NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կարող է արդյոք հասարակությունը դեր ունենալ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում
Հուլիսի 28-ին Կոնֆլիկտի տրանսֆորմացիայի և խաղաղաշինության Երևանի ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ քննարկում "Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը եւ դրա ազդեցությունը ներքին քաղաքականության վրա" թեմայով: Մինչ այդ, կենտրոնը մի քանի քննարկումներ էր կազմակերպել Ղարաբաղի խնդրի տարբեր դրսեւորումների շուրջ, որոնցից մեկին մասնակցում էին նաեւ ԼՂՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումների ընթացքում փորձ է արվում հստակեցնել այն խնդիրների շրջանակը, որոնք, ըստ մասնակիցների, առավել հրատապ եւ էական են ներքին եւ տարածաշրջանային զարգացումների տեսակետից: Ի՞նչ վերաբերմունք եւ գնահատականների համակարգ է ձեւավորվել Հայաստանում եւ Ղարաբաղում, ինչպե՞ս է ԼՂ խնդրի գործոնը ազդում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների վրա, կարգավորման գործընթացում կա՞ն արդյոք իրական տեղաշարժեր, ի՞նչ նոր խաղացողներ եւ էլեմենտներ են ներգրավվել կարգավորման գործընթաց, ի՞նչ դեր է վերապահված եւ ինչի վրա պետք է կենտրոնանան կոնֆլիկտի կողմ երկրների հասարակությունները եւ այլն. ահա խնդիրների այն հիմնական շրջանակը, որոնց շուրջ ընթացավ քննարկումը: Ստորեւ համառոտ կանդրադառնանք այդ հարցերին:
Քննարկման մասնակիցները նշեցին, որ թե Հայաստանում, թե Ղարաբաղում վերջին տարիներին տեղի է ունեցել կարգավորման գործընթացի եւ ներքին խնդիրների հանդեպ վերաբերմունքի եւ գնահատականների էական փոփոխություն: Օրինակ, Ղարաբաղում ներկայում գրեթե չեն հետաքրքրվում կարգավորման գործընթացով` որպես այդպիսին. նախկին "էյֆորիայից" հետո, երբ "ամբողջ աշխարհն է հետաքրքրված ու զբաղված մեր հարցով, մենք ենք փլել Բեռլինի պատը" եւ այլն, ներկայում մարդկանց առավել հետաքրքրում են կոնկրետ խնդիրները, ասենք` իրենց համար տարածքների հարցի այս կան այն կերպ լուծման օգուտներն ու վնասները, ադրբեջանցիների հետ հարաբերությունների եւ համակեցության հնարավորությունները եւ այլն: Հայաստանում եւս տեղի է ունենում նույնը. միֆական եւ "հերոսական" պատկերացումներին փոխարինելու են գալիս ավելի առարկայական խնդիրները: ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը եւ ԼՂՀ տարածքում ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայությունն առայժմ այն բնագավառներն են, որտեղ կա հստակություն եւ որը հանգեցնում է վերաբերմունքի փոփոխությանը. մի դեպքում գործ ունենք հարկատուների միջոցներով ձեւավորվող վարկի, մյուս դեպքում` զինծառայության հետ կապված իրավական, քաղաքացիական, սոցիալական եւ այլ խնդիրների հետ: Հետաքրքիր է, որ վերջին տարիներին, թեեւ ԼՂ խնդիրը դեռեւս չի կարգավորվել, Հայաստանի քաղաքացիները ձգտում են, որ իրենց զավակները ծառայեն ԼՂՀ տարածքում, որտեղ զինծառայության պայմանները զգալիորեն տարբերվում են Հայաստանի զինմասերի պայմաններից: Այս իրավիճակը հատկապես կարեւոր է դառնում այն պայմաններում, երբ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդների միջեւ արհեստականորեն մտցվել է փոխադարձ անվստահության եւ պահանջների մթնոլորտ, կենցաղային մակարդակից մինչեւ հասարակական:
Հաջորդ խնդիրը, որ շոշափեցին քննարկման մասնակիցները, ԼՂ խնդրի գործոնի ազդեցությունն է Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումների վրա: Վերջին տասնամյակում, փաստորեն, ՀՀ եւ Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներն ընթացել են այս գործոնի վճռական ազդեցությամբ. մի քանի հեղաշրջում եւ իշխանափոխություն, քաղաքականության եւ տնտեսության մեջ զինվորականների դերի ու ազդեցության կտրուկ աճ, քրեական-կլանային տարրերի կողմից պետական-հասարակական ինստիտուտների ուզուրպացիա եւ այլն: Նշվեց, որ այս գործընթացները հետեւանք են ԼՂ խնդրի գործոնի շահարկման. ՀՀ-ում եւ Ադրբեջանում տարբեր քաղաքական-տնտեսական-կլանային խմբեր դա օգտագործում են հասարակությանն ապակողմնորոշելու, իրենց իշխանության եւ սեփականության խնդիրները լուծելու համար: Եւ այդ երկրների հասարակությունները պետք է փորձեն կտրուկ փոխել իրավիճակը, թուլացնելով ԼՂ խնդրի գործոնի ազդեցությունը ներազգային կյանքում, ինչը հնարավորություն կտա ուշադրությունը կենտրոնացնել երկրների առջեւ ծառացած բուն խնդիրների վրա:
Ինչ վերաբերում է կարգավորման ընթացքին, քննարկման մասնակիցներն այն կարծիքին էին, որ տասնամյակից ավելի տեւող կարգավորման գործընթացը էական առաջընթաց չի արձանագրել, եւ միակ շոշափելի փաստը զինադադարն է: Մինսկի խումբը, որ զբաղվում է կարգավորման խնդրով, փաստորեն, "ստատուս-քվոյի" խումբ է, որի գործունեությունն ուղղված է ներկայիս իրավիճակի պահպանմանը: Կարծիքներ հնչեցին, որ, թերեւս, կոնկրետ քայլեր կլինեն այն ժամանակ, երբ համաշխարհային գործընթացները կհանգեն նոր "Պոտսդամ-Յալթայի համակարգի": Մինչ այդ, սակայն, կարգավորման գործընթացում փորձ արվեց մտցնել նոր էլեմենտներ` Մինսկի խմբի փաստացի անգործության եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցային ֆորմատի պայմաններում: Մասնավորապես, Եվրամիությունը, հանձին Դեւիսի եւ Աթկինսոնի զեկույցների, փորձեց ներգրավվել կարգավորման գործընթաց, ներմուծելով նոր տարրեր, որոնք բացակայում էին Մինսկի խմբի "փաթեթում": Մասնավորապես, ամենաէականն այդ զեկույցում այն էր, որ, նախ, թեեւ ոչ հստակ ձեւակերպումներով, խոսք էր գնում ընդհանուր ժողովրդավարացման գործընթացների եւ հումանիտար խնդիրների մասին, եւ երկրորդ, նշվում էր Ադրբեջան-Ղարաբաղ ուղիղ բանակցությունների տարբերակը: Սակայն Եվրամիության այդ փորձը կարծես ձախողվեց, համենայնդեպս, այս փուլում:
Միով բանիվ, քննարկման մասնակիցները նշեցին, որ այս իրավիճակում կոնֆլիկտի կողմ երկրների հասարակությունները պետք է ճշտեն անելիքները եւ կենտրոնանան ներազգային կյանքի բուն խնդիրների վրա: Նախ, պետք է ձեւավորվի հզոր քաղաքացիական բեւեռ, որը թույլ կտա հասարակությանը ստանձնել իր բուն ֆունկցիան` ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորումը եւ վերահսկողությունը ներքին եւ արտաքին զարգացումների վրա: Այդ դեպքում միայն կարող է ստեղծվել հասարակական համաձայնությունը, ինչն իր հերթին կնպաստի ամենաբարդ խնդիրների, այդ թվում նաեւ` ԼՂ հարցի կարգավորմանը:
