NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպական կառույցները եւ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները
1992թ-ին ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբ, որի նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելն էր:
Այս մարմնին տրվեց երեք հաջորդական մանդատ: ԵԱՀԿ ՄԽ-ն
պետք է ամեն ինչ աներ, որպեսզի հակամարտության գոտում հասներ զինադադարի հաստատմանը,
հակամարտող կողմերի հետ բանակցությունների ծրագրի կարգավորմանը եւ Մինսկում
Խաղաղության վեհաժողովի անցկացմանը: ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին մանդատը իրագործվեց 1994թ.
մայիսին հաստատված զինադադարով: Հետագա տասնմեկ տարիներին բանակցությունները
տարվում են փոխհամաձայնեցված կարգավորման ծրագրի ընդունումը մոտեցնելու համար: Բայց
մինչ այժմ ոչ մի էական քայլ չի արված: Դրա փոխարեն հակամարտության կողմերի ու
միջազգային հանրության կողմից բավականին խեղաթյուրվել են թե՛ դրա ընկալումը, թե՛
հակամարտության կարգավորման սկզբունքները եւ ձեւաչափը։
1998թ. փետրվարին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ղարաբաղյան
հիմնահարցը տեղափոխվեց հայդատականության հարթություն: Դրա վառ ապացույցն է այն, որ
Քոչարյանը առանց Ղարաբաղի ներկայացուցիչների, ավելի քան քսանհինգ հանդիպում է
ունեցել Ադրեջանի նախագահների հետ: Այսպես, ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գոտուց ոչ
թե Ադրբեջանի դիմադրության կամ արտաքին ուժերի կամքով, այլ ՀՀ նոր իշխանությունների
ցանկությամբ: Այս ամենի հետեւանքով խեղաթյուրվեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը:
Հայդատականության ջատագովների շնորհիվ 1988թ. հռչակված ինքնորոշման իրավունքը
փոխարինվեց Ղարաբաղի համար մղվող հայ-ադրբեջանական տարածքային վեճով: Սրանից էլ
օգտվեց պաշտոնական Բաքուն եւ, շրջանցելով իրենց իրավունքների համար պայքարող
Ղարաբաղի հայության պահանջները, առաջ քաշեց ղարաբաղյան ուժերի կողմից գրավված
ադրբեջանական տարածքները վերադարձնելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
վերականգնելու հարցերը: Ադրբեջանը մեծ աշխատանք է տանում այս ուղղությամբ, եւ
միջազգային հանրության մոտ այն կարծիքն է առաջացել, որ Հայաստանը օկուպացրել է
ադրբեջանական տարածքներ եւ պետք է անհապաղ իր զինված կազմավորումները դուրս բերի
գրավված տարածքներից: Ինքորոշման իրավունքից ղարաբաղյան հիմնահարցը վերափոխվեց
տարածքային վեճի, որով եւ խեղաթյուրվեց դրա բուն էությունը: Այլեւս
բանակցությունների ժամանակ չեն քննարկվում Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու,
Ղարաբաղն անվտանգ զարգացնելու հարցերը: Եվ սրա արդյունքն այն է, որ մի քանի օր առաջ
Ղարաբաղում անցկացված պառլամենտական ընտրությունների նկատմամբ կոշտ եւ բացասական
վերաբերմունք ցուցաբերվեց ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից,
մինչդեռ ցանկացած ազգ եւ ժողովուրդ բնական իրավունք ունի ձեւավորելու իր
իշխանությունները:
Տասներեք տարի է, ինչ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ծրագիրը փորձում է
իրականացնել ԵԱՀԿ ՄԽ-ն։ Պետք է ավելացնել նաեւ, որ այս ասպարեզում եւս լինում են
տեսակետների ու մոտեցումների փոփոխություններ, որոնց արդյունքում էլ փոփոխվում է
հիմնահարցի լուծման ձեւաչափը: Փոփոխություններն ընթանում են թե ԵԱՀԿ ՄԽ-ի ներսում
եւ թե դրանից դուրս: ՄԽ-ում ԼՂՀ-ի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների
դուրս մղումը բանակցային գործընթացներից ձեւաչափի խեղաթյուրման առաջին օրինակը եղավ:
Հիմա արդեն նորից մեծ աշխատանք պետք է կատարել ԼՂՀ-ն բանակցային գործընթացներին
նորից մասնակից դաձնելու համար։ Դա պետք է անպայման անել, որին հասնելու ձեւերը
կարող են տարբեր լինել։ Օրինակ, ցանկացած մակարդակում Հայաստանը պետք է հրաժարվի
առանց Ղարաբաղի մասնակցության ընթացող հանդիպումներից: Բանակցություները պետք է
լինեն եռակողմ (Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան) կամ երկկողմ (Ադրբեջան-Ղարաբաղ) եւ ԵԱՀԿ
ՄԽ-ի շրջանակներում։ Կարգավորումը փակուղի մտնելու պատճառներից մեկն էլ Ղարաբաղի
մեկուսացումն է բանակցային գործընթացից ու նրա որպես ինքնորոշվող միավոր չդիտվելը։
Այս տեսանկյունից երկկողմ եւ եռակողմ բանակցություններն անհրաժեշտ են ոչ միայն
Հայաստանին ու Ղարաբաղին, այլեւ միջնորդության մեջ ներգրավված պետություններին ու
միջազգային կազմակերպություններին: Վերլուծելով փաստերը, նկատում ենք, որ Ղարաբաղը
դադարել է բանակցություններին մասնակցելուց, եւ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող ԱՄՆ-ին,
Ֆրանսիային եւ Ռուսաստանին թվում է, թե ավելի հեշտ կլինի հաշտեցնել երկու, քան երեք
կողմերին։
ՄԽ-ի գործունեության արդյունավետության անկումը եւ շարունակվող ճգնաժամը ձեւաչափի
ներքին ձեւախեղման հետեւանք էին: Իսկապես, ՄԽ-ն զգալի հեղինակազրկվել է: Այս է
պատճառը, որ եվրոպական ինտեգրացման այլ կառույցներ, ինչպես, օրինակ, Եվրոպայի
խորհուրդը եւ Եվրոպայի միությունը աստիճանաբար ներգրավվում են կարգավորման
գործընթացի մեջ: Անընդհատ տեղի ունեցող քննարկումներից եւ առանձին հարցերի հետ
կապված բանաձեւերի ընդունումից հետո ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարի 25-ին ընդունեց մի
բանաձեւ, որը հիմնական զեկուցողի անունով հայտնի է որպես Աթկինսոնի բանաձեւ թիվ
1416: Իսկ ապրիլին, այս բանաձեւի պահանջների համաձայն, ստեղծվեց Ղարաբաղի հարցով ԵԽ
ժամանակավոր հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց բրիտանացի Ռասսել Ջոնսթոնը,
որը եվրոպական խորհրդարանական շրջանակներում մեծ հեղինակություն է վայելում։ Արդեն
կարող ենք վստահ ասել, որ ԵԽԽՎ-ի թ.1416 բանաձեւի ընդունմամբ եւ ղարաբաղյան
կարգավորմանն աջակցելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ ԵԱՀԿ ՄԽ-ն ձեռք
բերեց ակտիվ գործընկեր, որի շնորհիվ էլ էապես ընդլայնվել է կարգավորման միջազգային
ձեւաչափը։ Նախկին ԽՍՀՄ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների
կարգավորման ձեւաչափի ընդլայնումը օբյեկտիվ գործընթաց է, որի ականատեսն ենք մենք
մերձդնեստրյան հակամարտության դեպքում: ՎՈՒԱՄ-ի 2005թ. ապրիլյան գագաթնաժողովում
Ուկրաինայի նախագահ Վ.Յուշչենկոն առաջարկեց ընդլայնել մերձդնեստրյան հակամարտության
կարգավորման ձեւաչափը, ընդգրկել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, իսկ այնտեղ տեղակայված ռուսական
խաղաղապահ ուժերը փոխարինել ԵԱՀԿ տրամադրության տակ գտնվող տարբեր ազգերից բաղկացած
ուժերով: Կարծես թե Մոլդովայի եւ Մերձդնեստրի չճանաչված հանրապետության
իշխանությունները համաձայնել են այս առաջարկին՝ ընդունելով դրա անխուսափելիությունը
եւ չցանկանալով հակադրվել օբյեկտիվ գործընթացներին։
Ղարաբաղի հիմնահարցի էության խեղաթյուրումը եւ լուծման ձգձգումը բերեցին նրան, որ
Եվրոխորհուրդն ու Եվրամիությունը սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել:
2004թ. ընթացքում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունվեց Հայաստանին ու
Ղարաբաղին առնչվող երեք բանաձեւ (թթ. 1361, 1374 եւ 1405), իսկ այս տարվա հունվարին`
ԵԽԽՎ թ. 1416 բանաձեւը, որի մասին վերն արդեն խոսվել է: Այս փաստաթղթերով
արձանագրվեցին հիմնախնդրի վերաբերյալ ԵԽ-ի տեսակետները, որոնք մեզ համար խիստ
անբարենպաստ էին` "Ադրբեջանի զգալի տարածքներ շարունակում են օկուպացված մնալ
հայկական ուժերի կողմից", "անջատողականների ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային
Ղարաբաղի տարածաշրջանը", "օտարերկրյա տարածքի օկուպացումը ԵԽ-ի անդամ պետության
կողմից տվյալ պետության՝ որպես ԵԽ-ի անդամի պարտավորությունների լուրջ խախտում է
հանդիսանում", "տարածաշրջանի ապագա կարգավիճակի հարցով Ադրբեջանի կառավարությունը
պետք է շփումներ հաստատի Ղարաբաղի երկու համայնքների քաղաքական ներկայացուցիչների
հետ" եւ այլն։
Նույն ժամանակաշրջանում Եվրոպայում տեղի էին ունենում իրենց ծավալով եւ որակով մեր
տարածաշրջանի եւ աշխարհի համար բավականին մեծ նշանակություն ունեցող
իրադարձություններ: Սոցիալիստական սիստեմի նախկին երկրները եւ ԽՍՀՄ մաս կազմող
Բալթյան հանրապետությունները եվրաինտեգրման ուղին էին բռնել: Եվրամիությունը
ընդարձակվում էր դեպի հարավ եւ արեւելք: Նոր հարեւանների հետ սերտ
հարաբերություններ հաստատելու նպատակով ԵՄ-ն պետք է նրանց համար բացեր իր ներքին
շուկան: 2004թ. մայիսի 1-ին տասը նոր պետություններ մտան ԵՄ-ի կազմի մեջ եւ
հարավկովկասյան տարածաշրջանը դարձավ հարեւան ԵՄ-ի համար: ԵՄ-ն իր սկզբունքների
համաձայն նոր հարեւաններին պետք է աջակցի ապահովել ներքին կայունությունը,
ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, տնտեսական բարեփոխումները եւ առկա
հակամարտությունների կարգավորումը: Այսպիսի արտաքին քաղաքական ուղի որդեգրած ԵՄ-ն
պետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Ղարաբաղի հարցը
դարձել է ԵՄ-ի "Եվրոպական հարեւանության քաղաքականության" կարեւոր բաղադրիչներից,
իսկ դրա շրջանակներում Հայաստանի հետ կնքվելիք գործողությունների ծրագրում այն պետք
է ստանա կոնկրետ տեսք ու բովանդակություն:
Ակներեւ է, որ Հայաստանն անշրջելիորեն կապված է Հարավային Կովկասի իր հարեւանների
հետ, ուրեմն միջազգային զարգացումներին զուգահեռ մենք պետք է ամբողջովին փոխենք
ժողովրդավարության նկատմամբ մեր վերաբերմունքը. քաղաքական վերնախավը եւ նրա կողմից
առաջնորդվող քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է հասկանան, որ
ժողովրդավարությունը ոչ թե արտաքին պարտադրանք է, այլ կայունության ու զարգացման
անհրաժեշտ պայման, եւ պետք է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձեւավորվի
լեգիտիմ իշխանություն, որի միջոցով հնարավոր կլինի փոխհամաձայնությունների
ճանապարհով հասնել վստահության մթնոլորտի ստեղծման, տարածաշրջանային ու միջազգային
համագործակցության խթանման։
