NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայոց ցեղասպանությունը Բունդեսթագի օրակարգում
Չնայած Առաջին աշխարհամարտի շրջանում արևմտահայության զանգվածային բնաջնջմանը
վերաբերող՝ Գերմանական Բունդեսթագում ս. թ. ապրիլին կատարված քննարկումները և դրանց

արդյունքում հունիսի 16-ին ընդունված բանաձևը հայկական կողմին և առհասարակ հայոց
ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կողմնակիցներին լիարժեք գոհացում չէր կարող
պատճառել, քանի որ բանաձևում ցեղասպանության ճանաչման և դատապարտման հստակ
իրավաքաղաքական ձևակերպում չկատարվեց, այնուհանդերձ այն պետք է համարել խիստ
նշանակալից առաջընթաց հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։ Այդ
քննարկումներն, անկասկած, շատերի համար միանգամայն անսպասելի էին, քանի որ
Գերմանիայում հայկական համայնքը բավականին թույլ է երկրի ներքաղաքական, հասարակական
կյանքում որոշակի ազդեցություն ունենալու համար, իսկ թուրքականը, ի հակակշիռ դրան,
բավականին ուժեղ: Բացի այդ, Գերմանիայում կառավարության և պառլամենտի անդամների հետ
լոբբիստական աշխատանքներ, ինչպես դրանք արվել են այլ երկրներում, չէին կատարվել: Եվ
վերջապես, ըստ ավանդական տրամաբանական հետևությունների, Գերմանիան՝ իբրև առաջին
աշխարհամարտում Թուրքիայի դաշնակիցը, պետք է այդ մեծ ոճրագործությունների համար
որոշակի համապատասխանատվություն կրեր և հետևաբար հարցի քննարկմամբ շահագրգռված
լինել չէր կարող։ Իրականում, սակայն, փաստարկվեց հակառակը. քննարկումը կատարվեց, և
այն էլ առանց տեսակետների բախման և Բունդեսթագում ներկայացված բոլոր ֆրակցիաների
ընդգծուն համերաշխության պայմաններում։ Նախ թերևս այն մասին, թե որո՞նք էին հայ
ժողովրդի մեծագույն ողբերգության առնչությամբ Բունդեսթագի նախաձեռնած այդ՝ դեռևս
աննախադեպ քայլի հիմնական շարժառիթները։ Ինչպես քննարկումից օրեր առաջ „Der
Tagesspiegel“ պարբերաթերթն էր նշել, Քրիստոնյա-դեմոկրատական միության և
Քրիստոնյա-սոցիալական միության համատեղ ֆրակցիայի՝ բանաձևի նախաձեռնությամբ հանդես
եկած պատգամավորներն արդեն մի քանի տարի է, ինչ բացասական դիրքորոշում են որդեգրել
Թուրքիայի՝ Եվրոպական միությանը անդամակցելու հարցում, և այդ իրողությունն անկասկած
կարևոր դեր է խաղացել բանաձևի մահղացման ու նախաձեռնման համար։ Դա, սակայն, միակ
շարժառիթը չէր։ Վերջին տարիներին ուսումնասիրվել և ինչպես առանձին ժողովածուներում,
այնպես էլ ինտերնետային ցանցում հրապարակվել է հայոց ցեղասպանությանը վերաբերող
գերմանական դիվանագիտական տեղեկագրերի մի բավականին ստվար ընտրանի, որի զգալի մասն
արդեն թարգմանվել է նաև անգլերեն և այդ կերպ մատչելի դարձվել նաև ոչ գերմանախոս
հասարակայնությանը։ Ինքնին հասկանալի է, որ քանի դեռ երիտթուրքական արխիվները
շարունակում են ուսումնասիրողներին անմատչելի մնալ, կարևորագույն փաստագրական
նշանակություն են ձեռք բերում Թուրքիայում Առաջին աշխարհամարտի տարիներին
պաշտոնավարած օտարերկրացի դիվանագետների տեղեկագրերը։ Ընդ որում, եթե նկատի առնենք,
որ Գերմանիան միակ պետությունն էր, որը գաղտնագրված, ասել է թե՝ թուրքական
կառավարության կողմից անվերահսկելի տեղեկատվություն ուղարկելու և ստանալու բացառիկ
մենաշնորհ ուներ, և բացի այդ Թուրքիայի գավառներում գերմանական
հյուպատոսությունների թվաքանակը մեծապես գերազանցում էր ավստրոհունգարականին, ապա
պարզ կդառնա, թե ցեղասպանության փաստման առումով որպիսի կարևոր նշանակություն են
ձեռք բերում գերմանական տեղեկագրերը։ Դրանց կարևորությունն էլ ավելի ակնառու
կդառնա, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն ամերիկյան տեղեկագրերի, որոնց
հեղինակներին ցեղասպանության ճանաչման հակառակորդները կարող են որոշակի միտումներ
վերագրել, Թուրքիայի դաշնակցի տեղեկությունները մեծագույն իսկ ցանկության դեպքում
ոչ ոք վիճարկելի համարել չի կարող։ Հրապարակված գերմանական դիվանագիտական
տեղեկագրերը ստուգապես և անառարկելիորեն փաստում են ցեղասպանության
ծրագրայնությունը, իրագործման մեթոդները, ընդգրկման ծավալն ու հետևանքները, և
կարելի է վստահաբար ասել, որ եթե դրանք ավելի վաղ հրապարակ հանված լինեին, ապա
թուրքական պատմագիտությունը եղերական իրադարձությունները հերքելու կամ վիճարկելու
ջանքեր չէր գործադրի։ Գերմանացի պատգամավորները չէին կարող շրջանցել կամ անտեսել
իրենց իսկ արտգործնախարարության քաղաքական արխիվի փաստաթղթերը, որոնց հրապարակումը
իրավամբ պետք է համարել Բունդեսթագում տեղի ունեցած քննարկման կարևորագույն
նախադրյալներից մեկը։ Եվ, իհարկե, պատահական չէ, որ ելույթ ունեցող պատգամավորները
քաջ ծանոթ էին այդ փաստաթղթերին, իսկ նրանցից շատերը ոչ միայն վկայակոչում էին
դրանք, այլև, ըստ անհրաժեշտության կատարում էին հղումներ։ Մյուս կողմից հայոց
ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջին տարիներին Եվրոպայում ու աշխարհում
այնօրինակ առաջընթաց է արձանագրել, որ Եվրոպայի այնպիսի մի առաջատար երկիր,
ինչպիսին Գերմանիան է, չէր կարող անտեսել այդ գործընթացը և կամ դուրս մնալ դրանից։
Չի կարելի չնշել նաև այն հանգամանքը, որ այդ գործընթացը որոշակիորեն ձերբազատում է
գերմանացի ժողովրդին՝ իբրև ցեղասպան միակը լինելու հոգեբարոյական ծանր բեռից։ Ես
ինքս Գերմանիայում բազմիցս առիթներ եմ ունեցել մասնակցելու հայոց ցեղասպանությանը
նվիրված միջոցառումների և համոզվել եմ, որ գերմանացի ունկնդիրների մի զգալի մասը
դրանց մասնակցում է՝ լսելու և հավաստիանալու համար, որ Գերմանիան միակ ցեղասպան
պետությունը չի եղել։ Բունդեսթագի նախաձեռնությունը կարող էր որոշակիորեն կարևորվել
նաև այդ տեսանկյունից։ Եվ վերջապես քննարկման ոչ պակաս կարևոր մյուս դրդապատճառը
պատգամավորների կողմից այն իրողության հստակ գիտակցումն էր, որ արևմտահայության
բնաջնջումը ոչ միայն Թուրքիայի, այլև նրա ռազմական դաշնակցի՝ Գերմանիայի պատմության
բաղկացուցիչ մասն է, և առաջին հերթին հենց դա է, որ Գերմանիային պարտավորեցնում է
զբաղվել այդ թեմայով։
Ինչևէ, քանի որ ստորև ներկայացված է ելույթների ամբողջական բովանդակությունը, ես
դրանց այստեղ հանգամանալից չեմ անդրադառնա, այլ միայն կնշեմ այն հիմնական
տեսանկյուններն ու մոտեցումները, որոնք ընդհանրական էին բոլոր ելույթների կամ դրանց
մեծ մասի համար։ Նախ արժե հիշատակել, որ անդրադառնալով այդ քննարկումը վիժեցնելու
նպատակով Թուրքիայի պաշտոնական շրջանների կողմից կատարվող ճնշման փորձերին ու
բողոքներին՝ պատգամավորները հարկ էին համարում ընդգծել, որ դրանք անտեղի են, և
միայն Բունդեսթագն է վճռում, թե ինչ հարցեր և ինչպես պետք է քննարկի։ Եթե նկատի
առնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բեռլինի "ճանաչում"
աշխատանքային հանձնախմբի ղեկավար, ականավոր հայագետ դր. Թեսսա Հոֆմանի կողմից՝ դեռ
2001 թ-ին Բունդեսթագին ուղղված հայտը թուրքական կողմի ճնշման հետևանքով
պառլամենտի՝ հայտերի ընդունման հանձնաժողովի կողմից մերժվել էր, ապա վերոնշյալը
պետք է համարել բեկումնային նշանակության մի իրադարձություն Թուրքիայի հանդեպ
Գերմանիայի մինչայժմյան ավանդական, որպես կանոն խիստ բարյացակամ և "ըմբռնողական"
քաղաքականությունում։ Այդ էր վկայում նաև քննարկման հետագա ընթացքը։ Ելույթներում
շեշտվում էր, որ Թուրքիայում հայկական թեման շարունակում է տաբու համարվել, և այն
անձինք, որոնք համարձակվում են զբաղվել դրանով, ենթակա են քրեա-իրավական
հետապնդման։ Դա համարելով անթույլատրելի՝ պատգամավորները միաժամանակ նշում էին, որ
Բունդեսթագը պետք է իր ազդեցությունը գործադրի՝ այդ թեմայով Թուրքիայում կատարվող
հասարակական քննարկումների ազատություն ապահովելու համար։ Ելույթ ունեցող
պատգամավորների մեծ մասը բավականաչափ իրազեկ էր հարցի պատմությանը, և շեշտում էր,
որ արևմտահայության սպանդն իրագործվել է թուրքական կառավարության գիտությամբ և
ցանկությամբ, ծրագրավորված կերպով և հաճախ նաև այդ նպատակով կազմավորված հատուկ
զինված միավորումների միջոցով։ Ընդ որում որպես կանոն ընդգծվում էր նաև Գերմանիայի
համապատասխանատվության հանգամանքը, որը, ինչպես հավաստում էին պատգամավորները,
սկզբից ևեթ միանգամայն իրազեկ լինելով ոճրագործություններին՝ որևէ քայլ չի
ձեռնարկել դրանք արգելելու կամ կասեցնելու համար։ Հենց այն հանգամանքը, որ դրանք
նաև Գերմանիայի պատմության մի մասն են, նրանք անտարբեր չէին կարող գտնվել Թուրքիայի
կողմից այդ թեմայի արգելափակման փաստի հանդեպ։ Թուրքական պաշտոնական շրջանների այդ
կեցվածքը, ինչպես նշվում էր ելույթներում, հակասում է Եվրոպական միության որդեգրած
համալիր արժեքային համակարգի հիմքում ընկած՝ սեփական պատմության մութ էջերի
անկողմնակալ և ստույգ քննության գաղափարին և նաև միայն այդ կերպ հնարավոր դարձող
հաշտությանը. հանգամանք, որը Թուրքիայում դեռևս հեռու է իրականություն լինելուց։
Միմիայն գերմանական փաստաթղթերը, ըստ ելույթ ունեցողների, բավական էին ստուգապես և
անառարկելիորեն հիմնավորելու Թուրքիայի "պատմական մեղքը", որի ընդունումը և դրա
հիման վրա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը բխում էր
հենց իր՝ Թուրքիայի շահերից, քանի որ այլապես նա չէր կարող մերձենալ եվրոպական
արժեքային համակարգին։ Պատգամավորները շեշտում էին նաև Հայաստանի "վտանգավոր"
մեկուսացումն ավարտելու, սահմանների բացման և երկկողմ հասարակական շփումների
ապահովման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրանց, ոչ միայն տնտեսապես է շահավետ երկու
երկրների համար, այլև կարևոր նախադրյալ է հասարակական փոխըմբռնում և պատմության
ստույգ և արդարացի քննության ու լուսաբանման հիման վրա հաշտություն ապահովելու
համար։ Դա նրանք իրավամբ համարում էին նաև կովկասյան տարածաշրջանում կայունության և
խաղաղության ապահովման հիմնական երաշխիքներից մեկը։ Միաժամանակ առաջարկվում էր
դաշնային երկրամասերին հանձնարարել իրենց դպրոցական դասագրքերում ավելի մեծ տեղ
հատկացնել արևմտահայության ողբերգական ճակատագրի լուսաբանմանը, ինչը մինչ այժմ
անբավարար չափով է կատարվել։
Այդ ամենով հանդերձ, պատգամավորները չէին կամենում ընդունվելիք բանաձևում կիրառել
"ցեղասպանություն" իրավաքաղաքական հասկացողությունը և այն դատապարտել, ինչպես այլ
արվել է այլ երկրներում (չնայած որոշ ելույթներում աներկբա նշվում էր, որ կատարվածը
ցեղասպանություն է)։ Նրանք այդ փորձում էին հիմնավորել այն հանգամանքով, որ դա իբրև
թե չէր օգնի, ավելին, կխանգարեր քննարկման հիմնական նպատակի՝ հաշտության
իրագործմանը։ "Ցեղասպանություն" տերմինը, ինչպես կնկատեն բանաձևի ընթերցողները,
բանաձևում օգտագործվել է միայն անուղղակիորեն, այն մատնանշմամբ, որ "Ըստ անկախ
հաշվարկների, աքսորներին և զանգվածային սպանդներին զոհ դարձան ավելի քան 1 միլիոն
հայեր։ Բազմաթիվ անկախ պատմաբաններ, պառլամենտներ և միջազգային կազմակերպություններ
հայերի հալածանքներն ու բնաջնջումը բնութագրում են որպես ցեղասպանություն"։
Իհարկե, վերոնշյալ պատճառաբանությունը միանգամայն խոցելի է, քանի որ կատարված
ոճրագործությունների ընդունումը առանց դրանց իրավաքաղաքական դատապարտման միանգամայն
սնանկ է և չի կարող հիմք դառնալ այն հաշտության համար, որը Բունդեսթագը համարում էր
կազմակերպված քննարկման հիմնական նպատակը։ Պատահական չէ, որ այդ մոտեցումը հարցին
իրազեկ և դրանով շահագրգռված անձանց ու կազմակերպությունների շրջանում բավականին
մեծ դժգոհություն ի հայտ բերեց։ Ուշագրավ էր, օրինակ, գերմանական "ՊԷՆ"-ի՝ այս
տարվա մայիսի 21-ին Բոխումում կայացած համագումարում այդ առթիվ ընդունված
հայտարարությունը, որտեղ Բունդեսթագին կոչ էր արվում խուսափել լեզվական
քողավորումից և իրերը կոչել իրենց անունով։ Իսկ "Ճանաչում" աշխատանքային հանձնախմբի
ղեկավար, դր. Թեսսա Հոֆմանը Բունդեսթագի բոլոր ֆրակցիաներին ուղղեց մի հարցում այն
մասին, թե արդյոք նրանք պատրաստ ե՞ն ճանաչել և դատապարտել հայոց ցեղասպանությունը։
Ֆրակցիաներից ստացված նամակներից և ոչ մեկում, ցավոք, հարցը ուղղակի և հստակ
պատասխան չի ստացել։ Իրավացի դժգոհության արժանացավ նաև Թուրքիայի վարչապետի կողմից
20-դարասկզբի իրադարձությունները ուսումնասիրելու նպատակով փորձագիտական
հանձնաժողովի ստեղծման առաջարկի հանդեպ գերմանացի որոշ պատգամավորների կողմից
ցուցաբերված դրվատական վերաբերմունքը, որն այնուհետև առանձին պարբերությամբ
ամրագրվեց հունիսի 16-ին ընդունված բանաձևի տեքստում։ Այդ առաջարկը կարող էր կարևոր
և գնահատելի համարվել, եթե իրողություններն արդեն իսկ սպառիչ կերպով պարզաբանված և
փաստարկված չլինեին։ Մինչդեռ ներկայումս հրապարակված փաստական նյութերի դեպքում դա
իհարկե պարզապես անիմաստ և անտեղի է։ Ուշագրավ է, որ մինչև իսկ գերմանական "Die
Welt" պարբերականը անդրադառնալով կանցլերի՝ Թուրքիա կատարած այցին և այն մեծ
խանդավառությանը, որով կանցլերն ընդունել էր Էրդողանի վերոնշյալ առաջարկը, իր
մայիսի 6-ի թողարկման մեջ երգիծանքով նշում էր, որ "Դա հայերի համար մոտավորապես
նույնն է, ինչ լեհերի համար կլիներ, եթե գերմանական կառավարությունն առաջարկեր
զբաղվել այն հարցի պարզաբանմամբ, թե ինչպես է սկսվել երկրորդ համաշխարհային
պատերազմը։ Չնայած դրան Շրյոդերը Հայաստանի կառավարությանը կոչ արեց համաձայնել և
բազմիցս գովեց իր թուրք գործընկերոջը"։ Բունդեսթագն այնուամենայնիվ Էրդողանի
առաջարկն ընդունելի էր համարում այն նախապայմանով, որ հանձնաժողովում ընդգրկվեն ոչ
միայն երկու երկրների մասնագետները, այլև միջազգային փորձագետներ։
Ինչևէ, չնայած Բունդեսթագում ընդունված բանաձևը հայոց ցեղասպանության ճանաչման և
դատապարտման կողմնակիցների ակնկալիքները չարդարացրեց, այնուհանդերձ դրա
կարևորությունը կասկած հանդուրժել չի կարող։ Դա պետք է համարել կարևոր գործընթացի
խոստումնալից սկիզբը, մի գործընթացի, որը կավարտվի Գերմանիայի կողմից հայոց
ցեղասպանությունը ճանաչմամբ և դատապարտմամբ, և այն, որ ընդունված բանաձևը դրա համար
նշանակալից գրավական և նախադրյալ է հանդիսանում, կասկած հանդուրժել չի կարող։
Անշուշտ, հայոց ցեղասպանության ճանաչման՝ Գերմանիա տեղափոխված գործընթացի հանդեպ
չեն կարող անտարբեր մնալ նաև Ավստրիան և Հունգարիան, որոնք նույնպես
համապատասխանատվություն են կրում արևմտահայության նկատմամբ իրագործված
ոճրագործությունների հարցում և պարտավորված կլինեն հետևել Գերմանիայի օրինակին։
