NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաջին օմբուդսմենի առաջին զեկույցը
“Մարդու իրավունքների պաշտպանի մասին” օրենքով օմբուդսմենը պարտավոր է տարեկան զեկույց պատրաստել, որտեղ պետք է ներկայացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վիճակը եւ իր կատարած աշխատանքներն այդ ոլորտում: 2005-ի զեկույցը 200 էջից է: Այն, չնայած զուսպ գնահատականներին, բավական ամբողջական է: Հասկանալի է, որ օմբուդսմենի գրասենյակը ջանք չի խնայել որքան հնարավոր է անկողմնակալ ու ամփոփ զեկույց ներկայացնելու համար: Չեն խուսափել անգամ 2004-ի գարնանային իրադարձությունները նշելուց, Լ.Ալավերդյանի նշանակումը փաստորեն համընկավ ապրիլյան հանրահավաքներին, եւ նա իր գործունեությունը սկսեց վարչական ապօրինի կալանքների, քաղաքական գործիչների նկատմամբ ծավալված քրեական հետապնդումների բուռն շրջանում: Լ.Ալավերդյանը խուսափել է անուններ հիշատակելուց եւ քաղաքական հետապնդումներին մանրամասն անդրադառնալուց, սակայն նշել է, որ ինքն այդ օրերին հանդիպել է բանտարկյալների հետ, ստուգայցերով պարզել, թե որքանով է սահմանափակված մարդկանց տեղաշարժի ազատությունը, իր գրասենյակում մշտական հերթապահություն է սահմանվել՝ բնակչության ահազանգերն ընդունելու համար: Զեկույցում մեծ հատված նվիրված է Գրիշա Վիրաբյանին, որն ըստ օմբուդսմենի արժանացել է “դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի”: Ալավերդյանն իր անհամաձայնությունն է հայտնել, որ դատախազությունը քրեական գործ չհարուցեց Վիրաբյանին խոշտանգած ոստիկանների նկատմամբ: Օմբուդսմենը արձանագրել է, որ “իշխանությունների առաջին միջամտությունը հանրահավաքներին տեղի ունեցավ մարտի վերջին՝ Գյումրիում, որտեղ հանրահավաքի ձերբակալված մասնակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին”: Դա “վարչական իրավախախտումների մասին օրենսդրության պահանջների խախտում” էր, որի ժամանակ “զազրախոսությունը գնահատվեց որպես վարչական կարգով անձին կալանքով պատժելու հիմք”: Լ.Ալավերդյանը նկատել է, որ “լայնորեն շրջանառության մեջ է դրվել չարտոնված հանրահավաք հասկացությունը”, որով կյանքի է կոչվել ԽՍՀՄ ԳԽ "Ժողովների, հանրահավանքների անցկացման" 1988 –ին ընդունված կարգը` մինչդեռ անտեսվել է գործող Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է հավաքների, ժողովների ազատության իրավունքը: Օմբուդսմենը անդրադարձել է նաեւ քաղաքական- քրեական գործերին, նշելով, որ ինքը չի կարծում, որ այդ անձանց արարքները քրեորեն պատժելի էին: Անդրադարձ կա նաեւ “Ժողովների, հավաքների, ցույցների մասին” նոր օրենքին, որն, ըստ օմբուդսմենի՝ անորոշություններ է պարունակում, չափից դուրս լայն է ցույցերի համար անթույլատրելի տարածքների ցանկը: "Այն հարկավոր է համապատասխանեցնել միջազգային նորմերին"՝ եզրակացրել է օմբուդսմենը: Արձանագրված է նաեւ ապրիլի 12-ին "Արդարություն" դաշինքի գրասենյակներ ներխուժումը, որի “մեղավորները մինչ օրս չեն բացահայտվել եւ չեն պատժվել”: 2004-ի մարտի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը օմբուդսմենի գրասենյակը 1294 գրավոր բողոք է ստացել, որոնց մեծ մասը դատարանների, ոստիկանության, ԴԱՀԿ-ի գործունեությունից է: Օմբուդսմենն արձանագրել է, որ ոստիկանությունը մարդկանց պատշաճ չի ծանուցում, “կալանավորում են վարչականի անվան տակ՝ "օպերատիվ աշխատանքներ” կատարելու նպատակով□, խոստովանական բացատրություններ են կորզում ապօրինի անազատության պայմաններում, բռնություններ կիրառում: Իսկ երբ քաղաքացիները բողոքում են՝ դիմումները հասցեագրվում են հենց օրենքը խախտողներին: Ինչ վերաբերում է դատարաններին, ապա նրանք շրջանցում են այդ բողոքները եւ որպես կանոն մեղադրողի կողմն են բռնում, “պաշտպանական կողմը հավասար չէ մեղադրողի հետ”: Մեզ հատկապես ուրախացրեց օմբուդսմենի զեկույցի՝ “Հյուսիսային ու Գլխավոր պողոտաներին” եւ “Նաիրիտին” վերաբերող հատվածները: Մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման խնդիրը Ալավերդյանի գրասենյակը հետազոտել է ամենայն բարեխղճությամբ եւ գնահատականները միանշանակ են՝ “զանգվածաբար խախտվել է քաղաքացիների սեփականության իրավունքը”, իսկ դատարանները բողոքները լուծել են բացառապես հօգուտ կառուցողի: Տկն Ալավերդյանն արձանագրել է, որ արդյունքում բազմաթիվ ընտանիքներ դարձել են անտուն, քանի որ փոխհատուցման գումարները բավարար չեն համարժեք բնակարան ձեռք բերելու համար: “Գլխավոր պողոտա եւ Հյուսիսային պողոտա անվան տակ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, ի հաշիվ մեծ թվով մարդկանց ունեզրկման առանձին գործարարներ անօրինական շահույթ են ստանում եւ Երեւանի կենտրոնական հատվածները կենտրոնացվում են առանձին անհատների ձեռքում”՝ գրել է օմբուդսմենը: Քննելով “Նաիրիտի” աշխատավարձ չստացած աշխատակիցների բողոքները Լ.Ալավերդյանը նշել է, որ կառավարության մայիսի 8-ի որոշմամբ “Նաիրիտը” ճանաչվել է “պետական հանձնարարություն կատարող ձեռնարկություն” եւ կասեցվել են “Նաիրիտից” գումարներ բռնագանձելու կատարողական վարույթները՝ այդ թվում նաեւ չվճարված աշխատավարձերի գանձումը: Օմբուդսմենը նշել է. “”Նաիրիտը” որեւէ պետական հանձնարարություն չի կատարում՝ կառավարության նշված որոշումը կայացվել է հենց այդ պարտքերի գանձումը կասեցնելու նպատակով”: Ինչ վերաբերում է այլ մարմինների հետ համագործակցելուն, ապա Լ.Ալավերդյանը նշել է, որ աշխատանքը հատկապես չի ստացվում Երեւանի քաղաքապետարանի հետ, որտեղից իրենք շատ ուշացումով են պատասխաններ ստանում եւ, որը հրաժարվում է վերացնել մարդու իրավունքների խախտումները: Խոսքի ազատության եւ մամուլի խնդիրներին անդրադարձը Լարիսա Ալավերդյանի զեկույցում բավական սեղմ է եւ զգուշավոր: Օմբուդսմենն իր զեկույցում արձանագրել է, որ “2004թ ապրիլին եւ հետագայում լրատվամիջոցների ներկայացուցիչներին ֆիզիկական, բարոյական, նյութական վնասներ հասցնող բռնարարքներ թույլ տված անձանց չբացահայտելը եւ պատասխանատվության չկանչելը վկայում է այն մասին, որ օրենքում ամրագրված երաշխիքները բավարար չեն եւ չեն ապահովում ԶԼՄ-ների լիակատար, ազատ եւ անվտանգ գործունեությունը”: Նա թվարկել է ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքերը, նշել է, որ լուրջ առարկություններ կան “վիրավորանք հասցնելը որպես քրեորեն պատժելի արարք սահմանելու դեմ, քրօրի այդ հոդվածը սպառնալիքի տակ է դնում խոսքի ազատությունը, հատկապես սահմանափակում է քննադատության ազատությունը”: Օմբուդսմենը դրական է համարել, որ հանրապետությունում գործում են 40-ից ավելի հեռուստաալիք, մոտ 20 ռադիոկայան, 10 տեղեկատվական գործակալություն եւ հրատարակվում են 35-ից ավելի թերթեր ու ամսագրեր՝ “Չնայած դրան ՀՀ նախագահի մասնակցությունը հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման գործընթացին առաջ է բերում անվստահություն հանձնաժողովի անկախության նկատմամբ”:
Անդրադարձներ տարեկան զեկույցին
Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ սկսված արշավին շատ լուրջ չէինք վերաբերվի եւ այդ ամենը կվերագրեինք Լարիսա Ալավերդյանի վառ երեւակայությանը, եթե չծանոթանայինք արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի, վճռաբեկ դատարանի նախագահի գրություններին՝ ուղղված օմբուդսմենին: Վերոնշյալ անձինք իրենց վերաբերմունքն են դրսեւորել օմբուդսմենի տարեկան զեկույց նկատմամբ: Կարդալով նրանց պատասխան- մեկնաբանությունները համոզվում ես, որ այս գերատեսչություններում ՄԻՊ կառույցը համարում են միանգամայն ավելորդ, խանգարող, ոտքի տակ ընկնող մարմին: Նշված մարմինները որակումների մեջ խտրություն չդնելով “նախշել են” օմբուդսմենին՝ հաշվի չառնելով, որ սա նրա առաջին զեկույցն է, երկիրը, որտեղ նա աշխատում է, շատ հեռու է դեմոկրատական լինելուց եւ վերջապես՝ զեկույցի հեղինակը կին է: Մի խոսքով՝ այս պատասխանների մեջ պակասում է միայն հայհոյանքը:
Արդարադատության նախարարի կարծիքը
Դավիթ Հարությունյանը մի ծավալուն վերլուծություն է կատարել Ալավերդյանի զեկույցի վերաբերյալ, որտեղ քննադատվել են զեկույցի գրեթե բոլոր դրույթները, ընդ որում՝ բավական տգեղ ձեւակերպումներով: Յուրաքանչյուր տողատակից զգացվում է Դավիթ Հարությունյանի “իրոնիան”՝ մարդու իրավունքների պաշտպանն ու իր գրասենյակը կամ չգիտեն կամ սխալ եւ խեղաթյուրված են մեկնաբանում օրենքը: Ամենահետաքրքիրն անշուշտ դատական համակարգին վերաբերող հատվածն է: Լ.Ալավերդյանն իր զեկույցում նշել էր, որ սեփական նախաձեռնությամբ իրականացնում են "հասարակական հնչեղություն ունեցող դատական նիստերի դիտարկումներ", արդարադատության նախարարը գտել է, որ “պաշտպանը դիտարկումներ անելու իրավասությամբ օժտված չէ”՝ նա այդ գործողություններն իրականացրել է առանց որեւէ իրավական հիմքի: Օմբուդսմենը որակումներ էր տվել դատարանների վճիռներին ու որոշումներին, նշել, որ հաճախ դրանք բավարար հիմնավորված չեն, ինչն առաջացրել է Դ.Հարությունյանի զայրույթը: Նրա պատասխանի այդ հատվածը դասախոսություն է հիշեցնում, որտեղ նախարարը օմբուդսմենին սովորեցնում է, որ դատարանի որոշումների անհիմնության մասին կարող է խոսել միայն վերադաս դատարանը, այն էլ՝ համապատասխան վճիռը բեկանելուց հետո: Եզրակացությունը կտրուկ է. ”Պաշտպանի արած հետեւություններն անհիմն են եւ մտացածին”: Եվ ընդհանրապես, նախարարի բնորոշմամբ, օմբուդսմենը “ընդհանրացված մոտեցումներ” է դրսեւորել, նրա արտահայտած մտքերի մեջ “հակասություններ” կան, “եզրահանգումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը”, նա “անտեղյակ է” կառավարության որոշումներին, “օրենսդրությամբ չնախատեսված հասկացություններ է օգտագործել”, դեկլարատիվ ու չփաստարկված հայտարարություններ է արել եւ այլն: Իսկ զեկույցի “օրենսդրական բարեփոխումներ” գլուխն, ըստ Դ.Հարությունյանի “պետք է ընդհանրապես հանել զեկույցից”, քանի որ օմբուդսմենն իրավունք ունի արտահայտվել միայն իր նախորդ տարվա գործունեության եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
Գլխավոր դատախազի կարծիքը
Պակաս տպավորիչ չէ նաեւ գլխավոր դատախազի պատասխանը: Այստեղ գնահատականներն ավելի խիստ են՝ մեղադրական եզրակացություն հիշեցնող: “Դատախազությանն առնչվող դրույթների գերակշիռ մասը զուրկ է որեւէ հիմնավորումից”՝ ասված է փաստաթղթում: Դատախազության կարծիքով օմբուդսմենը “խիստ կամայական մեկանաբանություններ է տվել իրավական ակտերին”, “դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից”՝ “փորձելով վերչահսկողություն սահմանել իր կողմից ուղարկված բողոքի քննարկման նկատմամբ” (նկատի ունի քաղաքացիների բողոքները): Դատախազության կարծիքով օմբուդսմենը խախտում է դիտել “իրավասու պաշտոնատար անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված պարտականությունների պատշաճ կատարումը”: Օմբուդսմենն այնքան անտեղյակ է օրենքին, որ իր զեկույցում “շրջանառության մեջ է դրել այնպիսի դրույթներ, որոնք 7-8 տարի առաջ ուժը կորցրել են”, իսկ այնտեղ, որտեղ ուժի մեջ են՝ “եզրահանգումները զուրկ են իրավական հիմնավորումից”: Ավելին՝ “տարեկան զեկույցում բազմաթիվ են օրենսդրական հասկացություններն աղավաղելու եւ դրանք սոսկ կենցաղում օգտագործվող հոմանիշ կամ պարզապես սխալ տերմիններով փոխարինելու օրինակները”: Աղվան Հովսեփյանը եւս Դ.Հարությունյանի նման հիշեցրել է տկն Ալավերդյանին, որ նա պետք է զեկույց կազմեր միայն իր գործունեության եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Դատախազության պատասխանից մեզ հետաքրքրեց 2004-ի ապրիլյան դեպքերին վերաբերող հատվածը: Ըստ դատախազության՝ օմբուդսմենը “տարածական մեկնաբանություն է տվել “զանգվածային անկարգություններ”, “պետական իշխանությունը յուրացնել" հասկացություններին”՝ չնայած ժամանակին Լ.Ալավերդյանը հայտնել է իր տեսակետը եւ իրենք “սպառիչ պարզաբանումներ են տվել նրան”՝ ներկայացրել են “մեղադրյալների կողմից բռնություններ գործադրելու անառարկելի փաստեր”, որոնք նրա կողմից չեն վիճարկվել: Ուստի դատախազությունը զարմացած է, որ նույն տեսակետը տեղ է գտել նաեւ օմբուդսմենի զեկույցում: Դատախազության 6 էջանոց կարծիքի յուրաքանչյուր պարբերությունը սկսվում է “իրականությանը չի համապատասխանում”, “անհիմն է” արտահայտություններով: Փաստաթղթի վերջում արված եզրակացությունն անողոք է՝ օմբուդսմենը իր լիազորությունները կատարելիս “հավուր պատշաճի” չի օգտվել օրենքի դրույթներից՝ չի դիմել դատախազությանը եւ չի նպաստել բողոքներում նշված հանգամանքների ուսումնասիրությանը, հնարավորություն չի տվել, որ պետական մարմինը պարզաբանումներ տա բողոքների կապակցությամբ: Մի խոսքով՝ “զգացմունքային եզրահանգումներ անելու գործելաոճը չէր կարող նպաստել հիմնավորված զեկույց կազմելուն”՝ գրել է գլխավոր դատախազը:
վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքը
Մեզ առավել զարմացրեց օմբուդսմենին ուղղված վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանի պատասխանը: Անձ, որը կոչված է մարդու իրավունքները պաշտպանելուն՝ բարձրագույն դատական ատյանի ղեկավարը, փաստորեն պաշտպանում է իշխանավորների՝ շարքային քաղաքացիների իրավունքները խախտելու իրավունքը: Այս պատասխանը, որպես դատական իշխանության կախյալության, անազատության վառ ապացույց կարծում ենք արժի, որ դառնա միջազգային կառույցների հատուկ քննարկման առարկան: "Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները միայն խախտվում են, դրանք չեն պաշտպանվում"՝ չինովնիկի նման Լ.Ալավերդյանի վրա զայրանում է վճռաբեկի նախագահը: Նրա կարծիքով օմբուդսմենը պարզապես չի տեսել "մեր պետության եւ հասարակության կյանքում կատարված ու կատարվող դրական տեղաշարժերը" եւ "եզակի դեպքերի վկայակոչմամբ, իսկ ավելի հաճախ մերկապարանոց ընդհանրացումներ է կատարել դատական համակարգի վերաբերյալ՝ տուրք տալով առանձին քաղաքացիների եւ նրանց պաշտպանների չբավարարված հավակնություններին": Անդրադառնալով զեկույցի այն հատվածին, որտեղ Լ.Ալավերդյանը նշել է, որ իր կողմից դատարաններ են ուղարկվել 35 առաջարկներ, պրն Դանիելյանը գրել է. "Պաշտպանը 35 անգամ թույլ է տվել հակասահմանադրական, ՀՀ քրօրենսգրքով հետապնդվող արարք՝ միջամտել է դատական վարույթին": Վճռաբեկի նախագահը մոռացել է, որ "դատարաններին առաջարկներ անելու" իրավասությունը օմբուդսմենին տրված էր "Մարդու իրավունքների պաշտպանի մասին" օրենքով: Պրն Դանիելյանի կարծիքով՝ օմբուդսմենը դատարանների վերաբերյալ "իրականությանը չհամապատասխանող ընդհանրացումնե
ր է արել, որոնք չեն բարձրանում բամբասանքների, փողոցային խոսակցությունների, "դեղին" մամուլի շահադիտական նկատառումներով հրապարակումների մակարդակից": Ինչ վերաբերում է դատական սխալներին, ապա պրն Դանիելյանը փիլիսոփայել է՝ □դրանք ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում եղել են, կան եւ կլինեն□: Իր գործունեության ընթացքում ոչ մի համարձակ քայլով աչքի չընկած վճռաբեկի նախագահը իր խոսքը բավական համարձակ է ամփոփել. "Պաշտպանի 2004 թ տարեկան զեկույցը չի արտացոլում հանրապետության դատարանների գործունեության իրական վիճակը, հանրությանը տալիս է թյուր պատկերացումներ եւ չի կարող նպաստել արդարադատության հիմնախնդիրների լուծմանը": Իհարկե՝ արդարադատության հիմնախնդիրները չեն կարող լուծվել՝ քանի դեռ երկրի վճռաբեկ դատարանի նախագահը նման մտածողության տեր անձնավորություն է:
Հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների կարծիքը
"Եթե Հայաստանում ընտրությունների հետ կապված ԵԽ-ի հետ պրոբլեմներ չլինեին, շատ հավանական է, որ օմբուդսմենի պաշտոնում նշանակվեր որեւէ կուսակցական կամ նոմենկլատուրային չինովնիկ, ինչպիսին, ասենք՝ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն է՝ կամակատար"՝ ասում է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը , բայց ՀՀ-ԵԽ փոխհարաբերությունները, նրա ասելով, իշխանություն
ներին ստիպեցին, որ օմբուդսմեն նշանակվի իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, որը գոնե չեզոք էր իշխանությունների նկատմամբ: "Սակայն իշխանություններն իրենց հաշվարկներում սխալվեցին: Գուցե հասարակությունը օմբուդսմենի հետ կապված ավելի մեծ հույսեր ուներ, մասնավորապես՝ հասարակական- քաղաքական հնչեղություն ստացած գործերում մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ գործունեության իմաստով, բայց առավել եւս չարդարացան իշխանությունների սպասելիքները, որովհետեւ այլ գործերում, որոնց մասին հասարակությունը պակաս քաջատեղյակ է, Մարդու իրավունքների պաշտպանը, իմ կարծիքով, այնուամենայնիվ, փորձեց իր հնարավորությունների սահմաններում օգնել մարդկանց: Իշխանություններին դա էլ դուր չեկավ, եւ սա սկսեց ջղաձգել նրանց: Իշխանությունները չէին ուզում իրենց կամակատար դատական իշխանությունների կողմից օրինախախտումների մասին որեւէ վատ բան լսել"՝ կարծում է Ա. Իշխանյանը: Նա բոլորին խորհուրդ է տալիս ընթերցել Լ.Ալավերդյանի տարեկան զեկույցը, որն իր կարծիքով "հասարակական երեւույթ է": Անդրադառնալով գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, վճռաբեկ դատարանի նախագահի՝ զեկույցի վերաբերյալ արձագանքներին, Իշխանյանը դրական է համարում նրանց "վիրավորվածությունը"՝ "եթե վիրավորվել են, ապա զեկույցը կարելի է հաջողված համարել"՝ ասում է նա: Օմբուդսմենի դեմ ծավալված պայքարի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ "Հանրապետություն" կուսակցությունը, հայտարարելով. "Այս փաստերը (նկատի ունեն ԱԱԾ-ի կողմից կատարված քայլերը) ուղեկցվում են ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, օմբուդսմենի դեմ իշխանամետ քարոզչամեքենայի սանձազերծած հակաքարոզչությամբ, ՄԻՊ-ի գործունեությունը կաշկանդելու եւ իշխանության կողմից վերահսկելու նպատակ ունեցող օրենսդրական նախաձեռնություններով": Այս ամենը կուսակցությունը գնահատում է որպես հետեւանք Լարիսա Ալավերդյանի կազմած տարեկան զեկույցի, որում ներկայացված են մեր երկրում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ փաստեր: Օմբուդսմենի եւ նրա գրասենյակի դեմ ուղղված նպատակային քաղաքականության հետեւանքները լինելու են ՀՀ քաղաքացիների իրավունքների նոր սահմանափակումները, մեր երկրի՝ քաղաքակիրթ աշխարհից օտարացման եւս մեկ դրսեւորումը՝ կարծում են "Հանրապետություն" կուսակցությունում: Հայտարարությունն ավարտվում է կոչով ուղղված բոլոր կուսակցություններին, հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններին՝ "դատապարտել օմբուդսմենի եւ նրա գրասենյակի նկատմամբ իշխանության ձեռնարկած ոտնձգությունները": "Միով բանիվ՝ ակնկալում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը հետեւողական կլինի իր գրասենյակի անկախությունը պաշտպանելու, իշխանությունների ապօրինի քայլերին հակազդելու եւ ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու հարցերում"՝ հայտարարում է ընդդիմադիր կուսակցությունը:
