NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայկական Ինտերնետը անպաշտպան է
Հայտնի է, որ Հայաստանում Ինտերնետը գտնվում է ծանր վիճակում, դրանից օգտվողների թիվը խիստ սակավ է։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2004 թվականին Ինտենետից օգտվում էր Հայաստանի բնակչության ընդամենը 1,58%, մոտավորապես 50 հազար մարդ։ Սա չնչին տոկոս է։ Զարգացած երկրներում այն հասնում է 40-70 տոկոսի։

Այս տխուր իրավիճակը պայմանավորված է Ինտերնետ-կապի բարձր սակագներով, շատ ցածր որակով, ժողովրդի մեծ մասի անվճարունակությ ամբ եւ մի շարք այլ հանգամանքներով։ Չնայած Ինտերնետից օգտվողների քանակը տարեց տարի աճում է, սակայն հիմնական խնդիրները շարունակում են չլուծվել։ Ավելին, նորանոր հարցեր են ծառանում հայաստանյան ինտերնետի առջեւ։
Ամենակարեւորներից մեկն է անվտանգության հարցը։ Վերջին տարվա ընթացքում կտրուկ ավելացել են հայկական վեբ-կայքերի վրա հարձակման դեպքերը։ Այսպես, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ադրբեջանցի եւ թուրք հակերների կողմից «կոտրվեցին» մի քանի տասնյակ հայկական կայքեր։ Դրան ի պատասխան հարձակման ենթարկվեցին մեծ քանակի ադրբեջանական կայքեր։ Սակայն այս փոքրիկ վիրտուալ պատերազմը համարյա չլուսաբանվեց հայկական մամուլում։ Պատճառը երեւի թե այն է, որ հասարակության հիմնական մասը չի հետաքրքրվում նման հարցերով։
Հուլիսին եւ օգոստոսին հայկական Ինտերնետը ենթարկվեց ավելի հզոր հարձակման։ Գրեթե բոլոր խոշոր հայկական կայքերը մոտ երկու ամսվա ընթացքում գտնվում էին DDoS հարձակման տակ(DDoS - Distributed Denial of Service)։ Այդ պատճառով մի քանի շաբաթով շարքից դուրս եկան հայկական (նաեւ ղարաբաղյան) խոշորագույն ինտերնետային ֆորումները եւ կայքերը՝ Hayastan.com, OpenArmenia.com, Armenianhouse.org, ArmKB, Genocide.ru, Artsakh.info, Arev.ru, Yerevan.ru եւ այլն։ Փաստորեն ոչնչացվել էր հայկական Ինտերնետ-համայնքը։ Նշենք նաեւ, որ ֆորումներում մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մի քանի հազար քաղաքացիներ, ինչպես նաեւ սփյուռքի ներկայացուցիչները։ Այս դեպքը նույնպես վրիպեց մամուլի եւ փորձագետների ուշադրությունից։
DDoS տիպի հարձակումներին շատ դժվար է դիմակայել, քանի որ հանցագործները օգտագործում են տասնյակ վարակված համակարգիչներ, որոնք տեղակայված են աշխարհով մեկ։ Այս տիպի խոշոր հարձակումների չեն կարողանում դիմակայել նույնիսկ մեծ կորպորացիաները։ Նշենք նաեւ, որ DDoS-ի դեպքում դժվար է ճշտել, թե ով է հարձակման հեղինակը։ Այսինքն պնդել, որ տվյալ հարձակման հեղինակները կրկին նստած էին Բաքվում կամ Անկարայում, հնարավոր չէ։ Ավելին, ադրբեջանական հակերների ֆորումներում , որտեղ իրենք պարծանքով հայտնում են բոլոր հայկական կայքերի վրա հարձակումների մասին, այդ մասին նույնպես տեղեկատվություն չկար։ Ուստի կարելի է կասկածել, որ հեղինակները կարող էին լինել ադրբեջանցիները, թուրքերը, բայց նույն հաջողությամբ սա կարող էր լինել ռուսների, ամերիկացիների եւ նույնիսկ հայերի կողմից պատրաստված հարձակում։ Դժվար է դատել, թե ինչ նպատակներ էին հետապնդում անհայտները, սակայն մի բան պարզ է՝ հարձակման հետեւանքով Հայաստանի հասարակությունը մի քանի շաբաթով զրկվեց Ինտերնետում ազատ երկխոսության հնարավորությունից։
Զարգացած երկրներում նման դեպքերում ներգրավվում են պետական հատուկ ծառայությունները, փորձելով ճշտել հանցագործների ինքնությունը եւ պատժել նրանց։ Սակայն Հայաստանում նման մոտեցումները դեռ չեն ձեւավորվել։ Մեզ մոտ Ինտերնետը իշխանությունների կողմից չի դիտվում որպես հասարակական կյանքի էական հատված։ Սա մի կողմից հասկանալի է՝ հաշվի առնելով Ինտերնետից օգտվողների չնչին քանակը։ Մյուս կողմից, հենց Ինտերնետն է այսօր հայկական հասարակության համար գրեթե միակ թարմ եւ բազմակողմանի լուրերի աղբյուրը։
Նշենք եւս մի կարեւոր հանգամանք, որը վրիպում է ուշադրությունից։ Ինտերնետում տեղակայված ֆորումները դարձել են հասարակական կարծիքի ձեւավորման գործոններ։ Ներկայումս Ֆորումների հիմնական մասնակիցներն են հասարակության ամենաակտիվ հատվածի` հիմնականում երիտասարդության, ՀԿ-ների ներկայացուցիչները եւ այլն։ Այստեղ ոչ միայն կատարվում է կարծիքների փոխանակում, այլեւ նախապատրաստվում են զանազան հասարակական գործողություններ։ Ֆորումներում հավաքագրվում են Հայաստանում բարձրացվող բողոքի ակցիաների մասնակիցները, այստեղ հրապարակվում են նամակներ, հայտարարություններ եւ այլն։ Այսօրվա դրությամբ Ինտերնետը հասարակական խմբեր ձեւավորելու ամենաէժան եւ ամենաարագ միջոցն է։ Այսինքն Ինտերնետ ֆորումները եւ նմանատիպ ռեսուրսները պետք է դիտարկել որպես քաղաքացիական հասարակության նոր ձեւավորվող, բայց արդեն ազդեցիկ եւ բավականին մեծ հատված։ Եւ այս հատվածը վտանգված է։ Հայկական Ինտերնետը գրեթ է պաշտպանված չէ, եւ պաշտպանության միակ միջոցը ինքնապաշտպանությունն է։
Մյուս ամենածանր խնդիրն է «ԱրմենՏելը»։ Մենաշնորհային դիրքերը Ինտերնետի ոլորտում հանգեցրել են նրան, որ Հայաստանը կախված է «ԱրմենՏելի» միակ օպտիկա-մանրաթելքային մալուխից, որի վթարների ժամանակ համարյա ողջ հանրապետությունը զրկվում է արտաքին աշխարհի հետ ունեցած կապից։ Մալուխի ցածր թողունակությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանում տեղակայված կայքերը գրեթե մատչելի չեն հանրապետությունից դուրս գտնվող օգտվողի համար։
«ԱրմենՏելի» սակագնային քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ օգտվողների քանակը Հայաստանում գրեթե չի աճում, իսկ մոտակա ժամանակներս նույնիսկ կարող է նվազել։ Վերջերս «ԱրմենՏելը» ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն հայտ է ներկայացրել ֆիքսված հեռախոսացանցի սակագների կրկնակի բարձրացման մասին: Սրա հետեւանքը կլինի Ինտերնետից օգտվողների քանակի նվազումը, քանի որ Հայաստանում հիմնական զանգվածը օգտվում է dial-up տիպի կապից՝ զբաղեցնելով հեռախոսային գծերը։ Իսկ պետությունը, կարծես թե չի պատրաստվում պաշտպանել բնակչությանը։ Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը Ազգային Ժողովում հայտարարեց , որ եթե նախարարությունը մերժի «ԱրմենՏելին», ընկերությունն իրավունք կունենա մինչև 2012 թվականը երկարաձգել իր մենաշնորհային ժամկետը։
