NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Եվրոպական կառույցները եւ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները
1992թ ԵԱՀԿ-ն ստեղծեց Մինսկի խումբ, որի նպատակը Ղարաբաղյան հակամարտության
կարգավորմանն աջակցելն էր: Այս մարմնին տրվեց երեք հաջորդական մանդատ: ԵԱՀԿ ՄԽ-
պետք է ամեն ինչ աներ, որպեսզի հակամարտության գոտում հասներ զինադադարի
հաստատմանը, հակամարտող կողմերի հետ բանակցությունների ծրագրի կարգավորմանը եւ
Մինսկում Խաղաղության վեհաժողովի կազմակերպմանը:

ԵԱՀԿ ՄԽ-ի առաջին մանդատը
իրագործվեց 1994թ. մայիսին հաստատված զինադադարով: Հետագա տասնմեկ տարիների
ընթացքում բանակցությունները տարվում էին փոխհամաձայնեցված կարգավորման ծրագրի
ընդունումը մոտեցնելու համար: Բայց մինչ այժմ ոչ մի էական քայլ չի արված: Դրա
փոխարեն հակամարտության կողմերի ու միջազգային հանրության կողմից բավականին
խեղաթյուրվել են թե՛ դրա ընկալումը, թե՛ հակամարտության կարգավորման սկզբունքները
եւ ձեւաչափը։
1998թ. փետրվարին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ղարաբաղյան
հիմնահարցը տեղափոխվեց հայդատականության հարթություն: Դրա վառ ապացույցն է այն, որ
Քոչարյանն առանց Ղարաբաղի ներկայացուցիչների ավելի քան քսանհինգ հանդիպում է
ունեցել Ադրբեջանի նախագահների հետ: Այսպես, ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային գոտուց ոչ
թե Ադրբեջանի դիմադրության կամ արտաքին ուժերի կամքով, այլ ՀՀ նոր իշխանությունների
ցանկությամբ: Այս ամենի հետեւանքով խեղաթյուրվեց ղարաբաղյան հիմնահարցի էությունը:
Հայդատականության ջատագովների շնորհիվ 1988թ. հռչակված ինքնորոշման իրավունքը
փոխարինվեց Ղարաբաղի համար մղվող հայ-ադրբեջանական տարածքային վեճով: Սրանից էլ
օգտվեց պաշտոնական Բաքուն եւ, շրջանցելով իրավունքների համար պայքարող Ղարաբաղի
հայության պահանջները, առաջ քաշեց ղարաբաղյան ուժերի կողմից գրավված ադրբեջանական
տարածքները վերադարձնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու
հարցերը: Ադրբեջանը մեծ աշխատանք է տանում այս ուղղությամբ, եւ միջազգային
հանրության մոտ այն կարծիքն է առաջացել, որ Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական
տարածքներ եւ պետք է անհապաղ իր զինված կազմավորումները դուրս բերի գրավված
տարածքներից: Ինքորոշման հարցից ղարաբաղյան հիմնահարցը վերափոխվեց տարածքային վեճի,
որով եւ խեղաթյուրվեց դրա բուն էությունը: Բնակցությունների ժամանակ այլեւս չեն
քննարկվում Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու, Ղարաբաղն անվտանգ զարգացնելու
հարցերը: Եվ սրա արդյունքն այն է, որ վերջերս Ղարաբաղում անցկացված պառլամենտական
ընտրությունների նկատմամբ կոշտ եւ բացասական վերաբերմունք ցուցաբերվեց ՄԽ
համանախագահ երկրների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից, մինչդեռ ցանկացած ազգ եւ
ժողովուրդ բնական իրավունք ունի ձեւավորելու իր իշխանությունները:
ՄԽ-ում ԼՂՀ-ի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների դուրս մղումը բանակցային
գործընթացներից ձեւաչափի խեղաթյուրման առաջին օրինակը եղավ: Հիմա արդեն նորից մեծ
աշխատանք պետք է կատարել ԼՂՀ-ն բանակցային գործընթացներին մասնակից վերադաձնելու
համար, որին դրան հասնելու ձեւերը կարող են տարբեր լինել։ Օրինակ, ցանկացած
մակարդակում Հայաստանը պետք է հրաժարվի առանց Ղարաբաղի մասնակցության ընթացող
հանդիպումներից: Բանակցությունները պետք է լինեն եռակողմ
(Ադրբեջան-Ղարաբաղ-Հայաստան) կամ երկկողմ (Ադրբեջան-Ղարաբաղ) եւ ԵԱՀԿ ՄԽ-ի ու ԵԽ
ժամանակավոր հանձնաժողովի շրջանակներում։ Կարգավորումը փակուղի մտնելու պատճառներից
մեկն էլ Ղարաբաղի մեկուսացումն է բանակցային գործընթացից ու նրա` որպես ինքնորոշվող
միավոր չդիտվելը։ Այս տեսանկյունից երկկողմ կամ եռակողմ բանակցություններն
անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանին ու Ղարաբաղին, այլեւ միջնորդության մեջ
ներգրավված պետություններին ու միջազգային կազմակերպություններին:
ՄԽ-ի գործունեության արդյունավետության անկումը եւ շարունակվող ճգնաժամը ձեւաչափի
ներքին ձեւախեղման հետեւանք են: Ահա թե ինչու ՄԽ զգալի հեղինակազրկվել է: Այս է
պատճառը, որ եվրոպական ինտեգրացման այլ կառույցներ, ինչպես, օրինակ, Եվրախորհուրդը
եւ Եվրամիությունը կամաց-կամաց ներգրավվում են կարգավորման գործընթացի մեջ:
Անընդհատ տեղի ունեցող քննարկումներից եւ առանձին հարցերի հետ կապված բանաձեւերի
ընդունումից հետո ԵԽԽՎ-ն այս տարվա հունվարի 25-ին ընդունեց մի փաստաթուղթ, որը
կրում է 1416 համարը եւ հիմնական զեկուցողի անունով հայտնի է որպես Աթկինսոնի
բանաձեււ: Իսկ ապրիլին, այս բանաձեւի պահանջների համաձայն, ստեղծվեց Ղարաբաղի
հարցով ԵԽ ժամանակավոր հանձնաժողով։ Հանձնաժողովի նախագահ ընտրվեց բրիտանացի Ռասսել
Ջոնսթոնը, որը եվրոպական խորհրդարանական շրջանակներում մեծ հեղինակություն է
վայելում։ Արդեն կարող ենք վստահ ասել, որ ԵԽԽՎ-ի թ.1416 բանաձեւի ընդունմամբ եւ
ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ ԵԱՀԿ
ՄԽ ձեռք բերեց ակտիվ գործընկեր, որի շնորհիվ էլ էապես ընդլայնվել է կարգավորման
միջազգային ձեւաչափը, ինչն էլ հաստատեց ռուսաստանցի միջնորդ Յուրի Մեզլյակովը ս.թ.
սեպտեմբերի վերջին, ասելով. որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ ԵԽ ԽՎ ԼՂ հարցով հատուկ
(ժամանակավոր) կոմիտեն կարող են համագործակցել: Որպես օրինակ, նա նշեց, որ ԵԽ-ն եւ
նրա խորհրդարանական վեհաժողովը կարող են իրենց վրա վերցնել հակամարտության գոտու
զինադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպքի վերահսկողությունը եւ ազդել կողմերի
վրա, որ նրանք հետեւեն ստանձնած պարտավորություններին:
Նախկին ԽՍՀՄ տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման
ձեւաչափի ընդլայնումը օբյեկտիվ գործընթաց է, որի ականատեսն ենք մենք մերձդնեստրյան
հակամարտության դեպքում: ՎՈՒԱՄ-ի 2005թ. ապրիլյան գագաթնաժողովում Ուկրաինայի
նախագահ Վ.Յուշչենկոն առաջարկեց ընդլայնել մերձդնեստրյան հակամարտության
կարգավորման ձեւաչափը, ընդգրկել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին, իսկ այնտեղ տեղակայված ռուսական
խաղաղապահ ուժերը փոխարինել ԵԱՀԿ տրամադրության տակ գտնվող տարբեր ազգերից բաղկացած
ուժերով: Կարծես թե Մոլդովայի եւ Մերձդնեստրի չճանաչված հանրապետության
իշխանությունները համաձայնել են այս առաջարկին՝ ընդունելով դրա անխուսափելիությունը
եւ չցանկանալով հակադրվել օբյեկտիվ գործընթացներին։
Ղարաբաղի հիմնահարցի էության խեղաթյուրումը եւ լուծման ձգձգումը բերեց նրան, որ
Եվրախորհուրդն ու Եվրամիությունը սկսեցին ավելի ակտիվ գործունեություն ծավալել:
2004թ. ընթացքում ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունվեց Հայաստանին ու
Ղարաբաղին առնչվող երեք բանաձեւ (թթ. 1361, 1374 եւ 1405), իսկ եւ այս տարվա
հունվարին ընդունվեց ԵԽԽՎ թ. 1416 բանաձեւը, որի մասին վերն արդեն խոսվել է: Այս
փաստաթղթերով արձանագրվեցին հիմնախնդրի վերաբերյալ ԵԽ-ի տեսակետները, որոնք մեզ
համար խիստ անբարենպաստ են. «Ադրբեջանի զգալի տարածքներ շարունակում են օկուպացված
մնալ հայկական ուժերի կողմից», «անջատողականների ուժերը դեռեւս վերահսկում են
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը», «օտարերկրյա տարածքի օկուպացումը ԵԽ-ի անդամ
պետության կողմից տվյալ պետության՝ որպես ԵԽ-ի անդամի պարտավորությունների լուրջ
խախտում է հանդիսանում», «տարածաշրջանի ապագա կարգավիճակի հարցով Ադրբեջանի
կառավարությունը պետք է շփումներ հաստատի Ղարաբաղի երկու համայնքների քաղաքական
ներկայացուցիչների հետ» եւ այլն։
Նույն ժամանակաշրջանում Եվրոպայում տեղի էին ունենում իրենց ծավալով եւ որակով մեր
տարածաշրջանի եւ աշխարհի համար բավականին մեծ նշանակություն ունեցող
իրադարձություններ: Սոցիալիստական սիստեմի նախկին երկրները եւ ԽՍՀՄ մաս կազմող
Բալթյան հանրապետությունները եվրաինտեգրման ուղին էին բռնել: Եվրամիությունը
ընդարձակվում էր դեպի հարավ եւ արեւելք: Նոր հարեւանների հետ սերտ
հարաբերություններ հաստատելու նպատակով ԵՄ պետք է նրանց համար բացեր իր ներքին
շուկան: 2004թ. մայիսի 1-ին տասը նոր պետություններ մտան ԵՄ-ի կազմի մեջ, եւ
հարավկովկասյան տարածաշրջանը դարձավ հարեւան ԵՄ-ի համար: ԵՄ-ն` իր սկզբունքների
համաձայն նոր հարեւաններին պետք է աջակցի ապահովելով նրանց ներքին կայունությունը,
ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, տնտեսական բարեփոխումները եւ առկա
հակամարտությունների կարգավորումը: Այսպիսի արտաքին քաղաքական ուղի որդեգրած ԵՄ-ը
պետք է զբաղվի նաեւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Ղարաբաղի հարցը
դարձել է ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» կարեւոր բաղադրիչներից,
իսկ դրա շրջանակներում Հայաստանի հետ կնքվելիք գործողությունների ծրագրում այն պետք
է ստանա կոնկրետ տեսք ու բովանդակություն:
Ակներեւ է, որ Հայաստանն անշրջելիորեն կապված է Հարավային Կովկասի իր հարեւանների
հետ, ուրեմն միջազգային զարգացումներին զուգահեռ մենք պետք է ամբղջովին փոխենք
ժողովրդավարության նկատմամբ մեր վերաբերմունքը. քաղաքական վերնախավը եւ նրա կողմից
առաջնորդվող քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է հասկանան, որ
ժողովրդավարությունը ոչ թե արտաքին պարտադրանք է, այլ կայունության ու զարգացման
անհրաժեշտ պայման, եւ պետք է ազատ ու արդար ընտրությունների միջոցով ձեւավորվի
լեգիտիմ իշխանություն, որի միջոցով հնարավոր կլինի փոխհամաձայնությունների
ճանապարհով հասնել վստահության մթնոլորտի ստեղծման, տարածաշրջանային ու միջազգային
համագործակցության խթանման։ Որպես սրա ապացույց բավական է կարդալ ս.թ. սեպտեմբերին
ՄԱԿ-ի 60-այմակին նվիրված Գագաթնաժողովի ընդունած հռչակագիրը, որտեղ հիմնական շեշտը
դրված է երկրների ժողովրդավարացման գործընթացին:
