NON-GOVERNMENTAL ORGANIZATION
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԴԺՎԱՐԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ՆԱՏՕ-ի ու Եվրամիության վերջին ընդլայնումներից եւ Վրաստանում, Ուկրաինայում ու
Ղըրղզստանում իրականացված ժողովրդավարական հեղափոխություններից հետո մեծ սրությամբ
է կանգնած ԱՊՀ մյուս, մասնավորապես Հարավային Կովկասի պետությունների հետագա
ճակատագիրը: Ըստ ամենայնի` ավարտին է մոտենում հետխորհրդային շրջանը:
Ռուսաստանը, որպես ԱՊՀ կազմակերպության առանցքային պետություն, սրընթաց կորցնում է
իր ազդեցությունը ոչ միայն աշխարհում, այլեւ նախկին ԽՍՀՄ տարածքում: Զարգացման
ժողովրդավարական ուղուց Ռուսաստանի հետընթացը արտահայտվում է նրանում, որ քաղաքական
համակարգում ուժեղանում է նախագահի իշխանությունը, կառավարությունը վերածվում է
զուտ տեխնիկական մարմնի, թուլանում է օրենսդիր մարմնի դերը, որտեղ անգամ էական
սահմանադրական փոփոխությունները նախագահն անց է կացնում առանց քաղաքական
քննարկումների եւ որեւէ առարկության: Խոսքի ազատության սահմանափակումը, տնտեսական
կյանքին գործադիր իշխանության անօրինական միջամտությունը, քաղաքական այլակարծության
նկատմամբ անհանդուրժողականությունը, քսենոֆոբիան Ռուսաստանում դառնում են սովորական
երեւույթներ եւ իրենից վանում ԱՊՀ անդամ պետություններին:
ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ ԱՊՀ երկրներին առաջարկել
համագործակցության որեւէ ադյունավետ եւ հրապուրիչ մոդել: Շփումները ԱՊՀ
գագաթաժողովներում կարելի է բնութագրել որպես ժամանակի անիմաստ վատնում, որտեղ
հավերժ բարեկամության մասին հավաստիացումներից եւ կորսված կոմունիստական
ժամանակների կարոտախտից բացի ուրիշ ոչինչ չկա:
Անպտուղ եւ անաշխատունակ են ԱՊՀ շրջանակների տարբեր մակարդակներում ստեղծված ինտեգրացիոն
կազմակերպությունները, որոնք կրում են բավականին հավակնոտ անվանումներ` Մաքսային
միություն (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան), Եվրասիական տնտեսական
համագործակցություն (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղըրղզտան, Տաջիկստան),
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (Ռուսաստան, Բելառուս,
Հայաստան, Ղազախստան, Ղըրղզստան):
Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների միջեւ հարաբերությունները առանձին դեպքերում կրում են
բացահայտ թշնամական բնույթ: Դա ամենացայտուն կերպով նկատելի է Ռուսաստանի եւ
Թուրքմենիայի տնտեսական հարաբերություններում: Պատճառը Ռուսաստանի տարածքով
տարանցվող թուրքմենական գազի չկարգավորված սակագինն է: Նույն պատկերն է Ռուսաստանի
եւ Բելառուսի հարաբերություններում, բպատճառը դարձյալ Բելառուսով տարանցվող
ռուսական գազի սակագինն է:
Ծայրահեղ սրված են Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները մի շարք պատճառներով,
որոնցից ամենացավոտը Ռուսաստանի դերն է աբխազական հակամարտության մեջ եւ Ռուսաստանի
անհամաձայնությունը դուրս բերել Վրաստանի տարածքից իր ռազմակայանները դուրս բերելու
հարցում:
Արդեն այսօր կասկած չկա, որ Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան կհամաձայնեցնեն իրենց
գործողությունները արտաքին քաղաքականության որոշ ուղղություններում եւ ավելի
նպատակասլաց կերպով կշարժվեն դեպի Եւրոպա: Դեռեւս 1997թ ստեղծված ՎՈՒՈՒԱՄ
կազմակերպությունը (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա) իր երկրորդ
շունչը կստանա եւ ինչ որ չափով կարող է այլընտրանք դառնալ ԱՊՀ-ին:
Ռուսաստանն այսօր ոչինչ չունի Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային առաջարկելու, իսկ
նրա դիրքորշումը այդ պետությունների համար ցավոտ ներքին խնդիրներին` Ղրիմի,
Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի հակամարտություններին, ավելի ու ավելի
է վանում այդ երկրներն իրենից, եւ ըստ ամենայնի մոտ ապագայում նրանք միասին կսկսեն
ԱՊՀ շրջանակներից դուրս գալու գործընթացը, ինչը եւ կդառնա ԱՊՀ փլուզման սկիզբը:
ԱՊՀ երկրները հնարավորություն ունեն Ռուսաստանի կողմից իրենց առաջարկվող ծրագրերը
համեմատելու համագործակցության այն ծրագրերի հետ, որոնք իրենց հետ իրագործում է
Արեւմուտքը: Եւ եթե ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն առաջարկում են ԱՊՀ երկրներին
ծանրակշիռ ծրագրեր, ներառյալ ռազմական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական,
հումանիտար ոլորտներում օգնությունը, ապա Ռուսաստանի օգնությունը, որպես կանոն,
վերածվում է նրա կոպիտ միջամտությանը այդ ինքնիշխան պետությունների ներքին գործերին:
Ամենաթարմ օրինակներ են Ուկրաինայի նախագահական եւ Մոլդովայի խորհրդարանական
ընտրությունների ժամանակ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները, ինչպես
նաեւ այդ երկրների տնտեսության առաջատար ու շահութաբեր ճյուղերում գերիշխող դիրքերի
նվաճումը: Այդ կերպ Ռուսաստանը 100 մլն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց տիրացավ Հայաստանի
արդյունաբերական գլխավոր հզորություններին, եւ օրակարգում էներգետիկ համակարգը իր
վերահսկողության տակ վերցնելու հարցն է:
Ի՞նչ պետք է անեն Հարավային Կովկասի երկրները աշխարհաքաղաքական, ռազմավարական այս
նոր իրողությունների դեմ հանդիան, սպասել լավագույն ժամանակների՞, թե՞, նկատի
առնելով, որ ժամանակը կարեւորագույն գործոն է դառնում համաշխարհային
քաղաքականության մեջ, նախահարձակ քայլեր ձեռնարկել:
Այսպես, դեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնե լ, որ Բալթյան երկրները կդառնան
ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ, որ Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան միանշանակ կուղղվեն դեպի
ԵՄ հետ ինտեգրման, իսկ իրենց անվտանգության համակարգը կփնտրեն ՆԱՏՕ-ի
շրջանակներում: Դժվար էր պատկերացնել, որ Վրաստանը, Ադրբեջանը եւ Հայաստանը
հակաահաբեկչական կոալիցիաների շրջանակներում իրենց զորամիավորումները կուղարկեն
Աֆղանստան, Իրաք, Կոսովո, իսկ Լիբանանում քաղաքական հասարակությունը այնքան
կամրապնդվի, որ կպահանջի սիրիական զորքի դուրս բերումը իր տարածքից եւ կպայքարի
ահաբեկչական գործողությունների դեմ, որոնք գործում են իրենց երկրի ներսում:
Այս պայմաններում հարավկովկասյան տարածաշրջանի երկրները պետք է սովորեն արագ եւ
համարժեք արձագանքել ժամանակի մարտահրավերներին եւ սպառնալիքներին:
Մեր համոզմամբ, չափազանց հրատապ է դառնում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի
դիրքորոշումները իրենց երկրների համար անվտանգության համակարգ ընտրելիս: Արդյո՞ք
նրանք միասին կփնտրեն իրենց անվտանգության համակարգը, թե՞ կգործեն առանձին-առանձին:
Ինչպիսի՞ն է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների եւ քաղաքական
ուժերի դիրքորոշումը այս բախտորոշ հարցում:
Ըստ հարցման տվյալների, որը անց է կացրել «Ռեգիոն» հայկական հետազոտությունների կենտրոնը, հետեւյալ պատկերն է ուրվագծվում.
Վրաստանում բոլոր քաղաքական ուժերը կողմ են ԵՄ-ին ինտեգրվելուն, իսկ իրենց ժողովրդի
անվտանգությունը կապում են միայն ՆԱՏՕ-ի հետ: Ադրբեջանում քաղաքական ուժերի
մեծամասնությունը կողմ է ԵՄ-ի հետ ինտեգրմանը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում
բացարձակորեն գերիշխող մտայնություն չկա, սակայն քաղաքական ուժերի զգալի մասը
Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը այնուամենայնիվ կապում է ՆԱՏՕ-ի դաշինքի հետ:
Հայաստանում պատկերը բոլորովին այլ է. եւրաինտեգրմանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
հիմնականում կողմ են Հայոց համազգային շարժումը, «՛Հանրապետություն», «Ազատական
առաջադիմական» կուսակցությունները, ժողովրդավարության եւ քաղաքացիական
հասարակության զարգացման «՛Արմատ՛» կենտրոնը եւ աջ (ազատական) մյուս ուժերը: Բայց
պետք է նշել, որ Հայաստանի քաղաքական դաշտում իրավիճակը զարգանում է հօգուտ
եւրաինտեգրման: Բնակչության շրջանում կատարած հարցումները նույնպես վկայում են, որ
աճում է եւրաինտեգրման կողմնակիցների թիվը: Նկատենք, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին
ինտեգրվելու հարցում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների
դիրքորոշումները էականորեն տարբերվում են այս երկրների քաղաքական ուժերի
դիրքորոշումից: Այսպես՝ եթե Վրաստանում եւ Ադրբեջանում ադ հարցերը գտնվում են
արտաքին քաղաքականության օրակարգում, ապա պաշտոնական Երեւանի դիրքորոշումը
բավականաչափ լղոզված է: Կարծում եմ, ժամանակն է կողմնորոշվելու Հայաստանի
անվտանգության համակարգի եւ զարգացման ուղենիշների ընտրության հարցում:
Արդեն ակնհայտ է, որ ինչ որ պահից Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ միաժամանակյա
համագործակցությունը կդժվարանա, եւ անգամ կդառնա անհնար: Այդժամ Հայաստանը ստիպված
կլինի ընտրություն կատարել: Այդ ընտրությունը կվերաբերի եւ' անվտանգության, եւ'
տնտեսական, եւ' արժեքային համակարգերին:
Արդի համաշխարհային զարգացումների վերլուծությունը բերում է այն վստահ
համոզմունքին, որ հարավկովկասյան տարածաշրջանի երեք պետությունների համար
անվտանգության ամենաարդյունավետ համակարգը ՆԱՏՕ-ն է: Դա չի բացառում, որ մեր
տարածաշրջանում զուգահեռաբար կարող է գործել նաեւ ԱՄՆ-ի եւ տարածաշրջանի
պետությունների հետ երկկողմ ռազմական համագործակցության ձեւաչափը:
Բնական է, որ յուրաքանչյուր պետություն, ընդգրկվելով անվտանգության որոշակի
համակարգի մեջ, հետապնդում է իր ազգային շահը, փորձում պատասխան տալ իր համար
կարեւոր մարտահրավերների: Հետեւաբար, նման ի՞նչ խնդիրների բարենպաստ լուծումը կարող
է երաշխավորել Հայաստանը` շարժվելով դեպի Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինք:
Առանձնացնենք դրանցից երեքը:
1. Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավորումը
Դրա համար հարկավոր է իրականացնել ոչ թե տարածաշրջանի երկրներից (այդ թվում`
Թուրքիայից) մեկուսացման, այլ համագործակցության քաղաքական ուղեգիծ: ՆԱՏՕ-ն
ուշագրավ է հենց այս կտրվածքում ոչ միայն այն պատճառով, որ ռազմաքաղաքական եւ
ռազմատեխնիկական առումով աշխարհում ամենահզորն է, այլեւ այն պատճառով, որ այդ
կազմակերպության անդամ է մեր հավերժական հարեւան Թուրքիան:
ՆԱՏՕ-ն կարող է դառնալ այն կամուրջը, որը կապահովի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
համագործակցությունը ռազմական ոլորտում, որտեղ դեռեւս կենսունակ է «թշնամու
կերպարի» կարծրատիպը: ԱՊՀ անվտանգության համակարգը համարվող ՀԱՊԿ-ն չի կարող լինել
գործոն այս հարցում ոչ միայն իր անարդյունավետության պատճառով, այլեւ այն պատճառով,
որ տարածաշրջանի երեք երկրներից միայն Հայաստանն է այդ կազմակերպության անդամ:
Հարավկովկասյան տարածաշրջանը պետք է հանդես գա որպես մեկ միասնական անվտանգության
համակարգ, եւ այդ համակարգը կարող է լինել միայն ՆԱՏՕ-ն:
2. Հայաստանի Ժողովրդավարական զարգացումը
Արդար ընտրությունների միջոցով օրինական իշխանությունների ձեւավորումը միայն կարող
է Հայաստանին վերադարձնել ժողովրդավարական զարգացման հուն: Վերջին տարիների
նախագահական, խորհրդարանական եւ ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը
ցույց տվեց, որ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին եւ դրա
համար Հայաստանը չափազանց բարձր գին է վճարում: Հասարակական աջակության
բացակայությունը, որ հետեւանք է ոչլեգիտիմության (ամենամեղմը կարող են համարվել
«ցածր լեգիտիմություն» կամ «կասկածելի լեգիտիմություն» ձեւակերպումները),
իշխանություններին թույլ չեն տալիս անցկացնել հետեւողական բարեփոխումներ, ընդունել
արտաքին քաղաքական վճռական որոշումներ: Եւ օրինաչափ է, որ նման իշխանության միակ
հոգսը դարձել են «ներքին կայունության» պահպանումը եւ արտաքին քաղաքականության մեջ
«կոմպլեմենտարիզմի» իրականացումը, որոնք, ըստ էության, հանգեցրել են երկրի ներսում
ոչինչ չփոխելու, իսկ միջազգային հարաբերություններում բոլորին սիրաշահելու արատավոր
կենսափիլիսոփայության:
Այս ակունքից է սնվում ղարաբաղյան հակամարտության սառեցման իրականացվող ուղեգիծը,
որը բացահայտում է փոխզիջումների գնալու քաղաքական կամքի բացակայությունը:
3. Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության եւ զարգացման երաշխավորումը
Քաղաքական իրողությունների սթափ գնահատումը հուշում է, որ ղարաբաղյան
հակամարտության կարգավորումը պետք է փնտրել Ղարաբաղի հայ ժողովրդի անվտանգության
երաշխիքների բազմապատկման եւ ուժգնացման, նրա ազատ զարգացման համար պայմանների
ստեղծման ուղղություններում եւ առժամանակ խուսափել Ղարաբաղի կարգավիճակի
որոշարկումից: Դրան կարելի է հասնել ադրբեջանա-ղարաբաղյան ուղիղ հարաբերություններ
հաստատելու, վստահության ընդհանուր մթնոլորտի ձեւավորման, պետական մակարդակում,
ինչպես նաեւ մտավորականների, լրագրողների, երիտասարդների, կանանց, գործարարների,
սահմանամերձ գոտու բնակիչների, սոցիալական այլ խմբերի միջեւ շփումների խրախուսման
միջոցով:
ԵՄ-ն եւ ՆԱՏՕ- ն իրենց կազմում չեն ընդունի այնպիսի երկրներ, որոնք ունեն չլուծված
հակամարտություններ (ԵՄ-ն բացառություն արեց միայն Կիպրոսի համար): Հայաստանի,
Վրաստանի եւ Ադրբեջանի եւրոինտեգրումը այդ երկրների ժողովուրդների, այդ թվում եւ
Ղարաբաղի հայերի խաղաղ եւ արժանապատիվ զարգացման լավագույն եւ ամենաիրական
ճանապարհն է: Դրա այլընտրանքը թշնամանքի խորացումն է եւ անխուսափելի պատերազմը:
