NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հրամայականը. Ամենաարդյունավետ ուղին հայ-թուրքական երկխոսությունն է
Եթե սրանից 5 կամ 10 տարի առաջ ինձ հարցնեին, թե ինչ քայլերի կամ մեխանիզմների
գործադրմամբ է հնարավոր կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, թերեւս
պատասխանեի, որ կառավարությունների մակարդակում արվող նախաձեռնություններից բացի
այլ ճանապարհ չեմ տեսնում:
Այսինքն` պաշտոնական Երեւանը եւ պաշտոնական Անկարան միակ
սուբյեկտներն են, որոնք ունակ են կամուրջներ գցել հարեւան երկու պետությունների եւ
ժողովուրդների միջեւ: Այսօր իրավիճակը որոշ չափով փոխվել է: ԽՍՀՄ փլուզման եւ
Հայաստանի անկախության նվաճման 14 տարիների ընթացքում, ճիշտ է, Թուրքիան առաջին
պետությունների շարքում ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն այդ խորհրդանշական
ակտից հետո գործնական քայլեր չձեռնարկվեցին, այդպես էլ չհաստատվեցին դիվանագիտական
հարաբերություններ, հայ-թուրքական սահմանը մնում է փակ, չեն դադարում փոխադարձ
կշտամբանքներն ու դեմարշները: Այնուամենայնիվ, երրորդ պետության՝ Վրաստանի տարածքով
իրականացվող ապրանքափոխանակության, Երեւան-Ստամբուլ կանոնավոր եւ Երեւան-Անթալիա
չարտերային չվերթերով, ինչպես նաեւ իրանական ու վրացական ավտոճանապարհներով
իրականացվող զբոսաշրջության եւ մի շարք այլ ոչ քաղաքական ոլորտներում հայ-թուրքական
հարաբերությունները որոշակի դրական զարգացում ապրում են: Այսպիսի ոլորտներից է նաեւ
քաղաքացիական հատվածը` ոչ կառավարական, հասարակական կազմակերպությունները,
ակադեմիական, համալսարանական, գենդերային, լրագրողական շրջանակները, մարդկային
այլազան շփումները:
Մեր համոզմամբ, ժամանակակից հասարակություններում զգալի դերակատարություն ստանձնած
քաղաքացիական հասարակության կառույցները կարող են դրական խթան հաղորդել փակուղում
հայտնված եւ պատմության բացասական բեռի տակ ընկած հայ-թուրքական
հարաբերություններին: Ուստի վստահաբար կարելի է կանխատեսել, որ առաջիկայում էապես
մեծանալու է ոչ կառավարական հատվածի դերը այս հարաբերությունների բարելավման
առումով:
Հայ-թուրքական ներկա հարաբերությունների բնորոշման համար ամենադիպուկ բառը
"լղոզվածությունն" է: Հավանաբար լղոզվածությունը մի յուրատեսակ "ագրեգատային վիճակ"
է, որը նախորդում է անցման շրջանին: Մենք համարձակվում ենք կանխատեսել, որ շատ մոտ
ապագայում՝ 3-5 տարի անց, հայ-թուրքական հարաբերություններում տաբուներին
փոխարինելու են մարդկային անկաշկանդ շփումները, դիմակայությանը՝
համագործակցությունը, թշնամությանը՝ բարի դրացիությունը,: Իսկ առայժմ լղոզված են
մնում առաջին հերթին պաշտոնական Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումները: Ընդամենը
մի քանի տարի առաջ Հայաստանի իշխանությունները աներկբայորեն հայտարարում էին, որ
Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների հաստատման ճանապարհին իրենք դնում են
նախապայմաններ, որոնց շարքում առաջինը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության
ճանաչումն է: Սակայն ներկայումս այդ դիրքորոշումը էապես փոփոխվել է, եւ քանի որ այդ
մասին պաշտոնական հայտարարություն չի արվել, իրականացվում է անորոշ, լղոզված
քաղաքականություն: Նույն լղոզված, ոչ հետեւողական մթնոլորտն է Արաքսի աջ ափին: Եթե
ուշադիր հետեւենք Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի` Հայաստանին առնչվող
վերջին մեկ տարվա հայտարարություններին, կհանդիպենք Թուրքիայի կողմից Հայաստանի
առջեւ դրվող նախապայման հանդիսացող կետերի կամայական փոփոխությունների: Օրինակ, այս
պահի դրությամբ, եթե հավատանք Էրդողանի խոսքին, Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի
մեկ նախապայման` ղարաբաղյան պատերազմի ժամանակ գրավված ադրբեջանական տարածքներից
հայկական զինված ուժերի դուրս բերումը: Մինչդեռ հինգ - տասը տարի առաջ Թուրքիան
պահանջում էր, վերը նշվածից բացի, Ադրբեջանին հանձնել Շուշին, ճանաչել Թուրքիայի եւ
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը,
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային հաղորդակցությունը ապահովելու համար բացել
Մեղրիի միջանցքը, վերահաստատել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով Խորհրդային
Հայաստանի անունից ստանձնած պարտավորությունները, Անկախության հռչակագրից հանել
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթը:
Ակնհայտորեն իրավիճակը տրանսֆորմացվում է դեպի դրական բեւեռ: Դիրքորոշումները
վերանայվում են, եւ դրա ապացույցն է այն, որ մի կողմը իր վեց-յոթ նախապայմաններից
թողել է մեկը, իսկ մյուս կողմը` Հայաստանը, առհասարակ հրաժարվել է նախապայմաններից:
Եւս մեկ անգամ կրկնենք՝ հայ-թուրքական հարաբերությունների վրա դեռեւս ճնշում է
պաշտոնական մակարդակների համար բնորոշ կոնսերվատիզմը, դադարի իներցիայի ուժը,
հետեւաբար "ճեղքումի" պատճառ կարող է լինել մեր երկրներում քաղաքական գծի
փոփոխությունը, օրինակ, Հայաստանում հայդատական գաղափարներին հետամուտ ուժերի
ազդեցության կամ Թուրքիայում հետադեմ զինվորականության, ազգայնամոլականների եւ
իսլամիստական արմատականների սպառնալիքի կտրուկ նվազումը: Մթնոլորտի փոփոխությանը
կարող է նպաստել ցանկացած նախապայմաններից հրաժարման քաղաքական ուղեգծի որդեգրումը:
Պետք է անպայման տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական
հարաբերություններից. Թուրքիան պարտավոր է իր մեջ ուժ գտնել Հայաստանի հետ
հարաբերությունները Ադրբեջանի շահերի պատանդի վիճակից դուրս բերելու համար:
Հայաստանի իշխանությունները (հատուկ շեշտում եմ՝ իշխանությունները) պետք է արտաքին
քաղաքականության օրակարգից հանեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այն
թողնելով գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին, եկեղեցուն, սփյուռքահայ
համայնքներին եւ ոչ կառավարական այլազան կառույցներին:
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բնական ընթացքը անհնար է կասեցնել,
անգամ եթե այդ ուղղությամբ իրենց ջանքերը տասնապատկեն Ռուսաստանի կայսերապաշտական
ուժերը եւ մեր երկրի ներսում դրանց ադեպտները: Ավելի քան 160 տարվա ռուսական
փաստական տիրապետության ձգած արմատները դեռ կենսունակ են մեզանում: Հայերի ազգային
հոգեբանության հետեւողական ձեւախեղման արդյունքում Մոսկվային հաջողվել է մեր
ժողովրդի մեջ տիրապետող դարձնել այն մտայնությունը, թե հայերիս ազգային
անվտանգության միակ երաշխիքը ռուսական գերիշխանությունն է:
Անշուշտ, Օսմանյան Թուրքիայից անջատվող տարածքների նկատմամբ իրենց հսկողությունը
հաստատելու ձգտումը, Սեւ ծովի նեղուցների համար մրցակցությունը, Ռուսաստանի
առաջխաղացումը դեպի Բալկաններ ու Մերձավոր Արեւելք կանխելու եւ բազում մշտական ու
ժամանակավոր այլ շահեր մեծ տերություններն առաջ են մղել՝ ոտնատակ տալով հայերի ու
թուրքական լծի տակ գտնվող շատ ժողովուրդների կյանքի իրավունքը: Դա 19-րդ դարում էր:
Նույն կերպ, հակակոմինտերնյան պակտի ստեղծումը, Վարշավյան եւ Հյուսիսատլանտյան
դաշինքների դաժան առճակատումը հայերին եւ թուրքերին դրել էին հակամարտող
ճամբարներում, եւ այդ իմաստով Թուրքիայից եկող վտանգը բավական ռեալ էր: Դա արդեն
20-րդ դարում էր: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում: Այլ են աշխարհի գլխավոր
դերակատար պետությունները, հումանիզացվել է միջազգային իրավունքը, վերացել է
բլոկային բաժանվածությունը, փոխվել է աշխարհակարգը, եւ անցյալի կատեգորիաներով ու
մտայնություններով առաջնորդվելը դարձել է հասարակական ատավիզմ: Հենց այդ ատավիզմի
հաղթահարումը պետք է լինի եւ՛ հայ, եւ՛ թուրք հասարակությունների ու քաղաքական
վերնախավերի գերխնդիրը:
Թուրքերը այս տարածաշրջան են եկել գրեթե տասը դար առաջ, եւ այդքան ժամանակ հայ եւ
թուրք ժողովուրդները ապրում են կողք-կողքի: Օսմանյան կայսրության քրիստոնյա մյուս
հպատակների նման հայերը ենթարկվել են կրոնական, ազգային խտրականության, թուրք,
քուրդ եւ այլ քոչվոր վերաբնակիչների կողմից դուրս մղվել իրենց պատկանող հողերից,
դաժանաբար հետապնդվել ամենաչնչին իսկ դիմադրության դեպքում: Պատմությամբ նաեւ
վկայված է, որ մինչեւ 19-րդ դարի կեսը Կոստանդնապոլսի եւ այլ քաղաքների որոշ հայ
ընտանիքներ վայելել են արքունիքի վստահությունը, սուլթաններից ստացել որոշակի
գործունեությամբ զբաղվելու արտոնություններ, նշանակվել նախարարներ, նահանգապետեր,
որոշ դեր կատարել առեւտրի, ֆինանսների, արտաքին քաղաքականության բնագավառներում եւ
այլն: Թուրքերն իրենք են ընդունում, որ հայերը մեծ ներդրում են ունեցել "Օսմանյան
հայրենիքի" զարգացման գործում: Այս պնդումը չպետք է չափազանցնել, սակայն անցյալի
պատմության ամբողջական ընկալման համար սա նույնպես պետք է նկատի առնել: Նման
փաստերը կարող են հետաքրքրությամբ ընկալվել հայ հասարակության կողմից եւ ձեւավորել
մեր պատմության նկատմամբ ոչ կարծրացած հայացք: Օրինակ, շատերը գուցե տեղյակ չեն, որ
1903 թվականին Նիկոլայ 2-րդը փակեց Ռուսական կայսրության տարածքի բոլոր հայկական
դպրոցները: Մինչդեռ այդ նույն ժամանակ Թուրքիայում գործում էր մոտ երկու հազար
հայկական դպրոց:
Հարկ է պատմությունը դիտարկել համեմատության առավել լայն կտավի վրա, եւ ի հայտ կգան
նոր տեսանկյուններ, որոնք չպետք է անտեսել: Արդի պայմաններում հայ-թուրքական
հարաբերությունների խթանման հեռանկարի առումով նշանակալի քայլ է Թուրքիայի
կառավարության որոշումը՝ 2 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Աղթամար վանքի վերականգման
համար: Դա կարող է Թուրքիայում Հայոց պատմության ու հայկական մշակութային
ժառանգության նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխման սկիզբը հանդիսանալ: Չպետք է
տրվել կասկածներին. կատարվել է մեկ կոնկրետ դրական քայլ, եւ այն պետք է ողջունել:
Չափազանց ցավոտ ու նուրբ է հայոց ցեղասպանությանն առնչվող հարցի համախումբը: Որեւէ
հայ չի կարող կասկածի տակ դնել այն իրողությունը, որ երիտթուրքերի կառավարության
կողմից ծրագրվել եւ 1915 թվականին իրագործվել է Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ
Թուրքիայի բոլոր հայերի տեղահանությունն ու հրեշավոր սպանությունը: Ցեղասպանության
զոհ է գնացել մեկ եւ կես միլիոն հայ, մնացածները փրկություն են գտել հարեւան
երկրներում ու, տարագրվելով աշխարհով մեկ, կազմել ներկա հայկական սփյուռքը:
Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանից՝ Արեւմտյան
Հայաստանից: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ստեղծվեց Միավորված Ազգերի
Կազմակերպությունը եւ առաջինների շարքում 1948 թվականին ընդունվեց ցեղասպանությունը
բնորոշող ու դատապարտող ՄԱԿ-ի կոնվենցիան, հայկական սփյուռքի կազմակերպությունները,
եկեղեցին սկսեցին տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների առջեւ
արծարծել ըստ այդ կոնվենցիայի սահմանման ցեղասպանության ճանաչման հարցը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետական արտաքին քաղաքականության
հիմքում դնելու ուղեգիծը, որ որդեգրվեց 1998 թվականի փետրվարյան իշխանափոխությունից
հետո, հայդատականության ջատագովների կողմից ներկայացվում է որպես հարգանք մեր
ազգային զգացմունքների նկատմամբ, տուրք եղեռնի զոհերի հիշատակին: Հարցի նման
ձեւակերպումը հիմնովին արատավոր է թեկուզ միայն այն պատճառով, որ քաղաքական խնդրին
տրվում է զգացական հիմնավորում: Մենք պաշտպանում ենք Հայաստանում գոյություն
ունեցող այն հասարակական մտայնությունը, ըստ որի՝ ցեղասպանության միջազգային
ճանաչումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Այսինքն՝ հարցը պետք է
դուրս դրվի պետական քաղաքակության ոլորտից: Պատմությունը չի կարող քաղաքական
փաստարկ լինել. սա ոչ միայն մեր համոզումն է: Այդ ճանապարհով հաշտության ու
բարեկամության ուղին բռնեցին լեհերն ու գերմանացիները, ճապոնացիներն ու
ամերիկացիները, ռուսներն ու գերմանացիները: Դա են այս կամ այն ձեւակերպմամբ ամեն
անգամ մեզ հասկացնում Երեւանում եղեռնի զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնող
օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաները:
Հայաստանի իշխանությունները մեր հասարակությունից հմտորեն թաքցնում են, որ հայոց
ցեղասպանությունը ճանաչած պետությունները այդ ակտը կատարում են ոչ թե մեր պետության
խնդրանքով, այլ իրենց պետական շահի, իրականացվող քաղաքականության թելադրանքով:
Նույնիսկ այն դեպքերում, երբ տվյալ երկրում առկա մեծ, կազմակերպված եւ ազդեցիկ հայ
համայնքի ճնշմամբ ընդունվում է ճանաչման ակտ, միեւնույն է, ավելի խոր
վերլուծությունը ցույց է տալիս, որ նման որոշումը համընկել է տվյալ պետության
շահին:
Մենք ամենեւին չենք մերժում պետության մասնակցությունը ցեղասպանության միջազգային
ճանաչման գործին: Այդ սկզբունքը հստակորեն արձանագրված է մեր նորագույն
պետականության արշալույսին՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի
անկախության հռչակագրում, որի հռչակած սկզբունքների իրականացմանը հետամուտ լինելը
վկայակոչված է նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ: Հռչակագրում ասված է, որ ՀՀ
իշխանությունը գիտակցում է "իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ
համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման
գործում" եւ, մասնավորապես, "սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում
եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին": Ի
դեպ, հենց այս դրույթն էին 1990-ական թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները
դարձրել իրենց հակահայ քարոզչության թիրախը:
Կասկածից վեր է, որ հայ-թուրքական հարաբերությունները մեր սերնդի կյանքի ընթացքում
կբարելավվեն, մեր պետությունների միջեւ կհաստատվեն դիվանագիտական
հարաբերություններ, Թուրքիան կբացի ցամաքային սահմանը: Թուրքիան, ի վերջո, կճանաչի
հայոց ցեղասպանության փաստը եւ կընդունի իր մեղքը այդ հրեշավոր հանցագործության
մեջ, բայց այդ ամենին հարկավոր է հասնել ոչ թե օտար մայրաքաղաքների դռները մաշելով,
մեր խնդիրները երրորդ ուժի շահերից ածանցելով, այլ ուղղակի հայ-թուրքական
երկխոսության միջոցով:
