NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երբ կլինեն իրական փոփոխություններ Հայաստանում
Այս հարցին լավատեսորեն մոտենալու դեպքում կարելի է նույնիսկ ժամկետներ ասել եւ բազմաթիվ հիմնավորումներ բերել, այն, ինչ անում են պաշտոնական իշխանություններն ու պաշտոնական ընդդիմությունը: Եթե հարցին մոտենանք իրատեսորեն, այսինքն, որ հասարակությունն ու քաղաքական ու տնտեսական կառույցները պետք է այնքան հասուն ու պատրաստ լինեն, եւ ներքին պահանջն այնքան հստակ ու ձեւակերպված լինի, որ նախաձեռնեն իրական փոփոխություններ, այստեղ ահա վերը բերված հարցին ստիպված ենք հոռետեսական մոտեցում ցուցաբերել: Իսկ եթե առաջադրենք նաեւ այն հարցը, թե` այսօրվա հասարակական եւ քաղաքական կառույցներին պե՞տք են արդյոք իրական փոփոխություններ, ապա ստիպված պիտի լինենք առավել հոռետեսական պատասխան տալ փոփոխությունների մասին հարցին: Գուցե սա է պատճառը, որ մեր հասարակական ու քաղաքական շրջանակներում գերիշխող է դարձել այն համոզմունքը, որ փոփոխություններ հնարավոր են միայն "դրսից", եւ այն էլ` կոշտ մեթոդներով: Մյուս ճանապարհը` փոփոխություններ ներսից, անիրական է թվում, քանի որ, մեծ մասի կարծիքով, Հայաստանում անհնար է իշխանություն ձեւավորել ազատ ու արդար ընտրությունների միջոցով, եւ հասարակությունը զրկված է ազատ գործունեության հնարավորություններից:
Ի՞նչ է նշանակում փոփոխություններ
Ներքաղաքական կյանքում վերջին տարիների դիմակայությունից հետո հասարակության մեջ սկսեց քննարկվել փոփոխությունների էության հարցը: Լայն քննարկումներ ծավալվեցին այն մասին, թե ինչ փոփոխություններ են պետք, արդյոք փոփոխությունների խնդիրը կարող է լուծվել իշխանափոխությամբ, հեղափոխությամբ եւ այլն, ովքեր են այդ փոփոխությունների պոտենցիալ իրականացնողները եւ ինչ են նրանք առաջարկում: Արդյոք իշխանություն-ընդդիմություն բանավեճի շրջանակներում հասարակությունը կարող է ստանալ իր համար էական հարցերի պատասխանները: Եւ այդ դիմակայության արդյունքում պարզվեց, որ քաղաքական եւ հասարակական կառույցները, որոնք հավակնում են փոփոխությունների դերակատարմանը, գրեթե ոչինչ չունեն առաջարկելու հասարակությանը, որոնք կտարբերվեին իշխանությունը գրաված խմբերի գաղափարներից եւ առաջարկներից: Այսինքն, հասարակությունը երաշխիքներ չստացավ, թե, օրինակ, իշխանափոխությունից հետո կվերանա՞ն արդյոք մոնոպոլիաները, թե կփոխվեն միայն մոնոպոլիստները: Կամ, օրինակ, ինչ գաղափարների ու արժեքների հիման վրա է կառուցվելու սահմանադրական կարգը, քաղաքացիական հասարակությունը: Այնուամենայնիվ, էական խնդիրների շուրջ հարցադրումները հասարակությանը եւ քաղաքական ուժերին ստիպեցին բանավեճը տեղափոխել որակապես այլ դաշտ, որը կարելի է բնորոշել հետեւյալ կերպ` քաղաքացիներն ընդդեմ կրիմինալի: Այս որակական փոփոխությունը բավական պարզություն մտցրեց ներքաղաքական դաշտում. եթե ընդդիմություն-իշխանություն դիմակայությունը կաթվածահար էր արել քաղաքական դաշտը, ապա քաղաքացիներ-կրիմինալ հարցադրումը ընտրության առջեւ է դնում հասարակական եւ քաղաքական կառույցներին` ընդհուպ լինել-չլինելու խնդիրը: Ահա այս դաշտում պարզվեց, որ ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը մեծամասամբ քաղաքական կրիմինալի բաղկացուցիչն է, որին խորթ են քաղաքացիական գաղափարներն ու գործունեությունը: Մյուս կողմից, որակապես նոր այս "ֆորմատը" հասարակությանը թույլ է տալիս ճշտել գնահատականներն ու հարցադրումներն ամենաէական խնդիրների շուրջ:
Ինչպես են ապակողմնորոշում հասարակությանը
Ըստ էության, Հայաստանի ժողովրդավարացման, մասնավորապես սահմանադրական կարգի հաստատման հիմնական խոչընդոտը առաջին հերթին պայմանավորված է հասարակության` իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմի արմատավորման անկարողությամբ, թույլ իրավագիտակցությամբ: Մյուս կողմից, դա պայմանավորված է պետական եւ հասարակական կառույցների, կառավարման օղակներն ուզուրպացրած խմբերի ու գործիչների գործունեությամբ, որոնք այդ լծակներն օգտագործում են անձնական շահերի համար: Այս իրավիճակն ապահովվում է հասարակության մեջ կլանային կախվածության մեխանիզմի ներդրումով եւ լայն ապակողմնորոշիչ քարոզչության միջոցով, որի նպատակը հենց ընտրական մեխանիզմների չեզոքացումն է: Կրիմինալին բնորոշ` հասարակությանը գնելու եւ շանտաժի ենթարկելու գործելակերպը ամբողջական չէր լինի առանց հետեւողական ապակողմնորոշիչ քարոզչության, որովհետեւ առանց համապատասխան "հիմնավորումների" դժվար է գնել մարդկանց: Որն է այս ապակողմնորոշման էությունը: Թե իշխանություն ունեցողները, թե դրան ձգտողները հասարակության մեջ արմատավորում են մի շարք միֆեր, որոնք կոչված են հաստատել "իշխանության իրավունքի" գաղափարը: Օրինակ, իշխանության ձեւավորման հարցում քաղաքացիների դերակատարության բացակայությունը, "ազգի փրկիչները", ազգին սպառնացող արտաքին վտանգներն ու ներքին թշնամիները, հերոսներն ու դավաճանները, ազգայիններն ու ապազգայինները, "մենթալիտետը" եւ այլն: Նույնիսկ այն ուժերը, որոնք խոսում են "սահմանադրական կարգի վերականգնման" մասին, մշտապես հղում են անում էթնիկ հիմնավորումներին, եւ առաջնորդների` այս կամ այն էթնիկ պատկերացումներին համապատասխանությանը: Իրավական գաղափարները արհեստականորեն դուրս են մղվում ասպարեզից, եւ փորձ է արվում հասարակությանը ներշնչել, թե պետականության եւ ընտրովի իշխանության ձեւավորման համար թույլատրելի են ցանկացած միավորիչ գաղափարներ: Սա ճանապարհ է բացում զանազան կրիմինալ խմբերի եւ ակտիվիստների համար, որոնք, ավելի ճկուն լինելով, արդյունքում գրավում են պետական եւ հասարակական-քաղաքական կառույցները, եւ սահմանադրական կարգը փոխարինվում է կլանային-կրիմինալ բավական ամուր համակարգով: Այս համակարգը, որի բաղկացուցիչն է նաեւ ընդդիմությունը` որպես ավտորիտար-էթնիկ գաղափարների կրող, ի վիճակի է պերմանենտ վերարտադրման եւ թշնամի է ցանկացած իրական փոփոխության:
Ինչու են ուշանում փոփոխությունները
Այս ամենը հաշվի առնելով, փորձենք հասկանալ` Հայաստանի այսօրվա ընտրախավը անկեղծորեն ձգտո՞ւմ է արդյոք փոփոխությունների եւ ի վիճակի՞ է արդյոք իրականացնել այդ փոփոխությունները: Քաղաքացիներ-կրիմինալ հարցադրումը ինչ-որ առումով անակնկալ էր ընտրախավի համար, որովհետեւ բացահայտեց նրա իրական որակները: Քաղաքական կրիմինալին բնորոշ էթնիկ գաղափարների /սեփական հերոսական կենսագրության կամ հարազատների անցած փառավոր ճանապարհի, կամ ազգին սպառնացող վտանգների մասին եւ այլն/ նահանջի պարագայում պարզվում է, որ ընտրախավը չունի այլ արժեքային համակարգ, որի հետեւանքը նրա արագ արժեզրկումն է: Այս պայմաններում, բնական է, ընտրախավը կանգնում է սեփական դիրքերը կորցնելու վտանգի առջեւ եւ շահագրգռված չէ այնպիսի փոփոխությունների մեջ, որոնք արագացնելու են այդ գործընթացը: Զուր չէ, որ կուսակցությունների մեծ մասը, որոնք նախաձեռնել էին հավաքներ քաղաքացիներ-կրիմինալ ֆորմատի շրջանակներում, արագորեն ցրվեցին` զգալով մոտալուտ վտանգը: Սակայն ներքաղաքական կյանքում քաղաքացիական բեւեռի ձեւավորման տեղաշարժերը, թեեւ դանդաղ, ակնհայտ են: Այս գործընթացը քաղաքական կրիմինալ համակարգը ապամոնտաժելու միակ ճանապարհն է, որի հետեւանքը պետք է լինի այն, որ հասարակությունը իրեն վերադարձնի իր առանցքային գործառույթը` ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորումը եւ վերահսկողությունը: Երբ հասարակությունն այս կամ այն պատճառով չի կատարում իր առանցքային գործառույթը, դա ստանձնում է կրիմինալը, ինչն էլ այսօր տեղի է ունենում Հայաստանում:
