխանության միջնորդները.
պառակտված եւ պատեհապաշտ կուսակցություննե՞րը, ընդդիմությո՞ւնը, երկխոսության
անընդունակ խորհրդարա՞նը, տեղական չինովնիկնե՞րը, որոնց միջոցով իշխանությունը
հասարակությանը զրկել է իր հիմնական իրավունքներից, այդ թվում` ընտրությունների
միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքից: Ովքե՞ր են այն միջնորդները, որոնց
միջոցով իշխանությունը կարող է երկխոսության մեջ մտնել չարացած եւ հավատը կորցրած
հասարակության հետ:
